ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7738/05/18 2022 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/7738/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Լ. Հակոբյան |
2022 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով Վարդան Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Մկրտչյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության 17.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808053826 որոշումն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Վարդան Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 17.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808053826 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 23.11.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մկրտչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը, վարչական ակտը կայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1)։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, թե անձը վարչական պատասխանատվության է ենթարկվել այնպիսի նշանի պահանջը չկատարելու համար, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ չի կարող անձի համար որևէ պատասխանատվություն վրա հասնել` գոյություն չունեցող և ՀՀ օրենսդրությամբ չսահմանված իրավանորմի խախտման համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել, կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Վարդան Մկրտչյանը, 04.05.2018 թվականին վարելով «BMW» մակնիշի 35AX162 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում երթևեկել է «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (հատոր 1-ին, գ.թ. 4):
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վարդան Մկրտչյանի նկատմամբ Ծառայության 17.05.2018 թվականի թիվ 1808053826 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է ՀՀ կառավարության 28․06․2007 թվականի թիվ 955-Ն որոշման 1-ին Հավելվածի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (հատոր 1-ին, գ.թ. 4):
3) Ծառայության պետի 20.06.2018 թվականի թիվ 17-13-63422-18/17-13-1907 որոշմամբ Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808064915, 1808059112, 1808058546, 1808053826, 1808053177, 1808049543, 1808040552 որոշումները թողնվել են անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման (հատոր 1-ին, գ.թ. 5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործերով ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում (ՀՀ վարչական դատարանի 19.04.2018 թվականի թիվ ՎԴ/11959/05/17, 04.05.2018 թվականի թիվ ՎԴ/2302/05/18, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.07.2019 թվականի թիվ ՎԴ/8394/05/18, 07.11.2019 թվականի թիվ ՎԴ/3146/05/18 և 08.11.2019 թվականի թիվ ՎԴ/5135/05/18 վարչական գործերով դատական ակտեր) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը և Որոշում 1-ը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ:
Միևնույն ժամանակ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Վարչական ակտը կայացնելու պահին գործող խմբագրությամբ Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:
Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:
Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:
ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում 2) հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`
ա) նախազգուշացնող,
բ) առավելության,
գ) արգելող,
դ) թելադրող,
ե) հատուկ թելադրանքի,
զ) տեղեկատվական,
է) սպասարկման,
ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):
Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշումներից մեկով, վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, արձանագրել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (տե՛ս Սարգիս Ղշյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/8961/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական ակտը կարող է ընդունվել նաև լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների, նշանների կամ օրենքով նախատեսված այլ ձևով (այսուհետ՝ այլ ձևի վարչական ակտեր)։ Այս նորմին համապատասխան ճանապարհային նշանը հանդիսանում է վարչական ակտ և ճանապարհային նշանին, որպես վարչական ակտի, վերաբերելի է նաև նույն օրենքի 56-րդ հոդվածով վարչական ակտին ներկայացվող որոշակիության պահանջը:
Վերը նշված նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նախկինում կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, կրկին եզրահանգում է, որ այն ճանապարհային նշանը, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1373-Ն որոշման Հավելվածով սահմանված նկարագրին, իր բովանդակությամբ անորոշ է և չի համապատասխանում վարչական ակտին ներկայացվող որոշակիության պահանջին, և ըստ այդմ՝ այդ նշանի հասցեատերերին հնարավորություն չի տալիս հստակ կարգավորել իրենց վարքագիծը: Ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է ենթարկվել այն ճանապարհային նշանի պահանջին, որը սահմանված է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Կանոններում և միաժամանակ նկարագրված է ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1373-Ն որոշման Հավելվածում: Ըստ այդմ՝ անձը կարող է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ճանապարհային նշանի պահանջը խախտելու համար ենթարկվել վարչական պատասխանատվության միայն այն դեպքում, երբ խախտվել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Կանոններով սահմանված և միաժամանակ ՀՀ կառավարության 20.11.2008 թվականի թիվ 1373-Ն որոշման Հավելվածում նկարագրված ճանապարհային նշանի պահանջը (տե՛ս Լևոն Աղաջանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/2110/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.08.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վարդան Մկրտչյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 17.05.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1808053826 որոշումը:
Դատարանը 23.11.2018 թվականի վճռով հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ Ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի տեսուչը հաշվի չի առել այն հանգամանքը, որ «BMW» մակնիշի 35AX162 համարանիշի տրանսպորտային միջոցը չի խախտում որևէ գծանշման կամ ճանապարհային նշանի պահանջ, որի պարագայում իրավախախտման հատկանիշները չէին կարող համարվել պարզված, քանզի տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունն առնվազն պետք է կասկած հարուցեր այն մասին, թե արդյո՞ք «BMW» մակնիշի 35AX162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ք. Երևան, Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի պահպանել Որոշում 1-ի Հավելված 1-ի ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը, եթե Որոշում 1-ի Հավելված 1-ի ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» հատուկ թելադրանքի ճանապարհային նշանով հետադարձի հնարավորություն նախատեսված չէ, հետևաբար, Որոշում 1-ի Հավելված 1-ով գոյություն չունեցող ճանապարհային նշանի պահանջը չկատարելը չի կարող վարչական զանցակազմի հիմք հանդիսանալ, որպիսի պարագայում այդ արարքի հատկանիշները չէին համապատասխանի իրավախախտման հատկանիշների հետ և չէին կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվություն:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ BMW մակնիշի 35 AX 162 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 04.05.2018 թվականին` ժամը 12:53-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում չի կատարել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը՝ երթևեկելով «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ: Ընդ որում, տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում, որպիսի պայմաններում հաստատված է համարվում փաստն առ այն, որ հայցվորի կողմից չի պահպանվել Որոշում 1-ի Հավելված թիվ 1-ի Ձև թիվ 1-ի 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը: Բացի այդ, հայցվորի կողմից մուտք գործած երթևեկելի գոտում առկա է եղել նաև հետադարձ թույլատրող ճանապարհային նշան, ինչը ևս վկայում է այն մասին, որ տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չի հարուցում:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, Վարդան Մկրտչյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Վարդան Մկրտչյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսեր են՝ դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսեր:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն, որ Վարդան Մկրտչյանն ինչպես սույն գործով հայցադիմումը, այնպես էլ վճռաբեկ բողոքը ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու, այնպես էլ վճռաբեկ բողոքի համար, հետևաբար, հայցապահանջը բավարարվելու դեպքում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ վճռաբեկ բողոքի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:
Նման պայմաններում սույն գործով հայցադիմում և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքից բացի, այլ դատական ծախս կատարված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 23.11.2018 թվականի վճռին:
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Հ. Բեդևյան Լ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: