ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/9853/05/18 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/9853/05/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող |
Ռ. Հակոբյան | |
Հ. Բեդևյան | ||
Ա. Թովմասյան | ||
Լ. Հակոբյան | ||
Ք. Մկոյան |
2023 թվականի փետրվարի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.07.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Վալոդյա Ռուստամյանի ընդդեմ Քաղաքապետարանի` Քաղաքապետարանի 27.08.2018 թվականի թիվ 18-12/1-12-156 գրություն-որոշումն անվավեր ճանաչելու և Վալոդյա Ռուստամյանի կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի ձեղնահարկում օրենքով սահմանված կարգով սկսված, բայց նախագծային շեղումներով կառուցելու հետևանքով ինքնակամի վերածված կառույցն օրինականացնելու մասին Երևանի քաղաքապետին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Վալոդյա Ռուստամյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 27.08.2018 թվականի թիվ 18-12/1-12-156 գրություն-որոշումը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունել որոշում իր կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի ձեղնահարկում օրենքով սահմանված կարգով սկսված, բայց նախագծային շեղումներով կառուցելու հետևանքով ինքնակամի վերածված կառույցն օրինականացնելու մասին։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ` Դատարան) 10.07.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.07.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.07.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լ. Նարիմանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ և 224-րդ հոդվածները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 11-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ տվյալ պարագայում վիճելի կառույցի օրինականացման համար, ի թիվս այլնի, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 28-րդ կետով նախատեսված՝ շենքի բոլոր սեփականատերերի և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը, ինչը, սակայն, ո՛չ վարչական վարույթի ընթացքում և ո՛չ էլ տվյալ դատական գործի շրջանակներում հայցվորի կողմից ձեռք չի բերվել և չի ներկայացվել, որպիսի պարագայում հայցվող պահանջը բավարարելու իրավական հիմքերը բացակայել են:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ «Արեգ» համատիրության Մամիկոնյանց փողոցի թիվ 35 բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի 05.01.2018 թվականի արձանագրության համաձայն՝ ժողովի ձայների 2/3 մասով տրված համաձայնությունը վերաբերում է Մանուշակ Մխիթարյանի կողմից 1996 թվականի հուլիսին սկսված և չավարտված մանսարդային հարկի շինարարական աշխատանքները Վալոդյա Ռուստամյանի կողմից ավարտելու նպատակով շինարարության թույլտվության տրմանը, ինչից հետևում է, որ նշված ապացույցը նույնիսկ չի փաստում, որ շենքի սեփականատերերի 2/3-ը հայտնել է համաձայնություն հայցի առարկա ինքնակամ շինությունը Վալոդյա Ռուստամյանի անվամբ օրինական ճանաչելու վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երքաղխորհրդի գործկոմի Ճարտարապետաշինարարական վարչության պետը 10.01.1996 թվականի եզրակացությամբ Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի նախագահին հայտնել է հետևյալը. «Քննության առնելով Ձեր գրությունը` Մամիկոնյանց փող. հ.35 շենքի 2-րդ մուտքի տանիքում ձեղնահարկ կառուցելու հնարավորության վերաբերյալ հայտնում ենք. ըստ Երքաղխորհրդի գործկոմի կողմից հաստատված կանոնակարգի բնակելի շենքերի տանիքային տարածքների վերակառուցումը թույլատրվում է միայն շենքի ամբողջ տանիքի մակերեսով, առանձին բնակարանների տարածքով տանիքի վերակառուցումը թե ճարտարապետական և թե կոնստրուկտիվ տեսակետից անթույլատրելի է։ Երքաղխորհրդի գործկոմի ՃՇ վարչությունը նշված վերակառուցումը համարում է հնարավոր։ Անհրաժեշտ է կատարել շենքի ամբողջ տանիքի մակերեսով մանսարդային հարկի վերակառուցման նախագիծ և ներկայացնել ՃՇ վարչության համաձայնեցման» (հատոր 1-ին, գ.թ. 9).
2) Երևան քաղաքի Արաբկիրի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 15.02.1996 թվականի թիվ 3/2 որոշմամբ թույլատրել է Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի վերին հարկի բնակիչներին` սեփական միջոցների հաշվին, լիցենզավորում ունեցող նախագծային կազմակերպությունում ամբողջ շենքի տանիքային տարածքի մանսարդային հարկի վերակառուցման նախահաշիվ պատվիրելու (հատոր 1-ին, գ.թ. 10).
3) Քաղաքապետարանի կողմից 10.07.1996 թվականին տրված թիվ 90 թույլտվությամբ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի 5-րդ հարկի բնակիչներին թույլատրվել է նշված շենքի մանսարդային հարկում կառուցել բնակելի տարածքներ (հատոր 1-ին, գ.թ. 11).
4) Շինթույլտվությունը տալուց հետո թիվ 35 շենքի 5-րդ հարկի թիվ 26 բնակարանի բնակչուհի Սրբուհի Բերբերյանը 25.08.1996 թվականին համաձայնագիր է տվել հետևյալի մասին. «Ես` Սրբուհի Սարգսի Բերբերյանս, Մամիկոնյանց փողոցի թիվ 26 բնակարանի բնակիչս, տալիս եմ համաձայնությունս նույն շենքի թիվ 23 բնակարանի բնակչուհի Մանուշակ Գրիգորի Մխիթարյանին իմ զբաղեցրած բնակարանի ձեղնահարկը կառուցելու համար բավարարելու իր ընտանիքի բնակարանային պայմանները, որի համար ստորագրում եմ» (հատոր 1-ին, գ.թ. 12).
5) «Արեգ» համատիրության Մամիկոնյանց փողոցի թիվ 35 բազմաբնակարան շենքի շինության սեփականատերերի ընդհանուր ժողովի /հարցման միջոցով/ 05.01.2018 թվականի արձանագրության համաձայն` ժողովը` ձայների 2/3 մասով, տվել է իր համաձայնությունը Մանուշակ Մխիթարյանի կողմից 1996 թվականի հուլիսին սկսված և չավարտված մանսարդային հարկի շինարարական աշխատանքները Վոլոդյա Ռուստամյանի կողմից ավարտելու նպատակով շինթույլտվություն տալու համար (հատոր 1-ին գ.թ. 59-62).
6) Վալոդյա Ռուստամյանը 22.01.2018 թվականին դիմել է Երևանի քաղաքապետին և խնդրել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի 5-րդ հարկի ձեղնահարկում սկսված բնակելի տարածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար տալ շինարարության թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 13-14).
7) Նշված դիմումին ի պատասխան` Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետը 29.01.2018 թվականի թիվ 5011-Ռ-8 գրությամբ հայտնել է հետևյալը. «Ի պատասխան ՁԵր 22.01.2018թ. Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումի` կապված Արաբկիր վարչական շրջան, Մամիկոնյանց 35 շենքի վրա մանսարդային հարկի կառուցման նպատակով 1996-1997թթ-ին տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի վերանայման և անավարտ մնացած աշխատանքների վերսկսման հետ հայտնում ենք, որ խնդրի ուսումնասիրման համար` անհրաժեշտ է Երևանի քաղաքապետարան ներկայացնել նախկինում համաձայնեցված նախագծի ամբողջական փաթեթը և հատակագիծ-սխեմա ներկա վիճակում իրականացված մանսարդային հարկի սահմանների նշմամբ» (հատոր 1-ին, գ.թ. 15).
8) Վալոդյա Ռուստամյանը 26.02.2018 թվականին դիմել է Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետին և, ի լրումն իր 06.02.2018 թվականի գրության, ներկայացրել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի 23․02․2018 թվականի թիվ 1824 գրության և դրան կից նախկինում համաձայնեցված նախագծի ամբողջական փաթեթի մեջ եղած փաստաթղթերի պատճենները` ընդամենը 18 թերթից և 2018 թվականի փետրվարի 9-ին կազմված հատակագիծ-սխեման` ներկա վիճակում իրականացված մանսարդային հարկի սահմանների նշմամբ` ընդամենը` 4 թերթից (հատոր 1-ին, գ.թ. 16).
9) Նշված դիմումին ի պատասխան` 05.03.2018 թվականի թիվ 50/1-Ռ-37 գրությամբ Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետը հայտնել է հետևյալը. «(...) Ուսումնասիրելով 1996թ. համաձայնեցված նախագիծը և Ձեր կողմից ներկայացված փաստաթղթերը հայտնում ենք, որ տանիքում կառուցված ձեղնահարկը իրականացված է նախագծային շեղումներով, հետևաբար այն դիտարկվում է որպես ինքնակամ կառույց, իսկ շենքի մնացած հատվածամասերի վրա ձեղնահարկի կառուցման հնարավորությանը անհրաժեշտ է անդրադառնալ ՀՀ կառավարության 19 մարտի 2015թ. 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ներկայացնելով նոր նախագծման թույլտվության հայտ» (հատոր 1-ին, գ.թ. 17).
10) 13.08.2018 թվականին Քաղաքապետարան ներկայացված դիմումով Վալոդյա Ռուստամյանը խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով» սահմանված կարգով օրինականացնել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի ձեղնահարկում նախագծային շեղումներով իր կողմից իրականացված կառույցը (հատոր 1-ին, գ.թ. 23-24).
11) Ի պատասխան վերոնշյալ դիմումի` Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը 27.08.2018 թվականի թիվ 18-12/1-12-156 գրությամբ հայտնել է հետևյալը. «Շենքի ընդհանուր ծավալատարածական կերպարի պահպանման խնդիրներից ելնելով, Ձեր կողմից իրականացված ձեղնահարկը խաթարել է ամբողջ շենքի ճարտարապետական տեսքը, և նրա արտաքին հորինվածքը համահունչ չէ ինչպես շենքի, այնպես էլ արդեն իսկ ձևավորված ճարտարապետական միջավայրին» (հատոր 1-ին, գ.թ. 25)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական նորմի՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի 2/3 ձայների առկայությունն ինքնին բավարար է բազմաբնակարան բնակելի շենքում սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում իրականացված ինքնակամ կառույցը սեփականատերերից մեկի դիմումով օրինականացնելու համար։
Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի բավարարման գլխավոր նախադրյալին՝ հայցվող վարչական ակտի իրավաչափությանը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, իսկ 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի, ինչպես նաև հայցվող գործողության կամ դրանից ձեռնպահ մնալու իրավաչափությունը որոշվում է դատական ակտի կայացման դրությամբ ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:
Նախկինում կայացված որոշումներից մեկում համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավանորմերը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ պարտավորեցման հայցով անձը կարող է պահանջել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու իր համար այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է: Այսինքն՝ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը՝ անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, և, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ ասած՝ վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի և 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի կարգավորումները:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանելով պարտավորեցման հայցով հայցը բավարարելու դեպքում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին իմպերատիվ պահանջը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է պարտավորեցման հայցը բավարարելու նախապայմանը, այն է՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը: Այսինքն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ է պայմանավորված վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը և ոչ թե՝ հակառակը:
Մյուս կողմից, պարտավորեցման հայցի դեպքում օրենսդիրը, կարևորելով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության պարզումը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին: Դա նշանակում է, որ պարտավորեցման հայցի մերժումը ևս պայմանավորված է հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ: Այսինքն, եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման, և այս դեպքում վարչական դատարանը չի անդրադառնում վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշմանը (տե´ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը)։
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ևս մեկ անգամ արձանագրում է, որ պարտավորեցման հայցի հիմնական նպատակը հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է, ուստի, պարտավորեցման հայցը բավարարելու և վարչական մարմնին հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու վերաբերյալ դատական ակտը պետք է պարունակի պատճառաբանություններ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափության ստուգման վերաբերյալ։ Եվ միայն այդպիսի վերլուծությունների արդյունքում հայցվող վարչական ակտի իրավաչափության հիմնավորվածության հաստատումն է, որ կարող է հիմք հանդիսանալ պարտավորեցման հայցը բավարարելու և վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու համար։
Սույն գործով հայցվորը պահանջել է պարտավորեցնել Քաղաքապետարանին ընդունելու որոշում ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ, հետևաբար, նշված պահանջը բավարարելու վերաբերյալ դատական ակտով պետք է անդրադարձ կատարվի ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությանը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոգրյալ հարցին անդրադառնալու համար անհրաժեշտ է վերլուծության ենթարկել ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված է հստակ կարգ, որի համաձայն` ինքնակամ կառույցի օրինականացումը հնարավոր է միայն որոշակի պայմանների առկայության դեպքում, և այդ կարգից որևէ բացառություն նախատեսված չէ։
Անդրադառնալով բազմաբնակարան շենքի ձեղնահարկում օրենքով սահմանված կարգով սկսված, բայց նախագծային շեղումներով կառուցելու հետևանքով ինքնակամի վերածված կառույցն օրինականացնելու հարցին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Այսպես՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն։
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են նույն օրենքով սահմանված կարգով։
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է (այսուհետ` ժողով), որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք նույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը։
Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ Ժողովի լիազորություններն են`
(...)
ե) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունումը.
(...)
ժ) ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին որոշման ընդունումը։
Օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 7-րդ կետի (...) «ե» ենթակետերում նշված հարցերով որոշումները պետք է ընդունվեն բոլոր սեփականատերերի կողմից միաձայն։
Օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 7-րդ կետի «ժ» (...) ենթակետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ բազմաբնակարան շենքի շինությունների շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ (բնակարաններ, շինություններ) սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակներն ու տարածքները, որոնք սեփականության իրավունքով այլ անձանց չեն պատկանում՝ տիրապետում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Հետևաբար, բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը շենքի վերը նշված գույքի նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Մասնավորապես, բազմաբնակարան շենքի սեփականատերերն ունեն ընդհանուր համաձայնությամբ ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և կառավարելու իրավունք, որն իրականացվում է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ շինությունների սեփականատերերի ժողովի միջոցով, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք նույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը (տե՛ս, Գագիկ Ալեքսանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/7196/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ հավելել է, որ սեփականության իրավունքի ճանաչման և պաշտպանության կապակցությամբ առաջացող նեգատիվ (սեփականության իրավունքին միջամտելուց ձեռնպահ մնալու) և պոզիտիվ (սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու) պարտականությունները վերաբերում են նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող՝ բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի ընդհանուր սեփականության իրավունքին։ Հետևաբար սեփականության իրավունքին չմիջամտելու պարտականությամբ պայմանավորված՝ որևէ անձի համար բարենպաստ վարչական ակտը չպետք է սահմանափակի բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերի սեփականության իրավունքը, իսկ նման սահմանափակման համար անհրաժեշտ է վերջիններիս համաձայնությունը (տե՛ս, Միքայել և Կարեն Վարդանյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4091/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Կարգի 28-րդ կետի համաձայն՝ բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների՝ վերնասրահների, նկուղների, դռների, պատուհանների և շենքի ծավալում գտնվող այլ ձևափոխումների օրինականացման նպատակով (եթե դրանց արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը) շենքի սեփականատերերը կամ նրանց լիազորած անձինք դիմում են համայնքի ղեկավարին` դիմումին կցելով շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը:
Կարգի 44-րդ կետի համաձայն՝ նույն Կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե՝
ա) դրանք չեն բավարարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և նույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։
Կարգի 45-րդ կետի համաձայն՝ արգելվում է ինքնակամ կառույցների օրինականացման` այլ պատճառներով մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ։
Կարգով սահմանված բացառման սկզբունքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ինքնակամ կառույցի օրինականացման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը.
- տվյալ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը,
- վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
- ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում,
- ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք (տե՛ս, Մարետա Խուրշուդյանը և Նաիրա Ավետիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0424/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2022 թվականի որոշումը):
Ամբողջ վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը, ձեղնահարկը և ընդհանուր օգտագործման՝ օրենքով նշված այլ տարածքները։ Բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը։ Օրենսդրությամբ սահմանված է նաև ժողովի լիազորությունների մեջ մտնող հարցերի ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը։ Այսպես՝
- բոլոր սեփականատերերի միաձայն ձայների առկայությունն է անհրաժեշտ՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունման համար (Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ե» ենթակետ, 8-րդ կետ),
- սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդն է անհրաժեշտ՝ ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին որոշման ընդունման համար (Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ժ» ենթակետ, 9-րդ կետ)։
Այս ամենի հետ մեկտեղ, Կարգի 28-րդ կետը սահմանում է պարտադիր պայման, այն է՝ բազմաբնակարան շենքի ծավալում կատարված ինքնակամ կառույցների օրինականացման նպատակով անհրաժեշտ է շենքի բոլոր բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի համաձայնությունը, եթե ինքնակամ կառույցի օրինականացման արդյունքում փոփոխվում է սեփականատերերի բաժնային սեփականությունը։
Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա հետևյալ ուղղությամբ․ բազմաբնակարան բնակելի շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի 2/3 ձայների առկայությունն ինքնին բավարար չէ բազմաբնակարան բնակելի շենքում սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում իրականացված ինքնակամ կառույցը սեփականատերերից մեկի դիմումով օրինականացնելու համար, քանի որ բազմաբնակարան շենքի սեփականատերերից մեկի դիմումի հիման վրա սեփականատերերին բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում իրականացված ինքնակամ կառույցի օրինականացումը, որի արդյունքում փոփոխվելու է սեփականատերերի բաժնային սեփականությունը, համապատասխանում է Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ե», այլ ոչ թե «ժ» ենթակետով սահմանված լիազորությանը, քանի որ այն փաստացի հանդիսանում է սեփականատերերի բաժնային սեփականության փոփոխություն՝ սեփականատերերի բաժնային սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացում հօգուտ դիմումը ներկայացրած անձի, ինչպիսի լիազորության իրականացման համար անհրաժեշտ է բոլոր սեփականատերերի ձայների առկայությունը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Վալոդյա Ռուստամյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի 27.08.2018 թվականի թիվ 18-12/1-12-156 գրություն-որոշումը և պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունել որոշում իր կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի ձեղնահարկում օրենքով սահմանված կարգով սկսված, բայց նախագծային շեղումներով կառուցելու հետևանքով ինքնակամի վերածված կառույցն օրինականացնելու մասին։
Դատարանը 10.07.2019 թվականի վճռով հայցը բավարարել է, իսկ Վերաքննիչ դատարանը 09.07.2021 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է, և վճիռը թողել է անփոփոխ՝ ըստ էության հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված ժողովի լիազորություններից է նաև ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին որոշման ընդունումը, որը և նույն հոդվածի 9-րդ կետի համաձայն` ընդունված է համարվում շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով, իսկ տվյալ դեպքում Քաղաքապետարանն իր տրամադրության տակ ունեցել է Մամիկոնյանց փողոցի թիվ 35 բազմաբնակարան շենքի շինության սեփականատերերի ընդհանուր ժողովի ձայների 2/3 մասով տված համաձայնությունը։
Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Այսպես, սույն գործով «Արեգ» համատիրության Մամիկոնյանց փողոցի թիվ 35 բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովի 05.01.2018 թվականի արձանագրության համաձայն` ժողովը` ձայների 2/3 մասով, տվել է իր համաձայնությունը Մանուշակ Մխիթարյանի կողմից 1996 թվականի հուլիսին սկսված և չավարտված մանսարդային հարկի շինարարական աշխատանքները Վալոդյա Ռուստամյանի կողմից ավարտելու նպատակով շինթույլտվություն տալու համար։
Վալոդյա Ռուստամյանը դիմել է Երևանի քաղաքապետին և խնդրել է Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի 5-րդ հարկի ձեղնահարկում սկսված բնակելի տարածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար տալ շինարարության թույլտվություն, և տեղեկացվել է, որ տանիքում կառուցված ձեղնահարկը նախագծային շեղումներով իրականացնելու հետևանքով դիտարկվում է որպես ինքնակամ կառույց։
Այնուհետև, Վալոդյա Ռուստամյանը դիմել է ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով և, ստանալով Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 27.08.2018 թվականի թիվ 18-12/1-12-156 գրությունը, որով հայտնվել է, որ հնարավոր չէ իրականացնել ինքնակամ կառույցի օրինականացումը, դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Երևանի քաղաքապետին ընդունել որոշում իր կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի ձեղնահարկում օրենքով սահմանված կարգով սկսված, բայց նախագծային շեղումներով կառուցելու հետևանքով ինքնակամի վերածված կառույցն օրինականացնելու պահանջով։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատարանները, հղում կատարելով Օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի «ժ» ենթակետով սահմանված լիազորությանը և դրա ընդունման համար սեփականատերերի ընդհանուր ժողովի անհրաժեշտ 2/3 ձայների առկայությանը, գտել են, որ առկա է ինքնակամ կառույցն օրինականացնելու բավարար հիմք։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ինքնակամ կառույցի օրինականացման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի վերաբերյալ դատական ակտ կայացնելու համար անհրաժեշտ է ստուգել ինքնակամ կառույցի` ՀՀ օրենսդրությամբ, այդ թվում նաև` ՀՀ կառավարության կողմից սահմանված Կարգի չափանիշների համապատասխանությունը։
Տվյալ դեպքում Վալոդյա Ռուստամյանի կողմից իրականացված ինքնակամ կառույցը զբաղեցնում է Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի ձեղնահարկը, ինչն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է տվյալ շենքի սեփականատերերին: Այսինքն՝ ինքնակամ կառույցն օրինականացնելու վերաբերյալ Վալոդյա Ռուստամյանի դիմումը բավարարելու արդյունքում փոփոխվելու էր սեփականատերերի բաժնային սեփականությունը, մասնավորապես տեղի էր ունենալու սեփականատերերի բաժնային սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացում հօգուտ Վալոդյա Ռուստամյանի, հետևաբար ընդհանուր ժողովի 2/3 ձայների առկայությունն ինքնին բավարար չէր կարող լինել բազմաբնակարան բնակելի շենքում սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հատվածում իրականացված ինքնակամ կառույցը օրինականացնելու համար, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:
Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը չի հիմնավորվել Վերաքննիչ դատարանի կողմից, իսկ կատարված եզրահանգումները հիմնավորված չեն բավարար պատճառաբանություններով։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումի համար Վալոդյա Ռուստամյանը վճարել է 4.000 ՀՀ դրամ պետական տուրք: Քաղաքապետարանը վերաքննիչ բողոքի համար վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վալոդյա Ռուստամյանի հայցը ենթակա է մերժման, գտնում է, որ սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծվի հետևյալ կերպ.
- հայցադիմումի համար սահմանված և Վալոդյա Ռուստամյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված,
- վերաքննիչ ու վճռաբեկ բողոքների համար Քաղաքապետարանի կողմից նախապես վճարված պետական տուրքերի գումարները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա են հատուցման Վալոդյա Ռուստամյանի կողմից:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 09.07.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` Վալոդյա Ռուստամյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ 27.08.2018 թվականի թիվ 18-12/1-12-156 գրություն-որոշումն անվավեր ճանաչելու և Վալոդյա Ռուստամյանի կողմից Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 35 շենքի ձեղնահարկում օրենքով սահմանված կարգով սկսված, բայց նախագծային շեղումներով կառուցելու հետևանքով ինքնակամի վերածված կառույցն օրինականացնելու մասին Երևանի քաղաքապետին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել։
2. Վալոդյա Ռուստամյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:
Վալոդյա Ռուստամյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան
Հ. Բեդևյան Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: