Գլխավոր տեղեկություն
Համար
N 297
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.09.1993-08.05.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
08.06.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.05.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 1993 թվականի N 297

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 166 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի N 166 որոշմամբ հաստատված հողամասերի հատկացման վերաբերյալ միջնորդությունների հարուցման և քննարկման կարգի մասին կանոնադրությունը լրացնել «Հողամասերի հատկացման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը» նոր բաժնով (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել հողամասերի հատկացման մրցութային հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, պետական և ոչ պետական ձեռնարկություններին, հասարակական, հասարակական-քաղաքական և այլ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի (բացի բնակավայրերի հողերից) հատկացումը կատարվում է մրցութային կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր նախաձեռնությամբ կամ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների միջնորդությամբ կարող է հողամասերի հատկացումն իրականացնել ոչ մրցութային կարգով:

42. Հողամասերի հատկացման մրցույթի անցկացման համար հիմք են ծառայում պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից կազմված` պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների կողմից հաստատված սխեմաները և մրցույթի պայմանները, ինչպես նաև շրջանային հատակագծի, տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծի, արդյունաբերական հանգույցների սխեմաների հետ առնչությունը: Վերջինիս վերաբերյալ շրջանի (քաղաքի) գլխավոր ճարտարապետի կողմից տրվում է համապատասխան հատակագիծ` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության հետ:

 (42-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

43. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներում ստեղծվում են հողամասերի հատկացման մրցութային հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների նախագահները կամ նրանց տեղակալները (հանձնաժողովի նախագահ), գլխավոր (ավագ) հողաշինարարները, գլխավոր ճարտարապետները, սանիտարահամաճարակային կայանների գլխավոր բժիշկները, ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչության, ինչպես նաև համապատասխան պետական այլ մարմինների ներկայացուցիչները:

Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործկոմի կողմից:

44. Մրցութային հանձնաժողովը`

ա) սահմանում է մրցույթի պայմանները.

բ) ապահովում է մրցույթի անցկացման կարգի ու պայմանների մասին տեղեկատվության տարածումը.

գ) մրցույթի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.

դ) որոշում է մրցույթի հաղթողին.

ե) իրականացնում է մրցույթի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ:

45. Մրցույթը կարող է հայտարարվել թե հողամասը (հողամասերը) կոնկրետ նպատակներով օգտագործման տրամադրելու և թե հողամասը (հողամասերը) գործունեության մի շարք նպատակներով օգտագործման տրամադրելու համար:

46. Մրցութային հանձնաժողովը մրցույթի անցկացումից առնվազն 2 ամիս առաջ լրատվական միջոցներով հայտնում է մրցույթի անցկացման պայմանները` նշելով.

ա) օգտագործման հատկացվելիք հողամասի (հողամասերի) համարները (ինդեքսները), հեկտարային տարածությունը, կատեգորիաները, կադաստրային տվյալները.

բ) հողամասի (հողամասերի) տեղանքի քարտեզը.

գ) հողհատկացման նպատակը կամ նախընտրելի նպատակները.

դ) ըստ մշակված սխեմաների հաղորդակցությունների (ճանապարհներ, ջրատարներ, կոյուղի, էլեկտրահաղորդման գծեր և այլն) առկայությունը.

ե) հաղորդակցությունների բացակայության դեպքում դրանց անցկացման հնարավորությունը.

զ) մրցույթի անցկացման ժամանակը և տեղը.

է) մրցույթին մասնակցել ցանկացողի կողմից ներկայացվող հայտի բովանդակությունը, հատկացման նպատակներն ու պայմանները.

թ) հողի, բնական ռեսուրսների օգտագործման և բնապահպանական առումով ներկայացվող մյուս պահանջները:

(46-րդ կետը փոփ. 29.09.93 N 492)

47. Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները (այսուհետև` մասնակիցներ) մրցութային հանձնաժողովին ներկայացնում են`

ա) հայտ, որում նշվում են այն հողամասի համարը (ինդեքսը), որը նրանք ցանկություն են հայտնում վերցնել հողօգտագործման նպատակով, հողօգտագործման նպատակն ու պայմանները, իրենց հասցեները (իրավաբանական հասցեները), հեռախոսահամարները.

բ) հողի օգտագործման տեխնիկատնտեսական հաշվարկները, փաստաթղթերը և հիմնավորումները: Պետական և ոչ պետական ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները ներկայացնում են նաև`

իրենց հիմնադիր փաստաթղթերը կամ գրանցման վկայականի պատճենները.

իրենց սպասարկող բանկերից` տեղեկանք վճարունակության մասին.

արտադրական և ֆինանսական գործունեության մասին տեղեկանք:

Մրցույթի մասնակիցները պատասխանատվություն են կրում իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի ճշտության համար:

48. Մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից մեկ ամիս առաջ:

49. Մրցութային հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից հաստատված կանոնադրության համաձայն:

50. Մրցութային հանձնաժողովը մրցույթն անցկացնում է այն հողամասերի համար, որոնց տրամադրման նպատակով ներկայացվել են մեկից ավելի հայտեր:

51. Մրցույթից հանվում են այն հայտերը`

ա) որոնցում բացահայտվել են կեղծ տեղեկություններ.

բ) որոնց հետ ժամանակին չեն ներկայացվել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.

գ) որոնց կից փաստաթղթերը չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից.

դ) որոնցում բացակայում են համապատասխան երաշխիքներ հայցվորի պարտավորությունների կատարման վերաբերյալ:

52. Մրցույթի արդյունքները ամփոփելիս և հաղթողին որոշելիս մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում`

ա) հողօգտագործման նպատակը (գյուղմթերքների, շինանյութերի, ժողսպառման և այլ ապրանքների արտադրություն).

բ) արտադրության (շինարարության) կազմակերպման համար ֆինանսական անհրաժեշտ միջոցների առկայությունը.

գ) տվյալ օբյեկտի կարճ ժամկետում կառուցման և շահագործման հնարավորությունը.

դ) հողի ռացիոնալ օգտագործման երաշխիքը ըստ օբյեկտի գլխավոր հատակագծի և բնապահպանական միջոցառումների իրականացման նախատեսումը.

ե) շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը:

(52-րդ կետը լրաց. 29.09.93 N 492)

53. Շրջանի (քաղաքային) մրցութային հանձնաժողովը սույն կարգին համապատասխան ամփոփում է մրցույթի արդյունքները, որոշում մրցույթի հաղթողին:

Մրցութային հանձնաժողովի որոշման մեջ նշվում են մրցութային հանձնաժողովի կազմը, հաղթողի անունը, քվեարկության արդյունքները, ներկայացված հայտերի ցանկը, հաղթողի հետ պայմանագրի կնքման ժամկետն ու պայմանները:

Մրցութային հանձնաժողովի որոշումը ենթակա է հրապարակման:

Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեն:

Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի որոշումը` սույն կանոնադրությամբ նախատեսված համապատասխան փաստաթղթերի հետ, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:

54. Մրցութային կարգով հողամասերի հատկացումը կատարվում է մեկ փուլով` բացառելով նախնական փուլը:

55. Մրցութային կարգով հողամասերի հատկացման ժամանակ, հավասար պայմանների դեպքում, նախապատվության իրավունքը տրվում է տվյալ բնակավայրի բնակիչներին:

56. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`

ա) մրցույթին մասնակցել ցանկացողը միայն մեկ մասնակից է.

բ) մրցութային հանձնաժողովի կողմից չի որոշվել մրցույթում հաղթողը:

57. Մրցույթի հաղթողների հետ կնքվում է համապատասխան պայմանագիր, որում նշվում են հողօգտագործման նպատակները և աշխատանքների կատարման ու ավարտման պայմանները:

Հողօգտագործողի կողմից նշված պայմանագրի պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է դադարեցվել հողի օգտագործման իրավունքը:

58. Մրցութային հանձնաժողովի կողմից փաստաթղթերի ընդունման մերժումը կամ նրա այլ գործողություններ կարող են մրցույթի մասնակիցների կողմից գանգատարկվել Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ ժողովրդական դատարան:

59. Հատկացված հողամասերը մեկ այլ հողօգտագործողի վաճառելու կամ տրամադրելու դեպքում, երբ վերանում է հողօգտագործման անհրաժեշտությունը կամ փոխվում են հողօգտագործման նպատակը, բնույթը, տվյալ հողամասի վերահատկացումը կատարվում է սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.09.1993, N 492 29.09.1993, N 297
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան