Գլխավոր տեղեկություն
Համար
N 69-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 09.07.2021
Ընդունող մարմին
Մալիշկա համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
07.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
07.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

07 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 69-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ, ԸՍՏ ԴՐԱՆՑ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ, ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆԴՈՐՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԺԱՄԵՐԸ, ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 25.09.2020 Թ-Ի ԹԻՎ 52-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 40-րդ, 40.1-րդ, 41.1-րդ և 41.2-րդ կետերի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով

 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել

«Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները»

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն)

Համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները

 Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

 

2. ՈՒժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 25.09.2020 թվականի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ» թիվ 52-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանիներ

 Կողմ

 Դեմ

 Ձեռնպահ

Է. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ա. ԱԼՈՅԱՆ
Վ. ԳԻՎԱՐԳԻԶՅԱՆ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մ. Սարգսյան
Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ 
Ա. Մարգարյան
Թ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա

համայնքի ավագանու 2020 թվականի

դեկտեմբերի 7-ի թիվ 69-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Վայոց ձոր մարզի Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող բոլոր տեսակի իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից հանրային սննդի կազմակերպման ու իրականացման կանոնները:

2. Սույն կանոններում օգտագործվող հասկացություններն են`

հանրային սնունդ (սննդի ապահովման ծառայություններ)՝ խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպում.

հանրային սննդի ծառայություն՝ սպառողների սննդի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.

խոհարարական արտադրանք՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների և կիսապատրաստվածքների համախումբ.

ճաշացուցակ՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին՝ զանգվածի գնի նշումով.

հանրային սննդի օբյեկտներ՝ հանրային սննդի ծառայության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.

վաճառող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման և (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ:

3. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետևյալ տեսակների՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ:

4. Հանրային սննդի կազմակերպման և իրականացման համար իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ստանալ թույլտվություն, որը տրվում է համայնքի ղեկավարի որոշմամբ, համայնքի ավագանու կողմից սահմանված չափով տեղական տուրքը վճարելու դեպքում։

5. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով և հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:

6. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային և հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցակներ, սանհանգույցներ:

7. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառք, համայնքի ղեկավարի կողմից հաստատված և անհատ ձեռնարկատերերին և/կամ իրավաբանական անձանց տրված թույլտվության դեպքում: Թույլտվությունը տրվում է յուրաքանչյուր օբյեկտի համար առանձին՝ համայնքի ավագանու կողմից սահմանված չափով տեղական տուրքը վճարելու դեպքում:

8. Ուսումնական հաստատություններում, մանկական և բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:

9. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

10. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված և ստուգաչափված չափման միջոցներով:

11. Օրենքով սահմանված շինությունների ներսում հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվությունը տրվում է համայնքի ղեկավարի որոշմամբ՝ համայնքի ավագանու կողմից սահմանված չափով տեղական տուրքը յուրաքանչյուր օբյեկտի համար առանձին վճարելու դեպքում:

12. Համայնքի տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներին ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն չի տրվում:

13. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձևերը և մեթոդները:

14. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին):Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը և այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:

15. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան և պաշտոնի նշմամբ:

Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ՝ լուսանկարով, անվան, ազգանվան և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարի նշմամբ:

Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

16. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:

17. Աշխատողներից բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմ կամ վկայական:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:

18. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը և վճարման ենթակա վերջնական գինը:

19. Սահմանափակման ենթակա ծառայություններին վերաբերող հիմնական հասկացություններն են՝

Սահմանափակման ենթակա ծառայություն՝ սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների համալիր, որոնք մատուցվում են սույն օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներում.

Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների).

Կարաոկե՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողությունը.

Դիսկոտեկ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավարման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ.

Հեստապարային ակումբ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար.

Հեստապար՝ պարելով և (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են.

Բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ.

Մերսման սրահ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա:

Սույն կետի իմաստով հյուրանոցային տնտեսության օբյեկտի մաս չի համարվում հյուրանոցատիպ հանրագրվում մատուցվող ծառայությունը, որտեղ մատուցվող ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց կամ չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավաբանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:

20. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2 կետով և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ և 15.3 հոդվածներով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները Մալիշկա համայնքի վարչական տարածքում կարող են գտնվել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցիչների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:

21. Անհատական բնակելի տների և (կամ) հանրային սննդի օբյեկտների և (կամ) հյուրանոցների և Մալիշկա համայնքի վարչական տարածքում գտնվող «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների միջև սույն որոշման 19-րդ կետով սահմանված հեռավորությունը կարող է չպահպանվել անհատական բնակելի տան, հանրային սննդի օբյեկտի, հյուրանոցի սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:

22. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 40.1 կետի համաձայն սահմանել առևտրի և ծառայությունների բնագառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու հետևյալ ժամերը՝

ա. Բնակավայրի սահմաններում՝ 22:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածը

բ. Բնակավայրի սահմաններից դուրս՝ 24:00-ից մինչև 7:00-ն ընկած ժամանակահատվածը:

23. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1 կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ.-ի թիվ 595-Ն հրամանի համաձայն սահմանել, որ

23.1. Հրագործական արտադրատեսակները (այսուհետ՝ ՀԱՏ)՝ ըստ նշանակության և օգտագործման պայմանների բաժանվում են երկու խմբի.

1) Բնակչությանը ազատ վաճառվող կենցաղային նշանակության ՀԱՏ-եր, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն և, ճշտությամբ կատարելով դրանց փաթեթավորման վրայի գրված օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը,

2) Տեխնիկական և հատուկ նշանակության ՀԱՏ-եր, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և տեխնիկական սարքավորման համար որոշակի պայմանների ապահովում:

23.2. ՀԱՏ-երի շրջանառության ժամանակ հրդեհային անվտանգության հիմնական պահանջներն են՝

1) մանրածախ վաճառքի են թույլատրվում միայն կենցաղային նշանակության ՀԱՏ-ը,

2) իրացվող բոլոր ՀԱՏ-ը պետք է ունենան սահմանված նմուշի անվտանգության արտոնագիր,

3) ՀԱՏ-ի մանրածախ վաճառքը թույլատրվում է միայն մասնագիտացված խանութներում կամ խանութների վերին հարկերում տեղաբաշխված հատուկ բաժիններում,

4) ՀԱՏ-ի վաճառքի բաժինները պետք է ապահովված լինեն նորմատիվային քանակով սկզբնական հրդեհաշիջման միջոցներով (ոչ պակաս, քան երկու կրակմարիչներով),

5) ՀԱՏ-ի իրացման տեղերում թույլատրվում է պահել մեկ կոմպլեկտ բացված փաթեթավորում (արկղ),

6) չի թույլատրվում ՀԱՏ-ի վաճառքի առանձին բաժինները տեղակայել ելքերից, աստիճանավանդակներից 4 մետրից մոտ, նախամուտքերում և տարհանման ճանապարհներին:

23.3. Յուրաքանչյուր ՀԱՏ-ի համար պետք է ներկայացվի օգտագործման հրահանգ հայերեն լեզվով, որը պետք է լինի ընթեռնելի և պարունակի՝

1. օգտագործման և վարվելու սահմանափակումների պայմանները,

2. անվտանգ նախապատրաստման, թողարկման և խոտանման (անհրաժեշտության դեպքում) եղանակները,

3. պիտանելիության և պահպանման ժամկետները, ինչպես նաև պատրաստման ամսաթիվը,

4. ապրանքի վտանգավորության մասին նախազգուշացում,

5. արտադրողի տվյալները,

6. այլ տեղեկություններ, կապված արտադրատեսակի առանձնահատկությունների հետ:

23.4. ՀԱՏ-ի օգտագործումից առաջ հարկավոր է՝

1. նախապես որոշել (ընտրել) հրավառություն անցկացնելու վայրը, տարածքի չափերը պետք է համապատասխանեն արտադրատեսակի վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին, տարածքում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ,

2. չթույլատրել հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում,

3. արտադրատեսակը ամուր ամրացնել թողարկման տեղում՝ համաձայն օգտագործման կանոնների:

23.5. ՀԱՏ-ի հետ շփվելիս չի թույլատրվում՝

1. օգտագործումից առաջ և հետո արտադրատեսակները կազմաքանդել կամ փոխել կոնստրուկտիվ ձևը,

2. 18 տարեկանը չլրացած անձանց կողմից օգտագործելը,

3. արտադրատեսակների մոտ ծխելը,

4. արտադրատեսակները մեխանիկական ազդեցության ենթարկելը,

5. արտադրատեսակները գցելը և նրանով հարվածելը,

6. արտադրատեսակները կրակի մեջ նետելը,

7. ՀԱՏ-ը օգտագործել շինություններում (բացառությամբ բենգալական կրակների և տորթերի համար նախատեսված մոմերի),

8. գործարկված հատը պահել ձեռքում (բացառությամբ բենգալական կրակների և տորթերի համար նախատեսված մոմերի):

23.6. Հատուկ նշանակության ՀԱՏ-ի օգտագործումը չի թույլատրվում՝

1. ցանկացած տիպի շենքերում, շինություններում և կառույցներում,

2. պայթունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում,

3. տանիքներում, պատշգամբներում, շենքերի ճակատների ելուստային մասերում,

4. բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում,

5. կամուրջների վրա, ճամփաբաժաններին, տրանսպորտային մայրուղիներում, երկաթգծի հանգույցներում, հակահրդեհային անբավարար վիճակում գտնվող տարածքներում,

6. միտինգների, ցույցերի և քայլերթերի ժամանակ:

23.7. ՀԱՏ-ի խոտանման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ գործողությունները՝

1. եթե պատրույգը հանգել կամ այրվել է և արտադրատեսակը չի գործարկվել, ապա հարկավոր է սպասել 10 րոպե ու համոզվել, որ այն այլևս չի գործարկվի, նոր մոտենալ սարքին,

2. հավաքել և վերացնել չգործարկված ՀԱՏ-ը: Դրանք վերացվում են 24 ժամ պահելով ջրի մեջ, այնուհետև կարելի է նետել կենցաղային աղբի մեջ,

3. ՀԱՏ-ի ոչնչացումը խարույկի (կրակի) միջոցով չի թույլատրվում:

23.8. ՀԱՏ-ը պահվում են հատուկ պահոցներում կամ այդ նպատակի համար նախատեսված այլ շինություններում, որոնց պատերը ունեն 2.5 ժամ հրակայունության աստիճան, արկղերում կամ երկաթյա պահարաններում, որոնց պատերի հաստությունը 3մմ-ից ոչ պակաս է:

23.9. ՀԱՏ-ի պահոցները պետք է մեկուսացված լինեն ծառայողական սենյակներից և մուտքի դուռը պետք է ունենա 45 րոպե հրակայունության աստիճան:

23.10. Չի թույլատրվում ՀԱՏ-ը պահել առևտրային սրահներում, տարհանման ճանապարհներին, հանդիսությունների դահլիճներում, մարզադաշտերի շենքերում և տրինաներում, մշակույթի և հանգստի զբոսայգիներում, մարդկանց մեծ կուտակումներում վայրերում:

23.11. ՀԱՏ-ի պահոցները չի կարելի տեղակայել նկուղային հարկերում:

23.12. ՀԱՏ-ի պահոցները պետք է ունենան շանթարգելները:

24. Հանրային սննդի ոլորտին վերաբերվող այն նորմերը, որոնք սահմանված չեն սույն կանոններով, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

25. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ՝

Ս. ԱՅՎԱԶՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան