ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1530-Լ
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
1) բյուջետային երաշխիքները տրամադրվում են խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար․
2) բյուջետային երաշխիքները կարող են տրամադրվել առանց ապահովման լրացուցիչ միջոցների.
3) շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով ուղղվում են բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանը.
4) խաղողի վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր շահառուին խաղողի մթերումների (գնումների) համար բյուջետային երաշխիքները տրամադրվում են առավելագույնը մինչև քառասունհինգ ամիս մարման ժամկետով․
5) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում՝ մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը՝ 2026 թվականի հունվարի 15-ից հետո.
6) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2022 թվականին տրամադրված և 2023 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
08.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիսեպտեմբերի 7-ի N 1530-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ (ԳՆՈՒՄՆԵՐԻ) ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է 2023 թվականին խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին գյուղատնտեսական հումքի մթերումների (այսուհետ՝ գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման ընթացակարգը։
2. Սույն կարգի իմաստով օգտագործվող հասկացությունները և հապավումները՝
1) ծրագիր՝ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրում.
2) շահառու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող, 2023 թվականին խաղողի գնումներ իրականացնող և 2022 թվականին արտահանումներ իրականացրած կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի դրական վարկային (վարկի համար դիմելու պահին նախորդող 12 ամիսների ընթացքում շահառուն և (կամ) իր հետ փոխկապակցված որևէ անձ չպետք է ունենա 90 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություն կամ «ոչ ստանդարտ» դասով դասակարգված վարկեր) պատմություն և դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորություններ (առանց դրոշմանիշային վճարի).
3) ԳՖԿ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց.
4) ՖԿ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկեր կամ վարկային կազմակերպություններ, որոնք գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկերի տրամադրման համար սահմանված ընթացակարգով ԳՖԿ-ի հետ կնքել են պայմանագրեր.
5) բյուջետային երաշխիք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում խաղողի գնումների նպատակով տրամադրվող վարկերի համար ՖԿ-ներից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվող վարկի հիմնական գումարի վերադարձի ապահովման միջոց։
3. Սույն կարգի հիման վրա բյուջետային երաշխիքներն առանց ապահովման միջոցի կարող են տրամադրվել խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարողներին՝ 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերի համար՝ շահառուի կողմից իրականացված վարկի հիմնական գումարի մարումներն առաջնային կարգով բյուջետային երաշխիքներով ապահովված պարտավորությունների մարմանն ուղղելու պայմանով, առավելագույնը մինչև քառասունհինգ ամիս մարման ժամկետով։
4. Տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարը չպետք է գերազանցի Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը։ Ընդ որում, տրամադրվող բյուջետային երաշխիքի գումարի նվազագույն չափը կազմում է 100.0 մլն դրամ։
5. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի գծով կնքված պայմանագրի կրկնօրինակը և մարման ժամանակացույցը հաստատումից հետո ՖԿ-ն եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և ԳՖԿ-ին:
6. Բյուջետային երաշխիքով ապահովված վարկի հիմնական գումարի ամբողջական մարումից հետո եռօրյա ժամկետում ՖԿ-ն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն է վերադարձնում բյուջետային երաշխիքի բնօրինակը, ինչի վերաբերյալ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
7. Ծրագրի ավարտի վերջում տրամադրված բյուջետային երաշխիքի դիմաց որպես վճար շահառուի կողմից վճարվում է միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:
8. Այն դեպքում, երբ 2023 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:
II. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
9. Շահառուները վարկավորման նպատակով Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով սահմանված ընթացակարգով դիմում են ՖԿ-ին։
10. ՖԿ-ն իրականացնում է շահառուների վարկունակության գնահատում և կայացնում նախնական որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի ներքո վարկ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):
11. Եթե շահառուի կողմից հայցվող վարկի գումարը գերազանցում է վերջինիս կողմից առաջարկվող գրավի առարկայի կամ բանկային երաշխիքի դիմաց ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարին, ապա շահառուն հայցվող վարկի գումարի չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք ստանալու նպատակով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ համաձայն N 1 ձևի։
12. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) տեղեկանք ՖԿ-ից՝ վարկի ապահովման միջոցի չբավարարող մասի և ՖԿ-ի կողմից գնահատված վարկի ապահովման միջոցի շուկայական արժեքի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ 2022 թվականին արտահանված արտադրանքի տեսականու, ծավալների և ընդհանուր արժեքի մասին.
3) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք՝ դիմումի ներկայացման նախորդող օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց հարկային պարտավորությունների (առանց դրոշմանիշային վճարի) բացակայության մասին.
4) ԱՌՔԱ վարկային բյուրոյից տեղեկություն՝ վարկային պատմության վերաբերյալ.
5) տեղեկություն՝ նախորդ երկու տարվա տնտեսական գործունեության մասին՝ համաձայն N 2 ձևի:
13. Եթե ներկայացված դիմումը թերի է կամ սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու և նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է սույն կետով նախատեսված կարգով տեղեկացումն ստանալու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում։
14. Սույն կարգի պահանջներին համապատասխան դիմումն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ԳՖԿ-ի հետ համատեղ 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է այն և՝
1) ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում գրությամբ պատասխանում է դիմումատուին` նշելով դիմումի մերժման պատճառները.
2) հիմնավոր ճանաչելու դեպքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը շահառուին բյուջետային երաշխիք տրամադրելու մասին իր առաջարկություններով միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ կցելով շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և դրա մասին գրությամբ տեղեկացնում է դիմումատուին։
15. Դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերում առկա են ոչ հավաստի տվյալներ.
2) շահառուն չունի սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրական վարկային պատմություն կամ ունի ժամկետանց հարկային պարտավորություն.
3) պահանջվող բյուջետային երաշխիքի գումարի չափը գերազանցում է ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարի 50%-ը կամ 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը.
4) դիմումատուի կողմից սույն կարգի 13-րդ կետով նախատեսված ժամկետում սույն կարգի պահանջներին համապատասխան նոր դիմում չներկայացնելու դեպքում։
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
16. Շահառուի կողմից հայցվող վարկի գծով ՖԿ-ի կողմից տրամադրվող վարկի գումարը չբավարարող մասի համար բյուջետային երաշխիք տրամադրելու մասին միջնորդությունն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է այն և՝
1) միջնորդությունը ոչ հիմնավոր ճանաչելու դեպքում այն գրությամբ վերադարձնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ նշելով միջնորդությունը մերժելու պատճառները.
2) միջնորդությունը հիմնավոր ճանաչելու դեպքում՝ 3-օրյա ժամկետում շահառուի հետ կնքում է բյուջետային երաշխիքի տրամադրման մասին պայմանագիր և վերջինիս տրամադրում թողարկված բյուջետային երաշխիքի բնօրինակը՝ դրա մասին ծանուցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:
17. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություն՝
1) շահառուից՝ առկա վարկային պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ.
2) ՖԿ-ից՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շահառուի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ:
18. Միջնորդությունը մերժվում է, եթե սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերն ամբողջական չեն կամ դրանցում նշված տվյալները չեն համապատասխանում սույն կարգով նախատեսված պահանջներին:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
………………………………………………………...............………………………… ....-ԻՑ
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ԳՐԱՎԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՄԱՍԻ ՉԱՓՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ ................................................................................…………………….-ին
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում
........................................................-ից ............................. (...............................) դրամ
(նշել ֆինանսական կառույցի անվանումը) նշել գումարի չափը թվերով (նշել գումարի չափը տառերով)
վարկի ներգրավման նպատակով գրավի ապահովման չբավարարող
.............................(..............................) դրամի չափով տրամադրել բյուջետային երաշխիք։
նշել գումարի չափը թվերով (նշել գումարի չափը տառերով)
Առդիր .... էջ։
Ստորագրող
............................. (պաշտոնը) |
.................................. (անունը, ազգանունը) |
…….........................
(ստորագրությունը)
..... ..................... 2023 թ.
Ձև N 2
Տեղեկություն ..................................... տնտեսական գործունեության մասին
(նշել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը)
NN ը/կ |
1 |
2 |
3 |
Ցուցանիշը |
2021 թվական |
2022 թվական | |
1. |
Արտադրանք (մլն դրամ) |
||
2. |
Իրացում (մլն դրամ) |
||
3. |
Արտահանում (մլն դրամ) |
||
4. |
Արտահանման երկրներ |
||
5. |
ԱԱՀ |
||
6. |
Շահութահարկ |
||
7. |
Եկամտային հարկ |
||
8. |
Այլ հարկեր և տուրքեր |
Ստորագրող
............................. (պաշտոնը) |
.................................. (անունը, ազգանունը) |
…….........................
(ստորագրությունը)
..... ..................... 2023 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
08.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.09.2024, N 1474-Լ | 20.09.2024, N 1530-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|