Գլխավոր տեղեկություն
Համար
N 1162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2017.11.10/9(94) Հոդ.942
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.09.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2017 թվականի N 1162-Ն

 

ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներքին գործերի նախարարության ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 11.08.23 N 1339-Ն)

 

Ղեկավարվելով «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ամենօրյա գործունեության ժամանակ արտակարգ իրավիճակների և ճգնաժամերի առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատակարգը, խնդիրներն ու գործառույթները` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 11.08.23 N 1339-Ն)

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացնել տվյալներ համապատասխան ներկայացուցչի վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. սեպտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1162-Ն որոշման

 

ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներքին գործերի նախարարության ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 11.08.23 N 1339-Ն) 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են ամենօրյա գործունեության ժամանակ ներքին գործերի և ճգնաժամերի (այսուհետ՝ ԱԻ) առաջացման դեպքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) փրկարար ծառայության (այսուհետ՝ ծառայություն) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում (այսուհետ՝ կենտրոն) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների (այսուհետ՝ ներկայացուցիչ) աշխատակարգը, խնդիրներն ու գործառույթները:

(1-ին կետը փոփ. 11.08.23 N 1339-Ն) 

2. Սույն իրավական ակտում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) տեղական նշանակության ԱԻ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները չեն տարածվել կազմակերպության, օբյեկտի տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից դուրս, և ԱԻ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ տարածքն սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.

2) համայնքային նշանակության ԱԻ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել կազմակերպության տարածքից կամ արտակարգ դեպքի, պատահարի վայրից, սակայն, չեն տարածվել քաղաքային (բացառությամբ Երևան քաղաքի) ու գյուղական համայնքների տարածքից դուրս, և ԱԻ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ համայնքն սպասարկող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.

3) մարզային նշանակության ԱԻ՝ արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել քաղաքային կամ գյուղական համայնքի տարածքից, սակայն, չեն տարածվել տվյալ մարզի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) տարածքից դուրս, և ԱԻ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար բավարար են տվյալ մարզում (Երևան քաղաքում) գործող պետական մարմինների, ծառայությունների, կազմակերպությունների ուժերն ու միջոցները.

4) հանրապետական նշանակության ԱԻ՝ արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել մարզի (Երևան քաղաքում` վարչական շրջանի) տարածքից, սակայն, չեն տարածվել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, և ԱԻ առաջացնող աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար անհրաժեշտ է ներգրավել Հայաստանի Հանրապետության ուժերն ու միջոցները կամ ծագել է միջազգային օգնությանը դիմելու անհրաժեշտություն.

5) անդրսահմանային նշանակության ԱԻ` արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, երբ խոցման գործոնները դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից կամ այլ երկրում արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի հետևանքով ստեղծված իրադրություն, որի խոցման գործոնները ներգործություն են ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում` առաջացնելով տեղական, համայնքային, մարզային կամ հանրապետական նշանակության ԱԻ կամ դրա առաջացման սպառնալիք.

6) արտակարգ դեպք, պատահար` շրջակա միջավայրում, մարդու գործունեության ոլորտում տեղի ունեցած իրադարձություն, որի հետևանքով խախտվել է որևէ բնականոն վիճակ կամ գործընթաց, ինչից առաջացել են (սպառնում է առաջանալ) այնպիսի հետևանքներ, որոնց կանխման, գնահատման և (կամ) վերացման համար ծագել է փրկարարական, ոստիկանական, բժշկական կամ այլ մասնագիտացված ծառայությունների ուժեր և (կամ) միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն.

7) արտակարգ դեպքի, պատահարի վայր` որոշակի տարածք, որտեղ ազդում (տարածվում) կամ ազդել են (տարածվել են) արտակարգ դեպքի, պատահարի, վտանգավոր տարերային երևույթի խոցման գործոնները.

8) արտակարգ դեպքի, պատահարի բարդության աստիճան` տվյալ արտակարգ դեպքի, պատահարի առաջացման աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար նախատեսված պետական կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների, նրանցում գործող ծառայությունների, կազմակերպությունների ուժերի և միջոցների ներգրավման քանակով (ծավալով) և ստեղծված իրադրության առանձնահատկություններով պայմանավորված մեծություն.

9) արտակարգ դեպքի, պատահարի բարդության առաջին աստիճան` արտակարգ դեպքի, պատահարի վայրում ստեղծված այնպիսի իրավիճակ, որի առաջացման աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար ներգրավվում են մեկ ծառայության ուժեր և միջոցներ, իսկ նշված աշխատանքները ղեկավարում է դեպքի վայր ժամանած ստորաբաժանման լիազոր պաշտոնատար անձը.

10) արտակարգ դեպքի, պատահարի բարդության երկրորդ աստիճան` արտակարգ դեպքի, պատահարի վայրում ստեղծված այնպիսի իրավիճակ, որի առաջացման աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար ներգրավվում են երկու և ավելի ծառայությունների ուժեր և միջոցներ, իսկ նշված աշխատանքները ղեկավարում է տվյալ տարածքն սպասարկող ստորաբաժանման լիազոր պաշտոնատար անձը.

11) արտակարգ դեպքի, պատահարի բարդության երրորդ աստիճան` արտակարգ դեպքի, պատահարի վայրում ստեղծված այնպիսի իրավիճակ, որի գնահատման, առաջացման աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար ներգրավվում են երկու և ավելի ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԳՄ-ների ուժեր (միջոցներ), իսկ նշված աշխատանքների կառավարումն իրականացնում է (կամ ստանձնում) պետական լիազոր մարմնի ղեկավարը, կամ նրա կողմից նշանակված (լիազորված) պաշտոնատար անձը.

12) արտակարգ դեպքի, պատահարի բարդության չորրորդ աստիճան` արտակարգ դեպքի, պատահարի վայրում ստեղծված այնպիսի իրավիճակ, որի գնահատման, առաջացման աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման համար ներգրավվել են երկու և ավելի ծառայությունների ուժեր (միջոցներ), իսկ նշված աշխատանքների կառավարումն իրականացնում է (կամ ստանձնում) տվյալ մակարդակում արտակարգ իրավիճակների հանձնաժողովը կամ պետական կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմնի (մարմինների) ներկայացուցիչներից ձևավորված օպերատիվ շտաբը (շտաբերը).

13) ներկայացուցչի աշխատատեղ՝ կենտրոնում համապատասխան գույքով, համակարգչային սարքերով ու սարքավորումներով, համացանցով, հեռախոսակապով, անխափան էլ. սնուցմամբ ապահովված, ինչպես նաև խորհրդակցություններ, համատեղ քննարկումներ անցկացնելու և շուրջօրյա գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռող տարածք:

3. Ներկայացուցիչները նշանակվում են հանրապետական գործադիր մարմիններից (այսուհետ՝ ՀԳՄ)՝ ՀԳՄ-ի ղեկավարի հրամանով՝ կենտրոնի հետ ամենօրյա համագործակցության, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև ԱԻ-ներում փոխհամաձայնեցված ու ներդաշնակ գործողությունների կազմակերպման և ապահովման նպատակով: Անհրաժեշտության դեպքում ներկայացուցիչներ կարող են նշանակվել նաև այլ պետական կառավարման մարմիններից:

4. Ներկայացուցիչ է նշանակվում տվյալ ՀԳՄ-ի պաշտոնատար այն անձը, ով՝

1) իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում իրավասու է ներկայացնել ՀԳՄ-ն, աշխատանքային, ծառայողական հարցեր և խնդիրներ քննարկել ՀԳՄ-ի ղեկավար կազմի հետ, կայացնել որոշումներ ՀԳՄ-ի անունից.

2) ունի ՀԳՄ-ի գործունեությանն առնչվող փաստաթղթերին, տեղեկատվությանն ու տվյալներին սահմանված կարգով ծանոթանալու, կրկնօրինակելու, պահանջելու և երրորդ անձանց տրամադրելու թույլտվության անհրաժեշտ աստիճան.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում հանրապետական և մարզային նշանակության ԱԻ-ների, ինչպես նաև 3-րդ և 4-րդ բարդության աստիճանի արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման դեպքում, ի պաշտոնե, ՀԳՄ-ում չի իրականացնում այլ՝ նշված իրավիճակներին առնչվող գործառույթներ.

4) բնակվում է մայրաքաղաքում կամ այնպիսի հեռավորությամբ գտնվող բնակավայրում, որտեղից, ազդարարման դեպքում, սահմանված ժամկետներում ի վիճակի է ներկայանալ կենտրոն:

5. Սույն իրավական ակտով սահմանված գործընթացների անխափանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև սույն հավելվածի 6-րդ կետում թվարկված դեպքերում ՀԳՄ-ի ղեկավարի կողմից նշանակվում է նաև ներկայացուցչին փոխարինող պաշտոնատար անձ, ով համապատասխանում է 4-րդ կետի պահանջներին. նրա տվյալները սահմանված ժամկետում ներկայացուցչի տվյալների հետ մեկտեղ տրամադրվում են նախարարությանը:

6. Ներկայացուցչի փոխարինումն իրականացվում է ՀԳՄ-ի ղեկավարի հրամանով, ներկայացուցչի՝

1) աշխատանքից (ծառայությունից) ազատվելու դեպքում՝ եռօրյա ժամկետում.

2) մեկ ամսվանից ավելի բացակայության (գործուղման, արձակուրդի, վատառողջ լինելու, ծառայողական, աշխատանքային լիազորությունները, պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելու և այլն) դեպքում՝ համապատասխան որոշումը կայացնելուն, հրամանը տալուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում.

3) այլ պաշտոնի նշանակվելու դեպքում, երբ վերջինիս համար սահմանված լիազորություններն ու գործառույթները թույլ չեն տալիս ապահովել սույն հավելվածի 4-րդ կետում առաջադրված պահանջները՝ համապատասխան հրամանը տալուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում.

4) կենտրոնում մեկ օրվանից ավելի իր վրա դրված պարտականությունները կատարելու դեպքում՝ փոխարինման համար սահմանված ժամին.

5) սույն իրավական ակտի պահանջները պատշաճ չկատարելու դեպքում՝ համապատասխան որոշումը կայացնելուն, հրամանը տալուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում:

7. Ներկայացուցչի և նրան փոխարինող պաշտոնատար անձի տվյալները զետեղվում են նախարարության ազդարարման համապատասխան ցուցակներում:

8. Կենտրոնում ներկայացուցչի աշխատանքային պայմանները, ինչպես նաև աշխատատեղի տեխնիկական և գույքային ապահովվածությունն ու անվտանգության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը (այսուհետ՝ նախարար):

(8-րդ կետը փոփ. 11.08.23 N 1339-Ն) 

9. Կենտրոնում աշխատանքային համապատասխան տարածքներ նախատեսվում են բոլոր ՀԳՄ-ների ներկայացուցիչների համար:

10. ԱԻ-ների առաջացման (առաջացման սպառնալիքի) դեպքում պատրաստականության անհրաժեշտ աստիճանն ապահովելու նպատակով կենտրոնում սահմանվում են գործունեության հետևյալ ռեժիմները՝

1) արտակարգ իրավիճակի.

2) ուժեղացված.

3) ռազմական:

11. Սույն կարգի 10-րդ կետում նշված ռեժիմներում ներկայացուցիչների ներգրավումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Ներկայացուցչի ազդարարումն իրականացվում է՝

1) հանրապետական և մարզային նշանակության ԱԻ-ների առաջացման դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ԱԻ-ների առաջացման սպառնալիքի կամ 3-րդ և 4-րդ բարդության աստիճանի արտակարգ դեպքերի, պատահարների գրանցման դեպքում.

3) անդրսահմանային նշանակության ԱԻ-ների առաջացման դեպքում, եթե վերջիններիս խոցման գործոններից Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցվել է մարզային կամ հանրապետական նշանակության ԱԻ-ներ.

4) արտերկրներում այնպիսի ԱԻ-ների առաջացման դեպքում, որոնց աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման գործընթացում ներգրավված են Հայաստանի Հանրապետության ուժերն ու միջոցները կամ դրանցում զոհվել են, տուժել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և վերջիններիս օգնության ցուցաբերման, տեղափոխման, նույնականացման, տվյալների ճշգրտման, տեղեկատվական հոսքերի կառավարման, ԱԻ հանձնաժողովի տեղեկատվական ապահովման, ինչպես նաև ներգրավված ուժերի գործունեության արդյունավետությունն ապահովելու համար առաջացել է գործողությունների կենտրոնացված համակարգման անհրաժեշտություն.

5) բարձր կամ լրիվ պատրաստականության աստիճանների անցման դեպքում.

6) հրամանատարաշտաբային կամ շտաբային ուսումնավարժությունների անցկացման ժամանակ:

13. Սույն հավելվածի 12-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերում թվարկված դեպքերում կարող է իրականացվել ներկայացուցիչների մասնակի ազդարարում՝ ըստ առնչության:

14. Ներկայացուցիչների իրազեկումը և ընթացիկ տեղեկատվական ապահովումը Հայաստանի Հանրապետության տարածքում 2-րդ և բարձր բարդության աստիճանի արտակարգ դեպքերի, պատահարների գրանցման դեպքում իրականացվում է կենտրոնի օպերատիվ հերթափոխի անձնակազմի միջոցով:

15. ՀԳՄ-ի ղեկավարներն ապահովում են ՀԳՄ-ի տարածքային, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից սույն իրավական ակտով սահմանված պարբերականությամբ հայցվող տվյալների, տեղեկատվության, փաստաթղթերի ու այլ նյութերի տրամադրումը ներկայացուցչին, համապատասխան հրամաններով կանոնակարգում սույն իրավական ակտի 10-րդ կետում նշված ռեժիմներում ներկայացուցչի իրավասությունները, պարտականություններն ու ոլորտների պատասխանատուների միջև փոխհարաբերությունների առանձնահատկությունները:

16. ՀԳՄ-ից կենտրոնին տրամադրվող տվյալների և տեղեկատվության ցանկը, ինչպես նաև դրանց տրամադրման պարբերականությունը սահմանվում է յուրաքանչյուր ՀԳՄ-ի ներկայացուցչի հետ համատեղ քննարկումների արդյունքում՝ հաշվի առնելով կենտրոնի և տվյալ ՀԳՄ-ի խնդիրներն ու գործառույթները:

17. Կենտրոնից հայցվող գաղտնի տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. ԱԻ-ներում ներկայացուցիչների ազդարարման և հավաքի գործընթացներն իրականացնելուց հետո նախարարության լիազորված պաշտոնատար անձն անցկացնում է վերջիններիս մասնակցությամբ խորհրդակցություն՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը, խնդիրները, գործողությունների հիմնական ուղղություններն ըստ ոլորտների:

19. Ներկայացուցիչների գործունեության համար նախատեսված տարածքում աշխատանքի (ծառայության) կազմակերպման համար անհնարին պայմանների ստեղծման դեպքում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի որոշմամբ, ներկայացուցիչների գործունեությունը կազմակերպվում է այլ վայրում:

(19-րդ կետը փոփ. 11.08.23 N 1339-Ն) 

 

II. ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

20. Ներկայացուցիչն ամենօրյա գործունեության ընթացքում գտնվում է իր աշխատանքային (ծառայության) վայրում՝ կատարելով տվյալ ՀԳՄ-ում իր պաշտոնեական պարտականությունները:

21. Կենտրոնում գտնվելու ժամանակահատվածում ներկայացուցիչը ենթարկվում է կենտրոնի պետին՝ ներքին ծառայության հարցերով:

22. Ներկայացուցչի խնդիրներն են՝

1) ամենօրյա գործունեության ժամանակ՝

ա. ՀԳՄ-ի ստորաբաժանումներից հայցվող տեղեկատվության հավաքագրումն ու ըստ սահմանված ժամկետների և ձևաչափերի փոխանցումը կենտրոն,

բ. Հայաստանի Հանրապետությունում գրանցված 3-րդ և 4-րդ բարդության աստիճանի արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվության ստացման դեպքում ՀԳՄ-ի ղեկավարի և (կամ) համապատասխան ստորաբաժանումների պաշտոնատար անձանց ժամանակին իրազեկումն ու անհրաժեշտ քանակի (որակի) ՀԳՄ-ի ուժերի և միջոցների ժամանակին ներգրավման ապահովումը,

գ. ՀԳՄ-ի գործունեության շրջանակներում արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման դեպքում կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետին ժամանակին իրազեկումը, ստեղծված իրավիճակի, հասցված հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրումը,

դ. կենտրոնում՝ իրեն ամրագրված համակարգչում, տեղեկատվության առկայության ստուգումն ու անհրաժեշտ փաստաթղթերի, տվյալների թարմացման ապահովումը.

2) ԱԻ-ների առաջացման դեպքում՝

ա. ազդարարման դեպքում սահմանված ժամկետներում ժամանումը կենտրոն՝ դրա մասին իրազեկելով օպերատիվ հերթափոխի պետին և ՀԳՄ-ի ղեկավարին, իրեն ամրագրված համակարգերի նախապատրաստումը ծառայության,

բ. կենտրոնի պետից և (կամ) օպերատիվ հերթափոխի պետից ստեղծված իրավիճակի մասին իրազեկումը,

գ. նպատակային գործողությունների ծավալումը՝ ուղղված ստեղծված իրավիճակի հնարավորինս ճշգրիտ բացահայտմանը, վերլուծմանն ու շահագրգիռ պաշտոնատար անձանց տրամադրմանը,

դ. մասնակցության ցուցաբերումը ՀԳՄ-ի ուժերի և միջոցների արձագանքումը հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպելու և իրականացնելու գործում՝ ըստ սահմանված պարբերականության ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրելով օպերատիվ հերթափոխի պետին,

ե. ԱԻ վայրում ՀԳՄ-ի ուժերի և միջոցների վիճակի ու գործունեության վերաբերյալ տեղեկատվության մշտապես տիրապետումը,

զ. համագործակցումն այլ ներկայացուցիչների հետ՝ անհրաժեշտ գործողությունները (այդ թվում՝ համատեղ) ժամանակին ապահովելու նպատակով,

է. տեղեկատվության սահմանված կարգով գրանցումն ու հաշվառումը, ինչպես նաև դրա ժամանակին տրամադրումը շահագրգիռ պաշտոնատար անձանց,

ը. փոխարինող ներկայացուցչի ժամանման դեպքում ներկայացնել կատարված և ընթացիկ աշխատանքները, տիրող իրավիճակը և այն հանձնարարականներն ու անելիքները, որոնք ենթակա են շարունակման, ապահովման,

թ. աջակցությունը կենտրոնի և տվյալ ՀԳՄ-ի, այլ ներկայացուցիչների միջև՝ տեղեկատվության փոխանակման, կենտրոնացված կառավարման արդյունավետության ապահովման ներդաշնակ համագործակցության գործում:

23. Ներկայացուցչի գործառույթներն են՝

1) ամենօրյա գործունեության ժամանակ՝

ա. հայցվող տեղեկատվությանը ժամանակին տիրապետելու նպատակով դիմում է ՀԳՄ-ի, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, պատասխանատուներին՝ ներկայացնելով անհրաժեշտ ձևաչափերը,

բ. մշակում, ամփոփում և դասակարգված համակարգում է ստացված տվյալներն ու տեղեկատվությունը,

գ. սահմանված ժամկետներում կապ է հաստատում օպերատիվ հերթափոխի պետի հետ՝ ապահովելով տվյալների, տեղեկատվության փոխանցումը,

դ. համագործակցում է օպերատիվ հերթափոխի պետի հետ՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ, ճշգրտում անհրաժեշտ օգնության ուղղություններն ու բնույթը,

ե. ՀԳՄ-ի ենթակայության տակ գտնվող ուժերի, միջոցների, մասնագետների ներգրավման անհրաժեշտության դեպքում կապ է հաստատում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, հերթապահների հետ՝ կազմակերպելով ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում,

զ. ՀԳՄ-ի համակարգում արտակարգ դեպքերի, պատահարների գրանցման դեպքում ճշգրտում է վերջիններիս բնույթը, մասշտաբները, հետևանքները՝ տրամադրելով ամփոփ տեղեկատվություն օպերատիվ հերթափոխի պետին,

է. անհրաժեշտության դեպքում դիմում օպերատիվ հերթափոխի պետին համապատասխան օգնություն ստանալու համար, աջակցում է ժամանած ուժերի արդյունավետ կիրառմանը,

ը. ՀԳՄ-ի ստորաբաժանումներից անհրաժեշտ պարբերականությամբ ստանում է նորացված, փոփոխված տվյալներն ու տեղեկատվությունը,

թ. առնվազն ամիսը մեկ անգամ այցելում է կենտրոն՝ իրեն ամրագրված համակարգչում թարմացնելով շտեմարանները, ստուգում պահպանվող տեղեկատվության առկայությունը,

ժ. ամիսը մեկ անգամ ճշգրտում է ԱԻ բնագավառին առնչվող պլաններում ՀԳՄ-ին վերաբերող տեղեկատվության համապատասխանելիությունը ներկա վիճակին, ապահովում է անհրաժեշտ փոփոխությունների կատարումը.

2) ԱԻ-ների առաջացման դեպքում՝

ա. ստանալով կենտրոն ներկայանալու վերաբերյալ ազդականչը՝ ազդարարում է ՀԳՄ-ի ղեկավար կազմին և ժամանում կենտրոն,

բ. աշխատանքային վիճակի է բերում համակարգչային տեխնիկան և հարակից սարքավորումները՝ ստուգելով դրանց և կապի միջոցների աշխատունակությունը, իսկ անսարքությունների, կորստի հայտնաբերման դեպքում՝ անմիջապես իրազեկում կենտրոնի պետին, օպերատիվ հերթափոխի պետին,

գ. կապ է հաստատում կենտրոնի պետի և (կամ) օպերատիվ հերթափոխի պետի հետ, ձեռքբերում տեղեկատվություն ԱԻ բնույթի, ստեղծված իրադրության և առաջնային հիմնախնդիրների մասին,

դ. ճշգրտում է ԱԻ բնագավառում գործող պլաններով ՀԳՄ-ի խնդիրներն ու լիազորությունները,

ե. կապ է հաստատում ՀԳՄ-ի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների, հերթապահների հետ՝ ձեռք բերելով տեղեկատվություն ստեղծված իրավիճակի հնարավորինս ճշգրիտ բացահայտման ուղղությամբ,

զ. մշակում և համակարգում է ստացված տվյալները, օպերատիվ հերթափոխի պետին և շահագրգիռ այլ պաշտոնատար անձանց ներկայացնում ամփոփ տեղեկատվություն տվյալ ՀԳՄ-ի բնագավառում ԱԻ-ից հասցված ավերվածությունների, կորուստների, վնասների վերաբերյալ,

է. սահմանում է ՀԳՄ-ի համապատասխան ստորաբաժանումներից տեղեկատվության ստացման պարբերականությունն ու ձևաչափերը,

ը. քննարկում է ՀԳՄ-ի ղեկավարության հետ առկա ուժերի և միջոցների ներգրավումն արդյունավետ և ստեղծված իրավիճակին համարժեք իրականացնելու հարցերն ու խնդիրները՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություններ,

թ. աջակցում է ՀԳՄ-ի ուժերի և միջոցների օպերատիվ արձագանքման գործընթացին՝ իրականացնելով նրանց տեղեկատվական ապահովումը,

ժ. պարբերաբար ճշգրտում է ներգրավված ուժերի և միջոցների քանակը, տեսակը, տեղաշարժման ընթացքը, տեղակայման վայրերը, մարտունակությունը՝ ամփոփ տեղեկատվություն տրամադրելով օպերատիվ հերթափոխի պետին և ՀԳՄ-ի շահագրգիռ այլ պաշտոնատար անձանց,

ժա. շահագրգիռ ՀԳՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկում է գործողությունների կազմակերպման և իրականացման առանձնահատկությունները,

ժբ. իրավասության շրջանակներում աջակցում է որոշումների կայացման գործընթացին՝ ժամանակին հասցնելով դրանք շահագրգիռ ստորաբաժանումներին,

ժգ. դասակարգում և համակարգում է ստացված (տրամադրված) ընթացիկ տեղեկատվությունն ըստ ուղղությունների, բնագավառների, տարածքների, տեղամասերի և այլն,

ժդ. այլ ներկայացուցիչների հետ մասնակցում է քննարկումներին, տալիս առաջարկություններ՝ ՀԳՄ-ի ուժերն ու միջոցներն ԱԻ աղբյուրի և (կամ) հետևանքների վերացման գործում հնարավորինս արդյունավետ կիրառելու ուղղությամբ,

ժե. փոխարինող պաշտոնատար անձի ժամանման դեպքում ներկայացնում է կատարված աշխատանքները, իրադրությունը, ընթացքում գտնվող խնդիրներն ու հարցերը:

24. Ամենօրյա գործունեության ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրապետական և մարզային նշանակության ԱԻ-ների, ինչպես նաև 3-րդ և 4-րդ բարդության աստիճանի արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման դեպքում ներկայացուցիչն իրավասու է՝

1) տեղեկատվության ստացման, ճշգրտման, փոխանակման, գործողությունների, արձագանքման պլանավորման և ապահովման նպատակով օրվա ցանկացած ժամի կապ հաստատելու կենտրոնի պետի, օպերատիվ հերթափոխի պետի հետ.

2) աշխատանքային օրերին և ժամերին անարգել մուտք գործելու կենտրոն՝ իրականացնելով սույն իրավական ակտով սահմանված պարտականությունները.

3) ՀԳՄ-ի ստորաբաժանումներից անհրաժեշտ պարբերականությամբ և ձևաչափերով պահանջելու տվյալներ, տեղեկատվություն ու այլ նյութեր՝ կենտրոնին և ՀԳՄ-ի ղեկավարությանն ու այլ շահագրգիռ պաշտոնական անձանց տրամադրելու համար.

4) օպերատիվ հերթափոխի պետից պահանջելու ՀԳՄ-ին վերաբերող փաստաթղթեր, տեղեկատվություն, տվյալներ, լուսանկարահանված, տեսանկարահանված նյութեր, եթե վերջիններիս տրամադրման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակումներ դրված չեն.

5) առաջարկություններ ներկայացնելու կենտրոնի պետին կենտրոնի հետ համագործակցության, փոխգործողությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

6) ստուգելու կենտրոնում իրեն ամրագրված գույքի, սարքերի, սարքավորումների առկայությունը, աշխատունակությունը, դրանցում պահպանվող տեղեկատվության ամբողջականությունը՝ խախտումների, տեղեկատվության կորստի, անսարքությունների հայտնաբերման դեպքում գրավոր դիմելով կենտրոնի պետին.

7) կիրառելու պաշտպանիչ գաղտնաբառեր՝ իրեն ամրագրված համակարգիչ մուտք գործելը սահմանափակելու նպատակով.

8) տեղեկատվության թարմացման, փաստաթղթերի փոխանցման նպատակով քննարկումների, հրամանատարաշտաբային կամ շտաբային ուսումնավարժությունների անցկացման ժամանակ իր փոխարեն ապահովելու փոխարինող պաշտոնատար անձի ներկայությունը.

9) մասնակցելու տեղեկատվության տրամադրման ձևաչափերի սահմանման գործընթացին, ներկայացնելու առաջարկություններ տեղեկատվության ապահովման արդյունավետության բարձրացման ուղղությամբ.

10) արտակարգ իրավիճակների ռեժիմում՝

ա. կենտրոնի պետի գիտությամբ մուտք գործելու օպերատիվ դահլիճ՝ օգտվելով իրական ժամանակում տեսապատկերի փոխանցման համակարգից, երկրատեղեկատվական ու այլ շտեմարաններից, կապի (տեսակապի) ու տեղեկատվության արտացոլման այլ միջոցներից,

բ. համատեղ գործողությունների, արձագանքման կազմակերպման ու այլ նախատեսված գործընթացների ճշտությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով՝ դիմելու կենտրոնի պետին՝ նախարարության համապատասխան մասնագետների հետ աշխատանքային քննարկումներ կազմակերպելու և անցկացնելու համար,

գ. իր լիազորությունների շրջանակներում որոշումներ կայացնելու տվյալ ՀԳՄ-ի ուժերի և միջոցների ներգրավման, տեղաբաշխման, փոխարինման ուղղությամբ,

դ. իր լիազորությունների շրջանակներում տվյալ ՀԳՄ-ի ստորաբաժանումներից հայցելու տվյալներ և տեղեկատվություն, այդ թվում՝ ԱԻ, արտակարգ դեպքի, պատահարի վայրից՝ սահմանելով տրամադրման պարբերականությունն ու ժամկետները,

ե. կենտրոնի օպերատիվ խմբի կազմում մեկնելու ԱԻ, արտակարգ դեպքի, պատահարի վայր,

զ. ԱԻ, արտակարգ դեպքի, պատահարի վայրում օգտվելու կենտրոնի օպերատիվ խմբի կապի միջոցներից և գույքից, եթե այն չի խոչընդոտում կենտրոնի օպերատիվ խմբի պարտականությունների կատարմանը,

է. ԱԻ, արտակարգ դեպքի, պատահարի վայրում հանդես գալու ՀԳՄ-ի ներկայացուցիչ,

ը. կենտրոնի օպերատիվ խմբի տեսաօպերատորից պահանջելու իր գործառույթների շրջանակներին առնչվող դրվագների լուսանկարահանում, տեսանկարահանում,

թ. իր պարտականությունները կատարելիս, խոչընդոտների առաջացման դեպքում, օրվա ցանկացած ժամի կապ հաստատելու ՀԳՄ-ի ղեկավարի, ՀԳՄ-ի ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ ներկայացնելով առկա խնդիրները,

ժ. առաջարկություններ ներկայացնելու ՀԳՄ-ի ղեկավարին՝ համակարգի ուժերի և միջոցների ներգրավման, արդյունավետ տեղաբաշխման և կիրառման ուղղությամբ,

ժա. համագործակցելու այլ ՀԳՄ-ի ներկայացուցիչների հետ՝ համատեղ որոշումների կայացման, գործողությունների պլանավորման, տեղեկատվության փոխանակման գործում, ինչպես նաև տրամադրելու նրանց ՀԳՄ-ին (ստանալ նրանցից ՀԳՄ-ների) վերաբերող տվյալներ, տեղեկատվություն ու այլ նյութեր,

ժբ. տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարման, տեղեկատվության համակարգման, դասակարգման նպատակով դիմելու կենտրոնի պետին, օպերատիվ հերթափոխի պետին՝ համապատասխան մասնագետի տրամադրման համար,

ժգ. ԱԻ, արտակարգ դեպքի, պատահարի առանձնահատկություններով պայմանավորված ժամանելու կենտրոնի օպերատիվ խմբով՝ համապատասխան (ոչ ավելի քան երկու) մասնագետների ներգրավմամբ՝ վերջինների տվյալները նախապես տրամադրելով կենտրոնի պետին,

ժդ. կենտրոնի պետի գիտությամբ անհրաժեշտ ժամանակահատվածով բացակայելու կենտրոնից, եթե տվյալ ՀԳՄ-ին վերաբերող այլ գործառույթներ չեն իրականացվում կամ վերջինիս կենտրոնում գտնվելու անհրաժեշտությունն այլևս չկա:

25. ՀԳՄ-ի ղեկավարի հայեցողությամբ, ելնելով ներկայացուցչի կամ ՀԳՄ-ի գործունեության առանձնահատկություններից, ներկայացուցչի գործառույթները կարող են ավելացվել:

(հավելվածը փոփ. 11.08.23 N 1339-Ն)  

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան