ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/6202/05/19 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/6202/05/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ք. ՄԿՈՅԱՆ Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | |
Լ. Հակոբյան |
2023 թվականի մարտի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.12.2020 թվականի որոշման դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) բերած վճռաբեկ բողոքը` վարչական գործով ըստ հայցի Սուրեն Ապրեսյանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 195/1/11, թիվ 196/1/11, թիվ 197/1/11, թիվ 198/1/11, թիվ 199/1/11, թիվ 200/1/11, թիվ 201/1/11, թիվ 202/1/11, թիվ 203/1/11 որոշումներն անվավեր ճանաչելու/վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Սուրեն Ապրեսյանը պահանջել է անվավեր ճանաչել/վերացնել Կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 195/1/11, թիվ 196/1/11, թիվ 197/1/11, թիվ 198/1/11, թիվ 199/1/11, թիվ 200/1/11, թիվ 201/1/11, թիվ 202/1/11, թիվ 203/1/11 որոշումները։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Հ. Այվազյան) (այսուհետ՝ Դատարան) 23.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.12.2020 թվականի որոշմամբ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն վարչական գործով հաստատվել է և hայցվորի կողմից չի վիճարկվել այն փաստը, որ թվով ինը ապրանքների հայտարարագրերի 36-րդ սյունակներում արտացոլվել են ՀՀ ներմուծված ապրանքների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ, որպիսի փաստը հանգեցրել է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման: Իրավախախտման բոլոր դեպքերը նույնական են իրենց բովանդակությամբ, իրենց հանրային վտանգավորությամբ, ունեն միևնույն սանկցիան և քննվել են միևնույն պաշտոնատար անձի կողմից նույն ժամանակահատվածում և բացակայում են դրանց տարանջատման իրավական հիմքերը: Տվյալ դեպքում բացակայում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան, որն էլ համարվում է նախապայման իրավախախտի նկատմամբ մեկ վարչական տույժ կիրառելու համար:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումները չունեն տարբերակման առանձնահատկություն, քանի որ դրանցից ոչ մեկն առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի առանձնահատկություն չունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2020 թվականի որոշումը` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1. «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի անվամբ թիվ 05100011/260718/0016024, թիվ 05100011/260718/0015989, թիվ 05100011/250718/0015877, թիվ 05100011/260718/0016031, թիվ 05100011/070618/0011844, թիվ 05100011/040918/0019227, թիվ 05100011/080818/0017198, թիվ 05100011/230818/0018385, թիվ 05100011/070818/0017006 ապրանքների հայտարարագրով հայտարարագրվել են Շվեյցարիայից ՀՀ ներմուծված խառը ապրանքներ (հատոր 2-րդ, գ.թ. 18-52, 62-103, 121).
2. «Ֆաստ բրոք սերվիս» ՍՊԸ-ի լիազոր անձ Սուրեն Ապրեսյանը 17.04.2019 թվականին Կոմիտեի Արևմտյան ՄՎ պետին հասցեագրված գրություններով հայտնել է, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի անունով հայտարարագրված ապրանքների հայտարարագրերի 36-րդ սյունակում ԱԱՀ-ի արտոնության դաշտում թյուրիմացաբար նշվել է HA, սակայն պետք է լիներ ЕП: Սուրեն Ապրեսյանը խնդրել է թույլտվություն՝ ապրանքների հայտարարագրերում ճշգրտում կատարելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 14, 58, 108, 122, 133, 140, 147).
3. Կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության կողմից 17.04.2019 թվականին, 18.04.2019 թվականին և 19.04.2019 թվականին կազմվել են «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություններ: Արձանագրությունները հայցվորը ստացել է առձեռն և նշել, որ գործի քննության վայրի և ժամանակի մասին ծանուցված է (հատոր 2-րդ, գ.թ. 15-17, 59-61, 109-110, 115-116, 123-124, 134-135, 141-142, 149-150).
4. Կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Սարգսյանի կողմից 17.06.2019 թվականին կայացվել են «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 195/1/11, թիվ 196/1/11, թիվ 197/1/11, թիվ 198/1/11, թիվ 199/1/11, թիվ 200/1/11, թիվ 201/1/11, թիվ 202/1/11, թիվ 203/1/11 որոշումները, որոնց համաձայն` «Ֆաստ բրոք սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ապրեսյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության ուժով ենթարկվել է վարչական պատասխանատվության, վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք 50.000-ական ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 7-44):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտերի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին, այն պայմաններում, երբ վարչական ակտով առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան կլանում է առավել նվազ զանցանքների համար սահմանված սանկցիաները՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի երկրորդ պարբերության:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի (ընդունվել է 06.07.2000 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.2001 թվականին, ուժը կորցրել է 17.10.2022 թվականին) 205-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կարգավորվում է նույն գլխով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նույն գլխին չհակասող մասով:
Վերոնշյալից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթը կանոնակարգվում էր իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 38-րդ գլխով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նշյալ գլխին չհակասող մասով։ Հարկ է նկատել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքով կանոնակարգված չէին անձի կողմից մեկից ավելի մաքսային իրավախախտում կատարելու դեպքում մաքսային պատասխանատվության ենթարկելու հարաբերությունները, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանց նկատմամբ կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթները։
Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ վերը հիշատակված իրավադրույթը առավելագույնի սկզբունքի դրսևորման ձևերից է, որը վարչական մարմինների կողմից կամայականությունների զսպման կամ կանխարգելման գործառույթ է իրականացնում: Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ նույն անձի կողմից մեկից ավելի վարչական զանցանքներ կատարելու դեպքում առավել վտանգավոր կամ առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիան իրենում ներառում է առավել նվազ զանցանքների համար սանկցիաները (տե՛ս, Հովհաննես Նահապետյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/4969/05/11 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը)։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելության համար անհրաժեշտ պայմաններն են.
- նույն անձի կողմից կատարվել են մեկից ավելի վարչական իրավախախտումներ,.
- ենթադրյալ վարչական իրավախախտումների առնչությամբ հարուցված վարչական վարույթները միաժամանակ քննվում են նույն վարչական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից.
- կատարված վարչական իրավախախտումներն իրենց բնույթով տարբեր են, մասնավորապես, իրավախախտումներից մեկն առավել լուրջ է և (կամ) հանրորեն վտանգավոր, քան մյուսը կամ մյուսները։
Անդրադառնալով վերոգրյալ երրորդ պայմանին՝ հարկ է փաստել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող կանոնը` առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում վարչական տույժի նշանակման վերաբերյալ, վերաբերում է բացառապես վարչական իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցին, այլ կերպ ասած՝ սանկցիային: Այսինքն՝ առավել նվազ զանցանքների համար վարչական պատասխանատվության միջոցներն օրենքի ուժով կլանվում են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում։ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ նշվածը որևէ կերպ չի ենթադրում մեկ անձի կողմից կատարված առավել նվազ վարչական իրավախախտման կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակներում (տե՛ս, Տաթևիկ Ասրիյանն ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թիվ ՎԴ/12643/05/18 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.05.2022 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառելիության առնչությամբ անհրաժեշտ է, որ նույն վարչական մարմնի (պաշտոնատար անձի) կողմից միաժամանակ քննված մեկից ավելի վարչական իրավախախտումները միմյանցից տարբերվեն իրենց վտանգավորության աստիճանով, սանկցիայով: Յուրաքանչյուր դեպքում դատարանը վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս պետք է պարզի վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության հանգամանքը, քանի որ դրանցից մեկի բացակայության դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 35-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա չէ կիրառման։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Սուրեն Ապրեսյանը պահանջել է անվավեր ճանաչել/վերացնել Կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 195/1/11, թիվ 196/1/11, թիվ 197/1/11, թիվ 198/1/11, թիվ 199/1/11, թիվ 200/1/11, թիվ 201/1/11, թիվ 202/1/11, թիվ 203/1/11 որոշումները։
Դատարանը 23․10․2019 թվականի վճռով հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ․ «17.04.2019 թվականին «Ֆաստ բրոք սերվիս» ՍՊ ընկերության լիազոր անձ Սուրեն Ապրեսյանը ՀՀ ՊԵԿ ՄՎ պետին հասցեագրված գրություններով հայտնել է, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության անունով հայտարարագրված ապրանքների հայտարարագրերի 36-րդ սյունակում ԱԱՀ-ի արտոնության դաշտում թյուրիմացաբար նշվել է HA, սակայն պետք է լիներ ЕП: Սուրեն Ապրեսյանը խնդրել է թույլտվություն՝ ապրանքների հայտարարագրերում ճշգրտում կատարելու համար: 17.04.2019 թվականին և 18.04.2019 թվականին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության կողմից կազմվել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրություններ: Արձանագրությունները հայցվորը ստացել է առձեռն և նշել, որ գործի քննության վայրի և ժամանակի մասին ծանուցված է, իսկ այնուհետև վարչական վարույթը եզրափակվել է վիճարկվող վարչական ակտերի կայացմամբ: Դատարանը գտնում է, որ հարուցված վարչական վարույթները պետք է ավարտվեին հայցվորի նկատմամբ կատարված իրավախախտումներից առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում մեկ սանկցիա կիրառելով:
Վերաքննիչ դատարանը, 24․12․2020 թվականի որոշմամբ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ․ «․․․վիճարկվող բոլոր վարչական ակտերը կազմվել են նույն վարչական մարմնի նույն պաշտոնատար անձի կողմից (ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն, ի դեմս` վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մուրադ Սարգսյանի), վիճարկվող որոշումներով «Ֆաստ բրոք սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ապրեսյանն ենթարկվել է տուգանքի 50.000-ական ՀՀ դրամի չափով, վիճարկվող վարչական ակտերի իրավական հիմքը նույնն է, այն է` ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը: Բացի այդ, ուշագրավ է, որ հարուցված բոլոր վարչական վարույթների հիմքում ընկած էր այն հանգամանքը, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության անունից հայտարարագրված ապրանքների հայտարարագրերի 36-րդ սյունակում ԱԱՀ-ի արտոնության դաշտում նշվել է «HA», սակայն պետք է լիներ «ЕП», ինչի մասին 17.04.2019 թվականին «Ֆաստ բրոք սերվիս» ՍՊԸ-ի լիազոր անձ Սուրեն Ապրեսյանն իր նախաձեռնությամբ հայտնել է ՀՀ ՊԵԿ Արևմտյան ՄՎ պետին հասցեագրված գրություններով` խնդրելով թույլտվություն՝ ապրանքների հայտարարագրերում ճշգրտում կատարելու համար:
Փաստորեն, տվյալ դեպքում հայցվոր «Ֆաստ բրոք սերվիս» ՍՊԸ-ի լիազոր անձ Սուրեն Ապրեսյանը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվել են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, սակայն վարչական մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից առհասարակ քննարկման առարկա չի դարձվել այն հիմնահարցը, թե, արդյոք, սույն դեպքում կիրառելի՞ է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, թե 2-րդ մասը: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, սույն գործով առկա են նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքը, ուստի, որոշումներ կայացնող պաշտոնատար անձը պարտավոր էր քննության առնել մի քանի վարչական իրավախախտումներից առավել լուրջի հիմնահարցը և կատարեր համապատասխան եզրահանգում, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Վարչական մարմինը, փաստացի սահմանափակվելով բացառապես ընդհանուր կանոնի կիրառմամբ, նշանակել է վարչական տույժ յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին` դրանով իսկ անտեսելով վերը նշված նորմով նախատեսված կարգավորումը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի շրջանակներում չի ապահովվել սույն գործով հանգամանքների համակողմանի, լրիվ և oբյեկտիվ պարզումը, որի արդյունքում պատասխանողի կողմից կայացվել է ոչ իրավաչափ վարչական ակտ:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Վիճարկվող վարչական ակտերի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորի կողմից կատարվել է թվով ինը իրավախախտում, որոնց հիմքով վիճարկվող վարչական ակտերի ընդունմանն ուղղված վարչական վարույթները միաժամանակ քննվել են նույն վարչական մարմնի՝ պաշտոնատար անձի կողմից։
Անդրադառնալով հաջորդ պայմանի, այն է՝ իրավախախտումներից մեկն առավել լուրջ է կամ հանրորեն վտանգավոր, քան մյուսը կամ մյուսները, առկայության պարզմանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում հայցվորի կողմից «Երևանի ՋԷԿ» ՓԲ ընկերության անվամբ թիվ 05100011/260718/0016024, թիվ 05100011/260718/0015989, թիվ 05100011/250718/0015877, թիվ 05100011/260718/0016031, թիվ 05100011/070618/0011844, թիվ 05100011/040918/0019227, թիվ 05100011/080818/0017198, թիվ 05100011/230818/0018385, թիվ 05100011/070818/0017006 ապրանքների հայտարարագրերի 36-րդ սյունակում ԱԱՀ-ի արտոնության դաշտում «ЕП»-ի փոխարեն նշվել է «HA»։ Նշված իրավախախտումներից յուրաքանչյուրի համար հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ նախատեսված մաքսային կանոնների խախտման` հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու հիմքով, նշանակվել է տուգանք 50.000-ական ՀՀ դրամի չափով:
Այսինքն, տվյալ դեպքում հայցվորի կողմից թույլ տրված իրավախախտումները, չնայած հարուցված վարչական վարույթների շրջանակներում միաժամանակ քննության առարկա են դարձվել Կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, նույնական են իրենց բովանդակությամբ և հանրային վտանգավորությամբ, կիրառվել է միևնույն սանկցիան, հետևաբար, առկա չէ վերը հատկորոշված երրորդ պայմանը, որպիսի հանգամանքը բացառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 35-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառումը, ինչը, սակայն, անտեսվել է, ստորադաս դատարանների կողմից։
Հետևաբար, արձանագրելով, որ տվյալ դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 35-րդ հոդվածի 2-րդ մասը ենթակա չէ կիրառման՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկվող որոշումները, ստորադաս դատարանների կողմից ճանաչվել են անվավեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 35-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ կիրառմամբ։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով, որ Սուրեն Ապրեսյանն սույն գործով հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել հայցադիմումը դատարան ներկայացնելիս, հետևաբար հայցապահանջը մերժվելու դեպքում վերջինս չի կարող կրել հայցադիմումի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու, ինչպես նաև Կոմիտեի կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքը փոխհատուցելու պարտականություն:
Նման պայմաններում սույն գործով պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.12.2020 թվականի որոշումը և այն փոփոխել. Սուրեն Ապրեսյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևմտյան մաքսատուն-վարչության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 195/1/11, թիվ 196/1/11, թիվ 197/1/11, թիվ 198/1/11, թիվ 199/1/11, թիվ 200/1/11, թիվ 201/1/11, թիվ 202/1/11, թիվ 203/1/11 որոշումներն անվավեր ճանաչելու/վերացնելու պահանջի մասին, մերժել։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Ք. ՄԿՈՅԱՆ Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|