Գլխավոր տեղեկություն
Համար
N 1185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1185-Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՆՁՆԱԳՐԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ԱՆՁՆԱԳՐԻ) ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության` «Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 10-ի ՀՕ-386-Ն օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) «Տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի էլեկտրոնային անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրով սահմանված՝ տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կազմակերպման, ինչպես նաև էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների և կազմակերպությունների միասնական գրանցամատյանի ազգային մասի (այսուհետ՝ ռեեստր) վարման մասով լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին).

2) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրերի ներդրման և համակարգի կազմակերպման ազգային օպերատոր է հանդիսանում «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ օպերատոր).

3) տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմիններ և կազմակերպություններ (այսուհետ՝ լիազորված անձ/անձինք) են հանդիսանում ռեեստրում գրանցված՝

ա. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) էլեկտրոնային անձնագրի ձևակերպման և դրանցում փոփոխությունների կատարման մասով՝ տեխնիկական զննության անցկացման գործունեության համար լիցենզավորված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, տրանսպորտային միջոցի տիպի հավանության, ամրաշրջանակի տիպի հավանության, տեխնիկական կանոնակարգին համապատասխանությունը հավաստող հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի համաձայն ձևավորված Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում՝ առանձին տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների) «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի առանձին տրանսպորտային միջոցների սահմանման համաձայն և փորձարկման լաբորատորիաներ հանդիսացող հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը,

բ. Հայաստանի Հանրապետությունում առկա և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպման և դրանցում փոփոխությունների կատարման մասով՝ տեխնիկական անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մարմինները և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը,

գ. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպման և դրանցում փոփոխությունների կատարման մասով՝ դրանց արտադրող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը,

դ. օտարերկրյա ավտոարտադրողի ներկայացուցչի կամ դիլերի (պաշտոնական ներմուծողի) կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարման մասով՝ արտադրողի ներկայացուցիչ կամ դիլեր հանդիսացող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը.

4) լիազորված անձինք պետք է գրանցված լինեն ռեեստրում.

5) լիազորված անձինք, բացի սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով իրենց վերապահված մասով էլեկտրոնային անձնագրի ձևակերպման գործառույթից, կարող են իրականացնել նաև՝

ա. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անհատական տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում,

բ. տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագիր ձևակերպելու լիազորություն չունեցող կազմակերպությունների կողմից ներմուծվող տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և դրանցում փոփոխությունների կատարում,

գ. ինքնաշեն (անհատական հավաքման արդյունքում) տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրի ձևակերպում և փոփոխությունների կատարում.

6) էլեկտրոնային անձնագիր չի ձևակերպվում՝

ա. այն տրանսպորտային միջոցների համար, որոնց վրա չի տարածվում՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի գործողությունը,

բ. «Հայաստանի Հանրապետության` «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վերապահմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի տրանսպորտային միջոցների և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա,

գ. այն տրանսպորտային միջոցի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների վրա, որոնց համար սահմանված է պետական գրանցման և պետական հաշվառման հատուկ կարգ.

7) համակարգի գործունությունն իրականացվում է համակարգին վերաբերող՝ Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով, ինչպես նաև էլեկտրոնային անձնագրերը ձևակերպվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգը հաստատելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 22-ի N 122 որոշման համաձայն.

8) սույն որոշմամբ սահմանված իր գործառույթների իրականացման համար օպերատորը կարող է կիրառել համակարգի ադմինիստրատորի (այսուհետ՝ ադմինիստրատոր) ծրագրային ապահովումը.

9) համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու համար օպերատորը՝ լիազոր մարմնի, ադմինիստրատորի և լիազորված անձանց հետ կնքում է ծառայությունների մատուցման և փոխգործակցության (այդ թվում՝ իրենց լիազորությունների մասով համակարգին մուտքի ապահովման) պայմանագիր.

10) լիազորված անձանց կողմից էլեկտրոնային անձնագրի ձևակերպման կամ դրանցում փոփոխությունների կատարման մասով մատուցած ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է պայմանագրային հարաբերություններով սահմանված կարգով և չափով, սակայն 10000 դրամը չգերազանցող չափով.

11) օպերատորի կողմից լիազորված անձանց մատուցվող ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է օպերատորի և լիազորված անձանց միջև պայմանագրային հարաբերություններով սահմանված կարգով՝ 7000 դրամը չգերազանցող չափով.

12) ադմինիստրատորի կողմից օպերատորին մատուցվող ծառայությունների դիմաց վճարումն իրականացվում է օպերատորի և ադմինիստրատորի միջև պայմանագրային հարաբերություններով սահմանված կարգով և չափով։

2. Լիազոր մարմնին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո.

1) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն թարգմանությանը ներկայացնել Եվրասիական տնտեսական միության hամակարգերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերը.

2) երկամսյա ժամկետում սահմանել ռեեստրի վարման կարգ և ապահովել օպերատորի հետ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումը և կազմակերպել լիազոր մարմնի լիազորությունների մասով վերապահված գործառույթների իրականացման աշխատանքները համաձայն Եվրասիական տնտեսական միության իրավական ակտերով սահմանված կարգի և պայմանների։

3․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ապահովել oպերատորին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգը հաստատելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 22-ի N 122 որոշմամբ սահմանված՝ առկա համապատասխան տվյալների տրամադրումը։

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ապահովել օպերատորին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ «Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգը հաստատելու մասին» 2015 թվականի սեպտեմբերի 22-ի N 122 որոշմամբ սահմանված՝ առկա համապատասխան տվյալների տրամադրումը։

5. Օպերատորին՝ համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ սույն որոշման 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի կատարումից հետո մեկամսյա ժամկետում՝

1) ապահովել ադմինիստրատորի հետ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով նախատեսված պայմանագրի կնքումը.

2) ապահովել լիազորված անձանց հետ սույն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով նախատեսված պայմանագրերի կնքումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

14.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հուլիսի 2023 թվական: