ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 սեպտեմբերի 2023 թվականի N 1658-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող, 2023 թվականի մարտի 23-ի դրությամբ 65 730 000 դրամ շուկայական արժեքով գնահատված, ՀՀ Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, Լիսինյան փողոց թիվ 15 հասցեում գտնվող՝ 1 653.8 քառ. մետր մակերեսով շինությամբ, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.10682 հեկտար մակերեսով հողամասով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09022023-08-0059 վկայական, այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով հասարակ (սովորական) բաժնետոմսերի՝ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների գրանցումը՝ առաջացող ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.
2) գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկի և շահութահարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կոմիտեի նախագահի հետ համատեղ, սահմանված կարգով, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնելով կոմիտեի միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|