Գլխավոր տեղեկություն
Համար
N 1736-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.10.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.10.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 2023 թվականի N 1736-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԹԻԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի ու 25-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 34-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Լուծարել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 53.210.00440, գրանցման օրը՝ 13.03.2003 թ., հասցեն՝ Հայաստան, Շիրակ, Արթիկ 3003, Արթիկի քրեակատարողական հիմնարկ):

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

1) լուծարման հանձնաժողովի ստեղծման պահից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

2) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները։

4. Սահմանել, որ՝

1) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի երեկոյան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինությանը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

1) որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Շիրակի մարզպետարանի ենթակայության դպրոցներ» բաժնի «Արթիկի տարածաշրջան» ենթաբաժնի «91. Արթիկի երեկոյան դպրոց» կետն ուժը կորցրած ճանաչել:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

12.10.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2023 թվական: