ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0772/02/15 2022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0772/02/15 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․10․2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ սեփականության օտարման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ «Անիկոմ» սահմանափակ պատասխանատվության ընկերության՝ իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները վերացնելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանը 42․895․000 ՀՀ դրամով, բնակարանի նկատմամբ դադարեցնել Վարդան և Վոլոդյա Պետրոսյանների սեփականության իրավունքը, այդ գույքի նկատմամբ ճանաչել Ընկերության սեփականության իրավունքը, ինչպես նաև պարտավորեցնել Վարդան և Վոլոդյա Պետրոսյաններին նշված բնակարանը երկամսյա ժամկետում ազատել և հանձնել Ընկերության տիրապետմանը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վարդան Պետրոսյանը պահանջել է վերացնել Ընկերության կողմից Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները, մասնավորապես՝ պարտավորեցնել Ընկերությանը հետ վերցնել Վարդան Պետրոսյանի սեփականության դիմաց դրված դեպոզիտը և վերացնել իր սեփականության նկատմամբ նրան սահմանափակող գործողությունները։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ներսիսյան) 18.09.2015 թվականի որոշմամբ գործով պատասխանող է ճանաչվել միայն Վարդան Պետրոսյանը, քանի որ Վոլոդյա Պետրոսյանը մահացել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ներսիսյան) 09․11․2015 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19․05․2016 թվականի որոշմամբ (նախագահող դատավոր Լ․ Գրիգորյան, դատավորներ Ն․ Բարսեղյան, Մ․ Հարթենյան) պատասխանողի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09․11․2015 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ․ Մազմանյան) (այսուհետ՝ Դատարան) 26․03․2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությանը թույլատրել Վարդան Պետրոսյանին վճարել Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի համար փոխհատուցում՝ 93.255.000 ՀՀ դրամի չափով, որից 81.700.000 ՀՀ դրամը՝ որպես գույքի արժեք, 12.255.000 ՀՀ դրամը որպես՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավել գումար և փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սկզբնական հայցով պատասխանող Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը (ընդգրկելով նաև ինքնակամ կառույց հանդիսացող նկուղը)՝ ճանաչելով այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվոր Ընկերության սեփականության իրավունքը, և փոխհատուցում վճարելուց հետո Վարդան Պետրոսյանին պարտավորեցնել ազատել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը և այն հանձնել Ընկերության տիրապետմանը, իսկ հակընդդեմ հայցը՝ սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները վերացնելու պահանջի մասին մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25․10․2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 26․03․2019 թվականի վճիռը՝ Վարդան Պետրոսյանին 93.255.000 ՀՀ դրամ, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար պատասխանողին վճարելը թույլատրելու մասով բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ․
«ՀՀ Կառավարության 29.08.2013թ. թիվ 958-Ն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 բնակարանը` 87քմ մակերեսով, օտարել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին և բնակարանի օտարման դիմաց բնակարանի սեփականատիրոջը՝ Վարդան Պետրոսյանին տրամադրել 71.645.000 ՀՀ դրամ` որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար, և փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը (դրա նկատմամբ ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը)` պարտավորեցնելով վերջինիս ազատել նշված բնակարանը»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 73-րդ հոդվածի 1-ին մասը, 1964 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածը, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 14-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածի 8-րդ կետը, 277-րդ, 287-րդ հոդվածները։
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի տակի նկուղը տրվել է որպես օժանդակ տարածք օգտագործելու նպատակով, և տրամադրման ժամանակ պետական գրանցման ենթակա չէր կարող լինել։ Նման պայմաններում հաստատվում է, որ նշված նկուղի նկատմամբ առկա է եղել այլ գույքային իրավունք։
Նշվածը հիմնավորվում է նաև Երևան քաղաքի ժողդատարանների կենտրոնական արխիվի 04․05․1972 թվականին տրված արխիվային տեղեկանքով, համաձայն, որի Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող նկուղային մասը անժամկետ տրամադրվել է բողոքաբերի հորը, ինչն առ այսօր օգտագործվում է բողոքաբերի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 25․10․2019 թվականի որոշումը և ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ տալ Դատարանի 26․03․2019 թվականի վճռին։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
1) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Ռուստամի Պետրոսյանի, Վարդան Վոլոդյայի Պետրոսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ՝ Սպանդարյանի շրջգործկոմի 05.10.1995 թվականի թիվ 35/85 որոշման հիման վրա: Տվյալ հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3 քմ օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում: Գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում (հատոր 2-րդ, գ.թ. 45-46)։
2) ՀՀ Կառավարության 29.08.2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 958-Ն որոշմամբ Երևան քաղաքի մի շարք տարածքների, այդ թվում նաև՝ Վարդան Պետրոսյանին պատկանող Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանը, ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Նույն որոշման 2-րդ կետով նշված տարածքները ձեռքբերող (կառուցապատման ծրագրի իրականացնող) է ճանաչվել Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 11-14),
3) Ընկերության տնօրեն Ս. Մայրապետյանի կողմից 06.10.2014 թվականի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերեր Վարդան Պետրոսյանին և Վոլոդյա Պետրոսյանին ուղարկվել է գրություն, որի համաձայն՝ հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 29.08.2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 958-Ն որոշմամբ Երևան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացի և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ և ենթակա է օտարման հասարակության և պետության կարիքների համար՝ օրենքով սահմանված փոխհատուցմամբ: Նույն որոշմամբ տարածքի ձեռքբերող է ճանաչվել Ընկերությունը: Նրանց կից ուղարկվել է Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող նրանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հասարակության և պետության կարիքների համար օտարելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրի նախագիծ (հատոր 1-ին, գ․թ․ 15-17)։
4) Ընկերության տնօրեն Ս.Մայրապետյանի կողմից 05.02.2015 թվականի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերեր Վարդան Պետրոսյանին և Վոլոդյա Պետրոսյանին ուղարկվել է գրություն, որով հայտնել է, որ 06.10.2014 թվականին դիմել է նրանց գերակա հանրային շահ ճանաչված վերոհիշյալ տարածքում գտնվող՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեի անշարժ գույքը 38.295.000 ՀՀ դրամով օտարելու վերաբերյալ առաջարկով, որին նրանք չեն արձագանքել: Հայտնվել է, որ 05.02.2015 թվականին Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Աբրահամյանին է հանձնվել «HSBS» բանկի կողմից տրված համապատասխան բանկային երաշխիքը՝ ծրար թիվ 315, որով նրանք կարող են ստանալ վերոհիշյալ անշարժ գույքի դիմաց նրանց հասանելիք փոխհատուցման գումարը՝ 42.895.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 20)։
5) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 Փորձագետի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 62.300.000 ՀՀ դրամ (գնահատումը կատարվել է առանց ինքնակամ կառույց հանդիսացող նկուղը ներառելու) (հատոր 4-րդ, գ․թ․ 50-68)։
6) Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25 շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող, 87քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինությունից և 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 81.700.000 ՀՀ դրամ (ներառյալ ինքնակամ կառուցված նկուղը) (հատոր 4-րդ, գ․թ․ 50-68):
7) Փորձաքննության կատարման ծախսը կազմել է 54.000 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ․թ․ 69)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվել է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հասարակության և պետության կարիքների համար հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով գույքի օտարման որոշ առանձնահատկությունների։
Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նույն արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
Եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներում արձանագրել է, որ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական ապրանքների սեփականությամբ և անկախ է ներպետական օրենսդրության պաշտոնական դասակարգումից: Նույն կերպ, ինչպես նյութական ապրանքները, այնպես էլ որոշ այլ իրավունքներ կամ շահ կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետևաբար նաև «գույք» Կոնվենցիայի սույն հոդվածի տեսանկյունից։ Յուրաքանչյուր դեպքում քննության ենթակա խնդիրն այն է, թե արդյոք գործի հանգամանքները, որպես ամբողջությամբ դիտարկմամբ, դիմումատուին շնորհում են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային շահի իրավունք (տե՛ս, Iatridis v. Greece (31107/96) գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիռը 54-րդ կետ, Beyeler v. Italy (33202/96) գործով Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի վճիռը, 100-րդ կետ, Broniowski v. Poland (31443/96) Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի 22․06․2004 թվականի վճիռը, 129-րդ կետ):
Եվրոպական դատարանը գտել է, որ որոշ դեպքերում «օրինական ակնկալիքը» կարող է ներառել իրավիճակներ, երբ շահագրգիռ անձինք իրավունք ունեն ապավինել այն փաստին, որ կոնկրետ իրավական ակտը հետընթաց կարգով անվավեր չի ճանաչվի ի վնաս իրենց (տե՛ս, Kopecký v. Slovakia (44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը 47-րդ կետ, Noreikienė and Noreika v. Lithuania (17285/08) գործով Եվրոպական դատարանի 24․11․2015 թվականի վճիռը 36-րդ կետ)։ Նման իրավական ակտերը կարող են բաղկացած լինել, օրինակ, առավելություն տրամադրող կամ իրավունք ճանաչող վարչական որոշումից (տե՛ս, Pine Valley Developments Ltd and Others v. Ireland (Series A no. 222) գործով Եվրոպական դատարանի 29.11.1991 թվականի վճիռը 47-րդ կետ, Moskal v. Poland (10373/05) գործով Եվրոպական դատարանի 15.09.2009 թվականի վճիռը 45-րդ կետ), կամ դատարանի որոշումը (տե՛ս, Velikoda v. Ukraine (43331/12) գործով Եվրոպական դատարանի 03.06.2014 թվականի վճիռը 20-րդ կետ): Եվրոպական դատարանը միաժամանակ գտել է, որ նման դեպքերում «օրինական ակնկալիքը» հիմնված է ողջամիտ պատճառաբանված իրավական ակտի վրա, որն ունի ուժեղ իրավական հենք և որը կրում է գույքային իրավունքներ (տե՛ս, Kopecký v. Slovakia (44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը 47-րդ կետ):
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն):
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում։
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց և մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե՝ ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում, բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ վեճը վերաբերում է հանրային գերակա շահի հիմքով օտարվող գույքի շուկայական արժեքին, հետևաբար նաև փոխհատուցման չափին, ապա գործի համար էական և առանցքային նշանակություն ունի ներկայացված հայցով օտարվող սեփականությունը։ Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը ելնելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունից փաստում է, որ հանրային գերակա շահի հիմքով սեփականության օտարման գործերով դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի փոխհատուցման չափի հարցը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ փոխհատուցման չափը որոշելու համար առանցքային նշանակություն ունի օտարվող սեփականության շուկայական գնի պարզումը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանները նախ քննարկման առարկա պետք է դարձնեն և պարզեն՝ օտարվող սեփականության շուկայական գինը, որի արդյունքում հնարավոր կլինի որոշել օտարվող սեփականության համար տրվող փոխհատուցման չափը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը դատարանի համար սահմանել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով փոխհատուցման չափը պարզելու պարտականություն, ուստի դատարանը սահմանափակված չէ ձեռքբերողի կողմից ներկայացված պահանջում նշված գումարի չափով, այն պայմաններում, երբ օտարվող սեփականության սեփականատերը կամ այլ գույքային իրավունք ունեցող անձը վիճարկում են օտարվող սեփականության շուկայական գինը։ Նման պայմաններում դատարանը սահմանափակված չէ ձեռքբերողի կողմից պահանջվող գնով վեճի առարկա օտարվող սեփականության օտարման պահանջով։ Հակառակ մեկնաբանման արդյունքում, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ ձեռքբերող ընկերությունը կարող է դատարան ներկայացնել շուկայական գնից էականորեն տարբերվող գնով սեփականության օտարման պահանջ, իսկ դատարանը պարզելով օտարվող սեփականության իրական արժեքը, հնարավորություն չի ունենա օրենքի պահանջներին համապատասխանող փոխհատուցման չափ ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ կամ այլ գույքային իրավունք ունեցող անձի համար՝ ոչ արդյունավետ դարձնելով ոլորտային դատավարությունը և վերջնարդյունքում ի չիք դարձնելով փոխհատուցման չափը դատարանի կողմից որոշելու Օրենսդրի հետապնդած նպատակը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման մեկնաբանման արդյունքում կապահովվի բարենպաստ հավասարակշռություն՝ հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրությամբ սահմանված «գույք» հասկացությունը ավելի լայն է մեկնաբանվում, քան ներպետական օրենքներում։ Վերոնշյալ վճիռներում Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայով նախատեսված «գույք» հասկացությունը ինքնավար մեկնաբանություն ունի, և ներառում է ոչ միայն նյութական աշխարհում գոյություն ունեցող որևէ առարկա, որը սեփականության իրավունքով պատկանում է անձին, այլ նաև՝ գույքային իրավունքը։ Եվրոպական դատարանը իր վճիռներով փաստել է նաև, որ կան որոշակի հանգամանքներ, որոնց պարագայում անձինք կարող են ունենալ «օրինական ակնկալիք», հետևաբար նաև «գույք» Կոնվենցիայի տեսանկյունից։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով դատարանները պետք է առաջնորդվեն ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված oտարվող սեփականության չափանիշներով, այլ նաև Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված սեփականության իրավունքի վերաբերյալ տրված մեկնաբանություններով։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, նաև որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներն իրենց արտացոլումն են գտել Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունում։ Մասնավորապես, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանել է, որ «օտարվող սեփականություն» հասկացությունն իր մեջ ընդգրկում է ոչ միայն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած, այլև հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտները, այդ թվում՝ գույքային իրավունքները։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանը 26․03․2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը մերժել է։ Դատարանն իր վճիռը, ի թիվս այլնի, պատճառաբանել է հետևյալով՝ «(․․․) Փաստորեն, դատարանը գտնում է, որ փոխհատուցման գումարը կազմում է 93.955.000 /գույքի գնահատման արժեք՝ 81.700.000 ՀՀ դրամ + օրենքով սահմանված 15 տոկոս ավել գումար՝ 12.255.000 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ, որը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից Վարդան Պետրոսյանին նշված գումարը վճարելուց հետո Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետք է դադարեցնել Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը՝ դրանք ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության սեփականությունը: Անդրադառնալով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փոխհատուցման գումարի չափին, որի համար հիմք է հանդիսացել «Անիկոմ» ՍՊ ընկերության կողմից տրված թիվ ՊԳ 04/27/01 անշարժ գույքի վերագնահատման հաշվետվությունը, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում որպես փոխհատուցման գումարի չափի հիմք պետք է դիտել դատարանի կողմից նշանակված փորձաքննության արդյունքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018թ. տրված թիվ 43831607 Փորձագետի եզրակացությունը (․․․)»:
Վերաքննիչ դատարանը 25․10․2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է, և Դատարանի 26․03․2019 թվականի վճիռը՝ Վարդան Պետրոսյանին 93.255.000 ՀՀ դրամ, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար պատասխանողին վճարել թույլատրելու մասով բեկանել և փոփոխել է, այն է՝ Ընկերությանը թույլատրել է Վարդան Պետրոսյանին վճարել 71․645․000 ՀՀ դրամ՝ որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար։ Իր դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «(...) Դատարանը հայցը պետք է քններ նշված պահանջների շրջանակներում և կատարեր եզրահանգում` դրանք բավարարելու կամ մերժելու մասին: Այսինքն` Դատարանը պարտավոր է եղել հայցը քննել ներկայացված կոնկրետ պահանջի` Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը 62.300.000 ՀՀ դրամով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին օտարելու շրջանակներում: Մինչդեռ Դատարանը, հիմնավոր համարելով հայցվորի ներկայացրած պահանջն այն պատճառաբանությամբ, որ վերջինս գերակա հանրային շահ ճանաչված բնակարանի սեփականատիրոջից այն փոխհատուցման դիմաց ձեռք բերելու ուղղությամբ օրենքի պահանջներին համապատասխան կատարել է բոլոր գործողությունները, սակայն վերջինիս կողմից որևէ արձագանք կամ գործողություն նրա առաջարկներին չի կատարվել, հայցը չի քննել ներկայացված կոնկրետ պահանջի` Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը 62.300.000 ՀՀ դրամ գումարի չափով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին օտարելու շրջանակներում` արձանագրելով, որ «փոխհատուցման գումարը կազմում է 93.955.000 /գույքի գնահատման արժեք՝ 81.700.000 ՀՀ դրամ + օրենքով սահմանված 15 տոկոս ավել գումար՝ 12.255.000 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ, որը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից Վարդան Պետրոսյանին նշված գումարը վճարելուց հետո Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետք է դադարեցնել Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը՝ դրանք ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականությունը»: Արդյունքում` Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից ոչ թե հայցի առարկայի (Դատարանը, հասարակության և պետության կարիքների համար գործընթացի շրջանակներում, քննել և վճիռ է կայացրել հայցով` հայցի առարկայի փոփոխման վերաբերյալ դիմումով, պահանջված կոնկրետ հասցեի անշարժ գույքը հայցվորին օտարելու պահանջ), այլ հայցագնի ավելացման մասով վճիռ կայացնելով:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցի պարզմանը, թե արդյոք Դատարանի կողմից հայցվորին օտարված անշարժ գույքն ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանում է պատասխանողին` հաշվի առնելով դրա վերաբերյալ բողոքաբերի փաստարկները, ըստ որի` Դատարանը հայցվորին է վաճառել մի գույք` ինքնակամ շինություն, որը պատասխանողին չի էլ պատկանել, այն պատճառով, որ դա ինքնակամ շինություն է (...)»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը և՛ սկզբնական հայցով, և՛ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացությունից հետո ներկայացրած հայցի առարկայի փոփոխության մասին դիմումով որպես դատարանին ուղղված պահանջ ներկայացրել է Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը Ընկերությանն օտարելու պահանջ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատվել է այն փաստը, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ՝ Սպանդարյանի շրջգործկոմի՝ 05.10.1995 թվականի թիվ 35/85 որոշման հիման վրա։ Հաստատվել է նաև այն, որ նույն հասցեում առկա է 82,3քմ մակերեսով ինքնակամ կառույց, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ներսիսյան) 18.09.2015 թվականի որոշմամբ գործով պատասխանող է ճանաչվել միայն Վարդան Պետրոսյանը, քանի որ Վոլոդյա Պետրոսյանը մահացել է:
Վերաքննիչ դատարանն իր 25․10․2019 թվականի որոշումը, ի թիվս այլ հիմքերի, պատճառաբանել է հետևյալով․ «(․․․) Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվում է անձին պատկանող սեփականությունը, իսկ տվյալ դեպքում Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտնվող 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունը, ինչպես արդեն նշվեց, չի համարվում սույն գործով պատասխանող Վարդան Պետրոսյանի սեփականությունը` դրա նկատմամբ չի ճանաչվել վերջինիս սեփականության իրավունքը, որպիսի պայմաններում նշված հասցեում գտնվող անշարժ գույքը չի կարող օտարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով, մինչդեռ Դատարանը, հայցվորին թույլատրելով պատասխանողին վճարել 93.255.000 ՀՀ դրամ` որպես նշված հասցեում գտնվող անշարժ գույքի փոխհատուցման համար նախատեսված գումար, դրա մեջ ներառել է նաև պատասխանողին պատկանող վերը նշված ինքնակամ շինությունը (․․․)»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Պետրոսյանի «օտարվող սեփականության», դրա դիմաց համարժեք փոխհատուցման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ․

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝ ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով. բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական և համարժեք փոխհատուցում։
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինչպես նյութական ապրանքները, այնպես էլ որոշ այլ իրավունքներ կամ շահ կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետևաբար նաև «գույք»՝ Կոնվենցիայի նույն հոդվածի տեսանկյունից։ Յուրաքանչյուր դեպքում քննության ենթակա խնդիրն այն է, թե արդյոք գործի հանգամանքները, որպես ամբողջությամբ դիտարկմամբ, դիմումատուին շնորհում են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային շահի իրավունք (տե՛ս, Iatridis v. Greece (31107/96) գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիռը 54-րդ կետ, Beyeler v. Italy (33202/96) գործով Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի վճիռը, 100-րդ կետ, Broniowski v. Poland (31443/96) Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի 22․06․2004 թվականի վճիռը, 129-րդ կետ):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով օտարվող սեփականության հասկացությունը և դրա համար սահմանելով նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու իմպերատիվ պահանջ՝ օտարվող սեփականության հասկացության տակ նկատի է ունեցել ոչ միայն անձանց՝ պետական գրանցում ստացած սեփականության իրավունքը, այլ նաև անձանց՝ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտները։ Այլ կերպ ասած, հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պարագայում նախնական և համարժեք փոխհատուցում պետք է տրամադրվի ոչ միայն այն անձանց, որոնք ունեն պետական գրանցում ստացած սեփականության իրավունք՝ օտարվող սեփականության նկատմամբ, այլ նաև այն անձանց, որ նշված գույքի նկատմամբ ունեն հաշվառված գույքային իրավունքներ։
Վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող 82,3քմ մակերեսով հաշվառված ինքնակամ շինությունը Վարդան Պետրոսյանին սեփականության իրավունքով չպատկանելու, և այդ հիմքով փոխհատուցում չտրամադրելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օտարվող սեփականության վերաբերյալ օրենսդրի սահմանած տրամաբանությունից։ Ավելին, դրանք հակասում են նաև Եվրոպական դատարանի վճիռներում Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում «գույք» հասկացությանը տրված մեկնաբանությանը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով «օտարվող սեփականություն» հասկացությունը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նաև Եվրոպական դատարանի կողմից «գույք» հասկացության վերաբերյալ տրված իրավական մեկնաբանությունները՝ երաշխավորելու համար օտարվող սեփականության գույքային իրավունքներ ունեցող անձանց՝ Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Ռուստամի Պետրոսյանի, Վարդան Վոլոդյայի Պետրոսյանի սեփականության իրավունքը։ Տվյալ հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3 քմ օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող 87քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինությունից և 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 81.700.000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով սույն գործով հաստատված փաստերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի կարգավորումը, այնպես էլ՝ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը և հաշվի չի առել այն հանգամանքը, որ օտարվող սեփականության հետ մեկտեղ նույն՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3քմ մակերեսով օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում։ Ավելին, վերոնշյալ ինքնակամ կառույցի՝ ինքնակամերի մատյանի 1-745 համարում հաշվառվելու մասին գրառման առկայությունը՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում նույնպես վկայում է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերն ունի որոշակի օրինական ակնկալիք՝ ստանալու փոխհատուցում նշված կառույցն օգտագործելու իրավունքին միջամտության դիմաց։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելիս անտեսել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումն այն մասին, որ համարժեք փոխհատուցում է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը։
Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանին հայցի շրջանակներից դուրս գալու խախտում վերագրելը, քանի որ իր այդ դիրքորոշումն արտահայտելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի այն իրավակարգավորումը, համաձայն որի՝ որոշակի պայմաններում գույքը ձեռքբերողի կողմից սեփականության օտարման հայցով դատարան դիմելու դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխհատուցման չափը որոշելիս Դատարանը հիմք ընդունելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացությունը (համաձայն որի՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող 87․0քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինության և 82․3քմ հաշվառված ինքնակամ կառույցի շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կազմում է 81․700․000 ՀՀ դրամ), ինչպես նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը համարժեք փոխհատուցման վերաբերյալ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։ Դատարանի 26․03․2019 թվականի վճռով որպես փոխհատուցման գումար 93.255.000 ՀՀ դրամի չափով տրամադրելը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան իրավաչափ է և ապահովում է բարենպաստ հավասարակշռություն՝ հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Միաժամանակ նկատի ունենալով, որ Դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ պատճառաբանում է Դատարանի դատական ակտը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 26.03.2019 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ դատարանում և Վճռաբեկ դատարանում պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ.
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ձեռքբերողը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով պետական տուրքի գումարը Ընկերության կողմից նախապես վճարված լինելու փաստը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքին կից Վարդան Պետրոսյանը ներկայացրել է 40․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված լինելու փաստը հաստատող ապացույցը:
Կիրառելի խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար` դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Վարդան Պետրոսյանը վճարել է 40․000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, և վերջինիս վճռաբեկ բողոքը բավարարվում է։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Վարդան Պետրոսյանի ենթակա է բռնագանձման 40․000 ՀՀ դրամ, որպես ներկայացված վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Ինչ վերաբերում է փորձաքննության ծախսին, ապա Դատարանը որոշել է այն բռնագանձել Վարդան Պետրոսյանից, մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է բռնագանձման Ընկերությունից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը բավարարվում է, իսկ փորձաքննության ծախսն էլ 54․000 ՀՀ դրամ գումարի չափով վճարված չէ (հատոր 4-րդ, գ․թ․ 69)։
Նկատի ունենալով, որ գործով այլ դատական ծախսերի հատուցման պահանջ չի ներկայացվել, մնացած մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․10․2019 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժի տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26․03․2019 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով, բացառությամբ փորձաքննության կատարման ծախսի մասի:
2․ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Վարդան Պետրոսյանի բռնագանձել 40․000 ՀՀ դրամ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
«Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 54․000 ՀՀ դրամ՝ որպես 26․04․2018 թվականի թիվ 43831607 եզրակացության փորձաքննության կատարման ծախսի գումար։
Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան Ս. Անտոնյան |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան | |
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԿԴ/0772/02/15 քաղաքացիական գործով 16.12.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
16.12.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ սեփականության օտարման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Վարդան Պետրոսյանի ընդդեմ Ընկերության, երրորդ անձ «Անիկոմ» ՍՊԸ-ի՝ իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները վերացնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ նաև որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25․10․2019 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժի տալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26․03․2019 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով, բացառությամբ փորձաքննության կատարման ծախսի մասի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է իրեն օտարել Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանը 42․895․000 ՀՀ դրամով, բնակարանի նկատմամբ դադարեցնել Վարդան և Վոլոդյա Պետրոսյանների սեփականության իրավունքը, այդ գույքի նկատմամբ ճանաչել Ընկերության սեփականության իրավունքը, ինչպես նաև պարտավորեցնել Վարդան և Վոլոդյա Պետրոսյաններին նշված բնակարանը երկամսյա ժամկետում ազատել և հանձնել Ընկերության տիրապետմանը։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Վարդան Պետրոսյանը պահանջել է վերացնել Ընկերության կողմից Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները, մասնավորապես՝ պարտավորեցնել Ընկերությանը հետ վերցնել Վարդան Պետրոսյանի սեփականության դիմաց դրված դեպոզիտը և վերացնել իր սեփականության նկատմամբ նրան սահմանափակող գործողությունները։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ներսիսյան) 18.09.2015 թվականի որոշմամբ գործով պատասխանող է ճանաչվել միայն Վարդան Պետրոսյանը, քանի որ Վոլոդյա Պետրոսյանը մահացել է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ներսիսյան) 09․11․2015 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19․05․2016 թվականի որոշմամբ (նախագահող դատավոր Լ․ Գրիգորյան, դատավորներ Ն․ Բարսեղյան, Մ․ Հարթենյան) պատասխանողի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09․11․2015 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ․ Մազմանյան) (այսուհետ՝ Դատարան) 26․03․2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Ընկերությանը թույլատրել Վարդան Պետրոսյանին վճարել Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի համար փոխհատուցում՝ 93.255.000 ՀՀ դրամի չափով, որից 81.700.000 ՀՀ դրամը՝ որպես գույքի արժեք, 12.255.000 ՀՀ դրամը որպես՝ օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավել գումար և փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սկզբնական հայցով պատասխանող Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը (ընդգրկելով նաև ինքնակամ կառույց հանդիսացող նկուղը)՝ ճանաչելով այդ անշարժ գույքի նկատմամբ հայցվոր Ընկերության սեփականության իրավունքը, և փոխհատուցում վճարելուց հետո Վարդան Պետրոսյանին պարտավորեցնել ազատել Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը և այն հանձնել Ընկերության տիրապետմանը, իսկ հակընդդեմ հայցը՝ սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները վերացնելու պահանջի մասին մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25․10․2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 26․03․2019 թվականի վճիռը՝ Վարդան Պետրոսյանին 93.255.000 ՀՀ դրամ, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար պատասխանողին վճարելը թույլատրելու մասով բեկանվել և փոփոխվել է հետևյալ կերպ․
«ՀՀ Կառավարության 29.08.2013թ. թիվ 958-Ն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 բնակարանը` 87քմ մակերեսով, օտարել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին և բնակարանի օտարման դիմաց բնակարանի սեփականատիրոջը՝ Վարդան Պետրոսյանին տրամադրել 71.645.000 ՀՀ դրամ` որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար, և փոխհատուցումը վճարելու պահից դադարեցնել Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը (դրա նկատմամբ ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը)` պարտավորեցնելով վերջինիս ազատել նշված բնակարանը»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Պետրոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 73-րդ հոդվածի 1-ին մասը, 1964 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 107-րդ հոդվածը, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 13-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 14-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածի 8-րդ կետը, 277-րդ, 287-րդ հոդվածները։
Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի տակի նկուղը տրվել է որպես օժանդակ տարածք օգտագործելու նպատակով, և տրամադրման ժամանակ պետական գրանցման ենթակա չէր կարող լինել։ Նման պայմաններում հաստատվում է, որ նշված նկուղի նկատմամբ առկա է եղել այլ գույքային իրավունք։
Նշվածը հիմնավորվում է նաև Երևան քաղաքի ժողդատարանների կենտրոնական արխիվի 04․05․1972 թվականին տրված արխիվային տեղեկանքով, համաձայն, որի Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող նկուղային մասը անժամկետ տրամադրվել է բողոքաբերի հորը, ինչն առ այսօր օգտագործվում է բողոքաբերի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 25․10․2019 թվականի որոշումը և ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ տալ Դատարանի 26․03․2019 թվականի վճռին»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«1) ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Ռուստամի Պետրոսյանի, Վարդան Վոլոդյայի Պետրոսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ՝ Սպանդարյանի շրջգործկոմի 05.10.1995 թվականի թիվ 35/85 որոշման հիման վրա: Տվյալ հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3 քմ օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում: Գույքը գտնվում է բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում (հատոր 2-րդ, գ.թ. 45-46)։
2) ՀՀ Կառավարության 29.08.2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 958-Ն որոշմամբ Երևան քաղաքի մի շարք տարածքների, այդ թվում նաև՝ Վարդան Պետրոսյանին պատկանող Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանը, ճանաչվել են բացառիկ՝ գերակա հանրային շահ։ Նույն որոշման 2-րդ կետով նշված տարածքները ձեռքբերող (կառուցապատման ծրագրի իրականացնող) է ճանաչվել Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 11-14),
3) Ընկերության տնօրեն Ս. Մայրապետյանի կողմից 06.10.2014 թվականի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերեր Վարդան Պետրոսյանին և Վոլոդյա Պետրոսյանին ուղարկվել է գրություն, որի համաձայն՝ հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 29.08.2013 թվականի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» թիվ 958-Ն որոշմամբ Երևան քաղաքի Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացի և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ և ենթակա է օտարման հասարակության և պետության կարիքների համար՝ օրենքով սահմանված փոխհատուցմամբ: Նույն որոշմամբ տարածքի ձեռքբերող է ճանաչվել Ընկերությունը: Նրանց կից ուղարկվել է Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող նրանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը հասարակության և պետության կարիքների համար օտարելու և դրա դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրի նախագիծ (հատոր 1-ին, գ․թ․ 15-17)։
4) Ընկերության տնօրեն Ս.Մայրապետյանի կողմից 05.02.2015 թվականի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերեր Վարդան Պետրոսյանին և Վոլոդյա Պետրոսյանին ուղարկվել է գրություն, որով հայտնել է, որ 06.10.2014 թվականին դիմել է նրանց գերակա հանրային շահ ճանաչված վերոհիշյալ տարածքում գտնվող՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեի անշարժ գույքը 38.295.000 ՀՀ դրամով օտարելու վերաբերյալ առաջարկով, որին նրանք չեն արձագանքել: Հայտնվել է, որ 05.02.2015 թվականին Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Աբրահամյանին է հանձնվել «HSBS» բանկի կողմից տրված համապատասխան բանկային երաշխիքը՝ ծրար թիվ 315, որով նրանք կարող են ստանալ վերոհիշյալ անշարժ գույքի դիմաց նրանց հասանելիք փոխհատուցման գումարը՝ 42.895.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 20)։
5) «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 Փորձագետի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 62.300.000 ՀՀ դրամ (գնահատումը կատարվել է առանց ինքնակամ կառույց հանդիսացող նկուղը ներառելու) (հատոր 4-րդ, գ․թ․ 50-68)։
6) Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25 շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող, 87քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինությունից և 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 81.700.000 ՀՀ դրամ (ներառյալ ինքնակամ կառուցված նկուղը) (հատոր 4-րդ, գ․թ․ 50-68):
7) Փորձաքննության կատարման ծախսը կազմել է 54.000 ՀՀ դրամ (հատոր 4-րդ, գ․թ․ 69)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվել է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հասարակության և պետության կարիքների համար հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով գույքի օտարման որոշ առանձնահատկությունների։
Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ունի իր իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդրով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Նույն արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։
Եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներում արձանագրել է, որ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական ապրանքների սեփականությամբ և անկախ է ներպետական օրենսդրության պաշտոնական դասակարգումից: Նույն կերպ, ինչպես նյութական ապրանքները, այնպես էլ որոշ այլ իրավունքներ կամ շահ կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետևաբար նաև «գույք» Կոնվենցիայի սույն հոդվածի տեսանկյունից։ Յուրաքանչյուր դեպքում քննության ենթակա խնդիրն այն է, թե արդյոք գործի հանգամանքները, որպես ամբողջությամբ դիտարկմամբ, դիմումատուին շնորհում են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային շահի իրավունք (տե՛ս, Iatridis v. Greece (31107/96) գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիռը 54-րդ կետ, Beyeler v. Italy (33202/96) գործով Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի վճիռը, 100-րդ կետ, Broniowski v. Poland (31443/96) Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի 22․06․2004 թվականի վճիռը, 129-րդ կետ):
Եվրոպական դատարանը գտել է, որ որոշ դեպքերում «օրինական ակնկալիքը» կարող է ներառել իրավիճակներ, երբ շահագրգիռ անձինք իրավունք ունեն ապավինել այն փաստին, որ կոնկրետ իրավական ակտը հետընթաց կարգով անվավեր չի ճանաչվի ի վնաս իրենց (տե՛ս, Kopecký v. Slovakia (44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը 47-րդ կետ, Noreikienė and Noreika v. Lithuania ( 17285/08) գործով Եվրոպական դատարանի 24․11․2015 թվականի վճիռը 36-րդ կետ)։ Նման իրավական ակտերը կարող են բաղկացած լինել, օրինակ, առավելություն տրամադրող կամ իրավունք ճանաչող վարչական որոշումից (տե՛ս, Pine Valley Developments Ltd and Others v. Ireland (Series A no. 222) գործով Եվրոպական դատարանի 29.11.1991 թվականի վճիռը 47-րդ կետ, Moskal v. Poland (10373/05) գործով Եվրոպական դատարանի 15.09.2009 թվականի վճիռը 45-րդ կետ), կամ դատարանի որոշումը (տե՛ս, Velikoda v. Ukraine ( 43331/12) գործով Եվրոպական դատարանի 03.06.2014 թվականի վճիռը 20-րդ կետ): Եվրոպական դատարանը միաժամանակ գտել է, որ նման դեպքերում «օրինական ակնկալիքը» հիմնված է ողջամիտ պատճառաբանված իրավական ակտի վրա, որն ունի ուժեղ իրավական հենք և որը կրում է գույքային իրավունքներ (տե՛ս, Kopecký v. Slovakia (44912/98) գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը 47-րդ կետ):
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն):
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական համարժեք փոխհատուցում։
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց և մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ նույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե՝ ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում, բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պարագայում, երբ վեճը վերաբերում է հանրային գերակա շահի հիմքով օտարվող գույքի շուկայական արժեքին, հետևաբար նաև փոխհատուցման չափին, ապա գործի համար էական և առանցքային նշանակություն ունի ներկայացված հայցով օտարվող սեփականությունը։ Այլ կերպ ասած, Վճռաբեկ դատարանը ելնելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունից փաստում է, որ հանրային գերակա շահի հիմքով սեփականության օտարման գործերով դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի փոխհատուցման չափի հարցը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ փոխհատուցման չափը որոշելու համար առանցքային նշանակություն ունի օտարվող սեփականության շուկայական գնի պարզումը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանները նախ քննարկման առարկա պետք է դարձնեն և պարզեն՝ օտարվող սեփականության շուկայական գինը, որի արդյունքում հնարավոր կլինի որոշել օտարվող սեփականության համար տրվող փոխհատուցման չափը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը դատարանի համար սահմանել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով փոխհատուցման չափը պարզելու պարտականություն, ուստի դատարանը սահմանափակված չէ ձեռքբերողի կողմից ներկայացված պահանջում նշված գումարի չափով, այն պայմաններում, երբ օտարվող սեփականության սեփականատերը կամ այլ գույքային իրավունք ունեցող անձը վիճարկում են օտարվող սեփականության շուկայական գինը։ Նման պայմաններում դատարանը սահմանափակված չէ ձեռքբերողի կողմից պահանջվող գնով վեճի առարկա օտարվող սեփականության օտարման պահանջով։ Հակառակ մեկնաբանման արդյունքում, կարող է առաջանալ մի իրավիճակ, երբ ձեռքբերող ընկերությունը կարող է դատարան ներկայացնել շուկայական գնից էականորեն տարբերվող գնով սեփականության օտարման պահանջ, իսկ դատարանը պարզելով օտարվող սեփականության իրական արժեքը, հնարավորություն չի ունենա օրենքի պահանջներին համապատասխանող փոխհատուցման չափ ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ կամ այլ գույքային իրավունք ունեցող անձի համար՝ ոչ արդյունավետ դարձնելով ոլորտային դատավարությունը և վերջնարդյունքում ի չիք դարձնելով փոխհատուցման չափը դատարանի կողմից որոշելու Օրենսդրի հետապնդած նպատակը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման մեկնաբանման արդյունքում կապահովվի բարենպաստ հավասարակշռություն՝ հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրությամբ սահմանված «գույք» հասկացությունը ավելի լայն է մեկնաբանվում, քան ներպետական օրենքներում։ Վերոնշյալ վճիռներում Եվրոպական դատարանը փաստել է, որ Կոնվենցիայով նախատեսված «գույք» հասկացությունը ինքնավար մեկնաբանություն ունի, և ներառում է ոչ միայն նյութական աշխարհում գոյություն ունեցող որևէ առարկա, որը սեփականության իրավունքով պատկանում է անձին, այլ նաև՝ գույքային իրավունքը։ Եվրոպական դատարանը իր վճիռներով փաստել է նաև, որ կան որոշակի հանգամանքներ, որոնց պարագայում անձինք կարող են ունենալ «օրինական ակնկալիք», հետևաբար նաև «գույք» Կոնվենցիայի տեսանկյունից։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործերով դատարանները պետք է առաջնորդվեն ոչ միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված oտարվող սեփականության չափանիշներով, այլ նաև Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված սեփականության իրավունքի վերաբերյալ տրված մեկնաբանություններով։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, նաև որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներն իրենց արտացոլումն են գտել Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունում։ Մասնավորապես, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը սահմանել է, որ «օտարվող սեփականություն» հասկացությունն իր մեջ ընդգրկում է ոչ միայն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած, այլև հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտները, այդ թվում՝ գույքային իրավունքները։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Դատարանը 26․03․2019 թվականի վճռով սկզբնական հայցը բավարարել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը մերժել է։ Դատարանն իր վճիռը, ի թիվս այլնի, պատճառաբանել է հետևյալով՝ «(․․․) Փաստորեն, դատարանը գտնում է, որ փոխհատուցման գումարը կազմում է 93.955.000 /գույքի գնահատման արժեք՝ 81.700.000 ՀՀ դրամ + օրենքով սահմանված 15 տոկոս ավել գումար՝ 12.255.000 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ, որը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից Վարդան Պետրոսյանին նշված գումարը վճարելուց հետո Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետք է դադարեցնել Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը՝ դրանք ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության սեփականությունը: Անդրադառնալով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված փոխհատուցման գումարի չափին, որի համար հիմք է հանդիսացել «Անիկոմ» ՍՊ ընկերության կողմից տրված թիվ ՊԳ 04/27/01 անշարժ գույքի վերագնահատման հաշվետվությունը, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում որպես փոխհատուցման գումարի չափի հիմք պետք է դիտել դատարանի կողմից նշանակված փորձաքննության արդյունքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018թ. տրված թիվ 43831607 Փորձագետի եզրակացությունը (․․․)»:
Վերաքննիչ դատարանը 25․10․2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է, և Դատարանի 26․03․2019 թվականի վճիռը՝ Վարդան Պետրոսյանին 93.255.000 ՀՀ դրամ, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար պատասխանողին վճարել թույլատրելու մասով բեկանել և փոփոխել է, այն է՝ Ընկերությանը թույլատրել է Վարդան Պետրոսյանին վճարել 71․645․000 ՀՀ դրամ՝ որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման փոխհատուցման գումար։ Իր դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ «(...) Դատարանը հայցը պետք է քններ նշված պահանջների շրջանակներում և կատարեր եզրահանգում` դրանք բավարարելու կամ մերժելու մասին: Այսինքն` Դատարանը պարտավոր է եղել հայցը քննել ներկայացված կոնկրետ պահանջի` Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը 62.300.000 ՀՀ դրամով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին օտարելու շրջանակներում: Մինչդեռ Դատարանը, հիմնավոր համարելով հայցվորի ներկայացրած պահանջն այն պատճառաբանությամբ, որ վերջինս գերակա հանրային շահ ճանաչված բնակարանի սեփականատիրոջից այն փոխհատուցման դիմաց ձեռք բերելու ուղղությամբ օրենքի պահանջներին համապատասխան կատարել է բոլոր գործողությունները, սակայն վերջինիս կողմից որևէ արձագանք կամ գործողություն նրա առաջարկներին չի կատարվել, հայցը չի քննել ներկայացված կոնկրետ պահանջի` Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 25 շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը 62.300.000 ՀՀ դրամ գումարի չափով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին օտարելու շրջանակներում` արձանագրելով, որ «փոխհատուցման գումարը կազմում է 93.955.000 /գույքի գնահատման արժեք՝ 81.700.000 ՀՀ դրամ + օրենքով սահմանված 15 տոկոս ավել գումար՝ 12.255.000 ՀՀ դրամ/ ՀՀ դրամ, որը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի կողմից Վարդան Պետրոսյանին նշված գումարը վճարելուց հետո Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ պետք է դադարեցնել Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը՝ դրանք ճանաչելով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի սեփականությունը»: Արդյունքում` Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից ոչ թե հայցի առարկայի (Դատարանը, հասարակության և պետության կարիքների համար գործընթացի շրջանակներում, քննել և վճիռ է կայացրել հայցով` հայցի առարկայի փոփոխման վերաբերյալ դիմումով, պահանջված կոնկրետ հասցեի անշարժ գույքը հայցվորին օտարելու պահանջ), այլ հայցագնի ավելացման մասով վճիռ կայացնելով:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցի պարզմանը, թե արդյոք Դատարանի կողմից հայցվորին օտարված անշարժ գույքն ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանում է պատասխանողին` հաշվի առնելով դրա վերաբերյալ բողոքաբերի փաստարկները, ըստ որի` Դատարանը հայցվորին է վաճառել մի գույք` ինքնակամ շինություն, որը պատասխանողին չի էլ պատկանել, այն պատճառով, որ դա ինքնակամ շինություն է (...)»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը և՛ սկզբնական հայցով, և՛ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացությունից հետո ներկայացրած հայցի առարկայի փոփոխության մասին դիմումով որպես դատարանին ուղղված պահանջ ներկայացրել է Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեի անշարժ գույքը Ընկերությանն օտարելու պահանջ։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատվել է այն փաստը, որ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Պետրոսյանի, Վարդան Պետրոսյանի սեփականության իրավունքը Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ՝ Սպանդարյանի շրջգործկոմի՝ 05.10.1995 թվականի թիվ 35/85 որոշման հիման վրա։ Հաստատվել է նաև այն, որ նույն հասցեում առկա է 82,3քմ մակերեսով ինքնակամ կառույց, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․ Ներսիսյան) 18.09.2015 թվականի որոշմամբ գործով պատասխանող է ճանաչվել միայն Վարդան Պետրոսյանը, քանի որ Վոլոդյա Պետրոսյանը մահացել է:
Վերաքննիչ դատարանն իր 25․10․2019 թվականի որոշումը, ի թիվս այլ հիմքերի, պատճառաբանել է հետևյալով․ «(․․․) Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվում է անձին պատկանող սեփականությունը, իսկ տվյալ դեպքում Տերյանի փողոցի 25 շենքի թիվ 19 հասցեում գտնվող 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունը, ինչպես արդեն նշվեց, չի համարվում սույն գործով պատասխանող Վարդան Պետրոսյանի սեփականությունը` դրա նկատմամբ չի ճանաչվել վերջինիս սեփականության իրավունքը, որպիսի պայմաններում նշված հասցեում գտնվող անշարժ գույքը չի կարող օտարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով, մինչդեռ Դատարանը, հայցվորին թույլատրելով պատասխանողին վճարել 93.255.000 ՀՀ դրամ` որպես նշված հասցեում գտնվող անշարժ գույքի փոխհատուցման համար նախատեսված գումար, դրա մեջ ներառել է նաև պատասխանողին պատկանող վերը նշված ինքնակամ շինությունը (․․․)»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարդան Պետրոսյանի «օտարվող սեփականության», դրա դիմաց համարժեք փոխհատուցման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ․
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի գործողությունը տարածվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև համայնքներին (այսուհետ՝ սեփականատերեր) սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտների (անշարժ կամ շարժական գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր և այլն) վրա (այսուհետ՝ օտարվող սեփականություն):
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման սահմանադրական պայմաններն են՝ ա) օտարումը պետք է իրականացվի օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով. բ) օտարվող սեփականության դիմաց պետք է տրվի նախնական և համարժեք փոխհատուցում։
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ ինչպես նյութական ապրանքները, այնպես էլ որոշ այլ իրավունքներ կամ շահ կարող են համարվել «գույքային իրավունքներ», հետևաբար նաև «գույք»՝ Կոնվենցիայի նույն հոդվածի տեսանկյունից։ Յուրաքանչյուր դեպքում քննության ենթակա խնդիրն այն է, թե արդյոք գործի հանգամանքները, որպես ամբողջությամբ դիտարկմամբ, դիմումատուին շնորհում են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային շահի իրավունք (տե՛ս, Iatridis v. Greece (31107/96) գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի վճիռը 54-րդ կետ, Beyeler v. Italy (33202/96) գործով Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի վճիռը, 100-րդ կետ, Broniowski v. Poland (31443/96) Եվրոպական դատարանի 05․01․2000 թվականի 22․06․2004 թվականի վճիռը, 129-րդ կետ):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, սահմանելով օտարվող սեփականության հասկացությունը և դրա համար սահմանելով նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու իմպերատիվ պահանջ՝ օտարվող սեփականության հասկացության տակ նկատի է ունեցել ոչ միայն անձանց՝ պետական գրանցում ստացած սեփականության իրավունքը, այլ նաև անձանց՝ հաշվառված սեփականության իրավունքի բոլոր օբյեկտները։ Այլ կերպ ասած, հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման պարագայում նախնական և համարժեք փոխհատուցում պետք է տրամադրվի ոչ միայն այն անձանց, որոնք ունեն պետական գրանցում ստացած սեփականության իրավունք՝ օտարվող սեփականության նկատմամբ, այլ նաև այն անձանց, որ նշված գույքի նկատմամբ ունեն հաշվառված գույքային իրավունքներ։
Վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող 82,3քմ մակերեսով հաշվառված ինքնակամ շինությունը Վարդան Պետրոսյանին սեփականության իրավունքով չպատկանելու, և այդ հիմքով փոխհատուցում չտրամադրելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օտարվող սեփականության վերաբերյալ օրենսդրի սահմանած տրամաբանությունից։ Ավելին, դրանք հակասում են նաև Եվրոպական դատարանի վճիռներում Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում «գույք» հասկացությանը տրված մեկնաբանությանը։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով «օտարվող սեփականություն» հասկացությունը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նաև Եվրոպական դատարանի կողմից «գույք» հասկացության վերաբերյալ տրված իրավական մեկնաբանությունները՝ երաշխավորելու համար օտարվող սեփականության գույքային իրավունքներ ունեցող անձանց՝ Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 010064-8 մատյանի 00007 համարի տակ գրանցվել է Վոլոդյա Ռուստամի Պետրոսյանի, Վարդան Վոլոդյայի Պետրոսյանի սեփականության իրավունքը։ Տվյալ հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3 քմ օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարան հասցեում գտնվող 87քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինությունից և 82,3քմ հաշվառված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի հավանական շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կարող է կազմել 81.700.000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով սույն գործով հաստատված փաստերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի կարգավորումը, այնպես էլ՝ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի թիվ 1-ին արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումը և հաշվի չի առել այն հանգամանքը, որ օտարվող սեփականության հետ մեկտեղ նույն՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում առկա է ինքնակամ՝ 82,3քմ մակերեսով օգտագործվող նկուղ, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում։ Ավելին, վերոնշյալ ինքնակամ կառույցի՝ ինքնակամերի մատյանի 1-745 համարում հաշվառվելու մասին գրառման առկայությունը՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից 13.12.2007 թվականին տրված թիվ 2282577 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականում նույնպես վկայում է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 բնակարանի սեփականատերն ունի որոշակի օրինական ակնկալիք՝ ստանալու փոխհատուցում նշված կառույցն օգտագործելու իրավունքին միջամտության դիմաց։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելիս անտեսել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումն այն մասին, որ համարժեք փոխհատուցում է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը։
Անհիմն է նաև Վերաքննիչ դատարանի կողմից ընդհանուր իրավասության դատարանին հայցի շրջանակներից դուրս գալու խախտում վերագրելը, քանի որ իր այդ դիրքորոշումն արտահայտելիս Վերաքննիչ դատարանն անտեսել է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի այն իրավակարգավորումը, համաձայն որի՝ որոշակի պայմաններում գույքը ձեռքբերողի կողմից սեփականության օտարման հայցով դատարան դիմելու դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխհատուցման չափը որոշելիս Դատարանը հիմք ընդունելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 26.04.2018 թվականի թիվ 43831607 փորձագետի եզրակացությունը (համաձայն որի՝ Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող 87․0քմ մակերեսով սեփականության իրավունքով գրանցված շինության և 82․3քմ հաշվառված ինքնակամ կառույցի շուկայական արժեքը փորձաքննության անցկացման օրվա դրությամբ կազմում է 81․700․000 ՀՀ դրամ), ինչպես նաև «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը համարժեք փոխհատուցման վերաբերյալ, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ։ Դատարանի 26․03․2019 թվականի վճռով որպես փոխհատուցման գումար 93.255.000 ՀՀ դրամի չափով տրամադրելը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան իրավաչափ է և ապահովում է բարենպաստ հավասարակշռություն՝ հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ամբողջությամբ օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։ Միաժամանակ նկատի ունենալով, որ Դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ պատճառաբանում է Դատարանի դատական ակտը»:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ «ՊրոԿրեդիտ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (հետագայում՝ «Ինեկոբանկ ՓԲԸ) և «Նու Վա Թրեյդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Պարտապան) միջև 12.06.2013 թվականին կնքվել է Գլխավոր վարկային թիվ FW4.135 պայմանագիր (այսուհետ նաև՝ Գլխավոր վարկային պայմանագիր):
Բանկի, Վաչագան Նուշիկյանի (այսուհետ՝ Երաշխավոր) և Պարտապանի միջև 07.10.2014 թվականին կնքվել է թիվ 52552 երաշխավորության պայմանագիր (այսուհետ նաև՝ Երաշխավորության պայմանագիր):
Երաշխավորության պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ երաշխավորը պարտավորվել է իր դրամական միջոցներով (այդ թվում՝ բանկային հաշիվներին առկա), ինչպես նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով (շարժական և անշարժ) համապարտ պատասխանատվություն կրել Պարտատիրոջ առջև՝ վերջինիս և Պարտապանի միջև 12.06.2013 թվականին Երևան քաղաքում կնքված գլխավոր վարկային պայմանագրով, այդ թվում՝ դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով (Գլխավոր և ենթավարկային պայմանագրերը միասին այսուհետ Վարկային պայմանագիր) Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Երաշխավորության պայմանագրի 1.5.1, 1.5.2 և 1.5.3 ենթակետերով սահմանվել է՝ Երաշխավորը տալիս է իր անվերապահ համաձայնությունը, որպեսզի Երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում առանց իր լրացուցիչ համաձայնությունը ստանալու
-փոփոխվեն Գլխավոր պայմանագրով կամ դրա հիման վրա կնքված/կնքվելիք ենթավարկային պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցերը /ենթակետ 1.5.1/:
Փոփոխվեն կամ հանվեն Հիմնական պարտավորության ապահովման մյուս միջոցները /ներառյալ գրավից ազատվեն գրավադրված գույքերը/ /ենթակետ 1.5.2/:
Պատասխանատվություն կրել պարտատիրոջ կողմից Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու բոլոր դեպքերում՝ ներառյալ սույն Պայմանագրի գործողության ընթացքում Պարտապանի կողմից Պարտատիրոջ հանդեպ ստանձնած/ստանձնելիք պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Հիմնական պարտավորության վաղաժամկետ կատարում պահանջելու դեպքերը /ենթակետ 1.5.3/:
Երաշխավորության պայմանագրի 3.1 կետի համաձայն՝ Պայմանագիրը դադարում է հիմնական պարտավորության՝ ամբողջ ծավալով կատարման պահից, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
Երաշխավորը սույնով միաժամանակ հավաստում է, որ նույն կետում նշված համաձայնությունը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով տրված համաձայնություն, ուստիև վերոնշյալ 1.5.1.-1.5.3. ենթակետերում նշված դեպքերը չեն հանգեցնում երաշխավորության դադարմանը:
Բացի վերոհիշյալ պայմաններից այլ բացառություններ չեն սահմանվել:
Երաշխավորության պայմանագրի կնքման օրը՝ 07.10.2014 թվականին, 15․07․2013 թվականին կնքված թիվ 4․4811/FW4.135 ենթավարկային բանկային երաշխիքի պայմանագրի (այսուհետ՝ Երաշխիքի պայմանագիր) գործողության ժամկետը սահմանված է եղել մինչև 01․10․2017 թվականը։
Բանկի և Պարտապանի միջև 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով առանց երաշխավորի համաձայնությունը ստանալու Երաշխիքի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է և սահմանվել է համապատասխանաբար մինչև 01․10․2018 թվականը և 01․10․2019 թվականը ներառյալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով սահմանված պայմանագրի մեկնաբանման կանոնների լույսի ներքո գնահատելով Երաշխավորության պայմանագրի պայմանները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի 1․1 կետը սահմանում է, որ Երաշխավորը տալիս է համաձայնություն պատասխանատվություն կրել ոչ թե Պարտապանի կողմից Բանկի հանդեպ ստանձնելիք բոլոր պարտավորությունների համար, այլ նրանց միջև կնքված Գլխավոր վարկային պայմանագրով և դրա ներքո կնքված ենթավարկային պայմանագրերով ստանձնելիք պարտավորությունների համար։
Միաժամանակ Երաշխավորության պայմանագիրը կնքելիս կողմերը տեղյակ են եղել օրենքի ուժով երաշխավորության դադարման ինստիտուտին և կարևորելով իրենց միջև առաջացող երաշխավորության իրավահարաբերությունների ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով դադարման դեպքերի հետ կապված հարցերի կարգավորումը, նախօրոք սահմանել են այն դեպքերի սպառիչ ցանկը (Երաշխավորության պայմանագրի 1․5 կետ և 1.5.1-1.5.3 ենթակետեր), որոնց առաջ գալու պայմաններում վիճելի երաշխավորության պարտավորությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, չի կարող դադարել, քանի որ երաշխավորը, տվյալ դեպքում` բողոք բերող անձը, նախօրոք տալիս է իր համաձայնությունը` երաշխավորության պարտավորությամբ ապահովված պարտավորության կողմերի կողմից նշված ապահովված պարտավորության հնարավոր փոփոխությունների մի մասի սպառիչ դեպքերի վերաբերյալ, որը նշանակում է, որ նշված սպառիչ դեպքերից բացի մնացած բոլոր դեպքերի համար նախօրոք համաձայնություն չի տվել և այդ դեպքերի համար Բանկը պարտավոր էր ստանալ Երաշխավորի համաձայնությունը:
Երաշխավորության պայմանագրի 1․5 կետով և 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված է, որ Բանկը և Պարտապանը առանց Երաշխավորի համաձայնության կարող են փոփոխել պարտավորության մարման ժամանակացույցերը, ինչը որևէ կերպ չի կարող նույնացվել պայմանագրի գործողության ժամկետի հետ:
Քննարկվող դեպքում Բանկը և Պարտապանը փոփոխել են Երաշխիքի պայմանագրի գործողության ժամկետը՝ երկարաձգելով այն, այլ ոչ թե Երաշխիքի պայմանագրով սահմանված պարտավորության կատարման ժամկետը։
Երաշխիքի պայմանագրով պարտավորության կատարման ժամկետը սահմանված է այդ պայմանագրի 2.2.2 կետով, համաձայն որի՝ Բանկի կողմից Երաշխիքի գումարը կամ դրա մի մասը Բենիֆիցիարին վճարելու պահից Պրինցիպալը (Պարտապանը) պարտավորվում է վճարման նույն բանկային օրվա ընթացքում փոխհատուցել Բանկին Բենիֆիցիարին վճարված գումարները։ Սա նշանակում է, որ Երաշխիքի պայմանագրով պարտավորության կատարման ժամկետը և այդ պայմանագրի գործողության ժամկետը չեն համընկնում կամ դրանց համար սահմանված ժամանակի պահերը չեն նույնանում։ Հիշյալ կետում սահմանված է երաշխիքի գումարի փոխհատուցումը միանվագ կամ մեկ անգամ կատարելու ժամանակը, իսկ ժամանակացույցը վերաբերում է պարտավորությունը մաս-մաս և պարբերական կատարելուն, այսինքն՝ այն պարտավորությունների կատարման գրաֆիկ է, իսկ միանվագ կամ մեկ անգամ կատարելու ժամանակը գրաֆիկ չի կարող համարվել, հետևաբար Վերաքննիչ դատարանն սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագրի 1․5 կետով և 1.5.1-1.5.3 ենթակետերով սահմանված պայմանները, քանի որ դրանցում խոսք է գնում պարտավորությունների մարման ժամանակացույցի, այլ ոչ թե պայմանագրի գործողության ժամկետի մասին։
Այն, որ Երաշխավորը Բանկի, Պարտապանի և Երաշխավորի, ինչպես նաև Բանկի և Պարտապանի միջև կնքված գործարքներով Երաշխիքի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու համաձայնություն չի տվել, տվյալ դեպքում չի վիճարկվել և չի վիճարկվում: Սակայն 28.09.2017 թվականին և 27.09.2018 թվականին կնքված համաձայնագրերով երկարաձգվել են Ենթավարկային բանկային երաշխիքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետները, որը Երաշխավորի համար առաջացրել է անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ երկարաձգվել է Երաշխավորության պայմանագրով ապահովված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար երաշխավորի պատասխանատվություն կրելու ժամկետը, ինչն էլ հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետի ուժով Երաշխավորության դադարման համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Երաշխավորության պայմանագիրը, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման բավարարելով Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով՝ նշելով, որ «առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։
Նախ ցանկանում եմ նշել, որ նման՝ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» վերնագրով օրենք այլևս գոյություն չունի․ օրենքի վերնագիրը փոխվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից դեռևս 24․10․2018 թվականին ընդունված և 08.11.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՕ-405-Ն օրենքով, ու վերնագիրը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»: Այնուամենայնիվ, եթե Վճռաբեկ դատարանը վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի է համարել նախկին վերնագրով օրենքի համապատասխան նորմը, որը ես, հաշվի առնելով սույն գործի հանգամանքները, կհամարեի իրավաչափ, ապա նման պայմաններում պարտավոր էր այդ մասին համապատասխան նշում կատարել իր կողմից կայացված որոշման մեջ, որը տվյալ դեպքում բացակայում է։
Ավելին՝ նշված օրենքի 2-րդ հոդվածն ընդունման պահից չի ունեցել և այժմ ևս չունի 2-րդ մաս, առավել ևս՝ «բ» կետ։
Ցանկանում եմ նաև կարծիք հայտնել հետևյալի մասին․
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 25.10.2019 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26․03․2019 թվականի վճռին՝ նույն որոշման պատճառաբանություններով։
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանք կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգումների գալու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ նշել է, որ՝
- «նույն հասցեում առկա է 82,3քմ մակերեսով ինքնակամ կառույց, որը հաշվառվել է ինքնակամերի մատյանի 1-745 համարում»,
- «Վերաքննիչ դատարանի կողմից Երևան քաղաքի Տերյան փողոցի 25-րդ շենքի թիվ 19 հասցեում գտնվող 82,3քմ մակերեսով հաշվառված ինքնակամ շինությունը Վարդան Պետրոսյանին սեփականության իրավունքով չպատկանելու, և այդ հիմքով փոխհատուցում չտրամադրելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով օտարվող սեփականության վերաբերյալ օրենսդրի սահմանած տրամաբանությունից։ Ավելին, դրանք հակասում են նաև Եվրոպական դատարանի վճիռներում Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին մասում «գույք» հասկացությանը տրված մեկնաբանությանը»,
- « «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով «օտարվող սեփականություն» հասկացությունը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել նաև Եվրոպական դատարանի կողմից «գույք» հասկացության վերաբերյալ տրված իրավական մեկնաբանությունները՝ երաշխավորելու համար օտարվող սեփականության գույքային իրավունքներ ունեցող անձանց՝ Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը»։
Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում թույլ տալը վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ․
Ինչպես արդեն նշեցի վերը, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող բացառապես վերը նշված նյութական իրավունքի նորմերի խախտում թույլ տալը վերագրել է, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ համապատասխան փոխհատուցումը պետք է տրվեր նաև «ինքնակամների մատյան»-ում որպես ինքնակամ կառույց հաշվառված 82,3 քմ մակերեսով նկուղի նկատմամբ, որը տվյալ դեպքում անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Դրանից ելնելով՝ անհրաժեշտ եմ համարում պարզել՝ արդյո՞ք նշված նորմերն օտարվող գույք են համարում նաև ինքնակամ կառույցը և նույն օրենքի իմաստով ձեռք բերող հանդիսացող անձի համար պարտականություն են նախատեսում փոխհատուցելու նաև ինքնակամ շինության համար։
Այսպես՝
Տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերության նկատմամբ ենթակա է կիրառման այդ իրավահարաբերության ծագման ժամանակ գործող՝ մինչև 08․11․2018 թվականը գործող խմբագրությամբ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը։ Նշված օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝
«1. Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:
2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց և մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:
3. Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Օտարվող սեփականության շուկայական արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որևէ նվազեցում կամ ավելացում, որը պայմանավորված է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝
ա) այն նպատակով, որի համար օտարվում է սեփականությունը.
բ) հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հանգամանքով.
գ) ձեռքբերողի ցանկացած նախնական գործողությամբ, որը կապված է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման հետ (այդ թվում՝ նախնական ուսումնասիրությունը).
դ) սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքներով:
5. Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից այդ կապակցությամբ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ) հատուցում է ձեռքբերողը:
6. Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումը տրվում է օտարվող սեփականության դիմաց տրվող փոխհատուցման գումարից»:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
«1. Եթե ձեռքբերողի կողմից փոխհատուցման գումարը դեպոզիտ հանձնելուց հետո` յոթ օրվա ընթացքում, չի կնքվում օտարման պայմանագիրը կամ սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն սեփականությունը չի օտարվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկամսյա ժամկետում սեփականության օտարման հայցով դիմել դատարան: Այս դեպքում դատարանի քննարկման առարկա կարող է լինել միայն փոխհատուցման չափի հարցը:
2. Եթե դատարանը փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշելուց հետո պարզում է, որ եթե՝
ա) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած փոխհատուցման ենթակա գումարը համարժեք կամ ավելի է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց փոխհատուցման ենթակա գումարից, ապա սեփականությունը դատական կարգով օտարվում է դեպոզիտ հանձնած գումարի չափով փոխհատուցմամբ, ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռք բերողին չի վերադարձվում.
բ) ձեռքբերողի կողմից դեպոզիտ հանձնած գումարը պակաս է դեպոզիտ հանձնելու օրվա դրությամբ սեփականության օտարման դիմաց համարժեք փոխհատուցման ենթակա գումարից, ապա փոխհատուցման գումարը հաշվարկվում է դատարանի կողմից՝ այդ օրվա դրությամբ: Դատարանի վճռում պետք է նշվի դեպոզիտ հաշվին վճարման ենթակա փոխհատուցման լրացուցիչ գումարը»։
Կարծում եմ, որ վերը նշված նորմերի մեկնաբանությունը թույլ չի տալիս հետևություն անել այն մասին, որ օտարվող գույք է համարում նաև ինքնակամ կառույցը կամ, որ նույն օրենքի իմաստով ձեռք բերող հանդիսացող անձը պարտավոր է փոխհատուցել նաև ինքնակամ շինության համար։ Ավելին՝ ինչպես Վճռաբեկ դատարանի վկայակոչած վերը նշված նորմերի, այնպես էլ ամբողջ օրենքի համապատասխան իրավակարգավորումներից բխում է, որ օրենքի կարգավորման օբյեկտի առումով այդպիսին է հանդիսանում հասարակության և պետության կարիքների համար ֆիզիկական ու իրավաբանական անձին բացառապես սեփականության իրավունքով պատկանող գույքը, և նշված օրենքը սահմանում է հենց այդ գույքի նաև օտարման հիմքը և կարգը, ու հենց այդ գույքի դիմաց փոխհատուցման տրման կարգը։
Ամփոփելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ նման պայմաններում նման շարժառիթներով Վերաքննիչ դատարանին չէր կարող վերագրվել արդարադատության բուն էությունը խաթարող «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի, 11-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտում թույլ տալը։
Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|