Գլխավոր տեղեկություն
Համար
N 92
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.07.1995-14.08.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
25.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 1994 թվականի N 92

քաղ. Երևան

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` տասնօրյա ժամկետում ընդունել հաշվապահական հաշվառման և հաշվետվության մեջ սույն կարգի կիրառման վերաբերյալ մեթոդական ցուցումներ:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 Թ.
ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 92 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ

 

1. Պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների օտարվող հիմնական միջոցների (բացի հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնման դեպքերից և լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի միջոցներից) մեկնարկային գնի որոշման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից:

 (4-րդ կետն խմբ. 04.07.95 N 400)

2. Պետական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ըստ ենթակայության, համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների հետ համաձայնեցնում են օտարվող հիմնական միջոցների ցանկը և դրանց արժեքը որոշում սույն կարգի 1-ին կետով սահմանված կարգով:

Պետական ձեռնարկություններն օտարումից ստացված հասույթը ձևակերպում են ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով և ստացված շահույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո ուղղում հիմնական միջոցների ձեռքբերմանը:

Բյուջետային հիմնարկներն օտարումից ստացված հասույթը` հանած օտարման հետ կապված ծախսերը, փոխանցում են համապատասխան բյուջեների եկամուտների հաշվին:

3. Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները վաճառվում են միայն աճուրդային եղանակով:

4. Նույն նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմինների համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հիմնական միջոցները հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնվում են ըստ ենթակայության համապատասխան նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի թույլտվությամբ` նրանց մնացորդային արժեքով:

      (4-րդ կետն փոփ. 04.07.95 N 400)

5. Մեկ նախարարության, պետական վարչության, գերատեսչության, պետական կառավարման տեղական մարմնի համակարգի ձեռնարկություններից, բյուջետային հիմնարկներից, կազմակերպություններից մինչև 3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումն այլ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների համակարգի ձեռնարկություններին, բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, իսկ 3 մլն դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Սույն կետում նշված գումարը յուրաքանչյուր եռամսյակ ենթակա է ինդեքսավորման Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

6. Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների անհատույց օտարումը ոչ պետական ձեռնարկություններին, կազմակերպություններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

7. Ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի հիմնական միջոցներն օտարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տեղական մարմինները սույն կարգի հիման վրա իրենց համակարգի համար սահմանում են պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգ:

9. Պետական ձեռնարկությունները, որոնք` ըստ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ամենամյա ծրագրի, ենթակա են սեփականաշնորհման կամ ապապետականացման, հիմնական միջոցների օտարումը կատարում են «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: