Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-40-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2008-08.06.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.07/20(475) Հոդ.402
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի փետրվարի 27-ին

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան և նպատակները

 

Սույն օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները:

 

 
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

հուղարկավորություն` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) հողին հանձնելու կամ դիակիզելու արարողություն.

գերեզմանատուն` քաղաքաշինական և բնապահպանական նորմերին համապատասխան տրամադրված, հատուկ նշաններով առանձնացված հողատարածք գերեզմանատեղեր տրամադրելու և գերեզմանները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պահպանելու համար.

մասնակի փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ սպառված են նոր գերեզմանատեղերի համար տրամադրվող հողատարածքները և որտեղ կարող է հուղարկավորություն կատարվել միայն նախկինում հատկացված գերեզմանատեղում գերեզմանի համար ազատ տարածքի առկայության դեպքում.

փակ գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ հուղարկավորություններն ընդհանրապես արգելված են.

պանթեոն` գործող գերեզմանատների սահմաններից դուրս առանձնացված տարածք` հասարակության և պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած անձանց հուղարկավորելու համար.

բաց գերեզմանատուն` գերեզմանատուն, որտեղ կան ազատ տարածքներ հուղարկավորություններ կազմակերպելու համար.

գերեզման` գերեզմանատեղ, որտեղ իրականացվել է հուղարկավորություն.

հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ` մահացածի կամքով նշված կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության արարողության կազմակերպումը կամովին ստանձնած անձինք (ամուսին, հարազատներ, ազգականներ և այլն).

վրահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ իր անունով հաշվառված գերեզմանատեղում նախկինում մահացածի գերեզմանի վրա նոր հուղարկավորություն կազմակերպելը.

վերահուղարկավորում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը.

դիակիզում` մահացածի մարմնի կիզումը դրա համար նախատեսված հատուկ տեղում (դիակիզարանում).

մահացածի հարազատներ` պապը, տատը, ծնողները, զավակները, ամուսինը, քույրը, եղբայրը և թոռները:

 

Հոդված 3. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով վերապահված լիազորություններ:

 

Հոդված 4. Պետական լիազոր մարմինը

 

Պետական լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում իրականացնում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորություններ:

 

Հոդված 5. Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը

 

Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը ներառում է սույն օրենքը և այլ իրավական ակտեր:

 

Հոդված 6. Հուղարկավորությունների կազմակերպման սկզբունքները

 

Անձի կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությունը հաշվի է առնվում` կապված հուղարկավորման տեղի և ձևի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման, գերեզմանի հետագա պահպանման հետ:

 

Հոդված 7. Հուղարկավորությունների կազմակերպման հետ կապված հարցերի պետական կարգավորումը

 

Հուղարկավորությունների հետ կապված հարցերի պետական կարգավորումը ներառում է`

ա) գերեզմանատների տարածքների քաղաքաշինական և բնապահպանական մոնիթորինգի անցկացումը.

բ) գերեզմանատների զբաղեցրած հողերի իրավական հատուկ ռեժիմի և օգտագործման նկատմամբ սահմանափակումների սահմանումը.

գ) գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողերի օգտագործման սխեմաների հաստատումը.

դ) հուղարկավորությունները, վրահուղարկավորությունները, վերահուղարկավորությունները կազմակերպելու և գերեզմանների ու դիակիզարանների շահագործման գործընթացները սանիտարական օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելը:

 

Հոդված 8. Հուղարկավորությունների իրականացումը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի մարմինը (աճյունը) գերեզմանատների սահմաններում տրամադրված գերեզմանատեղերում հողին հանձնելու կամ դիակիզման միջոցով:

Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինները 2 օրվա ընթացքում ենթակա են դիակիզման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Դիակիզումը կարող է իրականացվել նաև մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի գրավոր արտահայտությամբ:

2. Հաշվի առնելով հասարակության և պետության հանդեպ մահացածի ունեցած ծառայությունները` գործող գերեզմանատների սահմաններից դուրս` առանձնացված տեղերում, հուղարկավորությունը կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

3. Մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:

Վրահուղարկավորումը կարող է իրականացվել գոյություն ունեցող գերեզմանում` հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համաձայնությամբ, այդ տեղում վերջին հուղարկավորումից 15 տարի անց` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Մահացածի կամ նրա հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի` հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կամքի արտահայտության իրականացման անհնարինության կամ նման կարգի բացակայության դեպքում հուղարկավորությունը իրականացվում է մահացածի կենդանության օրոք նրա հաշվառման բնակավայրի համար նախատեսված գերեզմանատանը:

Այդ բնակավայրում գերեզմանատուն չլինելու դեպքում հուղարկավորությունը իրականացվում է բնակավայրին առավել մոտ գտնվող գերեզմանատանը:

 

Հոդված 9. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը

 

Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Հուղարկավորումը և վերահուղարկավորումը

 

1. Քաղաքներում հուղարկավորումն իրականացվում է մահվան վայրի պաթոլոգիաանատոմիական կենտրոնի տված մահվան պատճառի եզրակացության հիման վրա` մահվան մասին քաղաքացիական կացության գրանցման ակտերի գրասենյակի տված, իսկ գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի տված մահվան վկայականի հիման վրա:

2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:

Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:

Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) հիման վրա:

Գերեզմանի վկայականի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով (2.5x1.0 մմ):

4. Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

5. Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, և գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:

6. Մահացածի հարազատների ցանկությամբ մահացածի մարմինը (աճյունը) կարող է վերահուղարկավորվել` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

7. Ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետևանքով տեղի ունեցած մահվան և մահը հանցագործության հետևանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:

8. Հուղարկավորումը, առանց մահացածի մարմնի հերձման, կարող է իրականացվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա:

9. Կայանալիք հուղարկավորության մասին գերեզմանատան վարչակազմին պետք է ծանուցել մեկ օր առաջ:

10. Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:

11. Նոր գերեզմանատեղի հատկացում կատարվում է միայն բաց գերեզմանատներում:

 

Հոդված 11. Հուղարկավորությունների հետ կապված ծառայությունների մատուցման և սգո պարագաների վաճառքի կարգը

 

1. Հանգուցյալի դիակը գերեզմանատուն կարող է տեղափոխվել միայն դագաղով:

2. Ավտոդիատարների կայանումը թույլատրվում է միայն փակ կամ պարսպապատ կայանատեղերում կամ այդ նպատակի համար տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) որոշմամբ առանձնացված հատուկ կայանատեղերում կամ ծառայություններին պատկանող համապատասխան տարածքներում:

Այլ վայրերում ավտոդիատարների կայանումը խստիվ արգելվում է:

3. Դագաղների, սգո ծաղկեպսակների և սգո այլ պարագաների վաճառքը կարող է իրականացվել միայն վարագուրապատված կամ մգացված ապակիներով առևտրական նշանակության շինությունում` բացառելով դրանց արտաքին ցուցադրումը:

 

Հոդված 12. Թաղման և դիակիզման կարգերը

 

Թաղման և դիակիզման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 13. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողները

 

1. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ են համարվում այն անձինք, ովքեր կազմակերպում են հուղարկավորությունը` կամավորության սկզբունքով:

2. Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ դրանց բացակայության դեպքում այն ստանձնում է քաղաքացու մահվան վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

Ընդ որում, հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չունեցող մահացած քաղաքացիների հուղարկավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը պարզելուց և նրա մահվան հանգամանքները արձանագրելուց հետո` եռօրյա ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը չպարզելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է նշված մարմինների համաձայնությամբ այդ դեպքերի համար քաղաքացիական գերեզմանատներում նախատեսված տեղերում:

4. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների կողմից սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված մատուցվող պարտադիր ծառայությունները:

5. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման ստանձնման կապակցությամբ մատուցված պարտադիր ծառայությունները համարվում են պատվիրակված լիազորություններ, և դրանց հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

6. Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի կողմից մատուցված պարտադիր ծառայությունների հետ կապված ծախսերը կարող են փոխհատուցվել նաև այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին` համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե:

Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է նրա ժառանգներին, իսկ հուղարկավորությունն իրականացվել է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, ապա վերջինս օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ժառանգական զանգվածն ընդունած ժառանգներից պահանջելու իր կատարած ծախսերի փոխհատուցումը:

 

Հոդված 14. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորությունը

 

1. Ծառայողական գործունեության կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կարող է սահմանվել հուղարկավորության այլ արարողակարգ:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց հուղարկավորությունը կազմակերպվում է զինվորական կամ քաղաքացիական գերեզմանատներում այդ նպատակով հատուկ առանձնացված տարածքում` մահացածի հարազատների համաձայնությամբ:

 

Հոդված 15. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը

 

1. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունը կազմակերպում են հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձինք` սույն օրենքով սահմանված կարգով:

2. Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում այն կազմակերպվում է տվյալ համայնքի ղեկավարի կողմից` սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 16. Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համապատասխան մարմինների մատուցած պարտադիր ծառայությունների ապահովումը

 

Համայնքի ղեկավարի կողմից հուղարկավորության կազմակերպման դեպքում համայնքի ղեկավարը ապահովում է համապատասխան մարմինների մատուցած հետևյալ ծառայությունները.

ա) անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում.

բ) դիահերձում.

գ) դագաղի հատկացում.

դ) մահացածի մարմնի (աճյունի) տեղափոխում գերեզմանատուն.

ե) հուղարկավորում.

զ) մետաղե ցուցատախտակի տեղադրում:

 

Հոդված 17. Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցումը

(վերնագիրը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)

 

Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքի անդամի հուղարկավորության կազմակերպման ծախսերի մասնակի փոխհատուցման համար տրամադրվում է դրամական օգնություն` օրենքով սահմանված կարգով:

(17-րդ հոդվածը խմբ. 24.10.07 ՀՕ-235-Ն)

 

Հոդված 18. Հուղարկավորության կազմակերպումն իրականացնող մարմինները

 

1. Հուղարկավորության կազմակերպումը` գերեզմանատեղերի տրամադրումը, նրանց հաշվառումը, գերեզմանատների պահպանումն ու շահագործումը, իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Երևանում հուղարկավորության կազմակերպումն իրականացվում է Երևանի քաղաքապետի կողմից` իր իրավասության սահմաններում:

2. Համայնքներում ավագանու որոշմամբ հուղարկավորության կազմակերպումը կարող է իրականացվել համայնքի ղեկավարի կողմից:

 

Հոդված 19. Գերեզմանատների կազմավորումը և դրանց հողերի դասակարգումն ու պատկանելությունը

 

1. Գերեզմանատները կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետի) որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրերի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա:

2. Գերեզմանատները, ըստ պատկանելության, կարող են լինել պետական և համայնքային, ըստ ավանդույթների` քաղաքացիական և զինվորական:

3. Գերեզմանատների զբաղեցրած հողերը դասվում են պատմական և մշակութային նշանակություն ունեցող հողերի շարքին:

4. Գերեզմանատների սահմանագծերը որոշվում են ըստ գլխավոր հատակագծի և հողերի գոտիավորման ու օգտագործման սխեմաների:

5. Նոր կազմակերպվող գերեզմանատների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, բարեկարգման, շահագործման և այլ աշխատանքներ կատարվում են Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) բյուջեների հաշվին:

 

Հոդված 20. Գերեզմանատների կազմակերպման համար հողատարածքների տրամադրումը

 

1. Նոր գերեզմանատների կազմակերպման, գործողների ընդլայնման համար հողատարածքների տրամադրումը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում` Երևանի քաղաքապետարանի) կողմից հաստատված նախագծային փաստաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Գերեզմանատների կազմակերպում չի թույլատրվում հետևյալ տարածքներում.

ա) ջրամատակարարման աղբյուրների և հանքային ջրերի սանիտարական պահպանման առաջին և երկրորդ գոտիներում, առողջարանների սանիտարական պահպանման առաջին գոտում.

բ) լճերի, գետերի և մյուս բաց ջրամբարների ափերին.

գ) ջրածածկվող, սողանքների և փլուզումների ենթակա և ճահճային գոտիներում.

դ) այն վայրերում, որտեղ ստորերկրյա ջրերի խորությունը առավելագույն հոսքի ժամանակ հողի մակերեսից չորս մետրից պակաս է.

ե) անտառային ֆոնդի հողերում, հատուկ պահպանվող տարածքներում, բնակավայրերում` ընդհանուր օգտագործման ենթակա զբոսայգիներում, պուրակներում, այգիներում և այլ կանաչ տարածքներում:

3. Մահացած անձանց հուղարկավորումը իրականացնելու նպատակով գերեզմանատներում հուղարկավորության կազմակերպման ստանձնողի անունով հաշվառվում է գերեզմանատեղ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Համապատասխան գերեզմանատեղում հուղարկավորության կազմակերպման համար իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

5. Գերեզմանատեղերը տրամադրվում են սահմանված կարգով հաստատված գերեզմանատան հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ և սույն օրենքով սահմանված չափերով` անվճար:

 

Հոդված 21. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների իրավական ռեժիմը

 

1. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքները համարվում են անբաժանելի և չեն կարող բաժանվել ինքնուրույն հողամասերի:

2. Գերեզմանատների զբաղեցրած հողատարածքների սահմանները ամրագրվում են կադաստրային քարտեզներում և ամրացվում են տեղանքում:

 

Հոդված 22. Գերեզմանատների կազմակերպման համար տրամադրված հողատարածքների օգտագործման նկատմամբ սահմանափակումները

 

1. Գերեզմանատների կազմակերպման նպատակով տրամադրված հողատարածքներում արգելվում է նրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն:

2. Գերեզմանատների տեղափոխման դեպքում դրանց զբաղեցրած հողատարածքները չի թույլատրվում օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:

3. Պետական կարիքների համար գերեզմանատների զբաղեցրած հողատարածքները կարող են վերցվել գերեզմանատները սահմանված կարգով փակվելուց և վերահուղարկավորում կատարելուց հետո:

 

Հոդված 23. Գերեզմանատների փակումը, տեղափոխումն ու վնասազերծումը

 

1. Հուղարկավորությունների համար սանիտարահամաճարակային անվտանգության պայմանների խախտման դեպքերում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և փակման:

Փակված գերեզմանատներում վրահուղարկավորումներ կատարելն արգելվում է:

2. Սանիտարահամաճարակային իրավիճակ առաջանալու վտանգի դեպքում գերեզմանատները ենթակա են վնասազերծման և տեղափոխման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Գերեզմանատան փակումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

4. Նոր գերեզմանների կազմակերպման համար ազատ հողատարածքների բացակայության դեպքում գերեզմանատները ենթակա են մասնակի փակման:

Մասնակի փակված գերեզմանատներում թույլատրվում է կատարել հուղարկավորություն միայն այն գերեզմաններում, որտեղ գերեզմանի համար կան ազատ տարածքներ, կամ վերջին հուղարկավորությունը կատարվել է 15 տարի առաջ:

Գերեզմանատների մասնակի փակման մասին որոշումները ընդունում են համապատասխան համայնքի ղեկավարները (Երևանում` Երևանի քաղաքապետը):

 

Հոդված 24. Գերեզմանատների պահպանումը և շահագործումը

 

1. Գերեզմանատների գործունեության և պահպանման աշխատանքները կազմակերպում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը), իսկ շահագործման ընդհանուր կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատների (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) և դիակիզարանների պահպանումը կատարվում է բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

2. Գերեզմանատների զբաղեցրած տարածքների շրջակա բնական միջավայրի վատթարացումը կանխարգելելու նպատակով ստեղծվում է սանիտարական և բնապահպանական մոնիթորինգի համակարգ:

3. Գերեզմանների ոչնչացման, դրանցում ամրակայված կառույցներին վնասի պատճառման և պղծման դեպքում մեղավորները օրենքով սահմանված կարգով ենթակա են պատասխանատվության:

 

Հոդված 25. Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները

 

Գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հոդված 27. Անցումային դրույթ

 

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված գերեզմանի վկայականը հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների համար համարվում է սույն օրենքով սահմանված գերեզմանի հողատարածքի նկատմամբ նրանց հաշվառման իրավունքները հաստատող փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մարտի  29
Երևան
ՀՕ-40-Ն