Գլխավոր տեղեկություն
Համար
N 1284-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.07.2023-26.07.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 27.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի 2023 թվականի N 1284-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Ագրարային ոլորտի քաղաքականության առանցքային ուղղություններից է առկա ռեսուրսային ներուժի առավել արդյունավետ օգտագործման համար պայմանների ստեղծումը: Այս առումով, մեր հանրապետության բնատնտեսական պայմաններում հիմնավորված է համարվում ջերմատնային տնտեսությունների զարգացումը, որն իր արտացոլումն է գտել Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:

2. Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2021 թվականին կազմել է 503.7 հազ. տոննա, ինչը ներառում է 945 հա ջերմոցներից և ջերմատներից հավաքված 89.6 հազ. տոննա բանջարանոցային մշակաբույսերի բերքը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշմամբ հաստատված՝ Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը կնքվել է 57 պայմանագիր, շահագործման է հանձնվել 22 ջերմատուն՝ 4.2 հա տարածքով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրով հաստատվել է շուրջ 14 հա մակերեսով ջերմատան կառուցման լիզինգային հայտ։

4. Հանրապետությունում ներկայումս առկա են բոլոր նախադրյալները ջերմատների ընդլայնման և զարգացման համար՝

1) նպաստավոր բնակլիմայական պայմաններ՝ տարեկան 300 և ավելի արևային օրերի առկայություն, ինչը հնարավորություն է ընձեռում կազմակերպելու մրգի և բանջարեղենի արտադրություն ամբողջ տարվա ընթացքում.

2) աղակալված և անմշակ հողատեսքերի առկայություն.

3) արտահանման լայն շուկաների առկայություն՝ ԵԱՏՄ և ԵՄ երկրներ, Միջին Արևելք, Վրաստան և այլն.

4) գոյություն ունեցող տեղական փորձ, որն ապացուցել է ջերմատնային պայմաններում արտադրության կազմակերպման արդյունավետությունը:

5. Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) հիմնական նպատակն է նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը՝ պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով։

6. Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թվականներին և կընդգրկի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։

7. Ծրագրի մասնակիցներն են՝

1) գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու).

2) Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական կառույցներ), որոնք ծրագրի պայմաններին համապատասխան վարկ են տրամադրում շահառուներին.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

4) «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ)։

8. Ծրագիրը կիրականացվի հետևյալ հիմնական մոտեցումների կիրառմամբ՝

1) ծրագրի շրջանակում ջերմատնային տնտեսությունների ներդրման համար խթանվում է բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատների կառուցումը.

2) ջերմատների կառուցման նպատակային ուղղություններն են՝ սննդամթերքի կամ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող մշակաբույսերի, ծաղկի, դեղաբույսերի կամ տեխնիկական մշակաբույսերի արտադրությունը.

3) ջերմատունը պետք է կառուցել N 1 աղյուսակում նշված պահանջներին համապատասխան.

4) յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի.

5) ջերմատան կառուցումը պետք է իրականացվի բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ․

6) ջերմատան կառուցման աշխատանքները պետք է ավարտել վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 1․5 տարվա ընթացքում.

7) անհրաժեշտության դեպքում, ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ ֆինանսական կառույցներին և շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն.

8) յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել ծրագրի 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարկի (վարկերի) առավելագույն գումարի շրջանակում, ընդ որում, հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը.

9) ծրագրի շահառուները նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար չեն կարող օգտվել ագրոպարենային ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից (վարկի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող աջակցության ծրագրերի մասով հսկողությունն իրականացնում է ֆինանսական կառույցը, իսկ այլ աջակցության ծրագրերի մասով՝ նախարարությունը։ Ֆինանսական կառույցը խախտում հայտնաբերելու դեպքում եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նախարարությանը)։

9. Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմանները՝

1) յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է՝ ելնելով ջերմատան մակերեսից (հաշվարկման համար հիմք են հանդիսանում N 2 աղյուսակում գնահատված ընդհանուր ծախսերը՝ 1 քառ. մ-ի հաշվով մինչև 76.000 դրամ, ընդ որում, կախված ներդրումների կառուցվածքից՝ ֆինանսական կառույցը գնահատում է 1 քառ. մ-ի հաշվով տրամադրվող վարկի գումարի չափը), ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում․

2) վարկը տրամադրվում է դրամով, անկանխիկ եղանակով, միանվագ կամ փուլ առ փուլ․

3) տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկի տոկոսադրույքի չափը․

4) վարկի մարման առավելագույն ժամկետը 8 տարի է․

5) շահառուի դիմումով ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս․

6) ֆինանսական կառույցը վարկի գործողության ընթացքում կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով և մարման գրաֆիկի ժամանակացույցի փոփոխություններ (առանց վարկի մարման ժամկետի փոփոխության)՝ շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ․

7) վարկի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում։

10. Ծրագրին մասնակցության ընթացակարգը՝

1) շահառուն վարկ ստանալու նպատակով, մինչև ջերմատան կառուցման աշխատանքների սկսելը, դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին.

2) ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում շահառուն վարկի ստացման համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

բ. անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որում ամրագրված է, որ հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների է։ Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրված լինելու դեպքում ներկայացվում է նաև հողամասի կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Ընդ որում, հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը պետք է կազմի վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից հաշված՝ առնվազն 10 տարի։ Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ջերմատան կառուցման համար,

գ. ծրագրի պահանջներին համապատասխանող ջերմատան նախագիծը,

դ. նախագիծը թողարկող պատասխանատուի երաշխավորագիրը` ծրագրի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ,

ե. համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին.

3) մինչև ծրագրի 8-րդ կետի 6-րդ ենթակետում նշված ժամկետի լրանալը շահառուն նախարարություն և ֆինանսական կառույց է ներկայացնում՝

ա. շինարարության ավարտական ակտը և դրա հիման վրա իրականացված պետական գրանցումը հաստատող անշարժ գույքի սեփականության կամ հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

բ. կապալառուի կողմից տրված շինարարության որակի մասին երաշխավորագիր։

11. Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ընթացակարգը՝

1) տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ.

2) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

3) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը նախարարության կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությունը, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից նախարարությանը ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության պահանջները սահմանվում են նախարարության և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է նախարարությունը.

4) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը նախարարություն է ներկայացնում ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: Նախարարությունը հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում բավարարում է հայտը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները։ Հայտը՝ ծրագրի պահանջներին չբավարարելու դեպքում նախարարությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տեղյակ պահել ֆինանսական կառույցին՝ նշելով չբավարարման հիմքերը.

5) ֆինանսական կառույցը նախարարության հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով հաշվետվություն է ներկայացնում նախարարություն.

6) ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում նախարարությունը ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները:

12. Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է, եթե՝

1) առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, համաձայն տվյալ պահին գործող ֆինանսական ակտիվների դասակարգման կարգի, վարկն օբյեկտիվ և սուբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ.

2) չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չէ օգտագործվել, կամ 16-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է սույն ծրագրի պայմանների և պահանջների խախտում.

3) շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն.

4) շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծվել է։

13. Վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած։

14. Ծրագրի 12-րդ կետում նշված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման դեպքերում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված տոկոսադրույք։

15. Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի), ծրագրի պահանջների չպահպանման կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ֆինանսական կառույցի կողմից ենթակա է վերադարձման նախարարությանը՝ փաստն արձանագրվելու օրվանից հաշված 3 ամսվա ընթացքում։ Ֆինանսական կառույցը իրավասու է սուբսիդավորման գումարը պահանջելու վարկառուից: Հետ վերադարձման պահանջ ներկայացվելուց հետո 3 ամսվա ընթացքում սուբսիդավորված գումարը չվերադարձնելու դեպքում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

16. Վարկի տրամադրումից հետո ՊՈԱԿ-ի և ֆինանսական կառույցի կողմից մեկ տարվա ընթացքում (միջանկյալ) և 10-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացվում է նպատակային մոնիթորինգ (ՊՈԱԿ-ի կողմից նպատակային մոնիթորինգը իրականացվում է նախարարության կողմից սահմանված կարգով)։ Ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան իրականացվում է նաև ֆինանսական մոնիթորինգ:

17. Ծրագրի հնարավոր ռիսկեր են համարվում՝

1) բնակլիմայական պայմանների պատճառով կառուցապատման աշխատանքների երկարաձգումը կամ ջերմատան վնասումը.

2) ծրագրի շրջանակում կառուցվող ջերմատների պահանջարկի ոչ ստույգ գնահատումը.

3) շահառուների կողմից ջերմատներում մշակության ոչ պատշաճ կազմակերպումը.

4) շահառուների կողմից ջերմատան ոչ լիարժեք շահագործումը։

18. Ռիսկերի մեղմմանը միտված միջոցառումներն են՝

1) ջերմատան տեղանքի և դիրքի ճիշտ ընտրությունը.

2) ծրագրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը և իրազեկվածության մակարդակի բարձրացումը.

3) շահառուների մասնագիտական կարողությունների բարելավումը՝ խորհրդատվության միջոցով․

4) մոնիթորինգի իրականացումն ու հաշվետվության ներկայացման պահանջը։

19. Ծրագրի ֆինանսական գնահատականը՝

1) ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) 2023 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի շուրջ 158․3 մլն դրամ, 2024 թվականին՝ 1․14 մլրդ դրամ, 2025 թվականին՝ 1․8 մլրդ դրամ, 2026 թվականին՝ 2․35 մլրդ դրամ: Ծրագրի առաջիկա տարիների ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տարեկան փաստացի բյուջեով նախատեսված կամ առկա ֆինանսական միջոցների չափով (ֆինանսական կառույցների կողմից ծրագրի շրջանակում վարկային պայմանագրեր կկնքվեն բյուջետային բավարար միջոցների առկայության դեպքում) տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով.

3) ծրագրի իրականացման արժեքը գնահատելու նպատակով կատարվել է պայմանական բաշխում, համաձայն որի նախատեսվում է ֆինանսավորել 2023 թվականին՝ 5 հա, իսկ հետագա յուրաքանչյուր տարում 10 հա ընդհանուր մակերեսով ջերմատների կառուցում.

4) հաշվի առնելով, որ ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող ջերմատան մակերեսի սահմանափակում նախատեսված չէ՝ հիմնվող ջերմատների մակերեսը կարող է գերազանցել ծրագրի շրջանակում գնահատված և ֆինանսական կառույցի կողմից ֆինանսավորված ջերմատների մակերեսը։

20. Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները՝

1) ծրագրի շրջանակում արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով.

2) առնվազն 350 նոր աշխատատեղերի ստեղծում.

3) բերքատվության բարձրացում 2-3 անգամ՝ ավանդական եղանակով մշակվող ջերմատների նկատմամբ, մասնավորապես, լոլիկի դեպքում 1 քառ. մ-ի հաշվով 40-50 կգ բերքի ստացում․

4) ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում, մասնավորապես, 2024 թվականին՝ 6,7 հազ․ տոննա, 2025 թվականին՝ 11,3 հազ․ տոննա, 2026 թվականին՝ 15,6 հազ․ տոննա, իսկ 2027 թվականից յուրաքանչյուր տարի (մոտ 15 տարի) կապահովվի շուրջ 15,6 հազ․ տոննա լոլիկի բերք․

5) արտահանման ծավալների ավելացում, մասնավորապես, լոլիկի դեպքում 2025 թվականից տարեկան շուրջ 10․0 հազ. տոննայով․

6) ոչ սեզոնային ամիսներին ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին.

7) շահառուների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում:

 

Աղյուսակ N 1

 

Բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատան կառուցման հիմնական պահանջները

 

1

Կոնստրուկցիան

1.1

Նվազագույն կողային բարձրությունը մինչև ջրհորդանը

4.0 մ

1.2

Ջերմատան յուրաքանչյուր տնակի թռիչքի նվազագույն լայնությունը

8.0 մ

1.3

Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն

Քամու դեմ՝ առնվազն 90 կմ/ժ:

Ձյան բեռնվածություն՝ առնվազն 60 կգ/մ2:

1.4

Մետաղական կոնստրուկցիա

Մետաղական կոնստրուկցիան և դրա հիմնական բաղադրատարրերը պետք է լինեն գործարանային արտադրության և նոր՝ չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից՝ տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի, ընդ որում, չի թույլատրվում ժանգոտվող մետաղի պատումը չժանգոտվող նյութով։ Կոնստրուկցիան կրող խողովակները պետք է ունենան այնպիսի հաստություն, որը թույլ կտա ունենալ անհրաժեշտ դիմադրողականության և ծանրաբեռնվածության աստիճան՝ ըստ 1.3-րդ կետում նշված պահանջների: Յուրաքանչյուր ջերմատան (բլոկի) կառուցման համար անհրաժեշտ կրող կոնստրուկցիաները պետք է լինեն մեկ արտադրողի արտադրության:

2

Ջերմատան ծածկ և կողային պատեր

2.1

Երկշերտ պոլիէթիլենային թաղանթ

1) Հաստությունը՝ ստորին շերտ՝ առնվազն 150 միկրոն, վերին շերտ՝ առնվազն 180 միկրոն,

2) հավելանյութեր՝ ստորին շերտի համար՝ EVA (բարձր առաձգականություն), IR (թերմիկ, ջերմախնայող), AD կամ AF (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն), վերին շերտի համար՝ EVA (բարձր առաձգականություն), UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն)։ IR (թերմիկ, ջերմախնայող), AD կամ AF (հակակաթոցային) հավելանյութերը վերին շերտի համար ցանկալի են, բայց ոչ պարտադիր,

3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք՝ առնվազն 3 սեզոն (30 ամիս):

2.2

Այլ

Կարելի է օգտագործել նաև ապակի, իսկ ջերմատան կողային հատվածներում՝ մինչև ջրհորդանը և ճակատային հատվածներում՝ գործարանային արտադրության նոր, արտադրողի կողմից հավաստագրված, բազմամյա

օգտագործման (առնվազն 5 տարի) պոլիկարբոնատ:

3

Ջերմատան հիմնական համակարգեր

3.1*

Ջեռուցման համակարգ

Կաթսայատուն՝ ավտոմատ կառավարման համակարգով և ջերմատան ջեռուցման ներքին խողովակաշարային ցանցով:

3.2

Ոռոգման համակարգ

Ոռոգման ավտոմատ պոմպակայանով և ջերմատան կաթիլային ոռոգման ներքին ցանցով:

3.3

Բույսերի մշակության համակարգ

Հենակներով/կախիչներով և այլ աքսեսուարներով պլաստմասսայե կամ մետաղյա ջրհորդաններ կամ տարաներ բույսերի աճեցման համար:

3.4

Օդափոխության համակարգ

Ավտոմատ կառավարվող տանիքային օդափոխության համակարգ (պատուհաններ) և հորիզոնական կամ ուղղահայաց օդափոխիչներ:

3.5**

Մառախլագոյացման համակարգ

Բարձր ճնշման ավտոմատ մառախլագոյացման պոմպակայան և ջերմատան ներքին ցանց:

3.6**

Ստվերարկման համակարգ

Ավտոմատ կառավարվող համակարգ, մեխանիկական մեխանիզմներով և էներգախնայող և (կամ) ստվերարկող վարագույրներով:

3.7

Ավտոմատ կառավարման համակարգ

Ջերմատան կլիմայի ավտոմատ կառավարման համակարգ՝ ծրագրային ապահովմամբ:

 

*Գործող կաթսայատան առկայության դեպքում թույլատրվում է դրա վերազինումը։

**Կախված մշակաբույսից և ջերմատան տեղակայման վայրի կլիմայից՝ համակարգը կարող է չկիրառվել։

 

Աղյուսակ N 2

 

Բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատների կառուցման ծախսերի միջինացված հաշվարկը՝ 1 քառ. մ-ի հաշվով

 

Ներդրումների կառուցվածք*

NN

ը/կ

անվանումը

գումարը (դրամ)

1

Հիմնական ներդրումներ

1.1

Ջերմատուն (կոնստրուկցիա, ջերմատան ծածկ և կողային պատեր, ջեռուցման համակարգ՝ ներառյալ կաթսայատուն, ոռոգման համակարգ, մառախլագոյացման համակարգ, oդափոխության համակարգ, բույսերի մշակության համակարգ, ստվերարկման համակարգ, դրենաժի վերաշրջանառման համակարգ, կլիմայի կառավարման ավտոմատ համակարգ՝ ծրագրային ապահովմամբ)

50000

1.2

Հողային աշխատանքներ և ենթակառուցվածքներ (գազամատակարարում, էլեկտրամատակարարում՝ ներառյալ ռեզերվային դիզելային գեներատոր, ջրամատակարարում, տարածքի հողհարթեցում)

5000

1.3**

Ջերմատան նախագծման, կառուցման և մոնտաժային աշխատանքներ, սառնարանային տնտեսություն, արտադրատնտեսական գույք, շինարարական հումք, նյութեր

16500

1.4

Ամբարձիչներ, մեխանիկական, էլեկտրական և հիդրավլիկ սայլակներ

2000

 

Ընդամենը հիմնական ներդրումներ

73.500

2

Այլ ծախսեր

2.1***

Այլ ծախսեր, այդ թվում՝ շրջանառու միջոցներ

2500

 

Ընդամենը այլ ծախսեր

2500

Ընդամենը ներդրումներ

76000

 

* Ներդրումների կառուցվածքում առկա, սակայն շահառուի կողմից չնախատեսվող ծախսերը ենթակա չեն ֆինանսավորման և հանվում են ընդամենը ներդրումների գումարից։

** Սառնարանային տնտեսությունը պետք է համապատասխանի ջերմատան ցուցանիշներին։

*** Շրջանառու միջոցները նախատեսված են գործունեության առաջին տարում (մինչև առաջին բերքի ստացումը) հումքի, նյութերի, պարարտանյութերի, սերմերի, տնկանյութի, սուբստրատի և այլնի ձեռքբերման համար։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

27.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ