Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-286-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2008-11.06.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66(590) Հոդ.1339
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

 

Գ Լ ՈՒ Խ 1  

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մարմնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմնին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով: 

 

Հոդված 2. Սույն օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով սահմանվում են քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները, և կարգավորվում են քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգման և քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակման, սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մարմնի քաղաքացիական ծառայողների (այսուհետ՝ քաղաքացիական ծառայողներ) ատեստավորման և վերապատրաստման, քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվի, քաղաքացիական ծառայողների իրավական վիճակի, քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման և ղեկավարման, ինչպես նաև դրանց հետ կապված այլ հարաբերություններ: 

 

Հոդված 3. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն.

2) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված քաղաքացիական հատուկ ծառայության բոլոր պաշտոնների ցանկ.

3) քաղաքացիական ծառայող՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիր՝ տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները նկարագրող և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության դասային համապատասխան աստիճան ունենալու պահանջները սահմանող, սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ.

5) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան՝ քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշ.

6) համապատասխան մարմին՝ սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված հանրապետական գործադիր մարմին.

7) աշխատակազմի ղեկավար՝ համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար.

8) քաղաքացիական ծառայողների ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշում.

9) քաղաքացիական ծառայողների վերապատրաստում՝ քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործում.

10) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվ՝ սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների հանրույթ.

11) ծառայողական քննություն՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով քաղաքացիական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն.

12) մասնագիտական աշխատանքային ստաժ՝ ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժ, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը.

13) Քաղաքացիական ծառայության խորհուրդ` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված մարմին.

14) քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոններ: 

 

Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: 

 

Հոդված 5. Քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքները

 

Քաղաքացիական հատուկ ծառայության հիմնական սկզբունքներն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առաջնահերթությունը.

2) քաղաքացիական հատուկ ծառայության կայունությունը.

3) քաղաքացիական ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների միասնականությունը և օրենքի առջև քաղաքացիական ծառայողների իրավահավասարությունը.

4) քաղաքացիական հատուկ ծառայության հրապարակայնությունը.

5) քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածությունը.

6) քաղաքացիների համար քաղաքացիական հատուկ ծառայության հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան.

7) քաղաքացիական ծառայողների պրոֆեսիոնալիզմը.

8) քաղաքացիական ծառայողների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը.

9) քաղաքացիական ծառայողների պատասխանատվությունն իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

10) քաղաքացիական ծառայողների գործունեության վերահսկելիությունը և հաշվետու լինելը: 

 

Հոդված 6. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Քաղաքացիական ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, եթե քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ այդ հարաբերությունները կարգավորող առանձնահատկություններ սահմանված չեն:

3. Քաղաքացիական ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորվում են համապատասխան մարմնի ղեկավարի հաստատած աշխատանքային կարգապահական ներքին կանոններով (այսուհետ՝ կարգապահական ներքին կանոններ): 

 

Գ Լ ՈՒ Խ 2 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ 

 

Հոդված 7. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնների խումբը դասակարգվում է 1-ին և 2-րդ ենթախմբերի, իսկ քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ: 

 

Հոդված 8. Քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանները

 

1. Քաղաքացիական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոնների՝

ա. 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,

բ. 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,

գ. 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

2. Բարձրագույն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին և 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում է համապատասխան մարմնի ղեկավարը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները շնորհում է աշխատակազմի ղեկավարը:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, նշանակման հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողին շնորհվում է քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան, եթե նա չունի քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան կամ ավելի բարձր դասային աստիճան:

Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո:

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոնի, առաջին անգամ զբաղեցնող անձին քաղաքացիական հատուկ ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

6. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվելու հետ միաժամանակ քաղաքացիական ծառայողը զրկվում է քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանից՝ տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ: 

 

Հոդված 9. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակը համապատասխան մարմնի ղեկավարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:

3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը:

 

Հոդված 10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն վեց տարվա աշխատանքային ստաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխատանքային ստաժի:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն հինգ տարվա զինվորական ծառայության ստաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաև այլ չափանիշներ:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքով: 

 

Գ Լ ՈՒ Խ 3 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ 

 

Հոդված 11. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեցող անձինք

 

Սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: 

 

Հոդված 12. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքով սահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

6) օրենքով սահմանված կարգով անցել է այլընտրանքային ծառայություն.

7) զինվորական ծառայությունից արձակվել է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-7-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով: 

 

Հոդված 13. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն զբաղեցվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով: 

 

Հոդված 14. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամսյա ժամկետում մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել`

1) այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.

բ. համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն,

գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.

2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝

ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,

բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն: 

 

Հոդված 15. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Համապատասխան մարմնի նոր ստեղծված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները (բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված դեպքերի), ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններում սույն օրենքի 14-րդ հոդվածով և 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում նշանակումներ չկատարվելու դեպքերում այդ պաշտոնները զբաղեցվում են մրցույթով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի աշխատակազմը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմվում են համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած կարգով՝ համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.

2) քաղաքացիական հատուկ ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.

3) պաշտպանության բնագավառի, այդ թվում՝ համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության (մասնագիտական հարցեր):

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի:

Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

Թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

8. Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:

Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքով յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքով հավաքել են մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը:

10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում համապատասխան մարմնի ղեկավարը՝ ուսումնասիրելով մասնակցի պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը)` դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի՝ մրցույթում հաղթող ճանաչվելու հարցը:

Համապատասխան մարմնի ղեկավարը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո՝ նույն օրը:

Սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը:

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի: Եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխան մարմնի ղեկավարին: Համապատասխան մարմնի ղեկավարը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում հիմնավորված առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:

12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև համապատասխան մարմնի ղեկավարի՝ սույն հոդվածի 10-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը՝ դա ստանալուց անմիջապես հետո:

13. Եթե մրցույթի արդյունքով մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ համապատասխան մարմնի ղեկավարը սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքով հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

14. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը: 

 

Հոդված 16. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակվող անձն անփոփոխելի է, բացառությամբ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Համապատասխան մարմնի քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն, բացառությամբ աշխատակազմի ղեկավարի պաշտոնի, գլխավոր և առաջատար պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Աշխատակազմի ղեկավարին սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Համապատասխան մարմնի քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է աշխատակազմի ղեկավարը:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով: 

 

Հոդված 17. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելիս քաղաքացիական ծառայողի երդումը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձն իր պաշտոնն ստանձնում է հանդիսավոր պայմաններում իրեն պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) կամ նրա ներկայացուցիչների ներկայությամբ տրված հետևյալ երդմամբ.

«Ես` (անուն, ազգանուն, հայրանուն), ստանձնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը, երդվում եմ.

անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, արժանապատվորեն կրել քաղաքացիական ծառայողի բարձր կոչումը, անվերապահորեն կատարել ծառայողական պարտականություններս և պահպանել պետական ու ռազմական գաղտնիքը:»:

2. Երդումը տրվում է անհատական կարգով՝ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի կողմից երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քաղաքացիական ծառայողն ստորագրում է երդման` իր ընթերցած տեքստը, որը կցվում է նրա անձնական գործին: 

 

Հոդված 18. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը ներառում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը զինվորական ծառայության և պետական կառավարման ոլորտի համապատասխան այլ մարմիններում աշխատած, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու և քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ողջ ժամանակահատվածը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը չի ներառում սույն հոդվածի առաջին մասում նշված` օրենքով սահմանված կարգի խախտմամբ աշխատած ժամանակաշրջանի ստաժը:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության ստաժը հաշվարկվում է քաղաքացիական ծառայողի ընդհանուր և մասնագիտական աշխատանքային ստաժում:

4. Սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքով՝ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձի քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնելու ժամանակաշրջանի աշխատանքային ստաժը հավասարեցվում է քաղաքացիական հատուկ ծառայության ստաժին: 

 

Հոդված 19. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, հղիության և ծննդաբերության արձակուրդի, մինչև քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնն զբաղեցվում է՝

1) պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, իսկ աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից մինչև վեց ամիս ժամկետով կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձի կողմից, բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, հղիության, ծննդաբերության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդի, ինչպես նաև վեց ամիսը գերազանցող ժամկետով սույն օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործուղման դեպքերի: Այդ ժամկետի ավարտից հետո կամ փոխարինողի բացակայության, կամ սույն կետով նախատեսված մյուս դեպքերում մեկշաբաթյա ժամկետում՝

2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիական ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 25-րդ հոդվածի 3-րդ մասի և 35-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

Չի թույլատրվում սույն մասի 2-րդ կետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 19-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը: 

 

Գ Լ ՈՒ Խ 4 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ 

 

Հոդված 20. Քաղաքացիական ծառայողի ատեստավորումը

 

1. Յուրաքանչյուր տարի համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Քաղաքացիական ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:

3. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Քաղաքացիական ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի:

Աշխատակազմի ղեկավարի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քաղաքացիական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը երեք տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած քաղաքացիական ծառայողները՝ վերադառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ քաղաքացիական ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Սույն մասի 1-ին կետը չի տարածվում սույն օրենքի 14-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերի վրա:

7. Ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քաղաքացիական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քաղաքացիական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների հիման վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում քաղաքացիական ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից՝ ատեստավորման արդյունքով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական, հայեցողական և քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա քաղաքացիական ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:

Քաղաքացիական ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քաղաքացիական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.

1) փաստաթղթային.

2) թեստավորման և հարցազրույցի:

10. Այն քաղաքացիական ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետի որոշումը, որը հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:

Փաստաթղթային ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:

11. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն քաղաքացիական ծառայողները՝

1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետում նշված որոշումը:

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:

Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի առաջին պարբերության 1-ին կետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի առաջին պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումը, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում համապատասխան մարմնի ղեկավարի որոշումը պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:

13. Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք՝ սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով:

14. Ատեստավորման արդյունքները, սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում ներկայացվում են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին), որը քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում ընդունում է նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում:

15. Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ժամանակ սույն հոդվածի 14-րդ մասով նախատեսված որոշումն ընդունում է նրա` աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը: 

 

Հոդված 21. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղումը

 

1. Յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Վերապատրաստումն անցկացվում է նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ աշխատակազմի ղեկավարի նախաձեռնությամբ:

3. Քաղաքացիական ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի ղեկավարի հայտի հիման վրա:

4. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստողների թեկնածությունը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը:

5. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի հաստատած ծրագրերով:

6. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

7. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայողի գործուղումն իրականացնում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):

8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերում պահպանվում են քաղաքացիական ծառայողի պաշտոնը և ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ:

9. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով գործուղելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը: 

 

Հոդված 22. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է համապատասխան մարմինը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 7-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 14-րդ կետում նշված հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկավարը.

3) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը: 

 

Գ Լ ՈՒ Խ 5 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 

 

Հոդված 23. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքները

 

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) սահմանված կարգով որոշումներ ընդունելը.

5) սահմանված կարգով և դեպքերում ծառայողական քննություն անցկացնել պահանջելը.

6) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանությունը, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածությունը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից.

9) քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճանի՝ սահմանված կարգով բարձրացումը.

10) պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) մրցույթի և ատեստավորման արդյունքները բողոքարկելը, այդ թվում՝ դատական կարգով.

12) քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի քննությանը մասնակցելը և առաջարկություններ ներկայացնելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ: 

 

Հոդված 24. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականությունները

 

1. Քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար այլ անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը և հաշվետվություններ ներկայացնելը.

4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները և ընդունած որոշումները կատարելը.

5) կարգապահական ներքին կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը.

9) սահմանված կարգով և ժամկետներում ատեստավորմանը և վերապատրաստմանը մասնակցելը.

10) համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած` քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները պահպանելը:

2. Քաղաքացիական ծառայողն ունի նաև սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ: 

 

Հոդված 25. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) իրականացնելու քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) որպես պետության ներկայացուցիչ՝ գույքային գործարքներ կնքելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քաղաքացիական ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Քաղաքացիական ծառայողին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:

4. Քաղաքացիական ծառայողն իրավունք չունի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունվելու աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին մեկ տարվա ընթացքում: 

 

Հոդված 26. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

 

1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց։ Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել համապատասխան մարմնի ղեկավարին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: 

 

Հոդված 27. Քաղաքացիական ծառայողի սոցիալական երաշխիքները

 

1. Պետությունը քաղաքացիական ծառայողի համար երաշխավորում է`

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) վարձատրություն, իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.

3) ամենամյա վճարովի արձակուրդ.

4) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.

8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում:

2. Քաղաքացիական ծառայողին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, հատկացվում է տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում: 

 

Հոդված 28. Քաղաքացիական ծառայողի վարձատրությունը

 

Քաղաքացիական ծառայողի աշխատանքի վարձատրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: 

 

Հոդված 29. Քաղաքացիական ծառայողի սոցիալական ապահովությունը

 

Քաղաքացիական ծառայողի սոցիալական, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 30. Քաղաքացիական ծառայողի իրավական վիճակը համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) ժամանակ

 

1. Համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Հաստիքների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճան ունեցող քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում` քաղաքացիական հատուկ ծառայության առավել երկար ստաժ ունեցող քաղաքացիական ծառայողին:

2. Համապատասխան մարմնի կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները զբաղեցվում են անվանացանկում փոփոխություններ կատարելուց հետո` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով և ժամկետում նշանակումներ չկատարելու դեպքում այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքով նախատեսված մրցույթով: 

 

Հոդված 31. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը

 

1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան մարմինը:

2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը: 

 

Գ Լ ՈՒ Խ 6 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ 

 

Հոդված 32. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.

5) կարգապահական տույժի հանում.

6) համապատասխան մարմնի հիմնած մեդալով պարգևատրում:

Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:

2. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, իսկ աշխատակազմի ղեկավարի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ: 

 

Հոդված 33. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու, կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) զբաղեցրած պաշտոնից ազատում.

5) քաղաքացիական հատուկ ծառայության ավելի բարձր դասային աստիճանի, բացառությամբ քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն դասային աստիճանի, իջեցում՝ մեկ աստիճանով:

2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից: Բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն: Բացատրություն տալուց հրաժարվելը հիմք չէ կարգապահական տույժ չկիրառելու համար:

Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելը:

Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե վեց ամսից ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:

Կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:

Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Եթե քաղաքացիական ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և դրսևորել է իրեն որպես բարեխիղճ ծառայող:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառում է քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:

5. Համապատասխան մարմնի ղեկավարի սահմանած կարգով ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել՝ քաղաքացիական ծառայողի վարձատրության պահպանմամբ:

6. Ծառայողական քննության արդյունքով համապատասխան մարմնի ղեկավարի ընդունած որոշումներն ունեն պարտադիր բնույթ: 

 

Հոդված 34. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

 

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

4) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

7) հաստիքների կրճատումը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.

11) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

17) դատական կարգով պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

18) սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

19) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

20) սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

21) սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան դեպքում:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-21-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ: 

 

Հոդված 35. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ քաղաքացիական ծառայողը կարող է մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը:

3. Աշխատակազմի ղեկավարը նշանակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է երկարաձգել մեկ անգամ՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը: 

 

Հոդված 36. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու որոշումը դատական կարգով բողոքարկելը

 

1. Քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, այդ թվում` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում քաղաքացիական ծառայողը վերականգնվում է իր պաշտոնում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում և հարկադիր պարապուրդի դիմաց ստանում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով: 

 

Գ Լ ՈՒ Խ 7 

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 

 

Հոդված 37. Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինները

 

Քաղաքացիական հատուկ ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմիններն են՝

1) համապատասխան մարմնի ղեկավարը.

2) աշխատակազմի ղեկավարը: 

 

Հոդված 38. Համապատասխան մարմնի ղեկավարը

 

Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության միասնական պետական քաղաքականությունն իրականացնում է համապատասխան մարմնի ղեկավարը: Համապատասխան մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և համապատասխան մարմնի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 

 

Հոդված 39. Աշխատակազմի ղեկավարը

 

1. Աշխատակազմի ղեկավարը քաղաքացիական ծառայող է:

2. Աշխատակազմի ղեկավարը, քաղաքացիական հատուկ ծառայության կազմակերպման մասով, ղեկավարվում է քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ:

3. Աշխատակազմի ղեկավարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, համապատասխան մարմնի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: 

 

Հոդված 40. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները։

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմերը և աշխատակարգերը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը: 

 

Գ Լ ՈՒ Խ 8 

 

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ 

 

Հոդված 41. Վեճերի լուծումը և պատասխանատվությունը քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտելու համար

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: 

 

Գ Լ ՈՒ Խ 9 

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

 

Հոդված 42. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի մեկից: 

 

Հոդված 43. Սույն օրենքին այլ իրավական ակտերը համապատասխանեցնելը

 

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, սույն օրենքին համապատասխանեցնել քաղաքացիական հատուկ ծառայության և դրա հետ կապված հարաբերություններ կարգավորող նորմեր պարունակող իրավական ակտերը: 

 

Հոդված 44. Աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր սահմանելը

 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան մարմնում աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր սահմանվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համար սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է մրցույթ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: 

 

Հոդված 45. Սույն օրենքից բխող իրավական ակտեր ընդունելը

 

Համապատասխան մարմնի ղեկավարը սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: 

 

Հոդված 46. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելը

 

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը սահմանված կարգով ենթակա է հաստատման սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ ութերորդ ամսվա 1-ից: 

 

Հոդված 47. Համապատասխան մարմնի հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելը

 

1. Համապատասխան մարմնի հաստիքացուցակը, աշխատողների առավելագույն թիվը և քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով ենթակա են հաստատման (փոփոխման):

2. Համապատասխան մարմնում հաստիքների կրճատման դեպքում աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 

 

Հոդված 48. Համապատասխան մարմնի հաստիքացուցակի հաստատումից հետո քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակումներ կատարելու սահմանափակումները

 

Համապատասխան մարմնում սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված հաստիքացուցակի հաստատումից (փոփոխումից) հետո՝ երկամսյա ժամկետում, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններում կարող են նշանակվել համապատասխան մարմնում ծառայություն անցնող այն անձինք, ովքեր դիմում են ներկայացրել քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու համաձայնության վերաբերյալ:

 

Հոդված 49. Համապատասխան մարմնի աշխատողներին քաղաքացիական ծառայողներ համարելը

 

1. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող աշխատողները համարվում են քաղաքացիական ծառայողներ՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից:

2. Համապատասխան մարմնի աշխատողները, սույն հոդվածով սահմանված կարգով, քաղաքացիական ծառայողներ են համարվում՝ հաշվի առնելով սույն օրենքի 10-12-րդ հոդվածների, 25-րդ հոդվածի 3-րդ մասի և 35-րդ հոդվածի պահանջները:

3. Սույն հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայող համարված աշխատողներին քաղաքացիական հատուկ ծառայության առաջին համապատասխան դասային աստիճանը շնորհվում է սույն օրենքով նախատեսված առաջին ատեստավորման արդյունքով:

4. Համապատասխան մարմնում, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից հետո, քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է սույն օրենքով սահմանված կարգով: 

 

Հոդված 50. Համապատասխան մարմնում ժամկետային զինվորական ծառայության պայմանագրերի լուծումը

 

Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կնքված ժամկետային զինվորական ծառայության պայմանագրերը համարվում են լուծված սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ իններորդ ամսվա 1-ից, եթե այդ պայմանագրերով դրանց լուծման ավելի վաղ ժամկետներ նախատեսված չեն:

 

Հոդված 51. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումը

 

Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացվում է համապատասխան մարմնի ղեկավարի հաստատած ծրագրերին համապատասխան՝ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնմեկերորդ ամսվա 1-ից: 

 

Հոդված 52. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումը

 

Համապատասխան մարմնում վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներեքերորդ ամսվա 1-ից:

Սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չի տարածվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի պահանջը: 

 

Հոդված 53. Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները պահպանելը

 

Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայող համարված անձանց նախկինում շնորհված դասային և հատուկ կոչումները (որակավորման դասերը) պահպանվում են դրանք շնորհելու համար հիմք համարվող իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում: 

 

Հոդված 54. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմնում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետից հետո քաղաքացիական հատուկ ծառայությունը շարունակող անձինք երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում 65 տարին լրանալու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձը հետագայում կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների այն խմբի պաշտոնը, որը հավասարազոր կամ բարձր է նախկինում իր զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոնից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության և զինվորական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2007 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-286-Ն