ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2023 թվականի N 1506-Լ
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-609-01.06.2023-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-609-01.06.2023-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) վերաբերյալ.
1․ Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող 32-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը «աշխատանքային օրենսդրությամբ» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերով, քանի որ առողջապահական կազմակերպությունների աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ոլորտի օրենսդրությամբ, մասնավորապես, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանվում են բժշկական օգնություն, սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքներն ու պարտականությունները, բուժաշխատողները, նրանց իրավունքները և պարտականությունները, շարունակական մասնագիտական զարգացումը և առողջապահության ոլորտի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումը և այլն: Ուստի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների աշխատողների աշխատանքային հարաբերությունները միայն աշխատանքային օրենսդրությամբ չեն կարգավորվում.
2) 2-րդ մասում «և կազմակերպության կանոնադրությամբ» բառերն առաջարկում ենք հանել: Նշված կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է՝ այն արդեն իսկ սահմանված է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով.
3) 3-րդ մասում «կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտությամբ կրթություն, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում և կազմակերպում մասնագիտական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ» բառերով։
Նույն մասում անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե «համապատասխան բնագավառ»-ը որ բնագավառն է (օրինակ՝ առողջապահական).
4) 4-րդ մասում «կարող է լինել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն՝ թերապևտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ, հանրային ծառայության առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն ունեցող (թերապևտի կամ մանկաբույժի կամ ընտանեկան բժիշկ մասնագիտությամբ) այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ» բառերով:
Նույն մասում առաջարկվում է հստակեցնել նաև, թե «համապատասխան բնագավառ»-ը որ բնագավառն է (օրինակ՝ առողջապահական).
5) 5-րդ մասում անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչու են առանձնացվում մարզային հոգեկան առողջության ոլորտի հաստատությունները:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերություններում և պետական ոչ առևտրային կազմակերպություններում, մարզային հոգեկան առողջության ոլորտի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնող գործադիր մարմինը՝ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքում՝ վճարովի ինչ այլ աշխատանքներ կարող է իրականացնել, քանի որ վերոնշյալ օրենքի նախագծի առաջարկվող կարգավորման ձևակերպումից պարզ չէ.
6) 6-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել արդյո՞ք վճարովի այլ աշխատանք կատարելու ժամանակահատվածը ներառվելու է տնօրենի աշխատաժամանակում, թե ոչ։ Հարկ է նշել, որ, եթե չի ներառվում, ապա այս մասով անհրաժեշտ է նախատեսել համապատասխան կարգավորումներ։
2․ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող 32.1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորման կապակցությամբ հարկ է նաև նկատել, որ կազմակերպության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատող սուբյեկտների շարքը սահմանելուց բացի, անհրաժեշտ է և կարևոր, սահմանել շատ հստակ, թե որ մարմինները կամ պաշտոնատար անձինք են պաշտոնի նշանակում և ազատում հարյուր տոկոս բաժնեմասով պետությանը պատկանող առողջապահական պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին: Նախագծով նշված հարցը չի կարգավորվում: Ենթադրյալ տպավորություն է ստեղծվում, որ առողջապահական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակման իրավասությունը համայնքի ղեկավարից վերցվում է: Այդ մասին են վկայում օրենքների նախագծերի փաթեթում ներառված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի կարգավորումները:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն, համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու որոշմամբ նշանակում և ազատում է համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների, որոնք նշանակվում են մրցույթի արդյունքներով: Համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված (Սույն օրենքով սահմանված պետական լիազորված մարմինը տարածքային կառավարման բնագավառի համապատասխան նախարարությունն է) մարմինը: Համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին պաշտոնի նշանակելիս և պաշտոնից ազատելիս խորհրդակցում է վարչական ղեկավարի հետ: Ավագանու կողմից երկու անգամ համաձայնություն չտալու դեպքում համայնքի ղեկավարը նշանակում է կատարում առանց համաձայնեցնելու ավագանու հետ: Մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի կայացումը համայնքի ղեկավարը կարող է նշանակել համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ երեք ամիս ժամկետով:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է այս մասում կատարել լրացում, որի համաձայն, գործող օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կարգավորումները չեն վերաբերում առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններին:
Մինչդեռ հարկ է փաստել, որ՝
1) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, համայնքի ղեկավարին, որպես պետության պատվիրակած լիազորություն վերապահված է՝ «1) կազմակերպում է համայնքի տարածքում արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման իրականացումը.»: Այս պարագայում համայնքային այդ կազմակերպությունների ղեկավարների նշանակման լիազորությունը պետք է վերապահվի համայնքի ղեկավարին.
2) «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծով օգտագործվում է հետևյալը՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ հասկացությունը: Ըստ էության, եթե առողջապահական հաստատությունը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանում է պետությանը, ապա այն չի կարող լինել համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: Դրանք կարող են դիտարկվել որպես պետական սեփականություն՝ պետական ոչ առևտրային կազմակերպության ձևով:
Այս իմաստով, անհրաժեշտ է արձանագրել, որ «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 14.03.1997 թ. N 51 և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության 04.09.1998 թ. N 545 որոշումներով՝ համայնքներին են փոխանցվել տասնյակներով գյուղական բժշկական ամբուլատորիաներ՝ հարյուր տոկոս բաժնեմասերի փոխանցմամբ:
Հետևաբար, համայնքային ենթակայության բժշկական ամբուլատորիաները և առողջության առաջնային պահպանման կենտրոնները չեն կարող համարվել պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող, դրանք պատկանում են համայնքներին:
Խնդրահարույց այս կարգավորման խմբագրման պարագայում անգամ բաց է մնում առողջապահական՝ համայնքային ենթակայության կազմակերպության ղեկավարին նշանակելու իրավասության վերապահման հարցը: Տվյալ պարագայում, եթե առողջապահական համայնքային ենթակայության կազմակերպության ղեկավարի նշանակման մասով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում՝ ըստ նախագծի սահմանվելու է առանձնահատկություն, ապա նույն այդ մասում անհրաժեշտ է սահմանել կարգավորում առ այն, որ առողջապահական համայնքային ենթակայության կազմակերպության ղեկավարին՝ համայնքի ղեկավարը նշանակում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքին և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերին համապատասխան: Հակառակ պարագայում, բաց են մնալու համայնքային ենթակայության բժշկական ամբուլատորիաների, առողջության կենտրոնների և առողջության առաջնային պահպանման կենտրոնների ղեկավարներին՝ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնի նշանակման հետ կապված իրավահարաբերությունները:
Նույն հոդվածի 3-րդ մասում առաջարկում ենք «կամ» բառը փոխարինել «և» բառով:
3. Նախագծում նշվում են մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունման մասին դրույթներ: Այդ առումով անհրաժեշտ է վերոնշյալ օրենքի նախագծում նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետները:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում՝
1) «պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող պետական կամ» բառերն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով, որ վերոնշյալ օրենքի դրույթները չեն կարող տարածվել պետական կազմակերպությունների վրա.
2) «չեն վերաբերում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «չեն տարածվում» բառերով, իսկ «հաստատություններին» բառը՝ «հաստատությունների վրա» բառերով:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անհրաժեշտ է լրամշակել՝ հաշվի առնելով նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված դիտողությունների 2-րդ կետը:
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ առողջապահական՝ համայնքային կազմակերպություններից ոչ բոլորն ունեն ՀՈԱԿ-ի կարգավիճակ, բազմաթիվ ամբուլատորիաներ, առողջության կենտրոններ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ ունեն ՓԲԸ-ի կազմակերպաիրավական ձև։
Ամփոփելով վերոշարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթն ունի լրամշակման կարիք, քանի որ նախագծերում առողջապահական այդ հաստատությունները կարծես թե դիտարկվել են բացառապես ՊՈԱԿ-ի և ՀՈԱԿ-ի համատեքստում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|