Գլխավոր տեղեկություն
Համար
N 131-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2023
Ընդունող մարմին
Աբովյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.09.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 սեպտեմբերի 2023 թվականի N 131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1.8-րդ մասի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն N 1- N 8 հավելվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Կողմ -15

 

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԹԱԹՈՒԼ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ

ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Է. ԲԱԲԱՅԱՆ

  

2023 թ. սեպտեմբերի 15

ք. Աբովյան

 

 

Հավելված N 1

ՀՀ Կոտայքի մարզի

Աբովյան համայնքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 15-ի

N 131-Ն որոշման

 

Աբովյան համայնքի բյուջեի եկամուտների և ծախսերի կանխատեսումների առանձնահատկությունները

 

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում օրենսդրությամբ սահմանվել է համայնքում իրականացվող ռազմավարական ծրագրավորման երեք փուլ, որոնք տարբերվում են միմյանցից ինչպես դրանց ծրագրավորման ժամանակային հորիզոնով, այնպես էլ յուրաքանչյուր փուլում ծրագրավորվող տարրերի ագրեգացման մակարդակով։ Այսպես, կախված ծրագրավորման ժամանակային հորիզոնից՝ նախատեսվում է հնգամյա ժամանակահատվածի (երկարաժամկետ), եռամյա ժամանակահատվածի (միջնաժամկետ) և մեկ տարվա ժամանակահատվածի (կարճաժամկետ) ծրագրերի մշակում։ Երկարաժամկետ ծրագրերում ծրագրային տարրերը ներկայացվում են ագրեգացման առավել բարձր մակարդակով, քան միջնաժամկետ ծրագրերում, իսկ միջնաժամկետ ծրագրերում դրանց մակարդակն ավելի բարձր է, քան կարճաժամկետ ծրագրերում։

Վերը նշված ծրագրավորման երեք փուլերը փոխկապակցված են, և յուրաքանչյուր փուլում կազմված և սահմանված կարգով հաստատված ծրագիրը հիմք է հանդիսանում հաջորդ փուլում կազմվելիք ծրագրի համար։ Մասնավորապես, երկարաժամկետ ծրագիրը հիմք է հանդիսանում միջնաժամկետ ծրագրի մշակման համար, իսկ միջնաժամկետ ծրագիրը իր հերթին հիմք է հանդիսանում կարճաժամկետ ծրագրի մշակման համար։

Համայնքի երկարաժամկետ ծրագիրը՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագիրն է, միջնաժամկետ ծրագիրը՝ երեք տարվա համար կազմվող համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է, իսկ կարճաժամկետ ծրագիրը՝ մեկ տարվա համար կազմվող համայնքի բյուջեն է։ Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի՝ 5 տարվա համար (անհրաժեշտության դեպքում կարող են լինել փոփոխություններ), ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի՝ առաջիկա 3 տարվա համար։

Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծում։ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը, որը հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը` առաջիկա երեք տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրն է (ՄԺԾԾ)։ Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն ընձեռնելով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար։ Այսինքն՝ համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման գործընթացն առաջնորդվելու է արդեն իսկ կազմված համայնքի ՄԺԾԾ-ով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով: Եվ հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ համայնքի ՄԺԾԾ նախագծի մշակումը նույնպես, ինչպես և տարեկան բյուջեի նախագծի մշակումը, համայնքի բյուջետային գործընթացի լիիրավ փուլ է համարվում։

Համայնքի եռամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման փուլի ներմուծմամբ համայնքի համար հնարավորություն է ընձեռնվում անցնել եռամյա ֆինանսական ծրագրավորմանը և տեսնել համայնքի բյուջեի մշակման փուլին բնորոշ մեկ տարվա տեսադաշտից ավելի հեռու՝ երեք տարվա հորիզոնով։ Այդ ժամանակահատվածում համայնքի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, ինչպես նաև այլ գործոնների ազդեցության կանխատեսումները հնարավորություն կընձեռնեն համայնքին մի կողմից՝ մեծացնել համայնքի ֆինանսական ծրագրերի կանխատեսելիությունը, ծրագրերի շարունակականության ապահովման ֆինանսական մեխանիզմների հստակեցումը, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել համայնքներում բյուջետային կարգապահությունը և հաշվետվողականությունը։ Առաջիկա երեք տարվա` տեղական ինքնակառավարման մարմինների ՄԺԾԾ մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքների համար կառավարելու ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան:

 

Աբովյան համայնքի բյուջեի ՄԺԾԾ ոլորտային գերակայությունները

 

Գերակայությունները որոշվում են ինչպես համայնքի զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես էլ յուրաքանաչյուր տարվա համայնքի բյուջեով։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունները և հաշվի առվելով համայնքի խնդիրները, համայնքը իր առջև դրել է հետևյալ գերակայությունները՝

1. Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշգրտելով անշարժ գույքի հարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։

2. Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։

3. Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում՝ համադրելով ֆինանսական ծրագրերի (hանրային հատվածի հաշվապահություն, ՀՀ ՖՆ գանձապետարանի ծրագիր) և ամփոփ հաշվեկշիռների հրապարակայնություն ՀԿՏՀ-ում:

4. Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների մակարդակն ու որակը:

5. Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:

6. Աջակցություն ցուցաբերել և իրականացնել միջոցառումներ համայնքի բնակչության՝ խոցելի խմբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին ֆինանսական կամ նյութական օգնություն տրամադրելու գործում։

7. Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային, կոմունալ տնտեսության բարեկարգման, ճանապարհային տնտեսության բնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորությունը, առկա լուսավորության համակարգը փոխարինելով էներգախնայող լուսատուներով։

8. Խթանել համայնքում գենդերային, հաշմանդամության և խոցելի խմբերի համար ծրագրերի իրականացումը:

9. Իրականացնել օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում։

Համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքում գենդերային հավասարությանը:

Համայնքը կարևորում է համայնքային ենթակայության մշակույթի և սպորտի բնագավառների՝ մշակույթի տների, գրադարանների, երաժշտական դպրոցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումը, շարունակվում են համայնքային ենթակայության հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքները։

Համայնքային կառավարման ոլորտում իրականացվում են համայնքային ծառայության կատարելագործման, տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև համայնքային ծառայողների անձնակազմի կարողությունների զարգացումը:

Տնտեսության ոլորտում շարունակվում են ներդրումները ճանապարհային տրանսպորտի, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում (համապատասխան ծրագրերի առկայության պայմաններում):

Բնապահպանության բնագավառում կարևորվում են աղբահանության և սանիտարական մաքրման, այդ թվում՝ անօրինական աղբանոցների վերացման, ինչպես նաև թափոնների կառավարման գործընթացների և միջոցառումների ու ենթածրագրերի, տարածքների կանաչապատման, բնապահպանական այլ միջոցառումների իրականացումը:

Տրանսպորտի և կապի բնագավառում իրականացվելիք ծախսային քաղաքականության հիմնական գերակայություններն են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը և լուսավորությունը։

Տնտեսական զարգացման բնագավառի հիմնական գերակա ուղղությունն է գյուղատնտեսության, տեղական զբոսաշրջության զարգացման, արևային էներգիայով աշխատող օբյեկտների կառուցման միջոցառումների իրականացումը:

Քաղաքաշինության բնագավառի հիմնական ուղղություններն ու ծախսային գերակայություներն են՝ համայնքների բարեկարգման, բազմաբնակարան շենքերի սպասարկման, վթարային շենքերի ամրացման կամ նոր շենքերի կառուցման, անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, համայնքում ապօրինի շինությունների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով ծախսերը և դրանց գծով հաշվարկները ներկայացնելիս առաջնորդվել ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2008 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 730 հրամանով: Ծախսերը տնտեսագիտական դասակարգմամբ հաշվարկել ենք «Դաս-Կատեգորիա-Խումբ» սինթետիկ մակարդակով: Ծախսերի նախագծում համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը որոշելիս համայնքի ղեկավարը ղեկավարվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով:

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների և ծառայությունների ձեռքբերման (գնման) հոդվածներով ծախսերի նախատեսման դեպքում այդ ծախսերի հաշվարկներում ապրանքների և ծառայությունների գները հաշվարկելիս առաջնորդվել ենք հետևյալ մոտեցմամբ՝

1. այն դեպքում, երբ տվյալ ծախսի գծով համապատասխան ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար առկա են նախորդ տարիներից շարունակվող (գործող) պայմանագրեր, որոնք տարածվում են ընթացիկ տարվա վրա, ապա այդ ապրանքի կամ ծառայության գինը որոշվում է՝ ելնելով համապատասխան պայմանագրերով սահմանված գներից,

2. այն դեպքում, երբ տվյալ հոդվածի գծով համապատասխան ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար գները սահմանվում են համապատասխան կարգավորող մարմինների կողմից, ապա այդ ապրանքի կամ ծառայության գինը որոշվում է՝ ելնելով սահմանված սակագներից,

3. այն դեպքում, երբ տվյալ ծախսի գծով համապատասխան ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար առկա չեն ընթացիկ տարվա վրա տարածվող պայմանագրեր, սակայն առկա են համապատասխան (գործող) պայմանագրեր նախորդ տարվա համար, ապա այդ ապրանքի կամ ծառայության գինը որոշվում է՝ ելնելով նախորդ տարվա համապատասխան պայմանագրերով սահմանված գներից,

4. այն դեպքում, երբ տվյալ ծախսի գծով համապատասխան ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար չկան գործող պայմանագրեր, ապա այդ ապրանքի կամ ծառայության գինը որոշվում է՝ ելնելով ընթացիկ տարվան նախորդող տարվա համապատասխան փաստացի գներից,

5. այն դեպքում, երբ տվյալ ծախսի գծով համապատասխան ապրանքի կամ ծառայության ձեռքբերման համար գործող պայմանագրերի, սահմանված սակագների և ընթացիկ տարվան նախորդող տարվա համապատասխան փաստացի գների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է, այդ ապրանքի կամ ծառայության գինը որոշվում է՝ ելնելով վերջինիս վերաբերյալ ՀՀ պաշտոնական վիճակագրության կամ այլ աղբյուրների հրապարակումներում առկա տեղեկատվությունից:

 

Համայնքների եկամուտները՝

 

2024-2026 թվականների Աբովյան համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտները պլանավորելիս հիմք է հանդիսացել օրենքով սահմանված և նախորդ երեք տարիներին հավաքագրված միջին ցուցանիշները։

Հարկերը հաշվարկելիս հիմք է հանդիսացել համայնքում պարտադիր կիրառվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարները ենթակա են վճարման համայնքի բյուջեն: Անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների, դրանց առանձին խմբերի, ինչպես նաև հարկման որոշ օբյեկտների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված են հարկային արտոնություններ: Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնությունների սահմանման իրավասությամբ օժտված է նաև համայնքի ավագանին, որի սահմանած արտոնությունների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկային տարվա համար անշարժ գույքի հարկի գծով համայնքի բյուջեի հաստատված եկամուտների 10 տոկոսը և փոխադրամիջոցների գույքահարկի համար համայնքի բյուջեի հաստատված եկամուտների 10 տոկոսը, և այդ արտոնությունների գումարի դիմաց պետական բյուջեից լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում: Աբովյան համայնքում արտոնություն է կիրառվել Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հանձնված տարածքներում մնացած ավտոմեքենաների համար։ Միևնույն ժամանակ համայնքների բյուջեների նախագծերում տեղական հարկերի մուտքերի կանխատեսման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել յուրաքանչյուր հարկատեսակի համար հաշվարկային գումարները, գնահատել պլանավորվող տարվա սկզբի դրությամբ կուտակվելիք ապառքների փոփոխության (մարման և/կամ նոր ապառքների առաջացման) դինամիկան և հարկային օրենսդրության հնարավոր խախտումների համար հաշվարկվելիք տույժերի և տուգանքների գծով համայնքի բյուջե գանձվելիք գումարների ծավալները (այսինքն` գնահատել նշված հարկատեսակների գծով համայնքի բյուջեի եկամուտների պոտենցիալ մակարդակը): Մասնավորապես, ապառքների մարման կամ նոր ապառքների առաջացման վերաբերյալ ենթադրությունները, որոնք կդրվեն այս հարկատեսակների գծով համայնքի բյուջեի մուտքերի կանխատեսումների հիմքում, արտացոլվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի N 194-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» 2008 թվականի օգոստոսի 15-ի N 730-Ն հրամանով հաստատված համայնքի բյուջեի (նրա բաղկացուցիչ մասերի) միասնական օրինակելի ձևի հատված 1-ի «Տեղեկություններ գույքահարկի և հողի հարկի, հողերի և այլ գույքի վարձակալության վարձավճարների գծով առանձին ցուցանիշների վերաբերյալ» աղյուսակի 1-3 տողերում:

Իրատեսական կանխատեսումների համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև նախորդ տարիներին այդ հարկերի գանձելիության մակարդակը, ինչպես նաև այս բնագավառում առկա խնդիրների առաջացման պատճառները ու դրանք հաղթահարելու հնարավորությունները: Անշարժ գույքի հարկի կանխատեսումներում անհրաժեշտ է հաշվի առնել, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: Բացի այդ, նույն հարկային օրենսգրքով սահմանվել է, որ 2021 թվականի, հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով:

Փոխադրամիջոցների գույքահարկի կանխատեսումներում հաշվի ենք առել փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտները՝ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, ջրային փոխադրամիջոցը (շարժիչով աշխատող), մոտոցիկլետը, ձյունագնացը, մոտոամենագնացը (քվադրոցիկլը):

 

Պետական տուրքեր՝

 

Աբովյան համայնքի բյուջե են մուտքագրվում օրենքով ամրագրված հետևյալ պետական տուրքերից մուտքերը.

1. քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար պետական տուրքերը,

2. նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար պետական տուրքերը։

 

Տեղական տուրքեր և վճարներ՝

 

 Տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի եկամուտների հաշվարկման համար կարևոր է բազայի գնահատումը, քանի որ տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են համայնքի տարեկան բյուջեի հաստատումից առաջ: Դրույքաչափերի հաստատումից հետո տեղական տուրքերի կանխատեսումը կհանգի միայն տարվա ընթացքում տվյալ տեղական տուրքի քանակի (բազայի) կանխատեսմանը: Նույն մոտեցմամբ իրականացվում է նաև տեղական վճարներից համայնքի բյուջեի մուտքերի կանխատեսումը։ Աբովյան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին առաջնորդվել է գոտիավորման սկզբունքով, գոտի համարելով համայնքի կազմում առկա յուրաքանչյուր բնակավայրը։

 

Այլ եկամուտներ՝

 

Աբովյան համայնքի այլ եկամուտներն են համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերի համապատասխան գանձվող վճարները՝ համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները, որոնց հաշվարկման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել նախորդ տարիների համար կնքված պայմանագրերի ցուցանիշները: Վարձակալության հանձնվող հողերի վարձակալական վճարները չպետք է պակաս լինեն այդ հողերի համար հաշվարկվող անշարժ գույքի հարկի մեծությունից, իսկ այս եկամտատեսակի գծով կանխատեսվող գումարները պետք է ներառեն նաև առ 01.01.13 թվականից առկա ապառքների մարումից մուտքերը: Այլ եկամուտ է նաև վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները։

 

Պաշտոնական դրամաշնորհներ՝

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան համայնքների բյուջեների վարչական մասի եկամուտների կազմում կարող են նախատեսվել պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները: Դրանցից մի տեսակի՝ պետական բյուջեից հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները կհաշվարկվեն լիազորված պետական մարմնի կողմից` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան:

Համայնքի բյուջեի նախագիծ կազմելիս` հիմքում դրվում է համայնքի ՄԺԾԾ-ն՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:

Առաջիկա երեք տարվա՝ համայնքի ՄԺԾԾ մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները:

Համայնքի բյուջեի ծախսերը պլանավորվել է հաշվի առնելով աշխատավարձի փաստացի հաշվարկը և հաշվի է առնվել նախորդ երեք տարիների միջինացված թվերը։

Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին բյուջեից հատկացվում է սուբվենցիա՝ իրենց կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա։

Կապիտալ ծախսերը պլանավորել ենք հաշվի առնելով 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը։

2024 թվականի կապիտալ ծախսերի մեջ ընդգրկվել է հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝

1. «Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության» շենքի հիմնանորոգում» ծրագիրը: Ծրագրի արժեքը կազմում է 630 000 000 դրամ, որի 65%-ը կամ 409 500 000 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

2. «Համայնքային նախադպրոցական հաստատության վերակառուցում» ծրագիրը:

Վաղ մանկությունը աճի և զարգացման առանցքային փուլ է, քանի որ այդ շրջանի փորձառությունը կարող է ազդել անհատի կյանքի ողջ ընթացքի վրա։ Բոլոր երեխաների համար նախադպրոցական կրթությունը հնարավորություն է պատրաստվելու հետագա ուսումնառությանը։

Ծրագրի արդյունքում կունենանք համայնքի երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հասանելիության ընդլայնում՝ համայնքային մակարդակում նախադպրոցական ծառայությունների ստեղծմամբ և գոյություն ունեցող նախադպրոցական հաստատության ֆիզիկական միջավայրի առավել բարելավմամբ (կապիտալ վերանորոգում այդ թվում թեքահարթակների կառուցում, զուգարանների վերակառուցում, վերականգնողական սենյակների ստեղծում և այլն)։

Ծրագրի արժեքը կազմում է 346 000 000 դրամ, որի 30%-ը կամ 103 800 000 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

3. «Համայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում» ծրագիրը:

Փողոցային լուսավորությունն օգնում է նվազեցնել գիշերային վթարները՝ բարելավելով տեսանելիությունը, նվազեցնել հետիոտնի վրաերթի դեպքերը: Փողոցային լուսավորությունը թույլ է տալիս մարդկանց ավելի ապահով զգալ և օգնում է նվազեցնել հանցագործության թիվը: Երթուղու լուսավորությունը կարող է նաև նվազեցնել մեքենայի լուսարձակների փայլը:

Ծրագրի արժեքը կազմում է 92 838 000 դրամ, որի 55%-ը կամ 51 060 900 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

4. «Համայնքային փողոցների գազաֆիկացում» ծրագիրը:

Աբովյան համայնքի բնակավայրերի նոր աճող թաղամասերի բնակչության բարեկեցիկ կյանքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ապահովել տարածքի գազամատակարարումը: Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է իրականացնել գազատարների կառուցման և բարեկարգման աշխատանքներ՝ ապահովելով բնակիչների մշտական գազամատակարարումը, ինչը համայնքը կդարձնի ավելի գրավիչ և հարմարավետ։

Ծրագրի արժեքը կազմում է 87 399 000 դրամ, որի 55%-ը կամ 48 069 450 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

5. Համայնքային փողոցների ասֆալտապատում» ծրագիրը:

Ճանապարհները կատարում են կարևոր գործառույթ ժամանակակից հասարակության մեջ՝ ապահովելով մարդկանց, ապրանքների և ծառայությունների շարժունակության բարձրացում: Դրանք նաև առանցքային դեր են խաղում համայնքային կյանքի առաջընթացի մեջ և խթանում են սոցիալ-տնտեսական աճը: Այս ծրագրի շահառուներն են համայնքի 89 145 բնակիչները։

Ծրագրի արժեքը կազմում է 880 031 000 դրամ, որի 65%-ը կամ 572 020 150 դրամը պետք է հատկացվի համայնքային բյուջեից (ծրագրի արժեքը կարող է փոխվել կախված մրցույթի արդյունքներից)։

 

Հավելվածներ N 2-8

ՀՀ Կոտայքի մարզի

Աբովյան համայնքի ավագանու

2023 թվականի սեպտեմբերի 15-ի

N 131-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2023 թվական: