Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.21-2023.09.03 Պաշտոնական հրապարակման օրը 23.08.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1586/02/21

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1586/02/21

Նախագահող դատավոր՝

 Ն. Բարսեղյան

Դատավորներ՝

 Տ. Նազարյան

 Ա. Պետրոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15032022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռազմիկ Թոսունյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի աշխատավարձի պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռազմիկ Թոսունյանը պահանջել է անվավեր ճանաչել պատասխանողի 03122020 թվականին տրված թիվ 432 աշխատանքից ազատման հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում ըստ աշխատանքի նկարագրի և պատասխանողից բռնագանձել հարկադիր պարապուրդի աշխատավարձը սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև վճռի կատարումը: 

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 20102021 թվականի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15032022 թվականի որոշմամբ  Ռազմիկ Թոսունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանող Ընկերության միջնորդությունը՝ մերժվել է, և Դատարանի 20.10.2021 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Դատավոր Տ Նազարյանը սույն գործով հայտնել է հատուկ կարծիք։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Հարություն Չադրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ռազմիկ Թոսունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածը,  11-րդ հոդվածի 1-ին մասը, 30-րդ հոդվածը, 265-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործում առկա փաստերի համաձայն Ընկերությունը 04.12.2020 թվականին գրավոր ծանուցել է հայցվորին աշխատանքային պայմանագիրը 10022021 թվականից լուծելու մասին։ Այսինքն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ գրավոր ծանուցվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում՝ պայմանագիրը լուծելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ։ Միաժամանակ Ընկերությունը հայցվորին է տրամադրել աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ անհատական իրավական ակտը (հրամանը), որում հստակ նշված է՝ 10022021 թվականից լուծել աշխատանքային պայմանագիրը։ Հետևաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավակարգավորումը սույն գործին չի առնչվում և ընդհանրապես կիրառելի չէ:

Վերաքննիչ դատարանը, գործում առկա փաստական հանգամանքներն անհիմն կերպով վերլուծել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորման լույսի ներքո, մեջբերել և մանրամասն անդրադարձել է վերոնշյալ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը՝ առանց հաշվի առնելու, որ նշված նորմը և նորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը վերաբերելի չեն սույն գործին, հանգել է սխալ եզրահանգման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.10.2021 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից դատարան դիմելու ժամկետի սկիզբ համարելով ոչ թե աշխատանքից ազատման հրամանի ծանուցման օրը, այլ աշխատանքից ազատման օրը, եկել է ճիշտ եզրահանգման, որից հետևում է, որ հայցվորը բաց չի թողել դատարան դիմելու երկամսյա ժամկետը, ուստի նման պայմաններում սույն գործով չի կարող կիրառվել հայցային վաղեմություն։

Ելնելով վերոգրյալից խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել և անփոփոխ թողնել Վերաքննիչ դատարանի դատական ակտը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 Հայցվորի և Ընկերության միջև 01.02.2013 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագիրը, 02.05.2013 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագրի փոփոխման թիվ 13/073/10.8/2 համաձայնագիրը, 08.01.2016 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագրի փոփոխման թիվ 13/073/10.8/4 համաձայնագիրը և 08.01.2018 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագրի փոփոխման թիվ 13/073/10.8/5 համաձայնագիրը, որի համաձայն Հայցվորը 08.01.2018 թվականից նշանակվել է Ընկերության «Գյումրի» մասնաճյուղի երրորդ կարգի վարկային մասնագետի պաշտոնում (հատոր 1-ին, գթ 54-71)։

2. Ընկերության տնօրենների խորհրդի 23.11.2020 թվականի թիվ 46/2020 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր վարչակազմակերպական կառուցվածքը և հաստիքացուցակը, որոնք ուժի մեջ են մտել 27112020 թվականից: Միաժամանակ նշված ամսաթվից ուժը կորցրած են ճանաչվել 30.04.2020 թվականի տնօրենների խորհրդի թիվ 15/2020 որոշմամբ հաստատված Ընկերության վարչակազմակերպական կաոուցվածքը և հաստիքացուցակը: Ընկերության հաստիքացուցակի փոփոխության (նոր հաստիքացուցակի հաստատման) արդյունքում, ի թիվս մի շարք հաստիքների (ընդհանուր թվով 164 հաստիք), կրճատվել է նան Ընկերության «Գյումրի» մասնաճյուղի երրորդ կարգի վարկային մասնագետի հաստիքը  (հատոր 1-ին, գթ 76-114)։

3. Ընկերությունը ծանուցել է Ռազմիկ Թոսունյանին վերջինիս կողմից զբաղեցրած Ընկերության «Գյումրի» մասնաճյուղի երրորդ կարգի վարկային մասնագետի հաստիքի կրճատման ն աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով 10022021 թվականից լուծվելու մասին, միաժամանակ 04.12.2020 թվականին վերջինիս է տրամադրել նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանը: Ռազմիկ Թոսունյանը 04.12.2020 թվականին առձեռն ստացել է վերոնշյալ ծանուցումը և հրամանը, սակայն հրաժարվել է դրանց ստացման վերաբերյալ համապատասխան նշում կատարել, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ (հատոր 1-ին, գթ 72-75)։

4. Հայցվոր Ռազմիկ Թոսունյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանն առձեռն ստացել է 04.12.2020 թվականին, իսկ սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացրել 22.03.2021 թվականին (հատոր 1-ին, գթ 4-6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ սույն գործով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ աշխատանքային վեճերով հայցային վաղեմության կիրառման առանձնահատկություններին

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմությունն իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների համար հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի։ Պահանջների որոշ տեսակների համար օրենքներով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար` հատուկ ժամկետներ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ դատարան դիմելու երկամսյա ժամկետին, նախկինում կայացրած իր որոշմամբ նշել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը չի կարգավորում երկամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորի իրավունքների պաշտպանության հարցը, սակայն հոդվածի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դրանով սահմանված ժամկետն այնպիսի ժամկետ է, որի ընթացքում հայցվորը կարող է հայց ներկայացնելու միջոցով ակնկալել խախտված իրավունքների պաշտպանություն։ Հետևաբար, այդ ժամկետն իր բնույթով համապատասխանում է հայցային վաղեմության ժամկետին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է եղել ընդհանուր վաղեմության ժամկետի համեմատությամբ կրճատ՝ երկամսյա վաղեմության ժամկետ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաղեմության երկամսյա ժամկետը՝ որպես հայցային վաղեմության հատուկ ժամկետ, տարածվում է միայն նույն հոդվածով նախատեսված՝  աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերով դատարան ներկայացրած հայցերի նկատմամբ, և որպես օրինական հիմքերի բացակայությամբ կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով աշխատանքի պայմանները փոփոխվելու կամ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետևանք՝ հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջի վրա:

Անդրադառնալով աշխատանքային վեճերով հայցային վաղեմության կիրառման խնդրին` Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ նշել է նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ որևէ դրույթ, ուստի աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի` հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ դրույթները (տե՛ս, Ադիկ Արդարյանն ընդդեմ Մարզադպրոցի թիվ ԼԴ/1071/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(...) վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը (տե'ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն Ռազմիկ Թոսունյանի և Ընկերության միջև 01.02.2013 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագիրը, 02.05.2013 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագրի փոփոխման թիվ 13/073/10.8/2 համաձայնագիրը, 08.01.2016 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագրի փոփոխման թիվ 13/073/10.8/4 համաձայնագիրը և 08.01.2018 թվականին կնքվել է թիվ 13/073/10.8 աշխատանքային պայմանագրի փոփոխման թիվ 13/073/10.8/5 համաձայնագիրը, որի համաձայն Հայցվորը 08.012018 թվականից նշանակվել է Ընկերության «Գյումրի» մասնաճյուղի երրորդ կարգի վարկային մասնագետի պաշտոնում: Ընկերության հաստիքացուցակի փոփոխության (նոր հաստիքացուցակի հաստատման) մասին պատասխանողը 04.12.2020 թվականին ծանուցել է Ռազմիկ Թոսունյանին վերջինիս կողմից զբաղեցրած Ընկերության «Գյումրի» մասնաճյուղի երրորդ կարգի վարկային մասնագետի հաստիքի կրճատման և աշխատանքային պայմանագիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով լուծվելու մասին: Միաժամանակ 04.12.2020 թվականին վերջինիս է տրամադրել նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանը: Ռազմիկ Թոսունյանը 04.12.2020 թվականին առձեռն ստացել է վերոնշյալ ծանուցումն և հրամանը, սակայն հրաժարվել է դրանց ստացման վերաբերյալ համապատասխան նշում կատարել, ինչի վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ:

Հայցվոր Ռազմիկ Թոսունյանն աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանն առձեռն ստացել է 04.12.2020 թվականին, իսկ սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացրել 22.03.2021 թվականին։

Դատարանը 20102021 թվականի վճռով արձանագրել է, որ սույն գործով Ռազմիկ Թոսունյանը հայցադիմումը դատարան է ներկայացրել 22.03.2021 թվականին՝ բաց թողնելով հայցային վաղեմության ժամկետը, հետևաբար հայցը ենթակա է մերժման։

Վերաքննիչ դատարանը բավարարելով Ռազմիկ Թոսունյանի վերաքննիչ բողոքը և գործը նոր քննության ուղարկելով պատճառաբանել է, որ Ընկերությունում տնտեսական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում, Ընկերության գլխավոր տնօրենի կայացրած աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանը չէր կարող բողոքարկվել աշխատողին հանձնելու պահից՝ 04.12.2020 թվականից սկսած երկու ամսվա ընթացքում, քանի որ օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող անհատական իրավական ակտի վիճարկման համար նախ անհրաժեշտ է, որպեսզի այդ իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ մտած լինի, ինչը տվյալ դեպքում կարող էր լինել առնվազն հրամանում նշված ժամկետի օրը՝ 10022021 թվականը, որպիսի ժամկետից սկսած աշխատողի հետ կլուծվեր աշխատանքային պայմանագիրը և որի հետ համաձայն չլինելու դեպքում վերջինս իրավունք կունենար երկամսյա ժամկետում դիմելու դատարան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանում Ռազմիկ Թոսունյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծման ամսաթիվը նշվել է 10.02.2021 թվականը, իսկ քաղաքացիական գործի նյութերում առկա մակագրության թերթիկի և հայցադիմումում դրված մուտքի կնիքի վրա առկա գրառման համաձայն՝ հայցադիմումը և կից փաստաթղթերը Դատարան են մուտքագրվել 22.03.2021 թվականին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ռազմիկ Թոսունյանի կողմից հայցադիմումը դատարան է մուտքագրվել անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ մինչև հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որպիսի պայմաններում պատասխանողի կողմից ներկայացված հայցային վաղեմության կիրառման միջնորդությունը ենթակա է մերժման:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշման իրավաչափությանը, այն եզրահանգման կապակցությամբ, որ Ընկերության գլխավոր տնօրենի կայացրած աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանը չէր կարող բողոքարկվել աշխատողին հանձնելու պահից՝ 04.12.2020 թվականից սկսած երկու ամսվա ընթացքում, քանի որ անհատական իրավական ակտի վիճարկման համար նախ անհրաժեշտ է, որպեսզի այդ իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ մտած լինի, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:

Գործատուի կայացրած անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու և ուժի մեջ չմտած ակտի վիճարկման հնարավորության հարցերին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի գործով կայացրած որոշմամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ իրավական ակտերի` մասնավորապես անհատական իրավական ակտերի կատարման կամ կիրառման հնարավորությունն օրենսդիրը պայմանավորել է դրանց ուժի մեջ մտնելու հանգամանքով: Դա նշանակում է, որ ուժի մեջ չմտած իրավական ակտերը որևէ իրավական հետևանք չեն կարող առաջացնել իրավական ակտերի հասցեատերերի, ինչպես նաև այլ իրավակիրառողների համար, բացի դրանց կատարման կամ կիրառման համար պատասխանատվությունից: Ընդ որում, նման կարգավորումը կիրառելի է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի տեսանկյունից գործատու հանդիսացող իրավաբանական անձի ընդունած ակտերի նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ գործատուի` օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող անհատական իրավական ակտի վիճարկման համար նախ անհրաժեշտ է, որպեսզի այդ իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ մտած լինի: Իրավական ակտի հասցեատիրոջ պահանջով ակտն անվավեր ճանաչելը վերջինիս համար իրավական նշանակություն ունի այն դեպքում, երբ վիճարկվող ակտի կատարմամբ կամ կիրառմամբ խախտվել են կամ կարող են խախտվել նրա իրավունքներն ու օրինական շահերը, իսկ դա կարող է առկա լինել միայն իրավաբանական ուժի մեջ մտած ակտի պարագայում` նկատի ունենալով, որ եթե անհատական իրավական ակտի մասին հասցեատերը սահմանված կարգով չի իրազեկվել, ապա անկախ այն հանգամանքից` այդ իրավական ակտն իր բովանդակությամբ համապատասխանում է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, թե` ոչ, այդ իրավաբանական ակտն ուժի մեջ չմտնելու հետևանքով ենթակա չէ կատարման կամ կիրառման: Նման դեպքում դատարաններն աշխատողների իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացնեն ոչ թե ուժի մեջ չմտած անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելով, այլ պարզապես այդ իրավական ակտը չկիրառելով, ինչը կառաջացնի աշխատողի ակնկալած բարենպաստ իրավական հետևանքը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե գոյություն չունեցող, իրավաբանական ուժ չստացած իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջն առարկայազուրկ է, այսինքն` չի կարող վիճարկվել իրավական առումով գոյություն չունեցող ակտը: Հետևաբար իրավաբանական ուժ չունեցող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը բավարարվել չի կարող (տե՛ս, թիվ ԵԿԴ/3295/02/15 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հավելել է, որ աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է տվյալ ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու պահով: Ընդ որում, պատահական չէ, որ օրենսդրի կողմից կարևորվել է աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի պատշաճ ծանուցման հարցի դեպքում այդ իրավական ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու հանգամանքը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա պայմանավորված է նշված իրավական ակտերի` աշխատողների հիմնական աշխատանքային իրավունքների ծագման կամ դադարման վրա ուղղակիորեն ազդելու հատկանիշով:

Այսպիսով` եթե աշխատողն ընդունվում է աշխատանքի կամ վերջինիս հետ կնքած աշխատանքային պայմանագիրը լուծվում է, ապա պատշաճ ծանուցում պետք է համարել բացառապես ակտի օրինակն աշխատողին հանձնելու պահը (տե՛ս, Կաթրին Աննի Ժաննին Ժոլիվե Ժոլիվե Բյուոնի ընդդեմ «Հայաստանի Ամերիկյան Համալսարան» հիմնադրամի թիվ ԵԿԴ/4054/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28032019 թվականի որոշումը):

Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ անդրադարձել է անհատական իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահին՝ արձանագրելով, որ աշխատանքի ընդունման և աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է տվյալ ակտի մեկ օրինակն աշխատողին հանձնելու պահով և ոչ թե այդ իրավական ակտով որոշված հետևանքների վրա հասնելու պահով: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատողի իրավունքների ենթադրյալ խախտման մասին նրան հայտնի է դառնում անհատական իրավական ակտը ստանալու, այլ ոչ թե ակտում նշված հետևանքները վրա հասնելու պահից։

Միաժամանակ վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ վեճերի համար օրենսդիրը սահմանել է ընդհանուր վաղեմության ժամկետի համեմատությամբ ավելի կրճատ` երկամսյա վաղեմության ժամկետ:

Նշված պահանջով դատարան դիմելու վաղեմության կրճատ ժամկետ սահմանելով՝ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը միաժամանակ սահմանել է այդ ժամկետի հաշվարկման կանոն` երկամսյա ժամկետի հաշվարկի մեկնարկը պայմանավորելով աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի ստացման օրվանով:

Նշվածից հետևում է, որ Ռազմիկ Թոսունյանը Ընկերության աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 03.12.2020 թվականի թիվ 432 հրամանն առձեռն ստացել է 04.12.2020 թվականին, այսինքն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանի արձակման հաջորդ օրը՝ 04.12.2020 թվականին իրազեկվել է դրա մասին, ստանալով հրամանը՝ վերջինս ֆիզիկապես տիրապետել է այն և ծանոթացել դրա բովանդակությանը։ Հետևաբար ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ սույն գործով Ռազմիկ Թոսունյանն իրավունք ուներ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը վիճարկել (հայցադիմում ներկայացնել դատարան) մինչև 05.02.2021 թվականը, սակայն հայցվորի կողմից սույն գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 22.03.2021 թվականին: Ասվածից հետևում է, որ հայցվորն օրենքով սահմանված կարգով ստանալով  աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, չի ձեռնարկել համապատասխան միջոցներ օրենքով սահմանված երկամսյա ժամկետում իր իրավունքների ենթադրյալ խախտումը վերացնելու համար համապատասխան հայցադիմումը դատարան ներկայացնելու համար։ Մինչդեռ՝ Վերաքննիչ դատարանը սույն գործով վիճարկվող հրամանի ուժի մեջ մտնելու պահ համարելով ոչ թե այն աշխատողին հանձնելու, այլ հրամանում նշված հետևանքը վրա հասնելու պահը, թույլ է տրվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։

Այսպիսով՝ հայցային վաղեմության ժամկետը հայցվորի կողմից բաց թողնված լինելու մասին Դատարանի եզրակացությունը ճիշտ է ու հիմնավորված է գործում եղած ապացույցներով:

 

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀվրպ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀվրպ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀվրպ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը անհրաժեշտ է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15032022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20102021 թվականի վճռին:

2.  Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

   

նախագահող

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՇԴ/1586/02/21 քաղաքացիական գործով 18.11.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ 

 

18.11.2022 թվական

 

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով քննելով «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.03.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ռազմիկ Թոսունյանի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15032022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20102021 թվականի վճռին, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

Այսպես՝

Դիմելով դատարան` Ռազմիկ Թոսունյանը պահանջել է անվավեր ճանաչել պատասխանողի 03122020 թվականին տրված թիվ 432 աշխատանքից ազատման հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում ըստ աշխատանքի նկարագրի և պատասխանողից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը սկսած հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվանից մինչև վճռի կատարումը: 

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20102021 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 15032022 թվականի որոշմամբ Ռազմիկ Թոսունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանող Ընկերության միջնորդությունը մերժվել է, Դատարանի 20.10.2021 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել է, Վերաքննիչ դատարանի 15032022 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Դատարանի 20102021 թվականի վճռին, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը համարել է լուծված հետևյալ պատճառաբանությամբ

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և  7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման, իսկ հայցը` մերժման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը անհրաժեշտ է համարել լուծված»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված պատճառաբանությամբ դատական ծախսերի հարցը լուծված համարելու մասին Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասի վերաբերյալ:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը:

Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 09042018 թվականին, որ պահից և ուժը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է  նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել է, որ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը որպես կանոն նախատեսել է, որ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով։ Միևնույն ժամանակ օրենսդիրը, ըստ էության, չի բացառել նաև այն դեպքերը, երբ քաղաքացիական դատավարությունը կարող է իրականացվել նաև գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ արդեն իսկ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտով՝ պայմանով, որ դա հատուկ նախատեսված լինի օրենքով կամ այդ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով:

Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 3-րդ մասով օրենսդիրը, ըստ էության, հատուկ երկու դեպք է նախատեսել են, երբ 09042018 թվականից հետո ևս քաղաքացիական դատավարությունը պետք է իրականացվի ուժը կորցրած ճանաչված նորմատիվ իրավական ակտով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքով։ Այդ դեպքերն են՝

1) երբ լուծվում է մինչև 09042018 թվականը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարց, կամ

2) քննվում են այդ օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործեր:

Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը կիրառելու որևէ իրավական հիմք, այդ թվում՝ նախատեսված վերը նշված իրավական նորմերով, դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս կիրառել է ուժը կորցրած ճանաչված  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի՝ դատական ծախսերի բաշխման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող նորմերը։

Դրա փոխարեն, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ինչպես վերը նշված նորմերով նախատեսված համապատասխան իրավակարգավորումները, այնպես էլ ՀՀ ազգային ժողովի կողմից 09022018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, և այն, որ հայցը Դատարան է ներկայացվել ՀՀ ազգային ժողովի կողմից 09022018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, դատական ծախսերի բաշխման հարցը լուծելիս տվյալ դեպքում պետք է ղեկավարվեր գործի քննության ժամանակ գործող օրենքով՝ ՀՀ ազգային ժողովի կողմից 09022018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, իսկ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծված համարեր՝ հիմք ընդունելով ՀՀ ազգային ժողովի կողմից 09022018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները, ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ և ՀՀ վճռաբեկ դատարանի 22072021 թվականի թիվ ԵԴ/1134/02/19 ու 17122020 թվականի թիվ ԵԴ/9971/02/18 քաղաքացիական գործերով կայացված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք մանրամասն վկայակոչելուց զերծ են մնում զուտ կրկնությունից խուսափելու նպատակով: Ավելին՝ առավել մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ թիվ ՇԴ/2860/02/18 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ հայտնված հատուկ կարծիքում։

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: