Գլխավոր տեղեկություն
Համար
N 668-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 05.06.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2019 թվականի N 668-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. հունիսի 1

Երևան

        

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 1-ի N 668-Լ

որոշման

     

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

   

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

   

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը (այսուհետ՝ գրասենյակ) վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որն ապահովում է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի (այսուհետ՝ գլխավոր հանձնակատար) ընթացիկ գործունեության իրականացումը:

(1-ին կետը փոփ. 08.09.23 N 917-Լ)

2. Գլխավոր հանձնակատարի պաշտոնը պետական հայեցողական պաշտոն է, որը զբաղեցնող անձը ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Գլխավոր հանձնակատարին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում, արձակուրդ տրամադրում և նրա նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։

(2-րդ կետը փոփ. 08.09.23 N 917-Լ)

3. Գրասենյակի անվանումն է՝

1) հայերեն՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ».

2) ռուսերեն՝ «Офис Главного уполномоченного по делам диаспоры аппарата премьер-министра Республики Армения».

3) անգլերեն՝« Office of the High Commissioner for Diaspora affairs of the Prime Minister's Office of the Republic of Armenia».

4) ֆրանսերեն՝ «Le Bureau du Haut Commissaire pour les affaires de la Diaspora du personel du Premier Ministre de la République d'Arménie»:

(3-րդ կետը խմբ. 08.09.23 N 917-Լ)

4. Գրասենյակը ստեղծվում, վերակազմակերպվում, և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

5. Գրասենյակը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

6. Գրասենյակը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք և անհատականացման միջոցներ:

7. Գրասենյակը կազմված է գրասենյակի ղեկավարից, գրասենյակի ղեկավարի տեղակալներից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ՝ կառուցվածքային ստորաբաժանում):

8. Գրասենյակի ղեկավարի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ովքեր պաշտոնի նշանակվում և ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Գրասենյակի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0010, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

   

II. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

   

10. Գրասենյակի նպատակներն են՝

1) սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի գործակցության ապահովումը, կապերի ամրապնդումը.

3) Հայաստան-սփյուռք փոխհարաբերությունների զարգացմանը, հայրենադարձության և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովմանն ուղղված՝ գլխավոր հանձնակատարի կողմից իրականացվող աշխատանքներին աջակցությունը.

4) հայրենադարձների ինտեգրման կազմակերպմանն աջակցությունը:

(10-րդ կետը խմբ. 06.07.20 N 772-Լ, փոփ., լրաց. 08.09.23 N 917-Լ)

   

III. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

   

11. Գրասենյակի խնդիրներն են՝

1) սփյուռքի ներուժի բացահայտումը և քարտեզագրումը, թիրախային գնահատումը, համահայկական մասնագիտական ցանցերի ստեղծումը, սփյուռքի ներուժի ներգրավման կայուն ու արդյունավետ գործիքակազմի մշակումը, ինչպես նաև համահայկական միասնական օրակարգի նախանշումը.

2) Հայաստան-սփյուռք արդյունավետ գործակցության կառուցակարգերի, թիրախային ծրագրերի և միջոցառումների մշակումը, բարելավումը, սփյուռքի հայ համայնքների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն ու զարգացումը.

3) հայրենադարձության իրականացման և հայրենադարձների ինտեգրման ոլորտում ռազմավարական նախաձեռնությունների, ինչպես նաև առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելը.

4) գլխավոր հանձնակատարի լիազորությունների իրականացման մասնագիտական օժանդակությունը և անհրաժեշտ աջակցությունը:

(11-րդ կետը խմբ., փոփ. 06.07.20 N 772-Լ, խմբ. 08.09.23 N 917-Լ)

  

IV. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

    

12. Գրասենյակն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) իրականացնում է սփյուռքի ներուժի ուսումնասիրություն, ըստ ոլորտների դասակարգում և քարտեզագրում.

2) սփյուռքի հայ համայնքների փոխգործակցությունն ապահովելու, սփյուռքի ներուժը համախմբելու նպատակով՝ տարբեր ոլորտներում համահայկական մասնագիտական ցանցերի և կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ հանդես է գալիս առաջարկություններով.

3) ձևավորում է սփյուռքահայերից կազմված խորհուրդ, մշակում է համագործակցության գործիքակազմ, սփյուռքահայ գործիչների ներգրավմամբ նախանշում է համահայկական միասնական օրակարգը.

4) ներկայացնում է Հայաստան-սփյուռք գործակցության խնդիրներից և անհրաժեշտությունից բխող, այդ թվում՝ հայրենադարձության ոլորտին առնչվող, օրենսդրական կարգավորումների և ռազմավարական նախաձեռնությունների վերաբերյալ առաջարկություններ, մշակում է գործողությունների ծրագրեր ու միջոցառումներ.

5) ապահովում է Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման ռազմավարական ուղղություններից բխող ծրագրերի, միջոցառումների իրավական հիմքերը.

6) ապահովում է հայրենադարձության նախապատրաստական, իրականացման և հայրենադարձների ինտեգրման փուլերի աշխատանքները, դրանց հետազոտումը և գնահատումը.

7) ուսումնասիրում է հայրենադարձության կազմակերպման և խթանման միջազգային փորձը, հայրենադարձության ընթացիկ իրավիճակը, մշակում և կիրառում է անհրաժեշտ գործիքակազմ հայրենադարձության իրականացման ու խթանման համար.

8) վերլուծում է հայրենադարձների հիմնական խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.

9) կազմակերպում է հայրենադարձների ինտեգրման գործընթացը, իրականացնում է ինտեգրմանն ուղղված միջոցառումներ.

10) աջակցում է հակամարտության գոտիներից, վտանգված ու արտակարգ իրավիճակներում հայտնված հայ համայնքներից հայրենակիցների՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխության և ինտեգրման աշխատանքների իրականացմանը.

11) ապահովում է հայրենաճանաչությանը, հայապահպանությանը, համայնքային կյանքի զարգացմանը, մասնագիտական հայրենադարձությունը խթանող, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդմանը միտված ոլորտային ծրագրերի, միջոցառումների իրականացումը և մշտադիտարկումը.

12) իրականացնում է աշխատանքներ սփյուռքի ներուժի, այդ թվում՝ ներդրողների և բարերարների ներգրավման ու աջակցության ուղղությամբ.

13) Հայաստան-սփյուռք գործակցության խորացման և ընդլայնման համար գլխավոր հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ՝

ա. Հայաստան-սփյուռք գործակցության հիմնական ուղղությունների ու զարգացման հնարավորությունների վերաբերյալ,

բ. հայրենաճանաչության, հայապահպանության, հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման, սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանն ուղղված ծրագրերի, միջոցառումների մշակման և իրականացման վերաբերյալ,

գ. սփյուռքի համայնքային կյանքի զարգացման և համահայկական խնդիրների լուծման գործում սփյուռքի դերակատարության բարձրացման ուղղությամբ,

դ. Հայաստան-սփյուռք հարաբերություններում հաղորդակցության և երկխոսության կայուն զարգացման նպատակով սփյուռքահայերից կազմված խորհրդի և համահայկական միասնական օրակարգի ձևավորման ուղղությամբ.

14) իրականացնում է աշխատանքներ սփյուռքի համայնքներում հասարակական հիմունքներով նշանակված սփյուռքի գործերի հանձնակատարների (այսուհետ՝ հանձնակատարներ) հետ՝ համայնքային, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտների խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետ իրականացման համար, նախաձեռնում է միջոցառումներ հայ համայնքների զարգացմանն ուղղված միջավայրի ձևավորման համար.

15) վերլուծում է հանձնակատարների առաջարկությունները և մշակում խնդիրների լուծման և նախաձեռնությունների առաջմղման ուղիներ.

16) գրասենյակի գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով մշակում և գործարկում է տեղեկատվության փոխանցման արդյունավետ գործիքներ, ձևաչափեր և հարթակներ.

17) ապահովում է Հայաստան-սփյուռք գործակցության ռազմավարական ուղղությունների վերաբերյալ սփյուռքի իրազեկվածությունը և սփյուռքում հանրային դրական կարծիքի ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը:

(12-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 06.07.20 N 772-Լ, խմբ. 08.09.23 N 917-Լ)

   

V. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

    

13. Գլխավոր հանձնակատարը համակարգում և վերահսկում է գրասենյակի աշխատանքները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին է առաջարկում հանձնակատարների թեկնածությունները:

(13-րդ կետը խմբ. 08.09.23 N 917-Լ)

14. Գրասենյակի կանոնադրությունը, կառուցվածքը և դրանց փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Գրասենյակի ղեկավարն անմիջական հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը ստորագրում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

17. Գրասենյակի ղեկավարն աշխատանքների կազմակերպման մասով սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում ընդունում է որոշումներ, գրասենյակի՝ իրեն ենթակա աշխատողներին տալիս է ցուցումներ և հանձնարարականներ:

18. Գրասենյակի ղեկավարը՝

1) ղեկավարում է գրասենյակի ընթացիկ գործունեությունը.

2) գլխավոր հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ առկա խնդիրների, օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գրասենյակի նպատակների ու խնդիրների իրականացման վերաբերյալ.

3) իր լիազորության սահմաններում տալիս է ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գրասենյակի անունից, ինչպես նաև տալիս է գրասենյակի անունից հանդես գալու լիազորագրեր.

4) գլխավոր հանձնակատարին ներկայացնում է առաջարկություններ գրասենյակի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետին և գլխավոր հանձնակատարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

6) Հայաստանի Հանրապետության վարչապետի և գլխավոր հանձնակատարի հանձնարարությամբ համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ:

(18-րդ կետը փոփ. 08.09.23 N 917-Լ)

19. Գրասենյակի ղեկավարը կարող է ունենալ երկու տեղակալ: Գրասենյակի ղեկավարն իր տեղակալների անմիջական ղեկավարն է: Գրասենյակի ղեկավարի տեղակալներն անմիջական հաշվետու են գրասենյակի ղեկավարին:

20. Գրասենյակի ղեկավարի բացակայության դեպքում, ղեկավարի որոշմամբ, նրան փոխարինում է տեղակալներից մեկը:

21. Գրասենյակի ղեկավարի տեղակալը՝

1) համակարգում է աշխատանքներն իրեն հանձնարարված բնագավառում և կատարում է գրասենյակի ղեկավարի հանձնարարականները.

2) գրասենյակի նպատակներին և խնդիրներին համապատասխան գրասենյակի՝ իր համակարգման ներքո գտնվող ստորաբաժանումներին տալիս է հանձնարարականներ և առաջադրանքներ, իրականացնում է հսկողություն դրանց կատարման նկատմամբ.

3) պարբերաբար գրասենյակի ղեկավարին է ներկայացնում ամփոփ տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում դրանց լուծման ուղղությամբ.

4) իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է իրեն հանձնարարված բնագավառում գործող պետական կառավարման համակարգի մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև փորձագետների հետ, մասնակցում է պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում առանձին հարցերի քննարկմանը.

5) գրասենյակի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

 

VI. ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

      

23. Գրասենյակի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչությունը.

2) ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչությունը.

3) հայրենադարձների ինտեգրման վարչությունը.

4) սփյուռքի հետ միասնական աշխատանքների համակարգման վարչությունը:

(23-րդ կետը խմբ. 06.07.20 N 772-Լ, փոփ., լրաց. 08.09.23 N 917-Լ)

24. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ, սահմանում է գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 06.07.20 N 772-Լ, 08.09.23 N 917-Լ)

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.09.2023, N 917-Լ 09.09.2023, N 668-Լ
06.07.2020, N 772-Լ 09.07.2020, N 668-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան