Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 129-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 15.08.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.08.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
08.08.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0129 Ն. 08.08.23

 

08 օգոստոսի 2023 թվականի

թիվ 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել հաճախորդների շահերի պաշտպանությունը՝ բարձրացնելով վերջիններիս իրազեկվածության մակարդակը ներդրումային ծառայություններ մատուցող անձանց կողմից մատուցվող ծառայությունների սակագների փոփոխությունների վերաբերյալ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի ««Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ը հաստատելու մասին» թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգը 25-րդ կետից հետո լրացնել 25.1-25.4-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«25.1․ Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է ներդրումային ծառայությունների սակագների, միջնորդավճարների և այլ ծախսերի փոփոխության և փոփոխության չափի մասին նախապես ծանուցել հաճախորդին։

25.2. Ներդրումային ծառայությունների սակագների, միջնորդավճարների և այլ ծախսերի բարձրացման դեպքում սույն կանոնակարգի 25.1.-րդ կետով նախատեսված ծանուցումը պետք է իրականացվի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց առնվազն 20 օր առաջ:

25.3. Սույն կանոնակարգի 25.2.-րդ կետով նախատեսված դեպքում փոփոխված սակագները, միջնորդավճարներն ու ներդրումային ծառայությունների հետ կապված այլ ծախսերը չեն տարածվում ծանուցման օրվա դրությամբ լեվերիջով գործարքների գծով բացված դիրքերի (այդ թվում՝ ավտոմատ վերակնքվող, անժամկետ գործարքների) վրա:

25.4 Սույն կանոնակարգի 25.2-րդ կետով նախատեսված ծանուցումը ուղարկվում է հաճախորդի նախընտրած եղանակով: Հաճախորդի կողմից ծանուցման նախընտրելի ձևի բացակայության դեպքում լռելյայն կարգով հաղորդակցման միջոց է ընտրվում էլեկտրոնային փոստը: Ընդ որում, պայմանագրում կատարված փոփոխությունները հրապարակային լինելու դեպքում ծանուցման մեջ հղում է կատարվում համապատասխան աղբյուրին (ինտերնետային էջ/բաժին/ենթաբաժին): Եթե պայմանները ոչ հրապարակային են, ապա տրամադրվում է վավերացված թղթային օրինակը կամ էլեկտրոնային տարբերակը՝ հաստատող մարմնի (իրավասուի) ստորագրությամբ:»։

2) Կանոնակարգի 26-րդ կետը «Սույն գլխի» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կանոնակարգի 25.1-25.4-րդ կետերի)» բառերով։

3) Կանոնակարգը 39-րդ կետից հետո լրացնել 39.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«39.1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձը պարտավոր է 38-րդ կետով սահմանված ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրի փոփոխությունների մասին ծանուցել՝ հաճախորդի նախընտրած եղանակով, փոփոխություններն ուժի մեջ մտնելուց առնվազն 20 օր առաջ: Հաճախորդի կողմից ծանուցման նախընտրելի ձևի բացակայության դեպքում լռելյայն կարգով հաղորդակցման միջոց է ընտրվում էլեկտրոնային փոստը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ`

Ա. Նուրբեկյան 

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 օգոստոսի 2023 թվական: