ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 104-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն տրամադրելու պայմաններն ու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Կողմ -11
ԱՎԱԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԲԱՅԱՆ ԱՍՏՂԻԿ ԲԱՅԱԹՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԵԿՏԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ ԵՂԻՇԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԾՈՎԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈՄԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հավելված ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 22-ի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով սահմանվում են ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի (այսուհետ՝ Համայնք) տարածքում աղբի հավաքման և փոխադրման համար Համայնքի ղեկավարի կողմից թույլտվության տրամադրման պայմաններն ու կարգը:
2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) աղբ` կոշտ կենցաղային թափոններ, ներառյալ՝ թափոնները, որոնք գոյանում են համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրման հետևանքով.
2) շինարարական աղբ` շենք-շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման գործունեության հետևանքով առաջացող աղբ.
3) խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որի չափերը գերազանցում են մեկ խորանարդ մետրը և, ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ), անհնար է դրա հավաքումը, պահումը կամ փոխադրումը աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.
4) տեսակավորված աղբ` վերաօգտագործման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի տեսակ, որի տարանջատումն ու առանձին հավաքումն իրականացվում է աղբի գոյացման վայրում` սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում։
3. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է Համայնքի ղեկավարը՝ համաձայն սույն պայմանների և կարգի։
4. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:
5. Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:
6. Շինարարական և խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբ առաջացնող անձինք (այդ թվում՝ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատեր) աղբի հավաքման և տեղափոխման թույլտվություն ստանալու համար՝ գրավոր դիմում են ներկայացնում Համայնքի ղեկավարին։
7. Դիմումում պետք է նշվի աղբի տեսակը, գտնվելու վայրը, ծավալը կամ զանգվածը, աղբի հավաքման և փոխադրման նախատեսվող ժամկետները, պարբերականությունը, այլ անհրաժեշտ տվյալներ:
8. Դիմողը պետք է ներկայացնի հավաստի տվյալներ այն մասին, որ տիրապետում է այդ աշխատանքների կատարման համար բավարար նյութատեխնիկական միջոցներով:
9. Դիմումը համայնքապետարանում մուտքագրվելուց հետո եռօրյա ժամկետում կազմվում է թույլտվության նախագիծը:
10. Թույլտվության նախագծում սահմանվում են`
1) աղբի տվյալ տեսակի հավաքման և փոխադրման համար առաջադրվող պայմանները.
2) աղբի տեղափոխման երթուղին.
3) աղբի տեղադրման վայրը.
4) թույլտվության տրամադրման վճարի չափը.
5) աշխատանքների կատարման ժամկետները.
6) այլ անհրաժեշտ պայմաններ և ցուցումներ:
11. Համայնքի ղեկավարի կողմից հաստատված թույլտվությունը դիմողին տրամադրվում է համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափերով հաշվարկված և թույլտվության նախագծում նշված վճարի անդորրագիրը ներկայացնելուց հետո:
12. Շինարարական, խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբի աղբահանությանը թույլտվություն ստացած անձինք՝ աղբահանությունն իրականացնում են այն պայմանով, որ`
1) նվազեցվի և չեզոքացվի աղբի բացասական (վտանգավոր) ներգործությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա.
2) աղբահանության ընթացքում ապահովվի բնակչության համար հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ.
3) աղբի հավաքումն ու փոխադրումը կատարվի պարբերաբար` աղբի առաջացումից (գոյացումից) հետո երեք օրվա ընթացքում,
4) բացառվի աղբի մնացորդներով շրջակայքի աղտոտումը:
13. Շինարարական, խոշոր եզրաչափի և (կամ) տեսակավորված աղբ առաջացնողները ազատվում են աղբահանության վճարից, եթե նշված աղբը հավաքում և փոխադրում են սեփական միջոցներով` Համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, կամ նման թույլտվություն ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:
14. Շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման համար թույլտվություն ստացած անձինք Համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու դեպքում:
15. Առանց թույլտվության շինարարական և խոշոր եզրաչափի աղբը ինքնուրույն փոխադրելը և տեղադրելը առաջացնում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հոկտեմբերի 2023 թվական: