Գլխավոր տեղեկություն
Համար
N 64
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.1995-16.09.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.02.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
08.02.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.09.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 1995 թվականի N 64

 

քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՂՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով հանրապետության շրջաններում և քաղաքներում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման ու նրանց մերձավորների սոցիալական պաշտպանվածության բարելավմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցած և զոհված ու հանրապետության շրջաններում և քաղաքներում թաղված («Եռաբլուր» պանթեոնում չթաղված)` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության զինծառայողների գերեզմանների բարեկարգման աշխատանքները կատարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատած միասնական (միատեսակ) նախագծով և ծախսերի նորմատիվով:

2. Սահմանել, որ զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման աշխատանքների պատվիրատու են հանդիսանում զոհված զինծառայողների թաղման վայրի պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները:

3. Սահմանել, որ պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեները զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման աշխատանքները կատարում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության կողմից ներկայացվող փաստաթղթերի (ցուցակների) հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչությանը` զոհված զինծառայողների փաստաթղթերը (ցուցակները) տրամադրել պատգամավորների համապատասխան շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին:

5. Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ֆինանսների նախարարության հետ համատեղ հաստատել զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ միասնական (միատեսակ) նախագիծը և ծախսերի նորմատիվը:

6. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` զոհված զինծառայողների փաստաթղթերին (ցուցակներին) համապատասխան 1995 թվականի և 1996 թվականի տեղական բյուջեների նախագծերում նախատեսել ծախսեր` բարեկարգման հոդվածով, առանձին պարագրաֆով:

(6-րդ կետը լրաց. 12.08.95 N 3)

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1995 թվականի և 1996 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների ներկայացրած` զոհված զինծառայողների գերեզմանների բարեկարգման նպատակով կատարվելիք ծախսերը:

(7-րդ կետը լրաց. 12.08.95 N 3)

8. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ֆինանսների նախարարության վրա:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.08.1997, N 341 16.09.1997, N 64
12.08.1995, N 3 12.08.1995, N 64
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան