Եվրոպայի խորհրդի պայմանագրերի շարք. թիվ 205
«Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա
Թրոմսո, 18 հունիսի, 2009 թվական
Նախաբան
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և մյուս ստորագրող կողմերը,
նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է իր անդամ պետությունների միջև առավել սերտ միասնության հասնելը՝ նրանց ընդհանուր ժառանգություն հանդիսացող բարձրագույն գաղափարներն ու սկզբունքները պահպանելու և իրագործելու նպատակով,
հաշվի առնելով, մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 8-րդ և 10-րդ հոդվածները, «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (Օրհուս, 1998 թվականի հունիսի 25) և 1981 թվականի հունվարի 28-ի «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան (ԵՊՇ թիվ 108),
հաշվի առնելով նաև 1982 թվականի ապրիլի 29-ին ընդունված՝ «Արտահայտվելու և տեղեկատվության ազատության մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հռչակագիրը, ինչպես նաև Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված՝ «Պետական իշխանության մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկատվության մատչելիության վերաբերյալ» թիվ R (81) 19, «Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները երրորդ կողմի տրամադրելու վերաբերյալ» թիվ R (91) 10, «Վիճակագրական նպատակներով հավաքված և մշակված անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ» թիվ R (97) 18, «Արխիվների հասանելիության մասին եվրոպական քաղաքականության վերաբերյալ» թիվ R (2000) 13 և «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ» թիվ Rec(2002)2 հանձնարարականները,
նկատի ունենալով բազմակարծիք, ժողովրդավարական հասարակությունում պետական մարմինների թափանցիկության կարևորությունը,
նկատի ունենալով, որ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքի իրացումը՝
i) հանրության համար ապահովում է տեղեկատվության աղբյուր,
ii) հանրությանն օգնում է կարծիք ձևավորել հասարակության վիճակի և պետական մարմինների մասին,
iii) խթանում է պետական մարմինների բարեվարքությունը, արդյունավետությունը, օգտակարությունը և հաշվետվողականությունը՝ այդպիսով օգնելով նրանց օրինականության հաստատման գործում,
ուստի նկատի ունենալով, որ բոլոր պաշտոնական փաստաթղթերը, ըստ էության, հանրային են և կարող են չհրապարակվել միայն այլոց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նկատառումներով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Բաժին I
Հոդված 1. | Ընդհանուր դրույթներ |
1. Ստորև սահմանված սկզբունքներն ընդունվում են՝ չսահմանափակելով այն ներպետական օրենքները, կանոնակարգերն ու միջազգային պայմանագրերը, որոնցով ճանաչվում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ավելի լայն իրավունք:
2. Սույն Կոնվենցիայի նպատակներով՝
ա. i) «պետական մարմիններ» նշանակում է՝
1. կառավարություն և վարչակազմ՝ ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակում.
2. օրենսդրական մարմիններ և դատական մարմիններ՝ այնքանով, որքանով դրանք իրականացնում են վարչական գործառույթներ՝ ազգային օրենքների համաձայն.
3. ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով դրանք իրականացնում են վարչական լիազորություններ:
ii) Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ հաղորդել, որ «պետական մարմիններ» սահմանումը նաև ներառում է հետևյալներից մեկը կամ մի քանիսը.
1. օրենսդիր մարմիններ՝ դրանց այլ գործունեությանը վերաբերող հարցերով.
2. դատական մարմիններ` դրանց այլ գործունեությանը վերաբերող հարցերով.
3. ֆիզիկական կամ իրավաբանական անձինք՝ այնքանով, որքանով դրանք ազգային օրենսդրությանը համապատասխան իրականացնում են հանրային գործառույթներ կամ հանրային ֆինանսական միջոցների հետ կապված գործառնություններ.
բ. «պաշտոնական փաստաթղթեր» նշանակում է որևէ ձևով գրառված տեղեկություն, որը կազմվում կամ ստացվում և տնօրինվում է պետական մարմինների կողմից:
Հոդված 2. | Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքը |
1. Կողմերից յուրաքանչյուրը երաշխավորում է յուրաքանչյուր անձի՝ ներկայացված հարցման հիման վրա, առանց որևէ խտրականության, պետական մարմինների տնօրինության տակ գտնվող փաստաթղթերի մատչելիության իրավունքը:
2. Կողմերից յուրաքանչյուրն իր ներպետական օրենսդրության շրջանակներում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության վերաբերյալ սույն Կոնվենցիայով սահմանված դրույթներն ուժի մեջ դնելու նպատակով:
3. Այդ միջոցները պետք է ձեռնարկվեն ամենաուշը տվյալ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից:
Հոդված 3. | Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հնարավոր սահմանափակումները |
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանափակել պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքը: Սահմանափակումները պետք է հստակ սահմանվեն օրենքում, լինեն անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում, ինչպես նաև լինեն համաչափ ներքոնշյալ շահերը պաշտպանելու նպատակին.
ա. ազգային անվտանգություն, պաշտպանություն և միջազգային հարաբերություններ,
բ. հանրային անվտանգություն,
գ. հանցավոր գործունեության կանխարգելում, հետաքննում և հետապնդում,
դ. կարգապահական հետաքննություններ,
ե. պետական մարմինների կողմից ստուգում, հսկողություն և վերահսկողություն,
զ. գաղտնիություն և այլ մասնավոր օրինական շահեր,
է. առևտրային և այլ տնտեսական շահեր,
ը. պետության տնտեսական, դրամավարկային և փոխարժեքի քաղաքականություն,
թ. դատավարության ընթացքում կողմերի հավասարություն և արդարադատության արդյունավետ իրականացում,
ժ. շրջակա միջավայր, կամ
ժա. որևէ հարցի քննության հետ կապված՝ պետական մարմիններում կամ դրանց միջև քննարկումներ:
Շահագրգիռ պետությունները ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կարող են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ հաղորդել, որ իշխող միապետի ընտանիքի և դրա անդամների կամ պետության ղեկավարի հետ հաղորդակցությունը նույնպես դասվում է հնարավոր սահմանափակումների շարքին:
2. Պաշտոնական փաստաթղթում ներառված տեղեկության մատչելիությունը կարող է մերժվել, եթե դրա բացահայտումը վնասում է կամ կարող է վնասել 1-ին պարբերության մեջ նշված շահերը, եթե միայն բացահայտումը պայմանավորված չէ գերակա հանրային շահով:
3. Կողմերը պետք է քննարկեն այն ժամկետների սահմանման հարցը, որոնց լրանալուց հետո 1-ին պարբերության մեջ նշված սահմանափակումներն այլևս չեն կիրառվի:
Հոդված 4. | Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության համար հարցումը |
1. Պաշտոնական փաստաթղթի համար հարցում ներկայացնողը պարտավոր չէ պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար հիմնավորումներ ներկայացնել:
2. Կողմերը կարող են հարցում ներկայացնողներին անանուն մնալու իրավունք ընձեռել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ինքնության բացահայտումը կարևոր է հարցմանն ընթացք տալու համար:
3. Հարցում ներկայացնելու համար սահմանված ձևական պահանջները չեն կարող գերազանցել հարցմանն ընթացք տալու համար անհրաժեշտ սահմանները:
Հոդված 5. | Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության համար ներկայացված հարցմանն ընթացք տալը |
1. Պետական մարմինը հնարավորության ողջամիտ սահմաններում հարցում ներկայացնողին օգնում է պարզել այն պաշտոնական փաստաթուղթը, որի համար հարցում է ներկայացվել:
2. Պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար ներկայացվող հարցմանն արձագանքում է այն պետական մարմինը, որը տնօրինում է փաստաթուղթը: Եթե պետական մարմնի տնօրինության ներքո չի գտնվում այն փաստաթուղթը, որի համար հարցում է ներկայացվել, կամ նա չունի տվյալ հարցմանն ընթացք տալու լիազորություն, ապա, եթե հնարավոր է, դիմում կամ հարցում ներկայացնողին ուղարկում են իրավասու պետական մարմին:
3. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության համար հարցումները դիտարկվում են հավասար հիմունքներով:
4. Պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար հարցումը դիտարկվում է անմիջապես: Որոշումը կայացվում, հաղորդվում և կատարվում է հնարավորինս արագ կամ նախապես սահմանված ողջամիտ ժամկետում:
5. Պաշտոնական փաստաթղթի մատչելիության համար հարցումը կարող է մերժվել, եթե՝
i) չնայած պետական մարմնի օժանդակությանը՝ հարցումը չափազանց անորոշ է մնում, որ հնարավոր լինի պարզել, թե ո՛ր պաշտոնական փաստաթուղթն է անհրաժեշտ.
ii) հարցումն ակնհայտորեն անհիմն է:
6. Պետական մարմինը պաշտոնական փաստաթղթի մատչելիությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելիս ներկայացնում է մերժման հիմքերը: Հարցում ներկայացնողն իրավունք ունի տվյալ պետական մարմնից ստանալու հարցումը մերժելու գրավոր հիմնավորումը:
Հոդված 6. | Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ձևերը |
1. Այն դեպքում, երբ տրամադրվում է պաշտոնական փաստաթղթի մատչելիություն, հարցում ներկայացնողը բնօրինակը կամ պատճենն ուսումնասիրելու ընտրության կամ, իր ընտրությամբ, դրա պատճենը հնարավոր ցանկացած ձևով կամ ձևաչափով ստանալու իրավունք ունի, եթե արտահայտված նախընտրությունն անհիմն չէ:
2. Այն դեպքում, երբ պաշտոնական փաստաթղթում ներառված որոշ տեղեկատվության մասով կիրառվում է սահմանափակում, պետական մարմինը, այնուամենայնիվ, պետք է մատչելիություն տրամադրի առկա տեղեկատվության մյուս մասի համար: Տեղեկատվության ցանկացած մասի վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվել է սահմանափակում, պետք է հստակ նշվի: Այնուամենայնիվ, եթե փաստաթղթի մասնակի տարբերակն ապակողմնորոշող է կամ անիմաստ, կամ եթե փաստաթղթի մյուս մասի տրամադրումը պետական մարմնի համար ակնհայտորեն անհիմն բեռ է, ապա մատչելիությունը կարող է մերժվել:
3. Պետական մարմինը կարող է պաշտոնական փաստաթղթի մատչելիություն ապահովել՝ հարցում ներկայացնողի համար հեշտ հասանելի այլընտրանքային աղբյուրներ նշելով:
Հոդված 7. | Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության համար գանձվող վճարները |
1. Պետական մարմնի տարածքում պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունն անվճար է: Դա Կողմերին չի խանգարում արխիվների և թանգարանների կողմից այդ առնչությամբ տրամադրվող ծառայությունների համար սահմանել վճարներ:
2. Հարցում ներկայացնողից պաշտոնական փաստաթղթի պատճենի տրամադրման դիմաց հնարավոր է գանձվի վճար, որը պետք է լինի ողջամիտ և չպետք է գերազանցի փաստաթղթի վերարտադրման և տրամադրման հետ կապված իրական ծախսերը: Գանձվող վճարների սակագները պետք է հրապարակվեն:
Հոդված 8. | Բողոքարկման ընթացակարգը |
1. Պաշտոնական փաստաթղթի համար հարցումն ուղղակի կամ անուղղակի ձևով, մասամբ կամ ամբողջությամբ մերժելու դեպքում հարցում ներկայացնողի համար պետք է հասանելի լինի դատարանում կամ օրենքով սահմանված՝ այլ անկախ և անկողմնակալ մարմնում բողոքարկման ընթացակարգ:
2. Հարցում ներկայացնողը միշտ պետք է ունենա արագացված և ոչ ծախսատար բողոքարկման ընթացակարգի հնարավորություն, որը կներառի կա՛մ պետական մարմնի կողմից վերանայում, կա՛մ 1-ին պարբերության համապատասխան իրականացվող բողոքարկում:
Հոդված 9. | Լրացուցիչ միջոցառումներ |
Կողմերը հանրությանը տեղեկացնում են պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքի մասին և այն մասին, թե ինչպես կարելի է իրացնել այդ իրավունքը: Նրանք նաև պատշաճ միջոցներ են ձեռնարկում, որ՝
ա. նշված իրավունքի իրականացման մասով պետական մարմիններին տեղեկացնեն իրենց պարտականությունների և պարտավորությունների մասին,
բ. տեղեկատվություն տրամադրեն այն խնդիրների և գործունեության վերաբերյալ, որոնց համար իրենք պատասխանատու են,
գ. արդյունավետորեն կառավարեն իրենց փաստաթղթերը՝ դրանց մատչելիությունը հեշտացնելու նպատակով, և
դ. կիրառեն հստակ և ամրագրված կանոններ իրենց փաստաթղթերի պահպանման և ոչնչացման համար:
Հոդված 10. | Պետական մարմինների նախաձեռնությամբ հրապարակված փաստաթղթերը |
Պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ և անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում իր տնօրինության տակ գտնվող պաշտոնական փաստաթղթերը հրապարակելու համար՝ հանրային կառավարման թափանցիկությունը և արդյունավետությունը խթանելու, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրության հարցերին հանրության իրազեկված մասնակցությունը խրախուսելու նպատակով:
Բաժին II
Հոդված 11. | Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հարցերով մասնագետների խումբը |
1. Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հարցերով մասնագետների խումբը հանդիպում է կազմակերպում տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի կիրարկումը դիտանցելու նպատակով, մասնավորապես՝
ա. Կողմերի նախաձեռնած միջոցառումների՝ օրենսդրության մեջ և պրակտիկայում համարժեքության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար՝ սույն Կոնվենցիայում սահմանված դրույթներին իրավական ուժի տալու նպատակով,
բ. i) սույն Կոնվենցիայի կիրառմանն առնչվող հարցերի շուրջ կարծիքներ արտահայտելու նպատակով,
ii) սույն Կոնվենցիայի արդյունավետ օգտագործումն ու կիրարկումը դյուրացնելու կամ բարելավելու մասով առաջարկություններ ներկայացնելու, այդ թվում՝ ցանկացած խնդրի մատնանշման նպատակով,
iii) տեղեկությունների փոխանակման և իրավական, քաղաքականության և տեխնոլոգիական կարևոր առաջընթացների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու նպատակով,
iv) սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ Կողմերի խորհրդակցությանն առաջարկություններ ներկայացնելու նպատակով,
v) 19-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու հետ կապված ցանկացած առաջարկության վերաբերյալ կարծիք ձևավորելու նպատակով:
2. Մասնագետների խումբը կարող է քաղաքացիական հասարակությունից տեղեկատվության կամ կարծիքների հարցում կատարել:
3. Մասնագետների խումբը պետք է բաղկացած լինի առնվազն 10 և առավելագույնը 15 անդամից: Անդամներն ընտրվում են Կողմերի խորհրդակցության կողմից, փորձագետների ցանկից, 4 տարի ժամկետով՝ մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ. յուրաքանչյուր Կողմ առաջարկում է երկու փորձագետ: Նրանք ընտրվում են պաշտոնական փաստաթղթերի մատչելիության ոլորտում իրենց մասնագիտական հատկանիշներով ճանաչված, բարձր բարեվարքություն ունեցող անձանցից: Յուրաքանչյուր Կողմի առաջարկած ցանկից կարող է ընտրվել միայն մեկ անդամ:
4. Մասնագետների խմբի անդամները հանդես են գալիս անձամբ իրենց անունից, իրենց գործառույթներն իրականացնելիս անկախ են և անկողմնակալ և չեն ստանում որևէ ցուցում կառավարությունից:
5. Մասնագետների խմբի անդամների ընտրության կարգը սահմանվում է Նախարարների կոմիտեի կողմից՝ Կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելու և նրանց միաձայն հավանությունն ստանալու արդյունքում, սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Մասնագետների խումբն ընդունում է իր ընթացակարգային կանոնները։
Հոդված 12. | Կողմերի խորհրդակցությունը |
1. Կողմերի խորհրդակցությունը բաղկացած է յուրաքանչյուր Կողմից մեկական ներկայացուցչից:
2. Կողմերի խորհրդակցությունը հրավիրվում է՝
ա. Մասնագետների խմբի հաշվետվությունները, կարծիքները և առաջարկությունները քննարկելու,
բ. Կողմերին առաջարկություններ և հանձնարարականներ ներկայացնելու,
գ. 19-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու,
դ. 19-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկության մասին կարծիք ձևավորելու նպատակով:
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից հրավիրվում է Կողմերի խորհրդակցություն՝ Մասնագետների խմբի անդամներ ընտրելու նպատակով: Վերջիններս այնուհետև կհանդիպեն չորս տարին առնվազն մեկ անգամ և ցանկացած դեպքում, երբ Կողմերի մեծամասնությունը, Նախարարների կոմիտեն կամ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կպահանջեն նիստի գումարում: Կողմերի խորհրդակցությունն ընդունում է իր ընթացակարգային կանոնները։
4. Յուրաքանչյուր հանդիպումից հետո Կողմերի խորհրդակցությունը Նախարարների կոմիտեին ներկայացնում է գործունեության վերաբերյալ հաշվետվություն:
Հոդված 13. | Քարտուղարությունը |
Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը Կողմերի խորհրդակցությանը և Մասնագետների խմբին աջակցում է իրենց գործառույթները սույն բաժնին համապատասխան իրականացնելու հարցում։
Հոդված 14. | Հաշվետվություն ներկայացնելը |
1. Պայմանավորվող կողմի մասով սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, վերջինս Մասնագետների խմբին փոխանցում է հաշվետվություն, որը ներառում է սույն Կոնվենցիայի դրույթներն ուժի մեջ դնելու նպատակով ձեռնարկված օրենսդրական և այլ միջոցառումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
2. Այնուհետև յուրաքանչյուր Կողմ Կողմերի խորհրդակցության յուրաքանչյուր հանդիպումից առաջ Մասնագետների խմբին է փոխանցում 1-ին պարբերության մեջ նշված տեղեկատվության թարմացված տարբերակը:
3. Յուրաքանչյուր Կողմ Մասնագետների խմբին փոխանցում է նաև ցանկացած տեղեկատվություն, որը նա պահանջում է՝ իր առջև դրված խնդիրները կատարելու նպատակով:
Հոդված 15. | Հրապարակումը |
Բաժին III
Հոդված 16. | Ստորագրումը և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը |
1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար։
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման։ Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին։
3. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի տասը անդամ պետության, 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան, Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն հայտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
4. Կոնվենցիայի որևէ Ստորագրող պետության համար, որը հետագայում հայտնում է դրանով պարտավորված լինելու մասին իր համաձայնությունը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին համաձայնություն հայտնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը, 2-րդ պարբերության դրույթներին համապատասխան:
Հոդված 17. | Կոնվենցիային միանալը |
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն սույն Կոնվենցիայի Կողմերի հետ քննարկելուց և նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության կամ միջազգային կազմակերպության՝ միանալու սույն Կոնվենցիային: Որոշումն ընդունվում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20(դ) հոդվածով նախատեսված մեծամասնությամբ և Նախարարների կոմիտեի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող՝ Կողմերի ներկայացուցիչների միաձայն քվեով:
2. Վերը նշված 1-ին պարբերության համաձայն՝ Կոնվենցիային միացող ցանկացած պետության կամ միջազգային կազմակերպության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
Հոդված 18. | Տարածքային կիրառությունը |
2. Ցանկացած պետություն կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ավելի ուշ ուղղված հայտարարությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել այդ հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա, որի միջազգային հարաբերությունների համար ինքը պատասխանատու է: Նման տարածքի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը։
3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարելի է գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով հետ վերցնել՝ այդպիսի հայտարարությունում նշված ցանկացած տարածքի մասով: Հայտարարությունը հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 19. | Կոնվենցիայում արվող փոփոխությունները |
1. Սույն Կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ կարող է անել որևէ Կողմ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, Մասնագետների խումբը կամ Կողմերի խորհրդակցությունը:
2. Փոփոխություն կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկություն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից ուղարկվում է Կողմերին:
3. Ցանկացած փոփոխություն պետք է հաղորդվի Կողմերի խորհրդակցությանը, որը Մասնագետների խմբի հետ խորհրդակցելուց հետո Նախարարների կոմիտեին է ներկայացնում առաջարկված փոփոխության վերաբերյալ իր կարծիքը:
4. Նախարարների կոմիտեն քննարկում է առաջարկված փոփոխությունը և Կողմերի խորհրդակցության կողմից ներկայացված ցանկացած կարծիք և կարող է հաստատել փոփոխությունը։
5. Նախարարների կոմիտեի կողմից 4-րդ պարբերության համաձայն հաստատված փոփոխության ցանկացած տեքստ ուղարկվում է Կողմերին՝ ընդունելու համար։
6. 4-րդ պարբերության համաձայն հաստատված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում գլխավոր քարտուղարին բոլոր Կողմերի կողմից այդ փոփոխություններն ընդունվելու մասին հայտնելու օրվանից մեկամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրը։
Հոդված 20. | Հայտարարությունները |
Ցանկացած Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու ժամանակ կարող է կատարել 1.2-րդ, 3.1-ին և 18-րդ հոդվածներով նախատեսված մեկ կամ ավելի հայտարարություններ: Այս տեղեկության ցանկացած փոփոխության մասին նա ծանուցում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
Հոդված 21. | Կոնվենցիայից դուրս գալը |
1. Ցանկացած Կողմ ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով։
2. Կոնվենցիայից դուրս գալն ուժի մեջ է մտնում ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 22. | Ծանուցում |
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին և ցանկացած պետության և միջազգային կազմակերպության, որոնք միացել կամ հրավիրվել են՝ միանալու սույն Կոնվենցիային, ծանուցում է՝
ա. սույն Կոնվենցիան ստորագրելու ցանկացած դեպքի,
բ. վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին որևէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ. 16-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու ցանկացած ամսաթվի,
դ. 1.2-րդ, 3.1-ին և 18-րդ հոդվածների համաձայն կատարված ցանկացած հայտարարության,
ե. սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդման մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան։
Կատարված է Թրոմսոյում 2009 թվականի հունիսի 18-ին, երկու հավասարազոր՝ անգլերեն և ֆրանսերեն տեքստերով, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները փոխանցում է Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության և սույն Կոնվենցիային միանալու հրավեր ստացած ցանկացած պետության կամ միջազգային կազմակերպության: