Գլխավոր տեղեկություն
Համար
N 1523-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2023-15.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 սեպտեմբերի 2023 թվականի N 1523-Լ

 

2023 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂՈՂԻ ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՄԹԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9.4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2023 թվականի խաղողի ավելցուկային բերքի մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 2․0 մլրդ դրամ բյուջետային վարկ տարեկան 0․01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով՝ հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից (կազմակերպություններից) առնվազն 5 տարի հնացված մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար։

2. Հաստատել հայկական կոնյակի սպիրտի գնման տեխնիկական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ՝

1) հայկական կոնյակի սպիրտի գնման տեխնիկական բնութագրով սահմանված ցուցանիշներին համապատասխանության լաբորատոր փորձաքննություններն իրականացվում են Հայաստանում հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների կողմից, իսկ ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության և խաղողի հումքով արտադրված լինելու փորձաքննություններն իրականացվում են միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից․

2) հայկական կոնյակի սպիրտների փորձաքննության նպատակով նմուշառումները և տարաների կապարակնքումը կատարվում են նմուշառման իրավասություն ունեցող կազմակերպության կողմից։

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ հայկական կոնյակի սպիրտի ձեռքբերման նպատակով կազմակերպությունների ընտրության և գործընթացի իրականացման նպատակով 5 աշխատանքային օրվա ընթացքում ստեղծել գնահատող հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության երկու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի, ինչպես նաև «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ի մեկական ներկայացուցիչներ։

5. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) հաստատում է կազմակերպությունների ընտրության որակավորման չափորոշիչները, դրանց գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը, այն կազմակերպությունների տվյալները, որոնց պետք է տրամադրվեն հրավերները, հայտերի ներկայացման ժամկետները՝ 2023 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում խաղողի մթերման պայմանագրեր կնքելու նպատակով խաղողագործների տվյալները՝ ըստ մթերման ենթակա խաղողի քանակները և մթերման 1 կգ խաղողի նվազագույն գինը (110 դրամ): Ընտրված մասնակցին հատկացվելիք կանխավճարի առավելագույն չափը հրավերով սահմանվում է պայմանագրի ընդհանուր գնի 40 տոկոսի չափով: Մասնակիցն ընդհանուր գնային առաջարկում առանձնացված ներկայացնում է նաև մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտի պահպանման տարեկան միավոր գինը.

2) հրավերով նախատեսված պայմաններին բավարար գնահատված և ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին ճանաչում է ընտրված: Ընդ որում, ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովում.

3) ներկայացնում է առաջարկություն «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին՝ ընտրված մասնակցի հետ կնքելու հայկական կոնյակի սպիրտի ձեռքբերման պայմանագիր՝ նախատեսելով նաև, որ՝

ա. կազմակերպությունը պայմանագրով սահմանված ժամկետներում ապահովում է հրավերով նախատեսված՝ 2023 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների ընթացքում խաղողի մթերման պայմանագրերի կնքման և մթերման գործընթացը,

բ. կազմակերպության կողմից հայկական կոնյակի սպիրտի դիմաց մթերվող խաղողի քանակությունը հաշվարկվում է օտարված մեկ լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) կոնյակը 11 կգ խաղողին համարժեք չափով, իսկ խաղողի մթերումներն իրականացվում են Արարատի և Արմավիրի մարզպետների աշխատակազմերի կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից,

գ. օտարվող հայկական կոնյակի սպիրտի պահպանումն իրականացվում է կազմակերպության կողմից,

դ. այն դեպքում, երբ կապարակնքված որևէ տարայի նմուշը չի համապատասխանում տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին, ապա կազմակերպությունը պարտավորվում է այն փոխարինել իրեն պատկանող կոնյակի սպիրտի այլ խմբաքանակներով։ Նոր խմբաքանակներից փորձաքննության նպատակով նմուշառումները և տվյալ տարաների կապարակնքումը կատարվում են նմուշառման իրավասություն ունեցող կազմակերպության կողմից, իսկ փորձաքննության ծախսերը կատարվում են կազմակերպության միջոցների հաշվին,

ե. այն դեպքում, երբ կազմակերպությունը չի ապահովում տեխնիկական բնութագրին չհամապատասխանող խմբաքանակների փոխարինումը, ապա 10-օրյա ժամկետում վերադարձնում է օտարման չբավարարող խմբաքանակների դիմաց տրամադրված կանխավճարը, իսկ դրա հաշվին մթերված խաղողի արժեքի վճարման պարտավորություններն ապահովում է իր միջոցների հաշվին,

զ. պայմանագրի ընդհանուր արժեքի վճարումն իրականացվում է հայկական կոնյակի սպիրտի փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման

 

Ապրանքի

անվանումը

ԳՄԱ

կոդը

Տեխնիկական բնութագիրը

Չափի

միավորը

Առնվազն 5 տարի հնացված հայկական կոնյակի սպիրտ

15911100

Առնվազն 5 տարի հնացված հայկական կոնյակի սպիրտ՝

- Էթիլ սպիրտի ծավալային մասը, %-55-72,

- Բարձր սպիրտների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ իզոամիլ սպիրտի, մգ/լ անջուր սպիրտում-1700-5000,

- Ալդեհիդների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական ալդեհիդի, մգ/լ անջուր սպիրտում-50-500,

- Միջին եթերների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվական էթիլ եթերի, մգ/լ անջուր սպիրտում-500-2700,

- Ցնդող թթուների զանգվածային խտությունը` վերահաշվարկած ըստ քացախաթթվի, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի-2000,

- Ցնդող միացությունների զանգվածային խտությունը, մգ/լ անջուր սպիրտում, ոչ պակաս-1250,

- Ֆուրֆուրոլի զանգվածային խտությունը, մգ/լ անջուր սպիրտում, ոչ ավելի-30,

- Պղնձի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի-8,0,

- Ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի-40,

- Երկաթի զանգվածային խտությունը, մգ/լ, ոչ ավելի-1,5:

 

Լաբորատոր փորձաքննության եզրակացությունների առկայությունը պարտադիր է: Պարտադիր է նաև ածխածնի, ջրածնի և թթվածնի իզոտոպային բաղադրության և խաղողի հումքով արտադրված լինելու փորձաքննության եզրակացության առկայությունը՝ տրված միջազգային հավատարմագրում ունեցող փորձարկման լաբորատորիայի կողմից։

 

Անվտանգության և զգայորոշման ցուցանիշները` ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի:

 

Լրացուցիչ հատուկ պահանջներ՝

- Օտարվող հայկական կոնյակի սպիրտի պահպանումը պետք է իրականացվի օտարողի կողմից,

- Օտարվող հայկական կոնյակի սպիրտի գինը պետք է ներառի նմուշների փորձաքննության և իրացրած կոնյակի հետագա պահպանման ծախսերը,

- Օտարողը պարտավորվում է կատարել օտարված հայկական կոնյակի սպիրտի քանակին համարժեք քանակությամբ խաղողի մթերումներ՝ 1 կգ-ն առնվազն 110 դրամով։

Լրացուցիչ հատուկ պահանջների կատարման հետ կապված հարաբերությունները սահմանվում են օտարողի և գնորդի միջև կնքված պայմանագրով։

Լիտր

(100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ