Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 46
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.04.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«4» ապրիլի 2023 թվականի

թիվ 46

քաղ. Մոսկվա

 

ՏՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետի իններորդ պարբերությանը, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի մասին» թիվ 127 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն)՝ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 39 որոշման մեջ սույն որոշման իրագործման նպատակով անհրաժեշտ փոփոխությունների կատարումը.

3. Սահմանել, որ ի լրումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 127 որոշմամբ հաստատված՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի 10-13 կետերում նշված տեղեկությունների, այն դեպքում, եթե դա սահմանված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածքում տրվել կամ գրանցվել է համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում կարող են մուտքագրվել հետևյալ տեղեկությունները, որոնք չեն ներկայացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ անդամ պետությունների տարածքներից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչ (GLN (Global Location Number, տեղադիրքի գլոբալ համար) կամ այլ նույնականացուցիչ).

GTIN (Global Trade Item Number, առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը).

համապատասխանության հավաստման նպատակով միության մաքսային տարածք որպես նմուշներ (փորձանմուշներ) ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային հայտարարագրի կամ մաքսային հայտարարագրման ժամանակ ձևակերպվող այլ փաստաթղթի գրանցման համարը կամ նմուշների (փորձանմուշների) ընտրությանը կամ ներմուծմանը վերաբերող այլ տեղեկատվություն.

տեղեկություններ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում անցկացնելու մասին (այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգով (Միության տեխնիկական կանոնակարգերով) կամ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 620 որոշմամբ հաստատված՝ Միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների ու համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ՝ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի միասնական ցանկում նշված փաստաթղթերով և սերտիֆիկացման սխեմայով նախատեսվում է նման գնահատման անցկացում)՝ նշելով դրա իրականացման պարբերականությունն ու ժամկետները (տեղեկատվություն անցկացման ժամկետների փոփոխության մասին), սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման անցկացումը հաստատող փաստաթղթերի մանրամասները (մուտքագրվում են այս գնահատումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների կողմից).

տեղեկություններ արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների անցկացման համար գրանցված հայտի մասին՝ նշելով տեղեկություններ հայտատուի, հայտի գրանցման ամսաթվի, արտադրանքի անվանման, արտադրանքի խմբի (տեսակի), արտադրանք արտադրողի մասին (կցելով հայտի և դրան կից փաստաթղթերի էլեկտրոնային պատճենը՝ համապատասխանության գնահատման սխեմաներին համապատասխան).

տեղեկություններ հայտատուի կողմից այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի հետ սերիական արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատի փոխանցման մասին պայմանագիր կնքելու, այդ թվում՝ սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ պարբերական հսկողություն իրականացնելու գործառույթի փոխանցման մասին (կցելով պայմանագրի էլեկտրոնային պատճենը)։

Սույն կետի դրույթները գործում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 24 ամսվա ընթացքում:

4. Անդամ պետությունների լիազորված մարմիններին՝

ա) սույն որոշման 3-րդ կետը կիրառելիս ապահովել հայտատուների նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանված սկզբունքի պահպանումը.

բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 24 ամսվա ընթացքում իրականացնել սույն որոշման 3-րդ կետի դրույթների կատարման իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկում՝ Միության ներքին շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի համար խոչընդոտների առաջացման մասով և նման խոչընդոտների առաջացման դեպքում ապահովել համապատասխան տեղեկատվության ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բացառությամբ 3-րդ կետի «ա» ենթակետի քսաներորդ և քսանմեկերորդ պարբերությունների փոփոխությունների (սույն որոշման հավելված), որոնք ուժի մեջ են մտնում «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման մասին տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորումն ու վարումը» ընդհանուր գործընթացի՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ նոր տարբերակը գործողության մեջ մտնելու օրից՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 4-ի

թիվ 46 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 127 որոշման մեջ կատարվող

 

Նախաբանում «5-րդ կետի իններորդ պարբերության» բառերը փոխարինել «5 րդ կետի» բառերով։

2. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի ապրիլի 4-ի «Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի մասին» որոշման իրագործման համար անհրաժեշտ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացի նոր տարբերակը գործողության մեջ դնելու օրը՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրին վերաբերող մասով, համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասից, նշված փաստաթղթերի գործողության մեկնարկի օրը համարվում է տվյալ միասնական ռեեստրի համապատասխան ազգային մասում դրանց գրանցման օրը։»։

3. Որոշմամբ հաստատված՝ Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգում՝

ա) 10-րդ կետում՝

«ա» ենթակետում «կատարվում է հետևյալ գրառումը՝ «սահմանված չէ»)» բառերը փոխարինել «գրառում չի կատարվում), ինչպես նաև» բառերով․

«դ» ենթակետը «գրանցման համարը» բառերից հետո լրացնել «(հավատարմագրման մասին գրառման եզակի համարը)» բառերով.

«զ» ենթակետը լրացնել «, որը ստորագրել է համապատասխանության սերտիֆիկատը, այդ թվում՝ թղթային կրիչի վրա ձևակերպված» բառերով․

«ժ» ենթակետում՝

երկրորդ պարբերությունը լրացնել «(հավատարմագրման մասին գրառման եզակի համարը)» բառերով․

երրորդ պարբերությունը լրացնել «նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը), ինչպես նաև այն ստորագրող փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում)» բառերով ․

չորրորդից վեցերորդ պարբերությունները լրացնել «(հավատարմագրման մասին գրառման եզակի համարը)» բառերով․

յոթերորդ պարբերությունը լրացնել «(առկայության դեպքում)» բառերով․

«ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժբ) որպես լրացուցիչ տեղեկատվություն՝ համապատասխանության սերտիֆիկատում ներկայացված տեղեկությունները՝

միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված այն ստանդարտի (ստանդարտների) նշագիրը և անվանումը, որի կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի (ստանդարտների) կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).

այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերը և անվանումները (դրանց կիրառման դեպքում).

արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

արտադրանքի ծառայության (պիտանիության) ժամկետը և (կամ) ռեսուրսը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

փոխարինման ենթակա համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության սերտիֆիկատի փոխարինման դեպքում)․

հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի ընտրված նմուշների (փորձանմուշների) պատրաստման օրվանից պատրաստվող սերիական թողարկվող արտադրանքի վրա համապատասխանության սերտիֆիկատի տարածման մասին տեղեկատվություն՝ նշելով արտադրանքի այդ նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի մասին տեղեկությունները (առկայության դեպքում).

արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի մասին տեղեկություններ, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար)․

այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).»

ավելացնել «ժե» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ժե) տրված համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի ձևաթղթի համարը և դրա տրման ամսաթիվը (համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի տրման դեպքում):»

բ) 11-րդ կետում՝

«ա» ենթակետում «կատարվում է «սահմանված չէ» գրառումը)» բառերը փոխարինել «գրառում չի կատարվում)» բառերով.

«ե» ենթակետի վեցերորդ պարբերությունում «անվանումը և նշագիրը» բառերը փոխարինել «նշագիրը և անվանումը» բառերով.

«է» ենթակետում՝

երկրորդ պարբերությունը «հավատարմագրման» բառից հետո լրացնել «(հավատարմագրման մասին գրառման եզակի համարը)» բառերով

երրորդ պարբերությունը լրացնել «(հավատարմագրման մասին գրառման եզակի համարը)» բառերով

չորրորդ պարբերությունը լրացնել «(առկայության դեպքում)» բառերով

«թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

թ) որպես լրացուցիչ տեղեկատվություն՝ համապատասխանության հայտարարագրում ներկայացված տեղեկությունները՝

միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (ստանդարտների) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի (ստանդարտների) կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).

այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերն ու անվանումները (դրանց կիրառման դեպքում).

արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

արտադրանքի ծառայության (պիտանիության) ժամկետը և (կամ) ռեսուրսը (տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).

փոխարինման ենթակա համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության սերտիֆիկատի փոխարինման դեպքում)․

հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած արտադրանքի ընտրված նմուշների (փորձանմուշների) պատրաստման օրվանից պատրաստվող սերիական թողարկվող արտադրանքի վրա համապատասխանության սերտիֆիկատի տարածման մասին տեղեկատվություն՝ նշելով տեղեկություններ (առկայության դեպքում) արտադրանքի այդ նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի մասին․

արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի մասին տեղեկություններ, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի (տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին Միության մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին այդ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար) այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).»

գ) 12-րդ կետում՝

«դ» ենթակետը «գրանցման համարը» բառերից հետո լրացնել «(հավատարմագրման մասին գրառման եզակի համարը)» բառերով.

«ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժա) արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետները, արտադրանքի ծառայության (պիտանիության) ժամկետը և (կամ) ռեսուրսը (Միասնական ցանկով նախատեսված նորմատիվ իրավական ակտերով և (կամ) տեխնիկական նորմատիվ ակտերով, նորմատիվ փաստաթղթերով սահմանված դեպքերում, որոնց պահանջներին համապատասխանության մասով անցկացվել է սերտիֆիկացում), արտադրանքի նույնականացումն ապահովող՝ դրա վերաբերյալ այլ տեղեկություններ (առկայության դեպքում)։»

դ) 13-րդ կետում՝

«ե» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետները, արտադրանքի ծառայության (պիտանիության) ժամկետը և (կամ) ռեսուրսը (Միասնական ցանկով նախատեսված նորմատիվ իրավական ակտերով և (կամ) տեխնիկական նորմատիվ ակտերով, նորմատիվ փաստաթղթերով սահմանված դեպքերում, որոնց համապատասխանությունը պահանջներին հաստատվել է միասնական ձևաչափով համապատասխանության հայտարարագրով), արտադրանքի նույնականացումն ապահովող՝ դրա վերաբերյալ այլ տեղեկություններ (առկայության դեպքում)։»

«թ» ենթակետում՝

«հավատարմագրման վկայագրի գրանցման համարը» բառերից հետո լրացնել «հավատարմագրման մասին գրառման եզակի համարը» բառերով.

լրացնել «(համապատասխանության հայտարարագիրը սերտիֆիկացման մարմնի կողմից գրանցվելու դեպքում)» բառերով.

ե) 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Միասնական ռեեստրի ազգային մասում կարող է տեղադրվել օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR ծածկագիր), որը նախատեսված է միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար: Այդ ծածկագրի տեղադրման անհրաժեշտությունը սահմանում է լիազորված մարմինը։

15. Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրամատչելի։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան