Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 96
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.02.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 96

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԱՍՏԵՂԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի իրականացման նպատակներով և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

(նախաբանը փոփ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին» հիմնադրույթը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Տ. Աբդիգուլով

Ի. Շուվալով

     

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի
2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 96 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների դիտանցում անցկացնելու մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործման նպատակներով։

(1-ին կետը խմբ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

2. Սույն հիմնադրույթը սահմանում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների 2 տարին 1 անգամ դիտանցում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, դիտանցում) անցկացնելու կարգը, որն ուղղված է Միության ընդհանուր շուկայում և երրորդ երկրների շուկաներում արդյունաբերական ապրանքների տեղաշարժը, ինչպես նաև Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացումը սահմանափակող խոչընդոտների (այսուհետ՝ խոչընդոտներ) բացահայտմանը։

(2-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

3. Համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկում ներառված ձեռնարկությունների դիտանցումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ անդամ պետությունների հետ համատեղ, 2 տարին 1 անգամ։

(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

 

II. Դիտանցման նպատակները և խնդիրները

 

4. Մոնիթորինգի նպատակը խոչընդոտների բացահայտումն է՝

ա) Միության ընդհանուր շուկայում արդյունաբերական ապրանքների տեղաշարժման ժամանակ.

բ) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման համար.

գ) երրորդ երկրների շուկաներում արդյունաբերական ապրանքների առաջխաղացման ժամանակ:

5. Դիտանցման նպատակը հայտնաբերված խոչընդոտների վերաբերյալ 2 տարին 1 անգամ զեկույցի (այսուհետ՝ զեկույց) նախապատրաստումն է, որի մեջ ընդգրկված են դրանց վերացման վերաբերյալ առաջարկները, ներառյալ՝ անդրսահմանային արգելքների նվազեցման և արդյունաբերական կոոպերացիայի համար պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկները։

(5-րդ կետը խմբ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

 

III. Դիտանցում անցկացնելու կարգը

 

6. Դիտանցումն անցկացվում է անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների հարցման միջոցով, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի օգտագործմամբ՝ Միության պաշտոնական կայքում հարցաթերթիկը (անկետան) զետեղելու միջոցով։

7. Դիտանցումն անդամ պետությունների համակարգաստեղծ ձեռնարկությունների հարցման հիման վրա անցկացվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համաձայնեցված հարցաթերթիկի (անկետայի) ձևով՝ համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկին համապատասխան։

8. Անդամ պետությունների լիազորված մարմիններն ապահովում են համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկում ներառված իրենց ազգային ձեռնարկությունների մասնակցությունը սույն հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված հարցմանը։

9. Անդամ պետությունների լիազորված մարմինների որոշմամբ՝ համակարգաստեղծ ձեռնարկությունների հարցումն անցկացվում է հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

անդամ պետությունների լիազորված մարմիններն իրականացնում են ձեռնարկությունների կողմից լրացված հարցաթերթիկների (անկետաների) հավաքումը, մշակում են ստացված տեղեկատվությունը և մշակման արդյունքներն ուղարկում են Հանձնաժողով.

անդամ պետությունների լիազորված մարմինները համակարգաստեղծ ձեռնարկությունների ցանկում ներառված իրենց ազգային ձեռնարկություններին տեղեկացնում են հարցում անցկացնելու մասին։ Ձեռնարկությունները լրացնում են հարցաթերթիկները (անկետաները) և դրանք ուղարկում անդամ պետությունների լիազորված մարմիններ և Հանձնաժողով։

10. Դիտանցում անցկացնելու արդյունքներով ստացված տեղեկատվության հիման վրա Հանձնաժողովի կողմից 2 տարին 1 անգամ զեկույց է պատրաստվում։

(10-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

 

IV. Զեկույցի կառուցվածքը

 

11. Զեկույցը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝

ա) դիտանցում անցկացնելու հիմնական պարամետրերի նկարագրությունը.

բ) վերջին անցկացված դիտանցման արդյունքների և հաշվետու տարվան նախորդող տարվա նախորդ դիտանցման արդյունքների համեմատական վերլուծությունը.

գ) դիտանցում անցկացնելու ընթացքում բացահայտված խոչընդոտների վերլուծությունը.

դ) բացահայտված խոչընդոտների վերացման վերաբերյալ առաջարկները, որոնք պատրաստված են Միության ընդհանուր շուկայի, արդյունաբերական կոոպերացիայի ներուժը և անդամ պետություններում արտադրությունների զարգացումը հաշվի առնելով.

ե) լրացուցիչ այլ տեղեկատվություն։

դ1) անդրսահմանային արգելքների նվազեցման և արդյունաբերական կոոպերացիայի համար պայմանների ձևավորման վերաբերյալ առաջարկներ:

(11-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

 

V. Եզրափակիչ դրույթները

 

12. Զեկույցի պատրաստման ժամանակ կարող է՝

ա) անցկացվել արդյունաբերական զարգացման ոլորտում անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի և անդամ պետությունների գործադիր իշխանության մարմիններից ու ճյուղային ասոցիացիաներից ստացվող՝ Միության շրջանակներում համակարգաստեղծ ձեռնարկությունների գործունեությունը սահմանափակող խոչընդոտների առկայության մասին տեղեկատվության վերլուծություն.

բ) հաշվի առնվել Հանձնաժողովի կողմից ստացված տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 135-րդ կետով նախատեսված կարգին համապատասխան։

13. Զեկույցի նախագիծը Հիմնական ուղղությունների ամենամյա դիտանցման և իրականացման վերլուծության արդյունքների մասին զեկույցի նախագծի կազմում (այսուհետ՝ Հիմնական ուղղությունների մասին զեկույց) ներկայացվում է Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտե՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցվելուց հետո։

(13-րդ կետը լրաց. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

14. Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեում քննարկման արդյունքներով զեկույցի նախագիծը Հիմնական ուղղությունների մասին զեկույցի նախագծի կազմում քննարկվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից:

(14-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

15.Հիմնական ուղղությունների մասին զեկույցի կազմում զեկույցը Եվրասիական միջկառավարական խորհրդի կողմից քննարկման արդյունքում ուղարկվում է անդամ պետությունների կառավարություններ և կարող է հաշվի առնվել դիտանցում անցկացնելու ընթացքում բացահայտված խոչընդոտների վերացման համար այդ պետությունների կողմից միջոցներ ձեռնարկելիս։

(15-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

16. Զեկույցը հաշվի է առնվում Հանձնաժողովի կողմից՝ խոչընդոտների վերացմանն ուղղված գործունեություն իրականացնելիս։

(հիմնադրույթը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԽ 25.01.23 թիվ 5)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: