Գլխավոր տեղեկություն
Համար
N 239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.04.18/14(583) Հոդ.272
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.03.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2017 թվականի N 239-Ն

 

ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ ու 9-11-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետևանքով ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը գիտակցելու ունակություն չունեցող ապաստան հայցողի համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու կարգն ու պայմանները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 13

Երևան

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 239-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ԱՌԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂԻ ԿԱՄ ԸՆՏԱՆԻՔԻՑ ԱՆՋԱՏՎԱԾ ԵՐԵԽԱ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված երեխա ապաստան հայցողի (այսուհետ` երեխա) համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է 18 տարին չլրացած` «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց վրա:

3. Երեխայի համար ներկայացուցիչ նշանակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` ծառայություն) որոշմամբ:

(3-րդ կետը փոփ. 05.10.23 N 1680-Ն)

4. Եթե ապաստան հայցողը չունի իր տարիքը հավաստող փաստաթուղթ, ապա հիմք է ընդունվում նրա հայտնած տեղեկությունն իր տարիքի վերաբերյալ:

5. Ծառայությունը ձեռնպահ է մնում երեխայի ապաստանի դիմումի առնչությամբ հետագա վարչարարության իրականացումից` մինչև նրա համար սույն կարգով ներկայացուցիչ նշանակելը:

6. Երեխայի համար ներկայացուցիչ կարող է նշանակվել չափահաս այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում տվյալները բավարարում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պահանջներին:

7. Ներկայացուցիչ հանդիսանալու թեկնածուների առաջադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջոցով` նրանց համաձայնությամբ:

8. Երեխայի ապաստանի դիմումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայությունում ստացվելուց հետո հաջորդ աշխատանքային օրը ծառայությունը պաշտոնական գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին` երեխայի համար ներկայացուցիչ նշանակման թեկնածուներ առաջադրելու խնդրանքով: Այդ հասարակական կազմակերպությունների ցանկը սահմանվում է ծառայության կողմից` խորհրդակցելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ:

9. Ներկայացուցիչ հանդիսանալու թեկնածուն պետք է ունենա երեխաների հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, փախստականների և ապաստանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացություն, ինչպես նաև անցած լինի սույն կարգի 15-րդ կետով նախատեսված վերապատրաստման դասընթացներ: Ներկայացուցիչն իր գործունեությունն իրականացնելու է կամավորության հիմունքներով:

10. Թեկնածուների տվյալները ծառայությունում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում երեխայի համար ներկայացուցիչ նշանակելու մասին: Ներկայացուցիչ նշանակելիս նախապատվությունը տրվում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պահանջները բավարարող` երեխաների հետ աշխատելու առավել փորձառություն ունեցող թեկնածուին: Ծառայությունն ընդունված որոշման մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ներկայացուցչին:

11. Եթե երեխայի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվել է խնամակալ/հոգաբարձու, ապա երեխայի ներկայացուցիչ է նշանակվում երեխայի խնամակալը/հոգաբարձուն: Եթե երեխան տեղավորվել է և նրա խնամքն իրականացվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում (մանկատուն, գիշերօթիկ, երեխայի աջակցության կենտրոն), ապա երեխայի ներկայացուցիչ է նշանակվում այդ հաստատության ներկայացուցիչը: Այդ դեպքերում երեխայի ներկայացուցիչ նշանակվում է խնամակալի/հոգաբարձուի կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ներկայացուցչի կողմից ծառայությանը հասցեագրված դիմումի հիման վրա` դիմումը ծառայությունում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

12. Երեխայի համար ներկայացուցիչ է նշանակվում ապաստանի ընթացակարգի շրջանակներում: Ներկայացուցիչը պաշտպանության տրամադրման ընթացակարգի ընթացքում պատշաճ կերպով պետք է ներկայացնի երեխայի լավագույն շահերը:

13. Եթե երեխայի ապաստանի դիմումի քննարկման ընթացքում հայտնաբերվել են նրա ծնողները (ծնողը) և երեխան Հայաստանի Հանրապետությունում միավորվել է իր ծնողների (ծնողի) հետ, ապա նշանակված ներկայացուցչի լիազորությունները ծառայության որոշմամբ դադարեցվում են:

14. Ներկայացուցչի լիազորությունները ծառայության որոշմամբ դադարեցվում են նաև, եթե երեխայի 18 տարին լրացել է: Ծառայության որոշման մասին անմիջապես տեղեկացվում է համապատասխան հասարակական կազմակերպությունը:

15. Ծառայությունը, համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հասարակական կազմակերպությունների աշխատողների համար կազմակերպում է ապաստանի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ դասընթացներ:

(հավելվածը փոփ. 05.10.23 N 1680-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2017 թվականի
մարտի 9-ի N 239-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՄԱՆ, ԱՅԼ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՎԻՃԱԿԻ ԿԱՄ ՏԿԱՐԱՄՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԿՑԵԼՈՒ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ՀԱՄԱՐ ԱՊԱՍՏԱՆԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետևանքով ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը գիտակցելու ունակություն չունեցող ապաստան հայցողի (այսուհետ` ապաստան հայցող) համար ապաստանի ընթացակարգի շրջանակներում ներկայացուցիչ նշանակելու հետ կապված հարաբերությունները:

2. Ապաստան հայցողի համար նշանակվում է ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` ծառայություն) որոշմամբ:

(2-րդ կետը փոփ. 05.10.23 N 1680-Ն)

3. Ծառայությունը ձեռնպահ է մնում ապաստան հայցողի ապաստանի դիմումի առնչությամբ հետագա վարչարարության իրականացումից` մինչև նրա համար սույն կարգով ներկայացուցիչ նշանակելը:

4. Եթե առկա են հիմնավոր կասկածներ, որ ապաստան հայցողը հոգեկան հիվանդության, ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարման, այլ հիվանդագին վիճակի կամ տկարամտության կամ հաշմանդամության հետևանքով ունակ չէ գիտակցելու ապաստանի տրամադրման ընթացակարգի էությունն ու նշանակությունը և արդյունավետ կերպով ներկայացնելու իր ապաստանի հայցը, ապա ծառայությունը համապատասխան մասնագետի եզրակացության հիման վրա ապաստանի տրամադրման գործընթացում, ապաստան հայցողի համաձայնությամբ, նշանակում է ներկայացուցիչ, որը ապաստանի տրամադրման ընթացակարգում պատշաճ կերպով ներկայացնում է ապաստան հայցողի շահերը:

5. Համապատասխան մասնագետի եզրակացությունն ստանալու համար ծառայությունը դիմում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, եթե առկա է ապաստան հայցողի համաձայնությունը:

6. Ապաստան հայցողի համար ներկայացուցիչ կարող է նշանակվել չափահաս այն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ում տվյալները բավարարում են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պահանջները:

7. Ներկայացուցիչ հանդիսանալու թեկնածուների առաջադրումը կատարվում է Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջոցով` նրանց համաձայնությամբ:

8. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված համապատասխան մասնագետի եզրակացությունն ստանալուց հետո հաջորդ աշխատանքային օրը ծառայությունը պաշտոնական գրությամբ դիմում է Հայաստանի Հանրապետությունում փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին` ապաստան հայցողի համար ներկայացուցիչ նշանակման թեկնածուներ առաջադրելու խնդրանքով: Այդ հասարակական կազմակերպությունների ցանկը հաստատվում է ծառայության կողմից` խորհրդակցելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ:

9. Ներկայացուցիչ հանդիսանալու թեկնածուն պետք է ունենա ապաստան հայցողների հետ աշխատելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, փախստականների և ապաստանի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացություն, ինչպես նաև անցած լինի սույն կարգի 11-րդ կետով նախատեսված վերապատրաստման դասընթացներ: Ներկայացուցիչն իր գործունեությունն իրականացնելու է կամավորության հիմունքներով:

10. Թեկնածուների տվյալները ծառայությունում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է որոշում ապաստան հայցողի համար ներկայացուցիչ նշանակելու մասին: Ներկայացուցիչ նշանակելիս նախապատվությունը տրվում է սույն կարգի 9-րդ կետով նախատեսված պահանջները բավարարող` ապաստան հայցողների հետ աշխատելու առավել փորձառություն ունեցող թեկնածուին: Ընդունված որոշման մասին ծառայությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ներկայացուցչին:

11. Ծառայությունը, համագործակցելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ, սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հասարակական կազմակերպությունների աշխատողների համար կազմակերպում է ապաստանի տրամադրման ընթացակարգերի վերաբերյալ դասընթացներ:

(հավելվածը փոփ. 05.10.23 N 1680-Ն)  

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան