Գլխավոր տեղեկություն
Համար
N 1175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.07.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.07.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հուլիսի 2023 թվականի N 1175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերի նկարագիրը և տիպային ձևը հաստատելու մասին» N 1439-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրից հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ,» բառերը.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի.

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ու N 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն» բառերը փոխարինել «Ծառայություն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

հուլիսի 13-ի N 1175-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2007 թվականի

նոյեմբերի 15-ի N 1439-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը փաստաթուղթ է, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դրանում նշված նպատակներով և ժամկետներով:

2. Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները:

3. Օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը հաստատման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիական ծառայություն (այսուհետ՝ ծառայություն) է ներկայացնում իր անձնագիրը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը, պետական տուրքի վճարման անդորրագիրը, հրավիրվողի անձնագրի պատճենը:

4. Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը ծառայություն հաստատման ներկայացնելիս ներկայացնում է իր անձնագիրը, կացության քարտը կամ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը, Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը և պետական տուրքի վճարման անդորրագիրը, հրավիրվողի անձնագրի պատճենը:

5. Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաստատման ներկայացնելիս Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերին կից ներկայացնում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված պետական գրանցման վկայականի պատճենը, հրավիրվողի անձնագրի պատճենը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

6. Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները և միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչություններն օտարերկրացու` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հաստատման ներկայացնելիս հրավերին կից ներկայացնում են նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը:

7. Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերն օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելիս գործատուն ներկայացնում է հրավերը, գործատուի պետական գրանցման վկայականի պատճենը, Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից օտարերկրացուն տրված աշխատանքի թույլտվության պատճենը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

8. Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու կողմից տրված Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերներն առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատում է ծառայությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից տրված Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Հայաստանի Հանրապետությունում աշխատելու նպատակով տրվող հրավերն առավելագույնը 15-օրյա ժամկետում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:

9. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հրավերը հաստատող մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համաձայնեցմանը, որն էլ 7-օրյա ժամկետում հրավերը հաստատող մարմին է ներկայացնում հրավերի հաստատման նպատակահարմարության վերաբերյալ իր դիրքորոշումը:

10. Հրավերը հաստատող մարմնի կողմից հրավերի հաստատումը կարող է մերժվել, եթե առկա են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերը, կամ այն դեպքում, երբ հրավիրողի կողմից խախտվել են «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունները:

11. Հրավերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում հրավերը հաստատող մարմինը հրավիրողին գրավոր հայտնում է հրավերի հաստատման կամ մերժման մասին:

12. Լիազոր մարմնի կողմից հրավերը հաստատվելուց հետո հրավիրվող օտարերկրացու անունը, ազգանունը (առկայության դեպքում` հայրանունը), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության երկիրը և հասցեն, այցելության նպատակի և այցելության ժամկետի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են համակարգչային ցանց` համապատասխան օտարերկրյա պետությունում առկա Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հասցեով:

13. Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերները հրավերը հաստատող պետական կառավարման մարմինների կողմից հաշվառվում են համակարգչային եղանակներով:

14. Համակարգչային եղանակով հաշվառված հրավերը պարունակում է հրավիրվողի ազգանունը, անունը (առկայության դեպքում՝ հայրանունը), սեռը, ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը, քաղաքացիությունը, ծննդավայրը, այցելության ժամկետը, այցելության նպատակը, հրավերի հաստատման կամ մերժման օրը, ամիսը, տարեթիվը, մերժման դեպքում՝ պատճառը, փաստաթղթերի ընդունման օրը, ամիսը և տարեթիվը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

13.07.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2023 թվական: