Գլխավոր տեղեկություն
Համար
N 718-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 20.02.2023
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.02.2023
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

14 փետրվարի 2023 թ.

N 718-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 39-րդ կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Հր. ՍարգսՅԱՆ

 

2023 թ. փետրվարի 14

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի փետրվարի 14-ի

N 718-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼ ՕԲՅԵԿՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ (ՄԱՅԻՍԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ԵՎ ՁՄԵՌԱՅԻՆ (ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՊՐԻԼԻ 30-Ը ՆԵՐԱՌՅԱԼ) ՍԵԶՈՆՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում (այսուհետ՝ Տարածք) ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգի, պայմանների ու սահմանափակումների հետ կապված հարաբերությունները:

2. Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից Տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունները տրամադրում է Երևանի քաղաքապետը, եթե ներկայացված դիմումը համապատասխանում է սույն հավելվածով սահմանված պահանջներին:

 

2. ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

3. Թույլտվություն ստանալու համար դիմումատուն Երևանի քաղաքապետին ներկայացնում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում, որին կից ներկայացվում են.

1) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման քաղվածքը,

2) շենքի կամ շինության սեփականության կամ օգտագործման վկայականի պատճենը,

3) տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,

4) ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկ՝ սույն հավելվածի 3-րդ գլխում սահմանված պահանջներին համապատասխան, թղթային՝ 2 օրինակից և էլեկտրոնային տարբերակով,

5) (ենթակետն ուժը կորցրել է 12.09.23 N 854-Ն)

6) պատմության և մշակույթի անշարժ հուշարձան շենքի դեպքոււմ պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված մասնագիտական դրական եզրակացություն։

(3-րդ կետը լրաց., փոփ. 12.09.23 N 854-Ն)

4. Դիմումների վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչություն եզրակացություն են ներկայացնում Երևանի համապատասխան վարչական շրջանի ղեկավարը` «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների առկայության, Երևան համայնքի նկատմամբ չկատարված պարտավորությունների, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման պահանջների կատարման, Տարածքի բարեկարգման նախագծին համաձայնություն տալու, իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը՝ ճարտարապետա-գեղարվեստական նախագծային առաջարկի և սույն հավելվածի 8-16-րդ կետերով սահմանված պահանջների կատարման մասին։

5. Եթե թույլտվությունը ստանալուց հետո հաջորդ տարիներին սույն հավելվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի փոփոխություններ չեն կատարվել՝ դիմումին կից ներկայացվում են միայն տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, բացառությամբ, եթե տեղի է ունեցել քաղաքաշինական իրավիճակի փոփոխություն։

6. Դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմումատուին տրվում է համապատասխան թույլտվություն կամ դիմումը մերժվում է: Դիմումը մերժվում է եթե՝

1) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են թերի (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Երևան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել,

2) սույն կարգի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվել են ամբողջական, սակայն դրանք չեն համապատասխանում սույն հավելվածով սահմանված պահանջներին,

3) գործունեության իրականացման վայրի շենքը կամ շինությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պահանջներին, ինչի վերաբերյալ պետական լիազոր մարմնի (մարմինների) կողմից ստացվել է համապատասխան տեղեկատվություն,

4) սույն հավելվածի 4-րդ կետով նշված մարմինների կողմից տրվել է բացասական եզրակացություն։

7. Հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Տարածքը տրամադրվում է․

1) բացառապես տվյալ սեզոնի ընթացքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու համար, որտեղ մայթի առավելագույնը մինչև վաթսուն տոկոսի չափով հատվածում՝ ապահովելով ոչ պակաս, քան մայթի 1,8 մետր լայնությամբ ազատ անցուղին կարող են տեղադրվել համապատասխան սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ սեղաններ ու աթոռներ, սպասարկման համար անհրաժեշտ շարժական պահարան, տարածքին էսթետիկական պատշաճ տեսք արտահայտող ծաղկային կոմպոզիցիաներ կամ համանման այլ էլեմենտներ, բազրիքներ, ինչպես նաև հովանոցներ կամ առանց կրող կամ լրացուցիչ հենասյուների տեղադրում պահանջող ծածկոցներ։ Նախորդ նախադասությամբ ամրագրված 1,8 մետր լայնության պահպանման պահանջը չի տարածվում տնտեսվարող սուբյեկտների դեպի Ա. Պուշկինի, Ա․ Թամանյանի և Մ. Սարյանի փողոցներ ուղղված ճակատային հատվածների վրա։

2) տվյալ շենքի, շինության ճակատային մասով, բացառությամբ եթե առկա է հարակից 1-ին և (կամ) նկուղային և (կամ) կիսանկուղային հարկի շենքի, շինության սեփականատիրոջ (սեփականատերերի) գրավոր համաձայնությունը,

3) շինությանը կից հատվածից մինչև մայթի եզրը, բացառությամբ կանաչապատ գոտին և հետիոտնի երթևեկության համար նախատեսված ազատ անցուղին,

4) մայթի նույն ուղղությամբ գտնվող սրճարաններին ճակատից հավասար հեռավորության վրա։

(7-րդ կետը լրաց. 12.09.23 N 854-Ն)

8. Հանրային սննդի ծառայության կազմակերպման համար թույլատրվում է տեղադրել սեզոնային սրճարանի սարքավորումների տարրեր՝ դրանց ամրացման տարրերի խորացմամբ մինչև 0,3 մետր: Սեզոնային սրճարանն ապամոնտաժելիս թույլտվություն ստացած անձը ապահովում է խախտված բարեկարգման վերականգնումը։ Սեզոնային սրճարանի ապամոնտաժման ժամանակ սույն կետում նշված սարքավորումների ամրացման տարրերը նույնպես ենթակա են ապամոնտաժման:

9. Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող հովանոցները կարող են լինել կամ միագմբեթ կամ բազմագմբեթ՝ կենտրոնական հենարանով.

1) հովանոցների և բուսակամարների (պերգոլաների) բարձրությունը չպետք է գերազանցի շենքի, կառուցվածքի առաջին հարկի բարձրությունը (ծածկի գիծ առաջին և երկրորդ հարկերի միջև), որը զբաղեցնում է հանրային սննդի օբյեկտը,

2) տեղադրվող հովանոցների և բուսակամարների (պերգոլաների) շրջանակի (կարկասի) նյութը կարող է լինել մետաղ, փայտ (մշակված, ներկված), ինչպես նաև կոմպոզիտային նյութեր։ Որպես ծածկույթի նյութ, կարող է օգտագործվել մթնոլորտային տեղումներից պաշտպանող հատուկ մշակում ունեցող գործվածք,

3) սեզոնային սրճարանի հովանոցների և պերգոլաների կահավորման համար պետք է օգտագործել պաստելային երանգի նյութեր,

4) սեզոնային սրճարաններ կազմակերպելիս վրանների օգտագործում չի թույլատրվում։

10. Սեզոնային սրճարանի կահավորման մեջ օգտագործվող դեկորատիվ ցանկապատերը տեղադրվում են մեկ գծով՝ սեզոնային սրճարանի տեղակայման սահմաններում։ Ընդ որում․

1) սեզոնային սրճարանների կազմակերպման մեջ օգտագործվող դեկորատիվ ցանկապատերի բարձրությունը չի կարող լինել 0,6 մետրից պակաս (բացառությամբ ցանկապատի գործառույթ կատարող կանաչապատման կոնտեյներների տեղադրման դեպքերի) և գերազանցել 0,9 մետրը (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերի),

2) սեզոնային սրճարաններ կահավորելիս թույլատրվում է օգտագործել թափանցիկ շարժական, ծալովի դեկորատիվ ցանկապատեր՝ հավաքված (ծալված) վիճակում 0,9 մետրից ոչ ավելի բարձրությամբ,

3) դեկորատիվ ցանկապատերի կոնստրուկցիաները, որոնք դասավորված են ասֆալտբետոնե (մայթի սալահատակային) ծածկույթի վրա, պետք է պատրաստված լինեն կոշտ հատվածներից, որոնք ամրացված են միմյանց կայունությունը ապահովող տարրերով,

4) դեկորատիվ ցանկապատերի կոնստրուկցիաները չպետք է պարունակեն տարրեր, որոնք վտանգ են ներկայացնում հետիոտնի երթևեկության անվտանգության համար:

11․ Ձմեռային սեզոնին տարածքի կահավորման համար թույլատրվում է տարածքը կահավորել ոչ ստացիոնար (ժամանակավոր և հավաքվող), ամուր դեկորատիվ պոլիէթիլենային պլաստիկե թաղանթով կամ օրգանական ապակեպատմամբ՝ ապահովելով օբյեկտի և քաղաքաշինական միջավայրի ճարտարապետական և գեղարվեստական կերպարի պահպանումը: Ամառային սեզոնի ընթացքում նշված սարքավորումներն ենթակա են ապամոնտաժման:

12. Թույլտվությունը ստանալուց հետո թույլտվություն ստացած անձը պարտավոր է․

1) Տարածքում կազմակերպվող ծառայությունների իրականացման ողջ ժամանակահատվածում ապահովել Տարածքին հարակից կամ անմիջականորեն ներառող հատվածներում հետիոտնի համար նախատեսված մայթերի կամ անցուղիների գոտիների լիարժեք ազատ միջավայրը՝ հաշվի առնելով նաև բնակչության տեղաշարժման դժվարություններ ունեցող խմբերի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունը (թեքահարթակների, բազրիքների, հատուկ շոշափելի և ազդանշանային գծանշումների միջոցով),

2) Տարածքի տեղադրվելիք սարքավորումները տեղակապել շենքի ճակատների ճարտարապետական տարրերին, որտեղ գտնվում է ստացիոնար հանրային սննդի ծառայություն մատուցող օբյեկտը,

3) տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող և միևնույն շենքում, կառուցվածքում տեղակայված հանրային սննդի օբյեկտներում մի քանի սեզոնային սրճարաններ տեղադրելու դեպքում սեզոնային սրճարանը կահավորել մեկ ճարտարապետական և գեղարվեստական ոճով (կոնստրուկցիայի միասնական նյութ, փոխկապակցված գունային լուծում)՝ պահպանելով սարքավորումների տարրերի հորիզոնական և ուղղաձիգ ուրվագծերի համամասնությունը,

4) տարածքի կահավորման մեջ օգտագործվող սարքավորումների տարրերը իրականացնել մեկ ճարտարապետական-գեղարվեստական ոճով, հաշվի առնելով ճակատների գունային լուծումը և շենքի, կառուցվածքի ոճը, որտեղ տեղակայված է հանրային սննդի օբյեկտը, ինչպես նաև շրջակա կառուցապատման ճարտարապետա-քաղաքաշինական լուծումը և հարակից տարածքի բարեկարգման առանձնահատկությունները,

6) թույլտվությամբ սահմանված ժամկետի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքն ազատել և բերել նախկին տեսքին։

13. Հանրային սննդի սեզոնային ծառայությունն արգելվում է կազմակերպել․

1) կանաչապատ տարածքներում,

2) ստորև նշված փողոցներում՝

ա․ Ազատության հրապարակին հարակից տարածքներում և դրան հարող մայթերին,

բ․ Մ. Մաշտոցի պողոտայի կառուցապատման գծից դուրս հատվածներում,

գ․ Սայաթ-Նովա պողոտայի Սայաթ-Նովա-Տերյան և Սայաթ-Նովա-Մ. Մաշտոց խաչմերուկներում ընկած հատվածում,

դ․ Սպենդիարյան փողոցում,

ե․ Օղակաձաև զբոսայգում և դրան հարող մայթերին,

3) օգտագործելով աղյուսներ, շինարարական բլոկներ և սալեր, մոնոլիտ բետոնի, երկաթբետոնի, պողպատե պրոֆիլավորված թիթեղների և ազդերիզային գործվածքներ,

4) իրականացնելով ստորգետնյա ինժեներական հաղորդակցուղիների անցկացում և կապիտալ բնույթի շինմոնտաժային աշխատանքներ,

5) օգտագործելով կահավորման և շվաքարանի տարրերի երեսպատման համար պոլիմերային թաղանթների, կղմինդրի, մետաղական կղմինդրի, մետաղի, ինչպես նաև ռուբերոիդի, ասբեստոցեմենտի սալեր,

6) կահավորման համար օգտագործելով ամառանոցային, պարտեզային և ինտերիերի կահույք։

 

3. ՏԱՐԱԾՔԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

14. Տարածքի կահավորման ճարտարապետա-գեղարվեստական նախագիծը ներառում է տեքստային և գրաֆիկական նյութեր:

15. Տեքստային նյութերը կազմվում են բացատրական գրության տեսքով և ներառում են հիմնական ճարտարապետական և կոնստրուկտիվ լուծումների նկարագրությունը՝ նշելով օբյեկտի հարաչափերը, կոնստրուկցիաների նյութերը և գույները՝ ըստ սույն հավելվածով նախատեսված ցանկի:

16. Գրաֆիկական նյութերը ներառում են․

1) առկա իրավիճակի լուսանկարներ՝ առանց սեզոնային սրճարանի տեղակայման: Լուսանկարները պետք է ապահովեն սեզոնային սրճարանի գտնվելու վայրի ամբողջական հստակ ցուցադրումը,

2) մասնագիտական որակավորում ունեցող չափագրողի կողմից տրամադրված տարածքի չափագրության տեղագրական հանույթը և իրադրության հատակագիծը՝ 1:500 կամ 1:200 մասշտաբով, որտեղ նշվում են տարածքի ուրվագծային չափերը և մակերեսը,

3) գծագրեր (ճակատներ, հատակագծեր՝ կահավորման տարրերով, կտրվածքներ, հիմնական կառուցվածքային տարրեր, ամրացման տարրեր և սարքավորումների այլ տարրեր)՝ 1:200 մասշտաբով։

(16-րդ կետը լրաց. 12.09.23 N 854-Ն)

 

4. ՏԱՐԱԾՔԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԻ ԳՈՒՅՆԵՐԸ

 

17. Սեզոնային սրճարանի կահավորման համար առաջարկվող թույլատրելի գունային համարները ներկայացված են սույն հավելվածի ցանկով՝ հովանոցների և պերգոլաների համար:

 

ՑԱՆԿ

 

ՍԵԶՈՆԱՅԻՆ ՍՐՃԱՐԱՆԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԳՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ

 

Գույնի օրինակը և ՌԱԼ-ի (RAL) առավելագույն համապատասխանող համարը

Բնական գույների համակարգ
(NCS) (S)

Քառագույն ինքնատիպություն
(CMYK)

Եռագույն ինքնատիպություն
(
RGB)

RAL 3009

 6020-Y90R

 0 58 35 70

 92 50 51

RAL 3020

 1580-Y90R

 0 100 85 15

 189 7 33

RAL 2004

 1070-Y70R

 0 81 79 0

 236 75 48

RAL 1033

 0580-Y30R

 0 55 100 0

 240 132 0

RAL 1018

 0530-Y20R

 0 21 60 0

 255 209 122

RAL 1003

 2502-Y

 0 0 10 33

 184 183 173

RAL 1016

 0540-Y

 0 3 70 0

 254 230 107

RAL 6010

 3050-G70Y

 20 0 92 47

 130 135 0

RAL 6011

 4020-G50Y

 20 0 50 48

 124 134 91

RAL 6005

 5040-B90G

 100 0 80 60

 0 81 52

RAL 6000

 6010-G10Y

 35 0 40 65

 76 95 76

RAL 5019

 5040-B10G

 92 0 15 70

 0 70 85

RAL 9001

 1002-G

 5 0 8 5

 235 240 231

RAL 1019

 6500-N

 0 2 5 65

 109 109 107

(հավելվածը լրաց., փոփ. 12.09.23 N 854-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.09.2023, N 854-Ն 19.09.2023, N 718-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան