Գլխավոր տեղեկություն
Համար
N 1533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.09.04-2023.09.17 Պաշտոնական հրապարակման օրը 14.09.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի N 1533-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ինչպես նաև «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17՝ «Անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» հավելվածով սահմանված դրույթների համապատասխանության ապահովման նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման համար օդանավակայաններում առանձնացվում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ, որտեղ նախատեսվում են աշխատողների համար ծառայողական մուտքի կետեր և հաշվառում անցած ուղևորների համար մուտքի կետեր՝ կահավորված տեսահսկման համակարգերով: Սույն կետով նախատեսված մուտքի կետերը կարող են կահավորված լինել նաև մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերով։».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39.1-ին և 39.2-րդ կետերով.

«39.1. Այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, հաշվառում անցած ուղևորների մուտքն ավիացիոն անվտանգության հսկողության գոտի պետք է իրականացվի նրանց ճամփորդական փաստաթղթերի և նստեցման կտրոնի տվյալների նույնականացումից հետո, իսկ այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, վերը նշված գործընթացն իրականացվում է համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման միջոցով՝ համապատասխան չվերթի տվյալների համադրման եղանակով։

39.2. Հաշվի առնելով օդանավակայանի առանձնահատկությունները, մեկնող ուղևորների և կատարվող չվերթերի քանակը` օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներում կարող են տեղաբաշխվել ուղևորների զննման մեկ կամ մի քանի կետեր: Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների մուտքերում պետք է տեղադրվեն «Ավիացիոն անվտանգության հսկողության գոտի», իսկ զննման կետերի մուտքի մոտ՝ «Զննման կետ» ցուցանակները։»․

3) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Սահմանված կարգով հաշվառում և գրանցում անցած ուղևորները, անձը հաստատող փաստաթղթի և օդանավ նստեցման կտրոնի նույնականացումից կամ համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորումից հետո, անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ։ Առանց զննման` ուղևորների և օդանավակայանի սպասարկող անձնակազմի մուտքը ստերիլ գոտիներ խստիվ արգելվում է:»․

4) 52.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում հսկողություն իրականացնող տեսուչը՝

ա. ստուգում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտի մուտք գործող հաշվառված ուղևորների ճամփորդական փաստաթղթերը և նստեցման կտրոնն այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված չեն մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,

բ. հսկողություն է իրականացնում համապատասխան ավտոմատացված համակարգով ուղևորի նստեցման կտրոնի սքանավորման գործընթացի նկատմամբ այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված են մուտքի հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր,

գ. իրականացնում է ավիացիոն անվտանգության հսկողության գոտու ծառայողական մուտքի կետում աշխատողների անցագրերի և օդանավի անձնակազմի՝ տվյալ չվերթի օդանավի գլխավոր հայտարարագրի, վկայականների (թռիչքային անցագիր) և անձնագրերի նույնականացում։»․

5) 63-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում իրականացվում է ուղևորների փաստաթղթերի նույնականացում կամ տվյալների համադրում ավտոմատացված համակարգերի միջոցով, որից հետո ուղևորն անցնում է սահմանային վերահսկողության և զննման ընթացակարգեր.»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան