Գլխավոր տեղեկություն
Համար
N 1551-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1551-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-654-22.08.2023-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-654-22.08.2023-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ առանց նույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։

Քաղաքացիությունն անձի և պետության միջև կայուն իրավական կապն է, որը հիմնականում չի պայմանավորվում քաղաքացիություն հայցող անձի ծնողի՝ տվյալ պետությունում ծնված լինելու փաստով և չի հանդիսանում այդ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու հիմք։

Քաղաքացիության ձեռքբերման համընդհանուր ընդունված սկզբունքներից հողի իրավունքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելն օրենքի տրամաբանության մեջ կիրառվում է միայն ապաքաղաքացիության կանխարգելման նպատակով «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» 28.09.1954 թ. և «Ապաքաղաքացիության կրճատման մասին» 30.08.1961 թ. կոնվենցիաների համատեքստում՝ երեխաների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելիս։

Հետևաբար, գտնում ենք, որ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից անհրաժեշտ է հանել «կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում» բառերը, քանի որ դրույթը ենթադրում է հողի իրավունքի կիրառում՝ առանց ապաքաղաքացիության կանխարգելման նպատակի։ Ուստի առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) 1-ին հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար» բառերը փոխարինել «և որն օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում» բառերով:

Նշվածի հաշվառմամբ հայտնում ենք նաև, որ օրենքով սահմանված նորմով ծնողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը կամ նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացած լինելը սահմանվում է որպես հիմք զավակի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար, իսկ առաջարկվող փոփոխությունը՝ վերջին մեկ տարին մշտապես բնակվելու հիմքի նախատեսումը, ենթադրում է պետության հետ որոշակի կապի ապահովում։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում է նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա եռամսյա ժամկետում կատարել համապատասխան փոփոխություն (փոփոխություններ) և (կամ) լրացում (լրացումներ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման մեջ։

Միաժամանակ, անդրադառնալով նախագծի հիմնավորմանը, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար օրենքով նախատեսվող վավերապայմանները չեն կարող դիտարկվել որպես խտրականության դրսևորում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար, քանի որ օրենսդիրը լեգիտիմ նպատակ է հետապնդում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար վավերապայմաններ սահմանելիս։