ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 1992 թվականի N 93
քաղ. Երևան
ԱԶԱՏ ԳՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ հասարակական սննդի ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 02.02.94 N 61)
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ազատ գների պայմաններում, մինչև այդ հարցերի օրենսդրական վերջնական կարգավորումը, առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման և հարկային կարգապահության ապահովման նպատակով սահմանել առևտրի և հասարակական սննդի կազմակերպման հետևյալ ժամանակավոր կարգը`
ա/ իրավաբանական անձ չհանդիսացող պետական և Հայկոոպի համակարգի առևտրի ու հասարակական սննդի օբյեկտներում ապրանքների գները սահմանում են համապատասխան վերադաս կազմակերպությունները.
բ) առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից), ինչպես նաև հիմնարկ, կազմակերպություն, անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`
ձեռք բերված ապրանքի քանակը և գինը.
ձեռք բերման ամսաթիվը, մատակարարի (կոմիտենտի) տվյալները (անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն), իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները (այդ թվում` գրանցման հասցեն).
հասարակական սննդի գործունեության գծով` սեփական արտադրության կարիքների համար անհատներից (շուկաներից) ապրանքների ձեռքբերումը թույլատրվում է ձևակերպել միակողմանի ակտով
գ/ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և անհատ ձեռներեցներն ապրանքների ձեռքբերման և իրացման հաշվառում կատարելու նպատակով պարտավոր են վարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության կողմից հաստատված և համարակալված խիստ հաշվառման ձևեր.
դ) մանրածախ առևտրի և հասարակական սննդի գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով: Նշված ապարատների չաշխատելու դեպքում նրանք պարտավոր են ձեռագրով դուրս գրել իրացված ապրանքի համապատասխան կտրոն-չեկ:
(1-ին կետը փոփ. 23.05.93 N 255, փոփ., խմբ. 02.02.94 N 61)
2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը` սույն որոշմամբ սահմանված առևտրի և հասարակական սննդի կազմակերպման ժամանակավոր կարգի իրականացման նպատակով`
ա) կազմակերպել Հայաստանի Հանրապետության պետական հարկային տեսչության կողմից հաստատված ու համարակալված խիստ հաշվառման ձևերի, հայտարարություն-գնացուցակների, ապրանքների պիտակների և կտրոն-չեկերի տպագրումը և մինչև 1992 թվականի ապրիլի 15-ը դրանցով առևտրական և հասարակական սննդի ձեռնարկությունների ապահովումը:
Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` այդ նպատակով Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչությանը հատկացնել պահանջվող քանակությամբ տպագրական թուղթ.
բ) միջոցներ ձեռնարկել դրամարկղային հաշվիչ ապարատների ձեռքբերման և դրանցով հանրապետության մանրածախ առևտրի ամբողջ ցանցի ապահովման համար:
(2-րդ կետը փոփ. 02.02.94 N 61)
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համատեղ, քննության առնել 1992 թվականին իր համակարգի ձեռնարկություններում առևտրի ժամանակակից պահանջներին համապատասխանող դրամարկղային հաշվիչ ապարատների արտադրություն կազմակերպելու հարցը և մինչև 1992 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
4. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը և Հայկոոպի վարչության հետ համատեղ, մշակել առևտրական և հասարակական սննդի կազմակերպություններում ազատ գների պայմաններում ստացվող շահույթի վերահսկման կարգ և որպես հրահանգ իջեցնել տեղերը:
(4-րդ կետը փոփ. 02.02.94 N 61)
5. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հաստատագրված գներով իրացվող կարևորագույն սննդամթերքների վաճառքի կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ, մշակելով դրանց նորմավորման և բաշխման մեխանիզմները:
6. Սահմանել, որ հանրապետության պետական ձեռնարկություններում արտադրվող` հաստատագրված մանրածախ գներ ունեցող բոլոր ապրանքատեսակների վաճառքը առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում (անկախ սեփականության ձևից), հիմնարկներում, կազմակերպություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից թույլատրվում է միայն պետության կողմից սահմանված գներով:
(6-րդ կետը փոփ. 02.02.94 N 61)
7. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության բանկին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել առևտրական ձեռնարկություններին (խանութներին) իրավաբանական անձի իրավունքով օժտելու մասին առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` կառավարության տնտեսական բարեփոխումների վարչության հետ համատեղ, 10-օրյա ժամկետում քննության առնել ստացված առաջարկությունները և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:
8. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների վարչությանը ներկայացնել մեծածախ և մանրամեծածախ առևտրական կազմակերպությունների սեփականաշնորհման և կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.01.2000, N 4 | 11.01.2000, N 93 | |
15.05.1998, N 298 | 09.06.1998, N 93 | |
02.02.1994, N 61 | 02.02.1994, N 93 | |
23.05.1993, N 255 | 23.05.1993, N 93 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|