Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-48-Ո-Կ-13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.08.07-2023.08.20 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2023
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.07.2023
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2023

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-48-Ո-Կ-13

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

նախագահությամբ՝

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյանի

 

մասնակցությամբ՝ անդամներ

 

Ա. Աթաբեկյանի

Հ. Գրիգորյանի

Ե. Թումանյանցի

Դ. Խաչատուրյանի

Ն. Հովսեփյանի

Ք. Մկոյանի

Ա. Վարդանյանի

Վ. Քոչարյանի

Արդարադատության նախարարի տեղակալ՝

 

Լ․ Բալյանի

 

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Հ․ Սանոյանի

   

քարտուղարությամբ՝

Թ․ Ղուկասյանի

 

2023 թվականի հուլիսի 3-ին

 ք. Երևանում

 

դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2023 թվականի ապրիլի 19-ի թիվ 29-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարին հասցեագրված և Արդարադատության նախարարությունում 09.02.2023 թվականին ստացված թիվ ԵԴ/25088/02/20 քաղաքացիական գործով (այսուհետ նաև՝ Գործ) հայցվոր Կարինե Պողոսյանի (այսուհետ նաև՝ Հայցվոր) հաղորդումը:

Արդարադատության նախարարի 24.02.2023 թվականի թիվ 14-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) դատավոր Ռուբեն Բունիաթյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի 19.04.2023 թվականի թիվ 29-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը հայտնել է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 11-րդ հոդվածի 6-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի, 115-րդ հոդվածի 2-րդ մասի, Վճռաբեկ դատարանի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով 30.05.2019 թվականին և թիվ ԵԴ/2029/02/19 քաղաքացիական գործով 23.02.2022 թվականին կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների մեկնաբանություններից բխում է, որ դատարանը կրում է եզրափակիչ դատական ակտը հրապարակելու պարտականություն, որը կատարվում է դատական իշխանության պաշտոնական կայքում զետեղելու եղանակով և եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց տրամադրելու պարտականություն, որը կատարվում է առձեռն հանձնելու կամ ուղարկելու եղանակով: Օրենսդիրը նշված պարտականությունների կատարման համար սահմանել է հստակ ժամկետներ: Մասնավորապես վճռի հրապարակումը պետք է կատարվի 15-օրյա ժամկետում, որի հաշվարկը սկսվում է դատարանի կողմից վճռի հրապարակման ժամանակը և վայրը հայտարարելու օրվան հաջորդող օրվանից:

Միաժամանակ նախատեսված է վճռի հրապարակման ժամկետը երկարաձգելու հնարավորություն, որի միակ հիմքը դատավորի առողջական վիճակի հետ կապված հանգամանքն է: Օրենսդիրը նշված հանգամանքին տալով բացառիկության հատկանիշ՝ հաջորդիվ բացահայտում է դրա պարտադիր հետևանքը, այն է՝ հայտարարված ժամկետում նշված հանգամանքով պայմանավորված դատարանի կողմից վճռի հրապարակման անհնարինությունը: Տվյալ դեպքում ևս վճռի հրապարակման ժամկետի երկարաձգումն ունի հստակ սահմաններ, այն է՝ երկարաձգման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 15 օրը: Իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանի կողմից վճիռը գործին մասնակցող անձանց ինչպես հանձնելու, այնպես էլ ուղարկելու առավելագույն ժամկետը վճռի հրապարակման հաջորդ օրն է:

Վարույթ հարուցող մարմինը փաստել է, որ թե՛ վճիռը հրապարակելու, թե՛ դրա ժամկետը երկարաձգելու, թե՛ վճիռը գործին մասնակցող անձանց տրամադրելու համար սահմանված դատավարական ժամկետներն ունեն իմպերատիվ բնույթ և այդ ժամկետների հաղթահարման համար որևէ բացառություն կամ կառուցակարգ օրենսգրքով նախատեսված չէ: Այսպիսով՝ օրենսդրի կողմից սահմանվել են անհրաժեշտ ու բավարար կարգավորումներ՝ ուղղված դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից ամբողջությամբ ու սեղմ ժամկետում ստանալուն, ինչը հանդիսանում է երաշխիք՝ նրանց կողմից դատական մատչելիության ու արդար դատաքննության իրենց իրավունքներն արդյունավետ իրացնելու համար:

Ավելին, եզրափակիչ դատական ակտի հրապարակման և դատական ակտը գործին մասնակցող անձանց տրամադրելու դատավարական իմպերատիվ ժամկետների սահմանումը պայմանավորված է անձի կողմից հայցադիմում ներկայացնելու միջոցով իր իրավունքների դատական պաշտպանությունը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովելու անհրաժեշտությամբ: Ուստի անհրաժեշտ է դիտարկել դատարանի կողմից դատավարական ժամկետները պահպանելու պարտականությունն անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումն ապահովելու համատեքստում:

Իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրականացումը ենթադրում է, որ անձն իր իրավունքների պաշտպանության դատական կարգն ընտրում է՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով այն լեգիտիմ ակնկալիքը, որ դատարանը համապատասխան ժամկետներում կքննի և կլուծի իր գործը: Այս իմաստով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հետ տրամաբանորեն կապված է արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: Հիմնարար այս իրավունքի բովանդակությանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) (տես՝ Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994, StՓgmՖller v. Austria (1602/62) գործով Եվրոպական դատարանի 10.11.1969 թվականի վճիռը, H. v. France (10073/82) գործով Եվրոպական դատարանի 24.10.1989 թվականի վճիռը), Սահմանադրական դատարանն իր 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, ինչպես նաև Խորհուրդն իր մի շարք որոշումներով (տես՝ 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3, 05.09.2020 թվականի թիվ ԲԴԽ-9-Ո-Կ-4, 20.12.2021 թվականի թիվ ԲԴԽ-101-Ո-Կ-27 որոշումներ):

Քննարկվող դեպքում Գործի փաստերի համաձայն՝ Դատարանը, Գործի քննությունը հայտարարելով ավարտված, վճռի հրապարակման օր է նշանակել 24.11.2021 թվականը: Գործի նյութերում առկա է 24.11.2021 թվականի ամսաթվով թվագրված վճիռը, որը, այնուամենայնիվ, Դատարանի կողմից դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է միայն 05.02.2023 թվականին, այսինքն՝ հայտարարված ամսաթվից ավելի քան 1 տարի 2 ամիս անց:

Վճռի օրինակը Հայցվորին հանձնվել է 04.03.2023 թվականին (հիմք՝ պատվիրված նամակով, հանձնման մասին ծանուցման հավաստագիր, գծանիշ կոդ ALO108368725AM), այսինքն՝ վճռի հրապարակման ամսաթվից ավելի քան 1 տարի 3 ամիս անց, ինչից հետևում է, որ չի պահպանվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու օրենսդրի իմպերատիվ պահանջը, որպիսի պահպանումը նպատակ է հետապնդում նաև ապահովելու գործին մասնակցող անձի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը:

Ինչ վերաբերում է դատավորի օգնական Արթուր Ավագյանի (այսուհետ նաև՝ Օգնական) կողմից կազմված թիվ ԴԴ-9.1-Ե-254692/21 համարի գրության (այսուհետ նաև՝ Գրություն) առկայությանը, ապա դրանով արձանագրվում է միայն Օգնականի կողմից այդպիսի Գրության կազմված լինելը, սակայն ոչ՝ վճռի օրինակը Հայցվորին (պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ) ուղարկված լինելու հանգամանքը:

Ամփոփելով Գործի՝ վերը ներկայացված հանգամանքները՝ վարույթ հարուցող մարմինն արձանագրել է, որ

1. Գործով կայացված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս հետո:

2. Գործով կայացված վճիռը փոստային եղանակով հայցվոր կողմին է հանձնվել սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 3 ամիս հետո, իսկ պատասխանող կողմին վճիռը հանձնված լինելու (ուղարկվելու) հանգամանքի առնչությամբ տվյալներ ներկայացված չեն Դատավորի բացատրությամբ:

 Հարուցված վարույթի փաստական հանգամանքների և վկայակոչված քաղաքացիադատավարական նորմերի համադրումից հետևում է, որ Գործով Դատավորի կողմից չեն պահպանվել եզրափակիչ դատական ակտը հրապարակելու, եզրափակիչ դատական ակտի օրինակը Հայցվորին ուղարկելու համար սահմանված ժամկետները: Դատարանի կողմից դատավարական ժամկետները չպահպանելու հետևանքով խախտվել է Հայցվորի իրավունքներից արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող՝ իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրականացումը: Մասնավորապես վճռի՝ որպես քաղաքացիական գործն ըստ էության լուծող դատական ակտի, բացակայության փաստով պայմանավորված, նկատի ունենալով, որ վճիռը հրապարակված չլինելու և Հայցվորին տրամադրված չլինելու հանգամանքը վերջինիս համար համարժեք է վճռի բացակայությանը, Գործի քննության և լուծման ժամկետը ձգձգվել է ավելի քան 1 տարի 2 ամիս տևողությամբ, այն դեպքում, երբ Դատարանի կողմից Գործի դատաքննությունն ավարտված է եղել:

 Դատական ակտը շահագրգիռ կողմերին հասանելի չդարձնելու արդյունքում արդարադատության խաթարման խնդրին անդրադարձել է Խորհուրդը 22.09.2022 թվականի ԲԴԽ-72-Ո-Կ-17 որոշման շրջանակներում:

 Արդյունքում, Դատարանի կողմից խախտվել են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:

 Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից հետևում է, որ ցանկացած դեպքում Դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություն կամ անգործություն, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

 Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

 Վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ, 6.5-րդ կետերը, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները՝ վարույթ հարուցող մարմինը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված ակտը գործի մասնակցին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը:

 Տվյալ դեպքում վերը վկայակոչված Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ «վճռի հրապարակման» փուլը հաջորդում է դատաքննությունը եզրափակող «վճռի կայացման» փուլին, այսինքն՝ «վճռի հրապարակման փուլում» դատարանը հրապարակում է արդեն իսկ գոյություն ունեցող, կայացված վճիռը:

 Քննարկվող դեպքում 24.11.2021 թվականի դրությամբ արդեն իսկ կայացված վճռի առկայության պայմաններում այն հրապարակելու, դրա օրինակը Հայցվորին ուղարկելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը դիմումատուի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը:

 Արդյունքում, Դատավորի կողմից Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտումները` որպես հետևանք, հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման:

 Օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 66-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումներից հետևում է, որ օրենսդրի կողմից դատավորի վրա դրվել է վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը մասնակցելու պարտականություն, որը վերջինս պետք է իրականացնի երկու եղանակով, այն է՝ դատավորի վարքագծի կանոններն անձամբ պահպանելով և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը հետամուտ լինելով: Այլ կերպ ասած, դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնի խախտում է դիտարկվում այն դեպքը, երբ դատավորը պատշաճ հսկողություն չի իրականացնում իր աշխատակազմի (գործավար, օգնական) կողմից վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ: Վերը նշվածին անդրադարձել է նաև Խորհուրդն իր 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04, 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշումների շրջանակներում:

 Այսպիսով՝ դատավորի օգնականի և գործավարի անմիջական ղեկավարը հանդիսանում է համապատասխան դատավորը, ուստի վերջիններիս վարքագծի նկատմամբ հսկողության իրականացումը և ծառայողական գործունեության իրականացման ընթացքում խախտումների, թերացումների կամ անգործության վերացումը համապատասխան դատավորի պարտականությունն է:

 Վարույթ հարուցող մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերը, նշել է, որ վարույթի փաստական հանգամանքների, Դատավորի բացատրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի խախտումը կատարվել է իր մեղավորությամբ, որը դրսևորվել է կոպիտ անփութությամբ, քանի որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ վճիռը հայտարարված ժամկետում հրապարակելու, վճռի օրինակը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնվելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակման հաջորդ օրը նրանց ուղարկվելու պահանջների խախտման հանգամանքը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ դատավարական ժամկետների պահպանմամբ իր վրա դրված պարտականությունները կատարելու համար՝ չգիտակցելով նաև, որ իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվություն է կրում հենց ինքը:

 Վերոգրյալից հետևում է, որ սույն միջնորդությամբ ներկայացված՝ Դատավորի կողմից կոպիտ անփութությամբ դատավարական նորմերի խախտումներ կատարելու հետ միաժամանակ վերջինս կոպիտ անփութությամբ թույլ է տվել նաև դատավորի վարքագծի կանոնների խախտում՝ ի պաշտոնե գործելիս առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում չքննելով և չլուծելով իր իրավասությանը վերապահված հարցերը և ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չմնալով դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

 Ինչ վերաբերում է Դատավորի բացատրությամբ ներկայացված այն դիրքորոշմանը, որ Օգնականի կողմից ներկայացված վճռի նախագծի հիման վրա սահմանված ժամկետում Դատավորի կողմից կազմվել է դատական ակտը, որը հանձնվել է Օգնականին՝ հետագա գործողությունները կատարելու համար՝ հավելելով, որ Դատավորի գործառույթների մեջ ուղղակի չի մտնում առաքանի ուղարկելը, դատավարական փաստաթղթեր հանձնելը, ինչպես նաև www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) դատական ակտերը ներբեռնելը, այլ այդ ծառայողական պարտականությունները վերապահված են դատավորի աշխատակազմի համապատասխան դատական ծառայողին, ապա վարույթ հարուցող մարմինը նշել է, որ նման պայմաններում, հաշվի առնելով սույն միջնորդությամբ մեջբերված իրավական հիմքերը և դրանց շուրջ կատարված վերլուծությունները դատավորի օգնականի կամ գործավարի կողմից թույլ տրված անգործության, ինչպես նաև նրանց կողմից թույլ տրված բացթողումների կամ թերացումների պատասխանատուն են հանդիսանում ոչ միայն իրենք, այլ նաև վերջիններիս ղեկավարը՝ դատավորը, առավել ևս այն դեպքերում, երբ կատարվող աշխատանքներն անմիջականորեն կապված են այնպիսի գործողությունների հետ, որոնցով պայմանավորված են դատավարության մասնակիցների՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների պատշաճ և արդյունավետ իրացումը, մինչդեռ ինչպես նշվեց այս դեպքում, Հայցվորին հասցեագրված առաքանին (Գործով 24.11.2021 թվականի ամսաթվով թվագրված վճիռը) վերջինիս հանձնվել է 04.03.2023 թվականին, որն իր հերթին հանգեցրել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների խախտման:

 Այսպիսով, վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն:

 

 3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

 Դատավորը վարույթ հարուցող մարմնին ներկայացրած բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ հետևյալ հիմնավորումներով.

 Ըստ Դատավորի՝ Գործով վճռի հրապարակման ժամանակ է հայտարարվել 24.11.2021 թվականը: Հայցվորը ներկայացրած հայցադիմումում որպես հաշվառման հասցե նշել է «ք. Երևան, Ավան, Նարեկացի թաղամաս 37շ. բն 41» հասցեն, իսկ որպես ծանուցման հասցե նշել է «ք. Երևան, Մաշտոցի պող., 2/4» հասցեն: Դատական ծանուցագրերը Հայցվորին ուղարկվել են «ք. Երևան, Մաշտոցի պող., 2/4» հասցեով, որոնք վերջինիս կողմից մինչև դատաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելը ստացվել են, իսկ դատաքննության նշանակելու մասին որոշումը չի ստացել, ծրարը փակ վիճակում վերադարձվել է «չպահանջված» նշումով: Հայցվորը որպես ներկայացուցիչ ներգրավել է Մարիամ Մկրտիչյանին, որին 19.05.2021 թվականին տրված լիազորագրում լիազորել է ստանալ նաև դատական ծանուցումներ և դատավարական փաստաթղթեր:

 Հայցվորի ներկայացուցիչ Մարիամ Մկրտիչյանը ստացել է դատաքննության նշանակելու մասին որոշումը, որից հետո մասնակցել է դատական նիստին: Գործով 24.11.2021 թվականի վճռով Հայցվորի ներկայացրած պահանջը մերժվել է: Հայցվորը 25.11.2021 թվականին զանգահարել և տեղեկացել է հայցը մերժված լինելու մասին: Վճիռը 26.11.2021 թվականին ելքագրվել է և ուղարկվել Հայցվորին (Հայցվորի ներկայացուցչի հասցեով): Դատավորի գործավարը Համակարգում վճիռը գեներացրել է 05.02.2023 թվականին:

 Դատավորը նշել է, որ ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից դիմում է ներկայացրել Խորհրդին՝ իր անուն-ազգանունը որոշակի ժամանակով գործերի բաշխման ցուցակից հանելու համար, սակայն Խորհուրդը մերժել է ներկայացված դիմումը:

 Դատավորն Արդարադատության նախարարի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ սահմանադրական ինստիտուտների (դատարան, դատական ծառայողներ, դատավոր, Խորհուրդ) կարգավիճակը և դատավորին պատասխանատվության ենթարկելու գործընթացները սոսկ ընթացիկ օրենսդրության կարգավորումներով սահմանափակելն ինքնին կասկածահարույց և ոչ իրավաչափ կդառնա, եթե դրանով իսկ ստեղծվում են սահմանադրական ինստիտուտները շրջանցող, կամ որ ավելի վտանգավոր է, դրանց փոխարինող ստվերային ինստիտուտներ, ինչպիսին է, օրինակ «կարգապահական խախտում» սահմանադրաիրավական ինքնաբավ եզրույթի բովանդակության խեղաթյուրումը հետագա օրենսդրական կարգավորմամբ և դրա հիման վրա ձևավորված (ձևավորվող) իրավակիրառ պրակտիկայով:

 Դատավորը նշել է, որ Օգնականի կողմից իրեն ներկայացվել է վճռի նախագիծ, որի հիման վրա սահմանված ժամկետում իր կողմից կազմվել է դատական ակտը, և հանձնվել է Օգնականին՝ վճռի ելքագրումն ապահովելու և օրենքով սահմանված ժամկետում կողմերին ուղարկելու համար: Դատավորը 27.02.2023 թվականին Հայցվորի կողմից ստացել է դիմում, որով տեղեկացել է, որ վերջինս վճիռը չի ստացել, իսկ Համակարգում այն տեղադրվել է 05.02.2023 թվականին:

 Դատավորի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը 12.06.2023 թվականին Խորհրդին ներկայացրած դիրքորոշմամբ խնդրել է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել:

 Ըստ էության պնդելով Դատավորի կողմից վարույթ հարուցող մարմնին ներկայացված դիրքորոշումը՝ Դատավորի ներկայացուցիչը հավելել է, որ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 19.04.2023 թվականի թիվ 29-Ա որոշման մեջ Դատավորին վերագրվել են այնպիսի «խախտումներ» թույլ տալու մեջ, որի համար պատասխանատվություն կրողը նա չէ։

 Այս կապակցությամբ անհրաժեշտ է համարել, որպեսզի Խորհուրդը, հանդիսանալով ընդհանրապես դատական իշխանության և մասնավորապես դատավորի սահմանադրաիրավական բարձր կարգավիճակի երաշխավոր, անդրադառնա և կայուն դիրքորոշում ձևավորի դատական ծառայողների և դատավորի մասնակցությամբ հարաբերությունների տարբերակման անհրաժեշտության վերաբերյալ։ Նշված հարցին անդրադառնալն առնվազն կերաշխավորի, որպեսզի չստեղծվի դատավորին որպես սահմանադրական մարմնին պատասխանատվության ենթարկելու համար վտանգավոր նախադեպ՝ հետագայում ևս պատասխանատվության գործընթացի շրջանակներում սուբյեկտների (խախտման կազմերի) ոչ ճիշտ որոշման համար (ըստ էության օբյեկտիվ մեղսայնացման տիպիկ օրինակ)։

 Դատավորի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը նշել է, որ տվյալ պարագայում ուշադրություն է հրավիրում սույն գործով կարևոր իրողության վրա՝ բացառելու համար այլ սուբյեկտների համար պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունը։

 Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողը 19.04.2023 թվականի թիվ 29-Ա որոշման մեջ վկայակոչել է Խորհրդի 14.02.2019 թվականի թիվ ԲԴԽ-8-Ո-Կ-04 որոշմամբ և 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ հայտնած դիրքորոշումները և նշել, որ դատավորի օգնականի և գործավարի անմիջական ղեկավարը հանդիսանում է համապատասխան դատավորը, ուստի վերջիններիս վարքագծի նկատմամբ հսկողության իրականացումը և ծառայողական գործունեության իրականացման ընթացքում խախտումների, թերացումների կամ անգործության վերացումը համապատասխան դատավորի պարտականությունն է։

 Սակայն անդրադառնալով վերը նշված դիրքորոշմանը՝ նշել է, որ ինչպես ցանկացած իրավախախտման բաղկացություն, այնպես էլ դատավորի կարգապահական խախտման բաղկացությունը բովանդակում է սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմեր։

Տվյալ դեպքում ըստ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի 19.04.2023 թվականի թիվ 29-Ա որոշման՝ Դատավորի արարքներում առկա են Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առերևույթ խախտման հատկանիշներ, որոնք իրենց հերթին հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման։

Փաստորեն, Արդարադատության նախարարի 24.02.2023 թվականի թիվ 14-Ա որոշմամբ անդրադարձ չի եղել Դատավորի՝ որպես դատավորի օգնականի և գործավարի անմիջական ղեկավարի պարտականությունները չկատարելուն, այլ իրավախախտման օբյեկտիվ կողմը, այն է՝ դատավարական փաստաթուղթը (տվյալ դեպքում վճիռը) դատավարության մասնակցին ուշ ուղարկելը վերագրվել է անմիջապես դատավոր Ռուբեն Բունիաթյանին իբրև տվյալ իրավահարաբերության բովանդակությամբ պարտականություն ունեցող սուբյեկտի, այնինչ ինչպես ներկայացված բացատրության մեջ, թե սույն պատասխանում դատավոր Ռուբեն Բունիաթյանը և ընդհանրապես ցանկացած դատավոր այդպիսի պարտականություն չունի, ինչ վերաբերում է դատավորի որպես դատավորի օգնականի և գործավարի անմիջական ղեկավարի պարտականություններին, ապա դրանց վերաբերյալ մինչև 19.04.2023 թվականի թիվ 29-Ա որոշումը կայացնելը որևէ անգամ չի վկայակոչվել։

Դատավորի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը նշել է, որ թիվ 29-Ա որոշմամբ Հայցվորի անբարեխղճության վերաբերյալ որևէ գնահատական առկա չէ։ Որոշմամբ ընդամենը վկայակոչված են արդար դատաքննության իրավունքի տարր կազմող ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի խախտման մասով Եվրոպական դատարանի վճիռներ, մինչդեռ Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկայում ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի խախտման համատեքստում կարևորվում է նաև դատավարության մասնակիցների պատշաճ վարքագիծը։

Սույն գործով հավաստվում է այն հանգամանքը, որ Հայցվորի հայցը մերժող եզրափակիչ դատական ակտը պատրաստ է եղել, դատավարության մասնակիցներին ուղարկելու նպատակով հանձնվել է դատարանի գրասենյակ, Համակարգում հրապարակված է եղել հայցի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը, Հայցվորը դատական ակտի հրապարակումից հետո զանգահարել և տեղեկացվել է իր հայցի մերժման մասին, սակայն այդ ամենից հետո որևէ քայլ չի ձեռնարկել հայցը մերժող դատական ակտը ստանալու կապակցությամբ։ Ի տարբերություն հայցվոր կողմի՝ պատասխանողի ներկայացուցիչը դիմել է Դատարանին և ստացել դատական ակտը, ինչով նույնպես հավաստվում է այն հանգամանքը, որ գործով եզրափակիչ դատական ակտը Դատավորի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակին կայացվել է։

Ամբողջության մեջ դիտարկելով հայցվոր Կարինե Պողոսյանի կողմից դրսևորած անգործությունը (պասիվ վարքագիծը), որպես վարույթի կողմ իր շահերի պաշտպանության համար օրենսդրությամբ տրամադրած միջոցներից և գործիքներից 14 ամիս համառորեն չօգտվելու դիտավորությունը, այն, որ առկա բացթողումը հայտնաբերվել է նախքան Կարինե Պողոսյանի կողմից դիմում ստանալը և կարգապահական վարույթի հարուցումը, որպես ելակետ ունենալով, որ ենթադրյալ թույլ տրված խախտումը կատարվել է ոչ թե դատավոր Ռուբեն Բունիաթյանի, այլ վերջինիս աշխատակազմի կողմից, Դատավորի ներկայացուցիչը խնդրել է մերժել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդությունը:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

1) Կարինե Պողոսյանը 20.08.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` որոշումը մասնակի անվավեր ճանաչելու (վերացնելու) և որպես հետևանք՝ որակավորման քննությունը հանձնած համարելու և վկայագիր հանձնել պարտավորեցնելու մասին, որը Դատարանի 31.08.2020 թվականի որոշմամբ վերադարձվել է (քաղաքացիական գործին շնորհվել է թիվ ԵԴ/25088/02/20 համարը):

2) Հայցվորի կողմից կրկին ներկայացված հայցադիմումը Դատարանի 28.09.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և 09.04.2021 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:

3) Գործով դատական նիստեր են անցկացվել 19.05.2021, 15.07.2021 թվականներին և Դատարանի 15.07.2021 թվականի որոշմամբ Գործով դատաքննությունը նշանակվել է 09.11.2021 թվականին:

4) Դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 24.11.2021 թվականը:

5) Դատարանի 24.11.2021 թվականի ամսաթվով թվագրված վճռով հայցը մերժվել է:

6) «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգում 24.11.2021 թվականը նշվել է որպես վճռի հրապարակման օր:

7) Դատարանի կողմից Գործով կայացված 24.11.2021 թվականի վճիռը Համակարգում տեղադրվել է 05.02.2023 թվականին (ստեղծման ամսաթիվ: 2023-02-05 23:43:17):

8) Դատավորի բացատրությանը կից ներկայացվել է վճռի օրինակի պատճենը, որի վրա պատասխանողի ներկայացուցիչ Մ. Կարապետյանը կատարել է ձեռագիր գրառում՝ հետևյալ բովանդակությամբ. «Ստացա վճիռը, ՀՀ ՓՊ ներկայացուցիչ Մ. Կարապետյան 22.12.2021թ.» և ստորագրություն:

9) Գործի նյութերում առկա է վճռի օրինակը, ինչպես նաև վճռի օրինակի պատճենը, որի վրա առկա է նշում՝ պատասխանողի ներկայացուցիչ Մ. Կարապետյանի կողմից այն 22.12.2021 թվականին ստանալու մասին:

10) Գործում առկա է Դատավորի օգնականի կողմից 26.11.2021 թվականի ամսաթվով կազմված թիվ ԴԴ-9.1-Ե-254692/21 համարի գրություն՝ հասցեագրված Հայցվորի ներկայացուցիչ նշված Մարիամ Մկրտիչյանին, ք. Երևան, Սունդուկյան փող., 26, բն. 16» հասցեով՝ հետևյալ բովանդակությամբ. «Ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/25088/02/20 քաղաքացիական գործով կայացված վճիռը»:

11) Հայցվորը 26.02.2023 թվականին Դատավորին հասցեագրած և 27.02.2023 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Արաբկիր» նստավայրում թիվ Մ-20711/23 համարով մուտքագրած դիմումով հայտնել է, որ Գործով վճռի հրապարակման օր է սահմանվել 24.11.2021 թվականը, այն Համակարգում տեղադրվել է 05.02.2023 թվականին (ամսաթիվ՝ 2023-02-05 23:43:17), ինչի մասին տեղեկացել է 26.02.2023 թվականին: Նշել է, որ վճռի օրինակը մինչ 27.02.2023 թվականն իրեն չի ուղարկվել (առձեռն չի հանձնվել): Խնդրել է Գործով վճիռն իրեն ուղարկել «ք. Երևան, 0060, Նարեկացի թաղ. 37 շենք, բն. 41» հասցեով:

12) Օգնականի կողմից կազմված «11.2021»1 թվականի ամսաթվով թվագրված գրության համաձայն՝ Գործով կայացված վճիռն ուղարկվել է Հայցվորին` «ք. Երևան, Նարեկացի թաղ. 37 շենք, բնակարան 41» հասցեով:

13) «ք. Երևան, Նարեկացի թաղ. 37 շենք, բնակարան 41» հասցեով Հայցվորին հասցեագրված առաքանին (գծանիշ կոդ՝ ALO108368725AM) վերջինիս հանձնվել է 04.03.2023 թվականին:

14) Ի պատասխան Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Նաիրի Գալստյանի 01.06.2023 թվականի «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին հասցեագրված թիվ ԴԴ-1ԴԴ/936-23 Ե-4255 հարցման՝ վերջինս 06.06.2023 թվականի թիվ Ել-ՀՓ 3049-23 գրությամբ պատասխանել է հետևյալը. « (…) տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Արաբկիր» նստավայրից 26.11.2021թ. թիվ ԴԴ-9.1-Ե-254692/21 գրությամբ Մարիամ Մկրտիչյանին և ՀՀ փաստաբանների պալատին հասցեագրված փոստային առաքանիների վերաբերյալ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Արաբկիր» նստավայրի դատավոր Ռուբեն Բունիաթյանի կողմից 01.11.2021թ.-ից մինչև 28.12.2021թ.-ը ուղարկված առաքանիների Հաշվեցուցակներով Մարիամ Մկրտիչյանին և ՀՀ փաստաբանների պալատին հասցեագրված առաքանիներ չեն հայտնաբերվել: «Հայփոստ» ՓԲԸ կողմից միաժամանակ ուսումնասիրվել են Մարիամ Մկրտիչյանի՝ ք.Երևան, Սունդուկյան փող.26, բն. 16 հասցեն սպասարկող Երևանի թիվ 0012 փոստային բաժանմունքի առաքանիների հանձնման ցուցակները 26.11.2021թ.-ից մինչև 29.12.2021թ. ընկած ժամանակահատվածի առաքանիների հանձնման ցուցակները, որոնց համաձայն նշված ժամանակահատվածում Մարիամ Մկրտիչյանի անվամբ փոստային առաքանիներ չեն ստացվել: Ստուգվել են նաև մեծաքանակ առաքանիների վերաբերյալ ծրագրում առկա տեղեկությունները, որոնցում նույնպես բացակայում են Մարիամ Մկրտիչյանին և ՀՀ փաստաբանների պալատին դատարանի կողմից հասցեագրված առաքանիների վերաբերյալ տեղեկություններ:»:

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները

Հաշվի առնելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի և նրա ներկայացուցչի կողմից ներկայացված դիրքորոշումը` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1 արդյո՞ք թիվ ԵԴ/25088/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,

5.2 արդյո՞ք թիվ ԵԴ/25088/02/20 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման,

5.3 եթե Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) և (կամ) դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, ապա արդյո՞ք դրանք կատարվել են դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:

 

6 Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի հաղորդումը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչների դիրքորոշումները, Դատավորի և նրա ներկայացուցչի դիրքորոշումը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:

Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե գործի քննության և լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի և լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուղղակիորեն վտանգել արդարադատության իրականացման ողջ գործընթացի արդյունավետությունը և կասկածի տակ դնել այդ գործընթացի վստահելիությունը: Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, համաձայն որի՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության» (օրինակ՝ ECHR, Cases of Vazagashvili and Shanava v. Georgia, application no. 50375/07, 18/07/2019, and Lopatin and Medvedskiy v. Ukraine, applications nos. 2278/03 and 6222/03, 20/05/2010), քանի որ գործի քննության անհարկի ձգձգումները, նույնիսկ անկախ գործի ելքից, անարդյունավետ են դարձնում մարդու իրավունքների պաշտպանությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:

Եվրոպական դատարանը բազմիցս անդրադարձել է գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը՝ ընդգծելով նաև այդ պահանջի կարևորությունը: Վերջինս, մասնավորապես, նշել է, որ պահանջելով գործերի քննություն «ողջամիտ ժամկետումե՝ Կոնվենցիան ընդգծում է այն հանգամանքը, որ արդարադատությունը չպետք է իրականացվի այնպիսի ձգձգումներով, որոնք կարող են վտանգել դրա արդյունավետությունն ու վստահելիությունը (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994):

Եվրոպական դատարանն անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է. «(…) բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):ե

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovռnie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

Գործի քննության պահին գործող խմբագրությամբ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

Վճռաբեկ դատարանն իր 03.03.2022 թվականի թիվ ՇԴ3/0845/02/19 որոշմամբ արձանագրել է. «(…) Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:»։

Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի նախատեսումն ինքնանպատակ չէ. ժամկետ նախատեսելով օրենսդիրը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ երաշխավորել տվյալ իրավահարաբերության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ապահովել իրավահարաբերությունների կայունությունը, որոշակիությունը, ինչպես նաև կանխել և բացառել «կամայականության վտանգ»-ը՝ տալով համապատասխան սուբյեկտներին իրենց վարքագիծն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու գործնական հնարավորություն: Դատավարական ժամկետների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանք սահմանում են հենց դատավարական գործողության իրականացման ժամանակահատվածը (պահերը): Միաժամանակ դատավարական ժամկետները նպաստում են դատական քաշքշուկի բացառմանը, դատավարական իրավահարաբերությունների կայունությանը, հստակությանն ու որոշակիությանը, որոնք վերջին հաշվով ապահովում են դատարան դիմող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու երաշխավորվածությունը, մի խոսքով՝ արդարադատության իրականացման արդյունավետությունը:

Խորհուրդն արձանագրում է, որ եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, քանի որ նշված ժամկետում ակնկալվող արդյունքից է կախված դատավարության յուրաքանչյուր մասնակցի համար հնարավոր իրավական հետևանքի առաջացումը, որը կարող է դրսևորվել ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ որպես արդար դատաքննության իրավունքի դատական պաշտպանության հիմնական ձև ամրագրված դատական ակտի բողոքարկմամբ կամ չբողոքարկելու արդյունքում օրինական ուժի մեջ մտնելով:

Միաժամանակ օրենսդիրը Գործի քննության պահին գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով սահմանել է դատական ակտի հրապարակումը մինչև 15 օրով երկարաձգելու հնարավորություն այն դեպքի համար, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, այսինքն՝ բացառապես նշված հանգամանքի առկայությունը կարող է հարգելի դարձնել դատական ակտի հրապարակման ժամկետի ուշացումը, այն էլ առավելագույնը 15 օրով:

Քննարկվող պարագայում Դատարանը 09.11.2021 թվականին կայացած նիստում հայտարարել է Գործի քննությունն ավարտված և վճռի հրապարակման օր է նշանակել 24.11.2021 թվականը, մինչդեռ նշված օրը վճիռը Համակարգում չի հրապարակվել, այլ հրապարակվել է օրենքով սահմանված ժամկետից 1 տարի 2 ամիս անց, այն է՝ 05.02.2023 թվականին:

Թեև Գործում առկա է Օգնականի կողմից 26.11.2021 թվականի ամսաթվով կազմված թիվ ԴԴ-9.1-Ե-254692/21 համարի գրությունը՝ Գործով վճիռը Հայցվորի ներկայացուցիչ Մարիամ Մկրտիչյանին ուղարկելու վերաբերյալ, սակայն վճիռը Հայցվորին կամ նրա ներկայացուցչին օրենքով սահմանված ժամկետում ուղարկված լինելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ: Ավելին, Խորհուրդը հարկ է համարում փաստել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը 06.06.2023 թվականի թիվ Ել-ՀՓ 3049-23 գրությամբ հայտնել է, որ «(…) Ուսումնասիրությունների արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Արաբկիր» նստավայրի դատավոր Ռուբեն Բունիաթյանի կողմից 01.11.2021թ.-ից մինչև 28.12.2021թ.-ը ուղարկված առաքանիների Հաշվեցուցակներով Մարիամ Մկրտիչյանին և ՀՀ փաստաբանների պալատին հասցեագրված առաքանիներ չեն հայտնաբերվել: «Հայփոստ» ՓԲԸ կողմից միաժամանակ ուսումնասիրվել են Մարիամ Մկրտիչյանի՝ ք.Երևան, Սունդուկյան փող. 26, բն. 16 հասցեն սպասարկող Երևանի թիվ 0012 փոստային բաժանմունքի առաքանիների հանձնման ցուցակները 26.11.2021թ.-ից մինչև 29.12.2021թ. ընկած ժամանակահատվածի առաքանիների հանձման ցուցակները, որոնց համաձայն նշված ժամանակահատվածում Մարիամ Մկրտիչյանի անվամբ փոստային առաքանիներ չեն ստացվել: Ստուգվել են նաև մեծաքանակ առաքանիների վերաբերյալ ծրագրում առկա տեղեկությունները, որոնցում նույնպես բացակայում են Մարիամ Մկրտիչյանին և ՀՀ փաստաբանների պալատին դատարանի կողմից հասցեագրված առաքանիների վերաբերյալ տեղեկություններ:»:

Ընդ որում, Հայցվորի կողմից 26.02.2023 թվականին Դատավորին հասցեագրվել և 27.02.2023 թվականին Դատարանի «Արաբկիր» նստավայրում մուտքագրվել է դիմում՝ վճռի օրինակը մինչ 27.02.2023 թվականն իրեն ուղարկված չլինելու և վճիռն իր կողմից նշված հասցեով ուղարկելու մասին: Միաժամանակ Գործում առկա է Օգնականի կողմից կազմված «11.2021»2 թվականի ամսաթվով թվագրված գրություն (առանց ելքագրման տվյալների)՝ Գործով վճիռը Հայցվորի կողմից նշված հասցեով ուղարկելու մասին, ինչպես նաև Հայցվորի կողմից վճիռը 04.03.2023 թվականին ստացած լինելու վերաբերյալ հավաստագիր:

Խորհուրդը, ինչպես նախկինում, սույն որոշմամբ ևս արձանագրում է, որ դատավարական ժամկետների ողջամիտ խախտումները մեղքի հիմնավորման կամ դրանց հետևանքների կարևորության աստիճանը գնահատելու տեսանկյունից կարող են արդարացվել միայն բացառիկ, դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության կամ երաշխավորման անհրաժեշտությամբ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներում, երբ դատարանները կհիմնավորեն, որ դատավարական ժամկետների խախտման արդյունքում պաշտպանվել է առավել կարևոր շահ կամ պայմանավորված լինեն դատավարության մասնակիցների վարքագծով:

Նման պայմաններում Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ անաչառ դիտորդի մոտ հնարավոր է ծագի ողջամիտ կասկած առ այն, որ Դատարանը կայացված դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում հրապարակելու և դատավարության բոլոր մասնակիցներին ուղարկելու իր գործողություններում չի դրսևորել պատշաճ ջանասիրություն:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը և Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, արդար դատաքննության իրավունքի բովանդակության մեջ առանձնացնելով ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, պետության համար իրավական համակարգում այն ապահովելու ուղղակի պարտականություն են սահմանում։ Ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքը, հանդիսանալով արդար դատաքննության իրավունքի ֆունկցիոնալ տարր, նպատակ ունի շահագրգիռ անձին պաշտպանել երկարատև անորոշ վիճակից և ապահովել արդարադատության իրականացումն առանց ձգձգումների, ինչը կարող է վտանգել գործի քննության արդյունավետությունն ու վստահելիությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ Խորհուրդը փաստում է, որ Դատավորը, վճիռը հրապարակման հայտարարված օրվանից մոտ 1 տարի 2 ամիս հետո հրապարակելով, ինչպես նաև վճռի օրինակը Հայցվորին օրենքով սահմանված ժամկետում չուղարկելով, չի դրսևորել պատշաճ ջանասիրություն, ինչի արդյունքում վերջինիս կողմից թույլ է տրվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավանորմերի խախտում:

Միաժամանակ Խորհուրդն անդրադառնալով Դատավորի ներկայացուցչի կողմից դիրքորոշմամբ ներկայացված այն փաստարկին, որ Դատավորին վերագրվել են այնպիսի «խախտումներ» թույլ տալու մեջ, որի համար պատասխանատվություն կրողը նա չէ, այսինքն ենթադրյալ թույլ տրված խախտումը կատարվել է ոչ թե դատավոր Ռուբեն Բունիաթյանի, այլ վերջինիս աշխատակազմի կողմից, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իր 02.04.2020 թվականի թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-3 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «…դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եվ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը:»:

Ուստի Դատավորը, հանդիսանալով իր աշխատակազմի անմիջական ղեկավարը, պարտավոր է նաև վերահսկել վերջիններիս գործունեությունը՝ դատարանի բնականոն գործունեության ապահովման համար և տվյալ դեպքում հետամուտ լինել իր վարույթում առկա գործերով դատական ակտերի օրենքով սահմանված կարգով հրապարակման և դատավարության կողմերին դատական ակտերն ուղարկելու գործընթացին:

 Խորհուրդը միաժամանակ արձանագրում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի վերը նշված խախտումները հանգեցրել են դատավորի վարքագծի կանոնի խախտման, մասնավորապես վերջինս թույլ է տվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց) և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնների խախտում:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Միաժամանակ որոշելու համար Դատավորի մեղքի ձևը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները կատարել է կոպիտ անփութությամբ, քանի որ չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այնքանով, որքանով չի հիմնավորել դատավարական նորմով սահմանված դատական ակտի հրապարակման և ուղարկման ժամկետի խախտումները՝ որևէ արդարացված նպատակով: Դատարանի նման վարքագծի դրսևորումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ դատական ակտը փաստացի տրամադրվել է կողմերից մեկին 1 տարի 3 ամիս ուշացումով կասկած է հարուցում նաև Դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ, դրանով իսկ նվազեցնում հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված խախտումներն իրենց բնույթի և հետևանքների առումով ստվերում են դատարանի անկախությունն և անաչառությունը, հանրության մոտ առաջացնում են անվստահություն Սահմանադրությամբ և Օրենսգրքով ամրագրված դատական իշխանության անկախության և անաչառության կարևորագույն սկզբունքների նկատմամբ։

Միևնույն ժամանակ տույժի տեսակը որոշելիս Խորհուրդը հաշվի է առնում նաև այն, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին հայտարարել նկատողություն:

 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

___________________

1 Հայցվորին` ք. Երևան, Նարեկացի թաղ., 37 շենք, բնակարան 41 հասցեով ուղարկված գրության ամսաթիվը թերի է նշված:

2 Հայցվորին` ք. Երևան, Նարեկացի թաղ., 37 շենք, բնակարան 41 հասցեով ուղարկված գրության ամսաթիվը թերի է նշված:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Կ. Անդրեասյան

Անդամներ`

 

 

 

 

 

Հատուկ կարծիք

Ա. Աթաբեկյան

Հ. Գրիգորյան

Ե. Թումանյանց

Դ. Խաչատուրյան

Ն. Հովսեփյան

Ք. Մկոյան

Ա. Վարդանյան

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2023 թվական:

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

«27» հուլիսի 2023 թ.

ք. Երևան

 

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:

Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (Աշխատակարգի) 96-րդ մասի համաձայն՝ (…) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:

Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Բարձրագույն դատական խորհրդի անդամների (նախագահող՝ Կ.Անդրեասյան, անդամներ՝ Ա.Աթաբեկյան, Ք.Մկոյան, Ե.Թումանյանց, Դ.Խաչատուրյան Ն.Հովսեփյան, Վ.Քոչարյան, Հ.Գրիգորյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Լիազոր մարմնի միջնորդությունը բավարարելու և որպես կարգապահական տույժ նրա նկատմամբ նկատողություն կիրառելու վերաբերյալ Խորհրդի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի որոշման (եզրափակիչ մասի) առնչությամբ մնում եմ հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում պարզաբանման ենթակա հիմնական հարցադրումները հետևյալներն են՝

1) Արդյոք ապացուցվել է դատավոր Ռ.Բունիաթյանի կողմից դատավարական նորմերի խախտումներ թույլ տալ փաստը, եթե՝ այո, ապա՝ դատավարական որ նորմի կամ նորմերի խախտում թույլ տալու մասով.

2) Արդյոք արձանագրված դատավարական խախտումը կամ խախտումներն իրենց էությամբ հեղինակազրկել են դատական իշխանությունը, կարող են դիտարկվել որպես դատավորի վարքագծի կանոն/ներ/ի խախտում (նվազ կարևոր չեն):

 

1.1 Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության փաստական և իրավական հիմքերը, հիմնավորումները.

Ըստ Լիազոր մարմնի ներկայացրած միջնորդության՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Քաղ. ԴՕ) 17-րդ հոդվածի 7-րդ մասի և 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների խախտումներ, այն է՝ թիվ ԵԴ/25088/02/20 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 2 ամիս անց, իսկ եզրափակիչ դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 3 ամիս անց, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում Դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություն կամ անգործություն, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա:

Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ Դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ, որոշ դեպքերում և պայմաններում, դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից:

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված՝ Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:

Բանգալորյան սկզբունքների 6.5-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարել իր բոլոր պարտականությունները, այդ թվում՝ որոշում կայացնել հետաձգված գործերի վերաբերյալ:

Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունների համաձայն՝ իրեն վերապահված պարտականություններն արդյունավետ, արդարացի և ողջամիտ արագությամբ կատարելու համար դատավորը պարտավոր է պատշաճ շրջահայացություն դրսևորել կողմերի լսված լինելու իրավունքը ապահովելու և գործը կամ այլ հարցերն առանց անհարկի հետաձգումների և ծախսերի լուծելու հարցում: Դատավորն իր վարույթում գտնվող գործերի քննության և լուծման ընթացքն այնպես պետք է կառավարի, որ նվազեցնի կամ բացառի ձգձգումներով պրակտիկան, անհարկի հետաձգումները և ծախսերը: Դատավորը պետք է իրեն վերապահված հարցերի վերաբերյալ որոշում կայացնի ողջամիտ արագությամբ՝ հաշվի առնելով հարցի հրատապությունը և այլ կարևոր հանգամանքները: Հատկապես կարևոր է, որ դատավորը հրապարակի որոշման պատճառաբանություններն ու հիմնավորումներն առանց ոչ խելամիտ հետաձգումների:

Դատարանի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի պահպանումն անմիջականորեն կապված է անձի՝ իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի տարրերից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի ապահովման հետ: Այս իմաստով արդարադատության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքան արագ է այն իրականացվում: Երբ արդարադատության իրականացումը ձգձգվում է, տպավորություն է ստեղծվում, որ դատական համակարգն ի վիճակի չէ կատարելու իր առջև դրված խնդիրները, իսկ դա անվստահություն է առաջացնում արդարադատության ողջ համակարգի նկատմամբ:

Վերոգրյալից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ անձն ընտրում է իր իրավունքների պաշտպանության դատական կարգը՝ վստահելով իր մասնակցությամբ վեճի լուծումը դատարանին և ունենալով լեգիտիմ ակնկալիք, որ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետներում կքննի և կլուծի իր գործը, իսկ դատարանը չի պահպանում օրենքով սահմանված դատավարական ժամկետները (օրենքով սահմանված ողջամիտ ժամկետները), ապա նման վարքագիծը ոչ միայն հանգեցնում է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու վարքագծի կանոնի, այլև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու վարքագծի կանոնի խախտման, քանի որ դատարանի կողմից գործի քննության և լուծման, ինչպես նաև գործով կայացված ակտը գործի մասնակցին մատչելի դարձնելը ձգձգելու արդյունքում անձի մոտ խարխլվում է դատական համակարգի և արդարադատության արդյունավետության նկատմամբ վստահությունը՝ հեղինակազրկելով դատական իշխանությունը:

Միջնորդության 4.1 կետում վկայակոչված ՔԴՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական նորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ «Վճռի հրապարակման» փուլը հաջորդում է դատաքննությունը եզրափակող «վճռի կայացման» փուլին, այսինքն՝ «վճռի հրապարակման փուլում» դատարանը հրապարակում է արդեն իսկ գոյություն ունեցող, կայացված վճիռը:

Քննարկվող դեպքում 24.11.2021 թվականի դրությամբ արդեն իսկ կայացված Վճռի առկայության պայմաններում այն հրապարակելու, դրա օրինակը Հայցվորին ուղարկելու համար սահմանված ժամկետները Դատարանի կողմից էապես խախտելու հանգամանքը Դիմումատուի, ինչպես նաև անկողմնակալ դիտորդի մոտ առաջացնում է ողջամիտ կասկած՝ Դատավորի կողմից առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելուն և լուծելուն ուղղված անհրաժեշտ շրջահայացություն և պատշաճ վարքագիծ ցուցաբերելու առնչությամբ: Դատարանի նման գործելակերպն ուղղակի ազդեցություն է ունենում դատարանի գործունեության արդյունավետության վրա, որն իր հերթին նվազեցնում է հանրության վստահությունն արդարադատության նկատմամբ և հեղինակազրկում դատական իշխանությունը:

Արդյունքում Դատավորի կողմից ՔԴՕ 17-րդ հոդվածի 7-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտումները` որպես հետևանք, հանգեցրել են նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված վարքագծի կանոնների խախտման»:

 

1.2 Վարույթի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

Հայցվորը 20.08.2020 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի` որոշումը մասնակի անվավեր ճանաչելու (վերացնելու) և որպես հետևանք՝ որակավորման քննությունը հանձնած համարելու և վկայագիր հանձնելուն պարտավորեցնելու մասին, որին շնորհվել է թիվ ԵԴ/25088/02/20 քաղաքացիական գործի համարը:

Տվյալ գործի քննության ընթացքում Հայցվորը գործի քննությանը ներգրավվել է ներկայացուցիչ Մ.Մկրտիչյանին, ի թիվս այլնի, նրան լիազորելով իր փոխարեն ստանալու դատավարական փաստաթղթերը: Տվյալ լիազորագիրը, թվագրված է 2021թ. մայիսի 19-ով, տրված է երեք տարի ժամկետով, ներկայացվել է դատավոր Ռ.Բունիաթյանին, վերջինիս կողմից կցվել է քաղ. գործի նյութերին:

Դատավոր Ռ.Բունիաթյանը գործի քննությունը հայտարարելով ավարտված՝ Վճռի հրապարակման օր է նշանակել 2021 թվականի նոյեմբերի 24-ը:

Նշանակված օրը՝ 2021 թվականի նոյեմբերի 24-ին, վճիռը, որն ինչպես հետագայում է պարզվել՝ բաղկացած է 20 էջերից, կայացվել է և գործի ելքի, մասնավորապես՝ Հայցվորի պահանջը մերժելու մասին, նույն օրը դատական համակարգի էլեկտրոնային հարթակում կատարվել է նշում:1

Հաջորդ օրը դատավոր Ռ.Բունիաթյանի աշխատակազմին զանգահարելով՝ Հայցվորը տեղեկացել է ներկայացրած հայցի մերժման մասին:2

Վարույթի նյութերում առկա փաստաթղթի ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը.

ա) դատավորի օգնականի անվամբ 26.11.2021 թվականի ամսաթվով կազմված և թիվ ԴԴ-9.1-Ե-254692/21 համարի նամակի համաձայն՝ վճռի օրինակ է ուղարկվել Հայցվորի ներկայացուցիչ Մարիամ Մկրտիչյանին՝ ք. Երևան, Սունդուկյան փող. 26, բն. 16 հասցեով.

բ) դատավորի օգնականի կողմից կազմված (նրա անունից ստորագրված) «26.11.2021»թ. թվականի ամսաթվով թվագրված ԴԴ-9.1-Ե-254692/21 նամակի համաձայն՝ վճիռն ուղարկվել է նաև Պատասխանողին՝ ՀՀ փաստաբանների պալատ, ք. Երևան, Զաքյան փողոց 7-2 շենք հասցեով.

գ) դատավորի օգնականի կողմից կազմված (նրա անունից ստորագրված) «11.2021»թ. թվականի ամսաթվով թվագրված նամակի համաձայն՝ վճիռն ուղարկվել է նաև Հայցվորին` ք. Երևան, Նարեկացի թաղ. 37 շենք, բնակարան 41 հասցեով, թեև գրության թերի լրացված լինելը և ելքային համարի բացակայությունը կասկածի տակ է դնում այն դատարանի գրասենյակին հանձնված լինելու հանգամանքը:

Վերը նշված երկու հասցեատերերից յուրաքանչյուրին՝ Հայցվորի ներկայացուցիչ Մարիամ Մկրտիչյանին և Պատասխանողին՝ ՀՀ փաստաբանների պալատին հասցեագրված վերոնշյալ նամակները, որոնց ողջամտորեն կցված են եղել 20 էջերից բաղկացած վճռի մեկական օրինակը, 26.11.2021 թվականին՝ ժամը 19:03:53-ին հանձնվել են դատարանի գրասենյակի համապատասխան աշխատակցին՝ նշված երկու հասցեատերերին փոստով ուղարկելու համար:3

Ըստ «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավարությանը վարույթն իրականացնող մարմինների (այդ թվում՝ Խորհրդի) ուղղած հարցումների վերջնական արդյունքների՝ սույն գործով կողմերին 26.11.2021 թվականին հասցեագրված վճիռները և դրանց ուղեկցական նամակները Դատարանի գրասենյակից «Հայփոստի» համապատասխան աշխատակցին չեն հանձնվել, բնականաբար հասցեատերերին չէին կարող առաքվել:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Մանե Կարապետյանը, ըստ գործին թելակարված 2021թ. նոյեմբերի 24-ի վճռի 20-րդ էջի վրա կատարված ձեռագիր գրառման, տվյալ վճռի օրինակն առձեռն ստացել է 2021թ. դեկտեմբերի 22-ին:4

Հայցվորը վճռի օրինակը ստանալու խնդրով Դատարան, ըստ էության դատավոր Ռ.Բունիաթյանին է դիմել 1 տարի 3 ամիս անց՝ միայն 2023 թվականի փետրվարի 26-ին, թեև մինչ այդ՝ դեռևս 2023 թվականի փետրվարի 9-ին նույն խնդրով դատավոր Ռ. Բունիաթյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով դիմել էր Արդարադատության նախարարին: Հայցվորի ներկայացուցիչը նման խնդրանքով Դատարանին առհասարակ չի դիմել:

2023 թվականի փետրվարի 24-ի թիվ 14-Ա որոշմամբ Լիազոր մարմնի կողմից Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, իսկ 2023 թվականի ապրիլի 19-ին Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Լիազոր մարմինը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։

 

 1.3 Սույն վարույթով կիրառելի նորմատիվ իրավական ակտեր և դրանց նորմեր.

Դատավորի կողմից ենթադրաբար խախտված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝

«(…):

7. Դատարանի` եզրափակիչ, իսկ սույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

(…)»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեկ այլ, 179-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Վճիռը սույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ, օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:

2. Վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել»:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա»:

Օրենքի 142-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

(…):

2. Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:

Օրենքի 143-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

2. Կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին»:

 Օրենքի 152-րդ հոդվածի համաձայն՝

 «1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Օրենքի 154-րդ հոդվածի համաձայն՝

(…):

4. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

1) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

 

1.4 Միջնորդության իրավաչափության վերաբերյալ վերլուծություն և դատողություններ.

 Կարգապահական վարույթի արդյունքներով հանգել եմ հետևյալ հետևությունների.

 Սույն վարույթի շրջանակներում դատավոր Ռ.Բունիաթյանին օբյեկտիվ կողմից վերագրվել է Հայցվորին վճռի օրինակը չուղարկելու արարք, ուստի Պատասխանողին փոստով վճիռը չուղարկելու հանգամանքը,5 դրա պատճառը սույն վարույթի շրջանակներում ստուգման և պարզման ենթակա չեն, առավել ևս՝ այն չկատարելու կամ պատշաճ կարգով (օրենքով սահմանված դատավարական ժամկետում) չկատարելու համար դատավոր Ռ.Բունիաթյանը չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել, քանի որ այն գտնվում է Լիազոր մարմնի ներկայացված «մեղադրանքի» սահմաններից դուրս:

Նշված հետևությունը բխում է Օրենքի 152-րդ հոդվածի 1-ին մասի տրամաբանությունից, ըստ որի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Քաղ. ԴՕ-ի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձը, տվյալ դեպքում՝ Հայցվորը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ ներկայացուցչի միջոցով: Գործին մասնակցող անձը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաև այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է ներկայացուցչի:

Վերոնշյալ իրավական կարգավորումից հետևում է, որ ներկայացուցիչ ունենալու պարագայում ինքնուրույնաբար դատավարական գործողություն կատարելը կամ դրա կատարումն հօգուտ լիազորված այդ անձի (ներկայացուցչի) պատվիրակելը կողմի, տվյալ դեպքում՝ Հայցվորի հայեցողական իրավունքն է, որի հետ դատարանը կարող էր և պարտավոր էր հաշվի նստել: Դատավոր Ռ.Բունիաթյանը պարտավոր չէր Հայցվորի ներկայացուցչից զատ՝ վճռի օրինակ ուղարկել նաև Հայցվորին, քննարկվող լիազորագրի և լիազորության առկայության պայմաններում դա Դատարանի միայն իրավունքն էր և ոչ թե դատավարական պարտականությունը, որից նա ենթադրաբար օգտվել է:

Քաղ. ԴՕ-ի 56-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և նույն հոդվածի 2-րդ մասերի համաձայն՝ դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթեր ստանալու լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչին տրվող լիազորագրում: Վերը ներկայացված իրավական կարգավորման համատեքստում կարելի է արձանագրել, որ դատավոր Ռ.Բունիաթյանը պատշաճ կարգով փաստաթղթավորել և գործին է կցել դատարան ներկայացված համապատասխան լիազորագիրը, որի համաձայն՝ Հայցվորը իր ներկայացուցչին լիազորել էր, ի թիվս այլնի, ստանալու տվյալ գործով կայացվելիք վճռի օրինակը և անհրաժեշտության դեպքում բողոքարկել այն:

Այսպիսով, վճիռը չուղարկելու համար դատավոր Ռ.Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ստուգման և պարզման է ենթակա բացառապես Հայցվորի ներկայացուցչին ենթադրաբար չուղարկելու զանցակազմի սահմաններում:

Վարույթի ընթացքում պարզվեց, որ 2021թ. նոյեմբերի 26-ին, այսինքն՝ վճռի կայացումից երկու օր անց, 20 էջերից բաղկացած վճռի6 մեկական օրինակ, դատավոր Ռ.Բունիաթյանի օգնականի ստորագրությունը բովանդակող ուղեկցական նամակներին կից, Հայցվորի ներկայացուցիչ Մարիամ Մկրտիչյանին և Պատասխանողի ներկայացուցչին ուղարկելու նպատակով հանձնվել է դատարանի գրասենյակ, որտեղ ուղեկցական նամակների վրա արդեն գրասենյակի աշխատակցի կողմից կատարվել է ԴԴ-9.1-Ե-254092/21/ ելքային համարով նշում, ծրագրային եղանակով ձևավորվել է վճռի մեկական օրինակները վերոնշյալ հասցեատերերին փոստով ուղարկելու համար դատարանի գրասենյակին հանձնելու փաստն հաստատող փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007թ. դեկտեմբերի 21-ի թիվ 23-Լ որոշմամբ հաստատված և ներկայում գործող՝ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ 5-րդ գլխի 4-րդ կետի համաձայն՝ գրասենյակի աշխատողն է ելքային փաստաթղթի վրա նշում ելքի ամսաթիվը, հերթական համարը և այն առաքում հասցեատիրոջը:

Այսպիսով՝ հաշվի առնելով այն, որ գրասենյակի համապատասխան դատական ծառայողը դատավոր Ռ.Բունիաթյանին կցված դատական ծառայող չէ, և Դատավորը պարտավոր չէր վերահսկել իրեն չկցված այդ դատական ծառայողի աշխատանքը, ուստի՝ նրա ենթադրյալ անգործությունը, որի պայմաններում վճռի օրինակը Հայցվորի ներկայացուցչին և պատասխանողին ուղարկելու համար «Հայփոստի» աշխատակցին չի հանձնվել և դրա հետևանքով Հասցեատերերին հասու չի դարձել, չի կարող հանգեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն, մանավանդ, որ դատաքննությամբ ձեռք չի բերվել և հետազոտվել գեթ մեկ ապացույց, որը կհաստատեր այն, որ ուղարկման ենթակա վերոնշյալ փաստաթղթերը «Հայփոստի» աշխատակցին չհանձնելու (չփոխանցելու) մասին գրասենյակի որևէ աշխատակից տեղեկացրել էր Դատավորին կամ Դատարանի տվյալ կազմի որևէ աշխատակցի:

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ 9-րդ գլխի 1-ին կետի համաձայն՝ «Ավարտված դատական գործերով դատական ակտերն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ քաղաքացիական գործերով 8 օրվա (…) ընթացքում դատավորի օգնականի կողմից հանձնվում են գրասենյակ»:

Վերոնշյալից հետևում է, որ քաղաքացիական գործը 2022 թվականի հունվարի սկզբներին ենթակա էր հանձնման գրասենյակ: Տվյալ իրավիճակում, մասնավորապես՝ քաղ. գործը գրասենյակ հանձնված կամ հանձնման ենթակա լինելու, այլ գործերով նույն դատարանի բոլոր դատավորների, այդ թվում՝ դատավոր Ռ.Բունիաթյանի և նրա աշխատակազմի գերծանրաբեռնվածություն և այլ օբյեկտիվ պատճառներով դատավոր Ռ.Բունիաթյանն ի վիճակի չէր ստուգելու և պարզելու քննարկվող գործով վճռի օրինակները կողմերին փաստացի հասու դառած լինելու հանգամանքները, հատկապես, երբ Հայցվոր կողմը մինչև 2023 թվականը վճիռը չստանալու հետ կապված հարց դատավոր Ռ.Բունիաթյանի աշխատակազմի մոտ չի բարձրացրել:

Ավելին, վճիռը Հայցվորի կամ նրա ներկայացուցչի կողմից փաստացի ստացված լինելու հանգամանքը ստուգելու և դրանում հավաստիանալու պարտականություն դատավոր Ռ.Բունիաթյանի վրա չէր կարող դրվել ավարտված տվյալ գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց 8 -օրյա ժամկետը լրանալուց հետո՝ տվյալ գործը նույնիսկ գրասենյակ չհանձնելու կամ վերոնշյալ ժամկետի խախտմամբ հանձնելու պարագայում: Կարծում եմ, որ սույն վարույթի շրջանակներում Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հետևության հանգելիս Խորհուրդն ըստ էության անուղղակիորեն արձանագրել է, որ դատավոր Ռ.Բունիաթյանը նման պարտականություն ուներ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթ հարուցած մարմինը: Սույն դեպքում այդ մարմինը չի ապացուցել այն, որ վճռի օրինակը Հայցվորի ներկայացուցչի կողմից փաստացի չստանալու հարցում «մեղավոր» էր Դատավորը կամ նրան կցված, Դատավորի վերահսկողության ներքո (աշխատակազմում) աշխատող դատական ծառայողներից (օգնական կամ գործավար) որևէ մեկը: Թեև ստուգվել և այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավարությանը Խորհրդի կատարած հարցման արդյունքներով հերքվել է Հայցվորի ներկայացուցչին ուղարկվող վճիռը փոստին հանձնված լինելու վարկածը, սակայն չի ստուգվել և հերքվել դրան դատարանի գրասենյակի՝ համապատասխան ելքագրումն իրականացրած աշխատակցի առնչությունը (դերակատարությունը): Մասնավորապես՝ չի հերքվել Դատարան ժամանած փոստի համապատասխան աշխատակցին դատական այդ ծառայողի «մեղքով» դրանք չհանձնելու վարկածը, այն դեպքում, երբ վարույթի նյութերում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ այդ օրը գրասենյակի համապատասխան աշխատակիցը դատավոր Ռ.Բունիաթյանին կցված դատական ծառայողից (Դատավորի կազմից) ստացել է փոստով ուղարկման նպատակով նախապատրաստված փաստաթղթերը՝ վճռի համապատասխան օրինակներն ու դրանց ուղեկցական նամակները, որի պայմաններում Դատավորի կողմից սահմանված ժամկետով վճռի օրինակը Հայցվոր կողմին չուղարկելու և այդ կերպ վարքագծի կանոնի խախտում թույլ տալու վերաբերյալ չփարատված վերոնշյալ կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ Դատավորի, ինչը սույն վարույթով տեղի չի ունեցել:

 

1.5. Եզրահանգում

Այսպիսով, 20 էջերից բաղկացած, անհրաժեշտ բոլոր ռեկվիզիտները պարունակող վճռի օրինակները Դատարանը կողմերին՝ Հայցվերի ներկայացուցչին և Պատասխանողի ներկայացուցչին ուղարկելու նպատակով դատարանի գրասենյակի դատական ծառայողին է հանձնվել ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, այնպես էլ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ-ով սահմանված կարգի պահպանմամբ: Վճռի օրինակ թեև Հայցվորին չի ուղարկվել, իսկ վերջինիս ներկայացուցչին՝ փաստացի հասու չի դարձել, սակայն Հայցվորի՝ համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցչին վճռի օրինակն ուղարկելու նպատակով դատարանի գրասենյակ հանձնված լինելու փաստն հիմնավորող ապացույցի և դրա վերաբերյալ Դատավորի չհերքված բացատրության առկայության պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմի խախտում թույլ տալու վարկածը կարգապահական վարույթ հարուցած մարմինը դատաքննության ընթացքում չի հիմնավորել (ապացուցել):

 

2.1. Դատավարական նորմի (արձանագրված) խախտման նվազ կարևորության հարցի ստուգում.

Ըստ Լիազոր մարմնի ներկայացրած միջնորդության՝ դատավոր Ռ.Բունիաթյանի վերագրված կարգապահական խախտման հետևանքով դատական իշխանությունը հեղինակազրկվել է՝

 Ա. վճիռը Հայցվորին օրենքով սահմանված ժամկետում չտրամադրելու հետևանքով, որը դատաքննության արդյունքներով ստուգվեց և հերքվեց (սույն Կարծիքի 1.1-1.4 կետերում ներկայացված վերլուծություններով), ինչպես նաև

Բ. վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում չհրապարակելու հետևանքով:

Կարծում եմ, որ «բ» կետում նշված և սույն վարույթի արդյունքներով հաստատված դատավարական օրենքի նորմի խախտումը որքան էլ անթույլատրելի է, այնուամենայնիվ, վճիռը կողմերին, այդ թվում՝ Հայցվորի ներկայացուցչին ուղարկելու ուղղությամբ Դատարանի կողմից անհրաժեշտ և բավարար միջոցներ ձեռնարկելու պայմաններում դատական իշխանության պաշտոնական կայքում այն ճիշտ ժամանակին չհրապարակելը ( ըստ Միջնորդություն ներկայացրած մարմնի՝ «Քաղ. ԴՕ-ով սահմանված դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով վճռի հրապարակման ժամկետը էապես խախտելը») ինքնին չի կարող դիտարկվել որպես դատական իշխանությունը հեղինակազրկող, մասնավորապես՝ դատական իշխանությունը վարկաբեկող կամ դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ:

 

2.2 Եզրահանգում.

Այսպիսով, Դատավոր Ռ.Բունիաթյանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նորմի խախտում, այն է՝ Դատարանի` եզրափակիչ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով ժամանակին չի հրապարակել, սակայն մինչև 2023 թվականի փետրվար ամիսը վճիռը չստանալու մասին Հայցվորի կողմից չբարձրաձայնելու (Դատավորի աշխատակազմից չպահանջելու), հակառակն հաստատող փաստական տվյալների բացակայության, վճռի օրինակը կողմերին ուղարկելու նպատակով դատարանի գրասենյակ հանձնված և փոստով ուղարկված լինելու իր պարտականությունը պատշաճ կատարելու վերաբերյալ դատավոր Ռ.Բունիաթյանի կողմից գիտակցելու (առնվազն բարեխիղճ մոլորության մեջ գտնվելու) պայմաններում դատավարական վերոնշյալ նորմի խախտումը ձևականորեն է պարունակում սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի՝ վարքագծի կանոնի խախտման հատկանիշներ: Դատավարական վերոնշյալ նորմի խախտումն իր էությամբ դատական իշխանությունը չի հեղինակազրկել և ունի նվազ կարևորության, որի պայմաններում դատավոր Ռ.Բունիաթյանը կարգապահական պատասխանատվության չպետք է ենթարկվեր:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը»:

Օրենքի 156-րդ հոդվածի համաձայն՝

«1. Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝

1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք.

(…)»:

Օրենքի 146-րդ հոդվածի համաձայն՝

«(…):

 6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝

(…).

4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են:

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում ներկայացված վերլուծությունները և եզրահանգումները, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, 156-րդ հոդվածի 1-ին մասով և 146-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով, 142-րդ հոդվածի 2-րդ մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (Աշխատակարգի) 96-րդ մասով՝

 

Կ Ա Ր Ծ ՈՒ Մ Ե Մ ՝

 

Լիազոր մարմնի ներկայացրած միջնորդությունը՝ Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ենթակա է մերժման։

 

________________________

1 Նշման փաստի մասին տվյալ է հայտնել դատավոր Ռ.Բունիաթյանը (տե´ս Լիազոր մարմնին ուղղված նրա բացատրությունը), որը Լիազոր մարմինը, այդ թվում դատաքննության ընթացքում, չի հերքել:

2 Տվյալ հանգամանքը հիմնավորվել է դատավոր Ռ.Բունիաթյանի և վերջինիս աշխատակազմի աշխատակիցների բացատրություններով, որը վիճարկող փաստական տվյալներ կարգապահական վարույթի ընթացքում ձեռք չեն բերվել:

3 Վերոնշյալը հաստատվել է Դատավորի բացատրությամբ և դրան կից Լիազոր մարմնին ներկայացված ապացույցով, որը կարող էր գեներացվել միայն ծրագրային եղանակով (չէր կարող կազմվել «ետին ամսաթվով») և ունի արժանահավատության հարաբերականորեն բարձր աստիճան:

4 Այդ փաստով պայմանավորված՝ կարելի է արձանագրել, որ 20 էջերից բաղկացած վճռի կազմված լինելը և դրա թղթային տարբերակի առակայությունն առնվազն 2021թ. դեկտեմբերի 22-ին հաստատված հանգամանք է:

5 Վարույթի նյութերում առկա փաստաթղթի՝ վճռի վրա կատարված գրառման համաձայն՝ Պատասխանողի ներկայացուցիչը վճռի իրենց օրինակն ստացել է առձեռն:

6 Տվյալ պահին վճռի կազմված և պատրաստ լինելու հանգամանքը կասկածի տակ դնելիս՝ անհրաժեշտ էր հաշվի առնել հակառակը հիմնավորող այն հանգամանքը, որ ուղեկցած փաստաթղթերում, հատկապես դատարանի գրասենյակի աշխատակցի կողմից համակարգչային ծրագրով գեներեցված փաստաթղթի վրա առկա՝ վճռի էջերի քանակի նշումը համընկնում է գործի նյութերին թելակարված վճռի էջերի քանակի հետ:

 

 ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2023 թվական: