Գլխավոր տեղեկություն
Համար
N 1667-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2023 թվականի N 1667-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի, 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4.1-ին գլխի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 395-Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրոնային համակարգի միջոցով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման էլեկտրոնային աճուրդի (այսուհետ՝ էլեկտրոնային աճուրդ) անցկացման հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային աճուրդով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացները կանոնակարգվում են «Պետական գույքի կառավարման մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքների և պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող այլ իրավական ակտերի պահանջների հիման վրա:

3. Էլեկտրոնային աճուրդի համակարգը (այսուհետ՝ համակարգ) ընդգրկում է աճուրդի կազմակերպման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումները, ինտերնետային հասցեն, տեխնիկական լուծումները և բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային սակարկությունների կազմակերպման, իրականացման և ավտոմատ եղանակով հաղթողին որոշելու համար:

4. Էլեկտրոնային աճուրդի մասնակից կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները:

5. Էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է լինել ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում` գույքային իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

6. Էլեկտրոնային աճուրդով վարձակալության են տրամադրվում պետական մարմիններին հանձնված (ամրացված) և անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին տրամադրված պետական գույքը, որն օգտագործման որոշակի ժամանակահատվածում համարվում է ազատ կամ թերի ծանրաբեռնված։

7. Էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը:

8. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կազմակերպիչ):

9. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպչի ղեկավարն իր կողմից տրված հրամանի համաձայն սահմանում է համակարգն սպասարկողներին, օգտվողներին և նրանց գործառույթները։

10. Համակարգից օգտվողներն են համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլատվություն ունեցող անձինք՝ ելնելով յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող գործառույթներից և պահանջվող համապատասխան մասնագիտական գիտելիքների առկայությունից։

11. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին հրապարակային ծանուցումը կազմակերպչի էլեկտրոնային կայքում (այսուհետ՝ կայք) հրապարակվում է էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ օտարման կամ վարձակալության տրամադրման մասին համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետում՝ աշխատանքային ժամերին, աճուրդն անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ։

12. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է նաև զանգվածային լրատվության միջոցով և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում:

13. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները՝

1) աճուրդի կայացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը, ընդ որում, էլեկտրոնային աճուրդի սկիզբ չի կարող սահմանվել ժամը 12:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին.

2) աճուրդի կազմակերպչի անվանումը.

3) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

4) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ.

5) լոտն ուսումնասիրելու վայրը, ամսաթիվը և ժամանակը.

6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը, ժամկետները և հաշվեհամարը.

9) անշարժ գույքի օտարման դեպքում հողի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը, վճարման կարգը և ժամկետները, հողամասի և շինության նպատակային և գործառնական նշանակությունները, մակերեսները, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը.

10) մեկից ավելի լոտերի աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

11) յուրաքանչյուր լոտի համար՝ նվազագույն գնային հավելումի չափը.

12) գնման գնի կամ վարձավճարի վճարման կարգը, ժամկետները և հաշվեհամարը.

13) ինչպես նաև այլ տեղեկություններ գույքի մասին (պարտադիր ներառելով լուսանկարներ (առկայության դեպքում՝ տեսաձայնագրություններ), տրանսպորտային միջոցների աճուրդի դեպքում՝ պարտադիր կցելով նաև տեսաձայնագրությունն ու շարժիչի լուսանկարը):

14. Էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի, ինչպես նաև վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) վարձավճարի մեկնարկային գինը, որից սկսվում է յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը, սահմանվում է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման վերաբերյալ համապատասխան իրավական ակտերով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գնահատման օրենսդրության համաձայն տվյալ գույքի և տարածքի վարձավճարի գնահատված արժեքի մեծությունը։

15. Էլեկտրոնային աճուրդի մասնակիցների համար, ելնելով լոտի մեկնարկային գնից, սահմանվում են մեկնարկային գնի նվազագույն հավելման հետևյալ չափերը՝

1) լոտի մեկնարկային գնի մինչև 100.000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ.

2) լոտի մեկնարկային գնի 100.001-500.000 դրամի դեպքում` 1.000 դրամ.

3) լոտի մեկնարկային գնի 500.001-1.000.000 դրամի դեպքում` 10.000 դրամ.

4) լոտի մեկնարկային գնի 1.000.001-10.000.000 դրամի դեպքում` 50.000 դրամ.

5) լոտի մեկնարկային գնի 10.000.000-ից ավելիի դեպքում` մեկնարկային գնի 1 %-ի չափով:

16. Էլեկտրոնային համակարգում մասնակիցների գրանցումն իրականացվում է առցանց եղանակով` նշելով՝

1) ֆիզիկական անձանց դեպքում` գրանցվողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, էլ-փոստի հասցեն.

2) իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը, հասցեն ու հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաև տնօրենի (եթե գրանցվողն այլ անձ է) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը, հասցեն, քաղաքացիությունը, հանրային ծառայությունների համարանիշը, էլ-փոստի հասցեն:

17. Մինչև էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը (այսուհետ՝ արձանագրություն) ստորագրելը մասնակիցը կարող է ուղղել կարգի 16-րդ կետում նշված տվյալներում առկա տեխնիկական վրիպակները, եթե դրանք չեն կարող ազդել աճուրդի ելքի և հաղթող մասնակցի ընտրության վրա, ընդ որում, յուրաքանչյուր լրացված դաշտում երկու նիշի փոփոխությունից ավելի չի թույլատրվում կատարել:

18. Համակարգում գրանցված անձը կարող է մասնակցել էլեկտրոնային աճուրդին սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից առնվազն 5 րոպե առաջ նախավճար վճարելու դեպքում: Էլեկտրոնային աճուրդի նախավճարի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ՝

1) լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի դեպքում նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50 տոկոսի չափով.

2) լոտի մեկնարկային գնի 100 001-1 000 000 դրամի դեպքում` 40 տոկոսի չափով.

3) լոտի մեկնարկային գնի 1 000 001- 10 000 000 դրամի դեպքում` 30 տոկոսի չափով.

4) լոտի մեկնարկային գնի 10 000 001- 100 000 000 դրամի դեպքում` 20 տոկոսի չափով.

5) լոտի մեկնարկային գնի 100 000 001- 500 000 000 դրամի դեպքում` 10 տոկոսի չափով.

6) լոտի մեկնարկային գնի 500 000 001 դրամից ավելիի դեպքում` 5 տոկոսի չափով:

19. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված չափով նախավճար է սառեցնում առցանց վճարման համակարգի միջոցով։

20. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի աճուրդի նվազագույնն սկսման պահին հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը:

21. Էլեկտրոնային աճուրդի ավարտին նախորդող վերջին րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 1 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Ընդ որում, մեկից ավելի լոտերը կարող են սկսվել միաժամանակ, սակայն յուրաքանչյուր հաջորդ լոտ կարող է ավարտվել նախորդ լոտի ավարտից առնվազն 1 րոպե հետո։

22. Էլեկտրոնային աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը: Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով: Կազմակերպիչն էլեկտրոնային աճուրդի կայացման օրը հաղթող մասնակցի վերաբերյալ կազմում է սույն կարգով սահմանված ձևին համապատասխան արձանագրություն և առցանց եղանակով ուղարկում է հաղթող մասնակցին այն ստորագրելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։ Հաղթող մասնակիցն արձանագրության հետ կազմակերպչին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) ֆիզիկական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անձը հաստատող փաստաթղթի, փախստական անձի դեպքում՝ նույնականացման քարտի կամ ճամփորդական փաստաթղթի, իսկ օտարերկրյա քաղաքացին` անձնագրի պատճենները և թարգմանությունը.

2) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների, իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի և լիազորված անձանց համար՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) իրավաբանական անձանց համար նաև գրավոր հավաստում այն մասին, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ դիմողի (հայտատուի) կանոնադրությամբ տվյալ գույքը տվյալ ձևով գնելու համար պետական համապատասխան մարմինների համաձայնություն չի պահանջվում կամ, որ պահանջվող համաձայնություններն ստացված են (կցելով այդ համաձայնագրերը).

4) հաղթողի կողմից տրված լիազորագիրը (եթե արձանագրությունն ստորագրում է լիազորված անձը):

23. Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցն ստորագրված արձանագրությունն ու սույն կարգի 22-րդ կետում նշված փաստաթղթերը, աճուրդի կայացման օրվանից մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, առցանց եղանակով փոխանցում է կազմակերպչին:

24. Կազմակերպչի համապատասխան աշխատակիցը, մինչև արձանագրությունը ղեկավարի ստորագրմանը ներկայացնելը, ստուգում է սույն կարգի 23-րդ կետում ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը կարգի 22-րդ կետի պահանջներին: Եթե փաստաթղթերը չեն համապատասխանում կարգի 22-րդ կետի պահանջներին, կամ առկա են թերություններ, դրանք վերադարձվում են հաղթող մասնակցին շտկելու և մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը կազմակերպչին վերադարձնելու համար: Փաստաթղթերի համապատասխանության դեպքում արձանագրությունը ներկայացվում է կազմակերպչի ղեկավարի ստորագրմանը:

25. Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստորագրելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը։

26. Էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակիցը սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վճարումներն իրականացնում է առցանց բանկային հաշվեհամարով կամ փոխանցում կատարելով։

27. Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված վճարումները կատարելուց հետո «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի համաձայն էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ կնքվում է առուվաճառքի կամ վարձակալության պայմանագիր, և իրականացվում են գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ:

28. Էլեկտրոնային աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապասառեցվում է, իսկ համապատասխան հաշվին փոխանցվածը վերադարձվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:

29. Էլեկտրոնային աճուրդը չկայացած և անվավեր է ճանաչվում, եթե՝

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ կամ վարձակալ.

2) 16-րդ կետով սահմանված տվյալները սխալ են` բացառությամբ սույն կարգի 17-րդ կետում նշված դեպքի.

3) աճուրդում հաղթած մասնակիցը չի ստորագրել արձանագրությունը կամ հրաժարվել է կատարել հետագա վճարումները.

4) հաղթողի կողմից սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում շտկված փաստաթղթերը չեն ներկայացվել.

5) աճուրդը չկայացած է հայտարարվում նշված հանգամանքների ի հայտ գալու հաջորդ օրվանից ոչ ուշ.

6) աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն շահագրգիռ անձի հայցով՝ դատական կարգով.

7) աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում կազմակերպվում է նոր աճուրդ, իսկ դրա անհնարինության դեպքում կիրառվում են անվավերության հետևանքներ՝ օրենքով սահմանված կարգով:

30. Էլեկտրոնային աճուրդը սույն կարգի 29-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված դեպքերում չկայանալու ժամանակ նախավճարը չի վերադարձվում և փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

31. Էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում կազմակերպչի կողմից արձանագրությունը կազմվելուց հետո դրա մասին տեղեկատվությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում:

32. Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում էլեկտրոնային աճուրդների անցկացումը կարող է կասեցվել մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին՝ էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով։ Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում։ Տեղեկանքին կից ներկայացվում է համակարգն սպասարկող անձի եզրակացությունը։

33. Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո էլեկտրոնային աճուրդը շարունակվում է սույն կարգով նախատեսված պայմաններով։

34. Էլեկտրոնային աճուրդի մասնակիցների համակարգում տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքերի համար կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում։

35. Կազմակերպիչն էլեկտրոնային աճուրդի անցկացման ընթացակարգը, համակարգի տեխնիկական անսարքության դեպքում՝ դրա մասին տեղեկանքը, աճուրդով վաճառքի կամ վարձակալության տրամադրման ենթակա լոտերի գնահատման հաշվետվությունները և աճուրդի արդյունքների մասին տեղեկատվությունը ներառում է էլեկտրոնային մատյանում:

36. Յուրաքանչյուր չկայացած էլեկտրոնային աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը: Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու հիմքերով, ապա հաջորդ աճուրդ կազմակերպելուց լոտի մեկնարկային գինն իջեցվում է համապատասխան իրավական ակտով սահմանված չափով: Ընդ որում, եթե աճուրդը համարվում է չկայացած հաղթող մասնակցի կողմից վճարումները սույն կարգով սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու, ինչպես նաև մասնակցի կողմից ներկայացված տվյալներն ու փաստաթղթերը սխալ լինելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է առանց մեկնարկային գնի նվազման, իսկ նախավճարը սահմանվում է՝ սույն կարգի 18-րդ կետով սահմանված սանդղակով հաշվարկված նախավճարի մեծությունը բազմապատկելով 1.1 գործակցով։

37. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը երաշխավորում է աճուրդի մասնակիցների անձնական տվյալների պաշտպանությունը: Աճուրդի մասնակիցների անձնական տվյալները չեն կարող տրվել երրորդ անձանց՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

38. Կազմակերպիչը պարտավոր է վարել փաստաթղթային գրառումներ և պահպանել էլեկտրոնային աճուրդի հետ կապված փաստաթղթերը (պայմանագրերը, արձանագրությունները և այլն) աճուրդի ավարտից երեք տարվա ընթացքում և արխիվացնել օրենքով սահմանված կարգով:

39. Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում լոտի այն թերությունների համար, որոնց մասին տեղյակ է եղել կամ պարտավոր էր տեղյակ լինել, սակայն չի զգուշացրել սակարկությունների մասնակիցներին: Կազմակերպիչը պատասխանատվություն է կրում իր տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների համար և կրում է լոտի պատահական կորստի ռիսկը, եթե սակարկությունների կազմակերպման մասին պայմանագրով այլ բան սահմանված չէ: Այլ մարմնի տիրապետման տակ գտնվող լոտի վնասվածքների և պատահական կորստի համար պատասխանատվություն է կրում տվյալ մարմինը:

 

Ձև

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ---

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Աճուրդի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը

 

2. Աճուրդն առաջարկողի անվանումը

 

3. Աճուրդի կազմակերպման հիմքը

 

4. Աճուրդի կազմակերպման ամսաթիվը, ժամը, վայրը

 

5. Լոտի համարը

 

6. Լոտի անվանումը և բնութագրող ցուցանիշները

 

7. Լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի տեսակը և գործողության ժամկետը

 

8. Լոտի մեկնարկային գինը

դրամ

9. Լոտի վերաբերյալ տեղեկատվություն

 

10. Լոտի գնման գինը` ներառելով նախավճարը

        

  դրամ

11. Աճուրդի կայացման դեպքում հաղթողի տվյալները

 

Հաղթող (հաղթողի ներկայացուցիչ)`
 

  Կազմակերպչի ղեկավար`  
 ______________________

(անունը, ազգանունը) 

__________________

     (ստորագրությունը)

 ___________________

(անունը, ազգանունը)

 ______________
    (ստորագրությունը)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

29.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2023 թվական: