Գլխավոր տեղեկություն
Համար
N 751-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.07.26/47(1322) Հոդ.709
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2017 թվականի N 751-Ն

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասը և 81-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

1. Սահմանել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու և դրա կարգի վերաբերյալ առնվազն երկու օտար լեզվով հուշաթերթիկի (բրոշյուրների) տպագրությունը և Հայաստանի Հանրապետություն ժամանելու և մեկնելու վայրերում տեղադրված մաքսային կետերի միջոցով դրանց` օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց տրամադրումը.

2) համապատասխան նշումով (Tax free) տեղեկատվական ցուցաթերթիկների տպագրությունը և դրանց անվճար տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկ վճարող անձանց` նրանց կողմից դրանք քաղաքացիների համար տեսանելի վայրերում փակցնելու համար.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու հնարավորության վերաբերյալ գովազդային պաստառների տպագրությունը և դրանց տեղադրումը Հայաստանի Հանրապետություն ժամանելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու վայրերում.

4) համապատասխան նշումով (Tax free invoices) արկղերի տեղադրումը սահմանի անցման կետերում՝ ավելացված արժեքի հարկի փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ուղարկելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 4

Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 29-ի N 751-Ն որոշման

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
(վերնագիրը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա անձ) կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարներն օտարերկրյա անձանց փոխհատուցելու դեպքերը, ինչպես նաև կարգավորվում է օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարներն օտարերկրյա անձանց փոխհատուցելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը:

(1-ին կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

2. Հայաստանի Հանրապետության տարածքում ավելացված արժեքի հարկ վճարողներից (այսուհետ` հարկ վճարող) ձեռք բերված ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են, եթե միաժամանակ առկա են հետևյալ դեպքերը`

1) օտարերկրյա անձանց կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում սույն կարգով սահմանված՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված ապրանքների) արժեքը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) կազմում է առնվազն 50.000 դրամ.

2) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքներն արտահանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձանց կողմից դրանց ձեռքբերմանը հաջորդող 90 օրվա ընթացքում.

3) մինչև Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանումը դրանք չեն օգտագործվել և ունեն գործարանային փաթեթավորում և (կամ) պիտակավորում:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները չեն փոխհատուցվում, եթե օտարերկրյա անձի կողմից ձեռք են բերվել՝

1) սննդամթերք.

2) ծխախոտի արտադրանք.

3) դեղորայք.

4) մշակութային արժեքներ.

5) տրանսպորտային միջոցներ և դրանց առանձին մասեր.

6) ապրանք, որի դիմաց սույն կարգին համապատասխան օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս է 8335 դրամից:

3.1. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների համար վճարված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում օտարերկրյա անձին ենթակա են փոխհատուցման տարվա ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ։ Ընդ որում, օտարերկրյա անձին փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը չի կարող գերազանցել 350 հազար դրամը։ Փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հանրագումարը գերազանցող մասը ենթակա չէ փոխհատուցման։

(3.1-ին կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

4. Օտարերկրյա անձի կողմից հարկ վճարողից ԱԱՀ-ի գումարները հետ ստանալու պահանջ ներկայացվելու դեպքում՝ հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով դուրս է գրում սույն կարգին կից` սույն կարգի 4․1-ին կետով սահմանված տվյալները պարունակող N 1 ձևի ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում օտարերկրյա անձի բոլոր տվյալները լրացվում են էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում ձեռագիր լրացված ցանկացած տվյալի դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցումը մերժվում է սույն կարգի 15-րդ կետի համաձայն:

(4-րդ կետը փոփ., լրաց. 03.08.23 N 1333-Ն)

4.1. ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում պարտադիր ներառվող տվյալներն են`

1) հաշվարկային փաստաթղթի սերիան ու համարը.

2) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը.

4) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.

5) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկը, ապրանքի դասակարգիչն ու ապրանքի քանակը.

6) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը.

7) ապրանք մատակարարող՝

ա. ԱԱՀ վճարողի ԱԱՀ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության դեպքում` կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի անունը, ազգանունը, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, բնակության վայրի հասցեն, առաքման վայրի հասցեն, վերադարձի հաշիվն ստորագրելու իրավասություն ունեցող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

8) ապրանք ձեռք բերող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անունը, ազգանունը, բնակության երկիրը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, վճարային քարտի (VISA կամ MASTER) համարը:

(4.1-ին կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

5. Օտարերկրյա անձին տրամադրվում է ինտերնետային կապի միջոցով՝ էլեկտրոնային եղանակով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային` ստորագրելու իրավասություն ունեցող անձի կողմից ստորագրված տարբերակը կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը՝ տպագրված հսկիչ-դրամարկղային մեքենայի ժապավենի վրա (այսուհետ՝ ՀԴՄ հարկային հաշիվ):

(5-րդ կետը փոփ. 03.08.23 N 1333-Ն)

6. ՀԴՄ հարկային հաշիվը չի պահպանում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի ձևը, սակայն պետք է պարունակի ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները: ՀԴՄ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում օտարերկրյա անձին տրամադրվում է նաև ձեռք բերված ապրանքի դիմաց վճարումը հավաստող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն):

(6-րդ կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

7. Ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքների) իրացման դեպքերում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում, եթե օտարերկրյա անձի կողմից մեկ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերվող ապրանքների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված ապրանքների) արժեքը (անկախ գնում կատարելու դեպքերի թվից) գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը:

8. Եթե սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը լրանում է օտարերկրյա քաղաքացու կողմից տվյալ հարկ վճարողից մեկ օրացուցային օրվա ընթացքում մեկից ավելի անգամ ձեռք բերված ապրանքների արժեքի հանրագումարով, ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում օտարերկրյա անձի կողմից տվյալ հարկ վճարողից տվյալ օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված մյուս ապրանքների համար տրամադրված փաստաթղթերը (հաշվարկային փաստաթուղթ, այդ թվում` ՀԴՄ կտրոն կամ դրամարկղի մուտքի օրդեր) ներկայացվելու դեպքում:

9. Մեկ օրացուցային օրվա ընթացքում կատարված գնումների մասով օտարերկրյա քաղաքացուն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ տրամադրված լինելու դեպքում այդ օրացուցային օրվա ընթացքում նույն հարկ վճարողից կատարված նոր գնումների մասով ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ տրամադրվում է՝ անկախ այդ գնումների գումարի՝ սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը գերազանցելու հանգամանքից:

10. Եթե օրացուցային օրվա ընթացքում ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձին տրամադրված է ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, նույն օրացուցային օրվա ընթացքում այդ անձի կողմից նույն հարկ վճարողից նոր ապրանքներ ձեռք բերվելու դեպքում, օտարերկրյա անձի պահանջով, կարող է դուրս գրվել ձեռքբերումների ընդհանուր գումարով ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ՝ նախկինում դուրս գրված ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը սահմանված կարգով չեղարկվելու դեպքում:

11. Օտարերկրյա անձի անվամբ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ դուրս է գրվում անձնագիր կամ անձը նույնականացնող այլ փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

12. Հայաստանի Հանրապետությունից ապրանքներն արտահանելիս` այդ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա անձի կողմից վճարված ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման համար օտարերկրյա անձը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմին է ներկայացնում`

1) անձնագիրը.

2) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ հարկային հաշիվը.

3) արտահանման ենթակա ապրանքների դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոնը կամ դրամարկղի մուտքի օրդերը կամ բանկային փոխանցման անդորրագիրը).

4) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում (ՀԴՄ հարկային հաշվում) նշված՝ արտահանվող ապրանքը.

5) օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ օդանավի նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար՝ անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիրը):

(12-րդ կետը փոփ. 03.08.23 N 1333-Ն)

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված փաստաթղթերը և ապրանքը (կամ ուղեբեռը) ներկայացվելուց հետո Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն ստուգում են՝

1) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի վավերականությունը (հարկային մարմնի հարկային հաշիվների տեղեկատվական համակարգում դրանց առկայությունը).

2) օտարերկրյա անձի մոտ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքի առկայությունը.

3) ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի վրա ստորագրելու իրավասություն ունեցող անձի անվան, ազգանվան և ստորագրության առկայությունը.

4) Հայաստանի Հանրապետությունից ցամաքային տրանսպորտով մեկնելու դեպքում սույն կարգի 3.1-ին կետով սահմանված պայմանների պահպանված լինելը։

(13-րդ կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

14. Անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի աշխատողը կարող է օտարերկրյա անձից պահանջել բացել ուղեբեռը և ներկայացնել ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքը:

15. ԱԱՀ-ի գումարի փոխհատուցումը մերժվում է, եթե չեն պահպանվել սույն կարգի պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում օտարերկրյա անձի անունը, ազգանունը լրացվել են տառասխալներով: ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված ապրանքների միայն մի մասի համար սույն կարգի պահանջները պահպանված լինելու դեպքում՝ այդ ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները փոխհատուցվում են, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը գերազանցում է սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված չափը:

16. Սույն կարգով սահմանված պայմանները բավարարելու դեպքում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակի կամ ՀԴՄ-ի հարկային հաշվի վրա մաքսային մարմնի աշխատողի կողմից կատարվում է «Ենթակա է փոխհատուցման» գրառումը՝ նշելով փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարը (բառերով ու թվերով), և կնքվում է դրոշմակնիքով, որից հետո փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարի չափի վերաբերյալ տեղեկությունն ըստ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի սերիայի և համարի մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Մաքսային մարմնի կողմից օտարերկրյա անձին վերադարձվում են ներկայացված բոլոր փաստաթղթերը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի) պատճենը:

(16-րդ կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

17. «Ենթակա է փոխհատուցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև օդանավի նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիր) պատճենն օտարերկրյա անձի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված՝ համապատասխան նշումով (Tax free invoices) արկղի մեջ:

(17-րդ կետը խմբ. 03.08.23 N 1333-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 03.08.23 N 1333-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 03.08.23 N 1333-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 03.08.23 N 1333-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 03.08.23 N 1333-Ն)

22. Սույն կարգի 17-րդ կետում նշված փաստաթղթերը մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ուղարկվում յուրաքանչյուր շաբաթվա վերջին աշխատանքային օրը: Ստացված փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվում նշված վճարային քարտի համարին գումարները ԱՄՆ դոլարով փոխանցում է ոչ ուշ, քան փաստաթղթերն ստանալուն հաջորդող 30-րդ օրը: Բանկի կողմից մերժված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն վերադարձված գումարները ենթակա չեն կրկին փոխանցման և մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ որպես այլ եկամուտ:

(22-րդ կետը փոփ., լրաց. 03.08.23 N 1333-Ն)

23. Օտարերկրյա անձին փոխհատուցվող ԱԱՀ-ի գումարները կարող են նվազեցվել բանկային ծառայությունների դիմաց գանձվող գումարների չափով։

(23-րդ կետը լրաց. 03.08.23 N 1333-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Ձև N 1

 

Form N 1

 

[1] Դուրսգրման ամսաթիվը
Date of issue

աահ-ի վերադարձի հաշիվ
VAT Refund Invoice

[2] Սերիան Series

[3] Համարը Number

   

20 թ.

[4] Մատակարարման ամսաթիվը
Date of supply-

     

20  թ.

Ապրանքներ մատակարարող (առաքող) անձի, կազմակերպության      Supplier’s

5] Ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը VAT identification number

                     

[6] Կազմակերպության դեպքում` անվանումը
In case of a company-Name
Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը
In case of an entrepreneur-Name, Surname, the note of "Entrepreneur" or "PE"

   

[7] Կազմակերպության դեպքում` գտնվելու վայրի հասցեն
In case of a company-Location addres
Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` ֆիզիկական անձի բնակության վայրի հասցեն
In case of an entrepreneur-Residence address

 

[8] Առաքման վայրի հասցեն The site from which the good are supplied

 

[9] Լրացուցիչ տվյալներ Additional data

 

 

Ապրանքներ ձեռք բերող անձի       Recipient’s

[10] Անունը, ազգանունը Full name

 

[11] Անձնագրի կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի սերիան և համարը
Passport series number or other personal identification document

 

[12] Բնակության երկիրը Country of the residence

 

[13] Բնակության վայրի հասցեն
Location of residence, address

 

[14] Էլ. փոստի հասցեն E-mail address

 

[15] (տողն ուժը կորցրել է 03.08.23 N 1333-Ն)

[16] Վճարային քարտի (VISA կամ MASTER) համարը Card (VISA or MASTER) number

 

 

 

                             

 

[17] Մատակարարվող ապրանքների քանակի և վճարման ենթակա գումարի հաշվարկը
Calculation of quantity and amount of delivered goods to be paid

NN
ը/կ

Ապրանքի անվանա-
ցանկը
The list of goods

Ապրանքի
դասա-
կարգիչը
Code of goods

Չափի միա-
վորը
Unit of measure

Ապրանքի քանակը
Quantity

Միավորի գինը
Price per unit

Առևտրային զեղչը` առկայու-
թյան դեպքում (այդ թվում` հրապա-
րակային առևտրային զեղչը)
Commercial discount-if available (including public commercial discount)

Ընդհա-
նուր արժեքը
Total Cost

ԱԱՀ-ի դրույքա-չափը
VAT rate

ԱԱՀ-ի գումարը
VAT amount

Ընդա-մենը
Total

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     

Ընդամենը Total

   

X

   

 

Ստորագրելու իրավասություն ունեցող անձ

(A person authorized to sign the Refund Invoice)

______________________________________________

(ստորագրությունը)

(signature)

(անունը, ազգանունը)

(full name)

(ձևը փոփ., խմբ. 03.08.23 N 1333-Ն)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

(ձևն ուժը կորցրել է 03.08.23 N 1333-Ն)

 

(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 03.08.23 N 1333-Ն)