Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-419-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.01.2008-03.04.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.10.30/46(221) Հոդ.1062
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը 

 

Ընդունված է 2002 թվականի սեպտեմբերի 24-ին 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

1. Սույն օրենքը կարգավորում է բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) օրենքով սահմանված կարգով անհատական հաշվառման (գրանցման) տվյալների մշակման, ինչպես նաև ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի նպատակը բնակչի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացումն է: 

 

Հոդված 2. Ռեգիստրի մասին օրենսդրությունը

 

1. Ռեգիստրի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, այլ օրենքներից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. «Ռեգիստր» հասկացությունը

 

Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:

 

Հոդված 4. Ռեգիստրի ստեղծման ու վարման հիմնական սկզբունքները և ռեգիստրի կառուցվածքը

 

1. Ռեգիստրի ստեղծման և վարման հիմնական սկզբունքներն են`

1) ստեղծման և վարման միասնականությունը.

2) բնակչի անհատական հաշվառման տվյալներին՝ միայն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների (անձանց) մատչելիությունը.

3) բնակչի ազատ տեղաշարժի և բնակության վայրի ազատ ընտրությունը.

4) մշտական բնակության միայն մեկ վայրում բնակչի հաշվառումը.

5) բնակչի կողմից անհատական հաշվառման իր տվյալներին անարգել ծանոթանալու ազատությունը:

2. Ռեգիստրը բաղկացած է կենտրոնական ռեգիստրից և կենտրոնական ռեգիստրի տեղական բաժանմունքներից (այսուհետ` տեղական ռեգիստրներ):

3. Ռեգիստրի ստեղծման և վարման աշխատանքները ֆինանսավորվում են պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. (մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-131-Ն)

5. Կենտրոնական ռեգիստրը վարում և տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

(4-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 5. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները

 

1. Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անհատական տվյալները.

1) սոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում).

2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.

3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).

4) քաղաքացիությունը.

5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.

6) սեռը.

7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.

8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).

9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անհատական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. (մասն ուժը կորցրել է 20.05.05 ՀՕ-131-Ն) 

4. Հաշվառված բնակչի անհատական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(5-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն, 20.05.05 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 06.12.07 ՀՕ-295-Ն)

 

Հոդված 6. Ռեգիստրում անհատական տվյալների կուտակման աղբյուրները

 

1. Համապատասխան բնագավառների լիազորված պետական մարմինները ռեգիստր վարող մարմիններին պարտավոր են տրամադրել բնակչության անհատական հաշվառման տվյալներ`

1) Հայաստանի Հանրապետությունում ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետությունից դուրս ծնված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վերաբերյալ.

4) Հայաստանի Հանրապետությունում ծնված, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձանց վերաբերյալ, որոնց ծնողները բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.

5) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների վերաբերյալ.

6) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ.

7) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ.

8) Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

9) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր ապաստան ստացած անձանց վերաբերյալ.

10) Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձանց վերաբերյալ:

2. Տեղական ինքնակառավարման մարմինները (դրանց ենթակայության տակ գտնվող հիմնարկներն ու կազմակերպությունները) անհատական հաշվառման տվյալները տրամադրում են համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմնին, իսկ պետական կառավարման լիազորված մարմինները` կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

(6-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-131-Ն, խմբ. 06.12.07 ՀՕ-295-Ն)

 

Հոդված 7. Ռեգիստրին տեղեկացնելու պարտականությունը

 

1. Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անհատական տվյալները: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

2. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին:

(7-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 8. Ռեգիստր վարող մարմինների միջև անհատական հաշվառման տվյալների փոխանցման կարգը

 

1. Տեղական ռեգիստր վարող մարմինը բնակչի անհատական հաշվառման տվյալներն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, դրանք փոխանցում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, իսկ կենտրոնական ռեգիստր վարող մարմինը` տեղական ռեգիստր վարող մարմնին:

2. Նոր կացարանում մշտական բնակություն հաստատելու մասին բնակչի դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, համապատասխան տեղական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է ինչպես կենտրոնական ռեգիստր վարող մարմնին, այնպես էլ այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Պաշտոնական տեղեկացումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը հաշվառումից հանում է այդ բնակչին և նրա անհատական հաշվառման տվյալները պաշտոնապես ուղարկում է բնակչի մշտական բնակության նոր վայրի տեղական ռեգիստր վարող մարմին:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին, որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Մշտական բնակության նախկին վայրի տեղական ռեգիստր վարող մարմինը սույն օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ մասում նշված բնակիչներին երեք աշխատանքային օրվա ընթացքում հանում է հաշվառումից` տեղական ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները:

 

Հոդված 9. Բնակչության հաշվառման կարգը

 

Բնակչության հաշվառման կարգը և հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: (Նախադասությունը հանվել է 20.05.05 ՀՕ-131-Ն)

(9-րդ հոդվածը փոփ. 20.05.05 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 10. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հոդված 12. Անցումային դրույթներ

 

1. Լիազոր մարմնի կողմից ներկայացված ժամկետներին համապատասխան` պետական կառավարման լիազորված մարմինները կենտրոնական ռեգիստր են փոխանցում Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական ծառայություններում հյուպատոսական հաշվառման կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` սույն օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալները:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անհատական հաշվառման տվյալներն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, կենտրոնական ռեգիստր վարող մարմինը տեղական ռեգիստրներին տրամադրում է համապատասխան տարածքում բնակվող անձանց անհատական հաշվառման տվյալները:

3. Հայաստանի Հանրապետությունում բնակվող այն անձինք, ովքեր հաշվառված չեն, պարտավոր են մինչև 2006 թվականի հուլիսի 1-ը հաշվառվել համապատասխան տեղական ռեգիստրներում: Հաշվառման կապակցությամբ բնակչությանը տեղեկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հաշվառված անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները ռեգիստր են մուտքագրվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Բնակչության պետական ռեգիստրը գործում է 2006 թվականի հուլիսի 1-ից:

(12-րդ հոդվածը փոփ. 24.09.03 ՀՕ-2-Ն, 20.05.05 ՀՕ-131-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2002 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՀՕ-419-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան