Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ              

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

      

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/10403/05/19

2022 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/10403/05/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Թովմասյան

Դատավորներ՝

 Ք. Մկոյան

 Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան քաղաքապետարանի (այսուհետ նաև՝ Երևան համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.03.2022 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Միքայել Մացակյանի ընդդեմ Երևան համայնքի՝ 16.10.2019 թվականի թիվ Վ-39/32 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Միքայել Մացակյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 16.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/32 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Զարիկյան) (այսուհետ` Դատարան) 24.08.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.03.2022 թվականի որոշմամբ Միքայել Մացակյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 24.08.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևան համայնքը (ներկայացուցիչ՝ Արամ Աբովյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման և էական նշանակություն ունեին վիճելի իրավահարաբերության կարգավորման համար, ինչպես նաև կատարելով համապատասխան դատողություններ եկել է եզրահանգման, որ վարչական ակտի հասցեատերը «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով սահմանված կարգավորումների համաձայն չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքով:

Սակայն Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի իրականացրել գործի քննությունը, ճիշտ չի հետազոտել վարչական վարույթի նյութերում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում կայացրել է սխալ դատական ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և ենթակա է բեկանման։

Վերաքննիչ դատարանը՝ իր դատական ակտով, չի հիմնավորել, որ վիճելի միջազգային պայմանագրի և ՀՀ ներպետական իրավական ակտերի նորմերի միջև առկա է հակասություն կամ անհամապատասխանություն, այսինքն՝ դատական գործի շրջանակներում չի հաստատվել այն փաստական հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական դրույթ հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային որևէ պարտավորությանը:

Վերոգրյալից հետևում է, որ վիճարկվող վարչական ակտն իրավաչափ վարչական ակտ է, և հայցվորն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության և այն անվավեր ճանաչելու որևէ իրավական հիմք առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Վերաքննիչ դատարանի 16.03.2022 թվականի որոշումը բեկանել, փոփոխել այն, կայացնելով նոր՝ Միքայել Մացակյանի հայցը մերժելու մասին դատական ակտ, կամ բեկանել դատական ակտը և այն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի 05.09.2019 թվականի թիվ 102 հանձնարարագրով հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատու աշխատակիցներ Արմեն Այդինյանին և Իշխան Մկրտչյանին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի   17.1-րդ հոդվածի համաձայն 05.09.2019 թվականին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության Աճառյան փ. 32/2 հասցեում գտնվող օբյեկտում և տնտեսվարող սուբյեկտի կողմից «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (հատոր 1-ին, գ.թ. 50):

2. 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003312 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Վահանի Մացակյանի կողմից Աճառյան փ. 32/2 հասցեում գործող առևտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է առանց պիտանելիության ժամկետի մակնշման ապրանքների՝ «Bambo Nature» մանկական տակդիրի, «Սիլկ» թաց անձեռոցիկների, խոնավ անձեռոցիկների /«NUK»/, պիտանելիության ժամկետի մակնշմամբ «Սիլկ/Տրուդի/» թաց անձեռոցիկների իրացում (հատոր 1-ին, գ.թ. 13, 49):

3. 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003313 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Վահանի Մացակյանի կողմից Աճառյան փ. 32/2 հասցեում գործող առևտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի՝ «Heinz», «Nestle» շիլաների իրացում (հատոր 1-ին, գ.թ. 14, 56, 58-64):

4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 16.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/32 որոշմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը Աճառյան փողոցի 32/2 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /դեղատուն/ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանք իրացնելու համար ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11, 41-42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյո՞ք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքի համար վարչական պատասխանատվության նախատեսումը առաջացնել իրավական կոլիզիա «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի հետ:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի  15-րդ մասի համաձայն՝ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար` ծննդյան պահից մինչև 6 ամսական տարիքը։

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է՝ մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառել կամ ներկայացնել որպես պիտանի 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…)։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի և հատուկ նորմի միջև կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման և (կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) և (կամ) օրենսդրական բաց: Ընդ որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Իրավական կոլիզիան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված միևնույն կամ համանման հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանությունն է (տարբերությունը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ եթե իրավակիրառ մարմինը հանդիպում է միմյանց հակասող նորմերի, ապա հարց է առաջանում, թե նա ինչ չափանիշներով (կանոններով) պետք է որոշի՝ որ իրավական նորմին նախապատվություն տալ։ Իրավական կոլիզիաների լուծումը գտնվում է իրավունքի մեկնաբանման տիրույթում, այսինքն՝ իրավունքի մեկնաբանման տեսության շրջանակում մշակվել են մեկնաբանման որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ իրավակիրառ մարմինը որոշում էր միմյանց հակասող նորմերից որը կիրառել (կոլիզիոն մեկնաբանման կանոններ): Կոլիզիոն մեկնաբանման կանոններն իրավունքի մեկնաբանման տեսության կողմից մշակված տեսական բնույթի չափանիշներ են, որոնք թեև օժտված չեն պոզիտիվ-իրավական նորմատիվությամբ, սակայն դրանք պատմականորեն կիրառվել են որպես կոլիզիաները լուծելու միջոցներ: Նշենք նաև, որ կոլիզիոն նորմը կիրառելուց առաջ անհրաժեշտ է փորձել հաշտեցնել երկու պոտենցիալ հակասող նորմերի բովանդակությունը: Դա կատարվում է կիրառելով այն աքսիոման, որ կառավարությունը չէր կարող կամ դժվար թե ցանկանար ստեղծել երկու հակասող նորմ: Երկու նորմերը հաշտեցնելու համար պետք է ընդունվի այն մեկնաբանությունը, որը վերացնում է այդ հակասությունը: Եվ միայն այն դեպքում, երբ այդ մեկնաբանությունը ողջամիտ չէ, կարող են օգտագործվել կոլիզիոն նորմերի կիրառման նախապատվության կանոնները: Հատկանշական է նաև, որ կոլիզիոն խնդրի էությունը հասկանալու և դրան լուծում տալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք առկա է սույն իրավիճակում իրավական նորմի կոլիզիա, թե՝ ոչ:

Այսպես, իրավական նորմի կոլիզիան կարող է դրսևորվել իրավական նորմերի դրույթների հակասության կամ անհամապատասխանության ձևով:

Իրավական նորմերի հակասության դեպքում «բախվում են» արգելող և լիազորող նորմերը, որոնք բացառում են մեկը մյուսին և հանդիսանում են բևեռային:

Իրավական նորմերի անհամապատասխանության դեպքում նորմերը միևնույն բնույթի են, սակայն ունեն տարբեր բովանդակություն, կամ առաջացնում են տարբեր հետևանքներ:

Ուստի, իրավական կոլիզիայի առկայության համար անհրաժեշտ է վերոհիշյալ երկու դրսևորումներից առնվազն մեկի առկայությունը (տե՛ս, «ՎԱՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Վարազդատ Ուլիխանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11023/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է արգելք 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար որպես պիտանի մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառելու կամ ներկայացնելու համար: Ավելին՝ նշված արարքի կատարման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը չի նախատեսում իրավակարգավորումներ՝ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում բացակայում են իրավական կոլիզիայի դրսևորման ձևերը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի որևէ դրույթի միջև առկա չէ իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանություն:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան՝ Միքայել Մացակյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 16.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/32 որոշումը:

Դատարանը 24.08.2020 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(…) արձանագրությունը ստորագրել է նաև Մուշեղ Հակոբյանը՝ որպես «դեղատան վարիչ»: Հայցվոր կողմը չի վիճարկել Մուշեղ Հակոբյանի կարգավիճակը: Ըստ այդմ, դատարանը հիմքեր չի տեսնում արձանագրության մեջ նկարագրված ապրանքները դեղատանը գտնվելու հանգամանքը կասկածի տակ դնելու համար: (…) Պատասխանողը ներկայացրել է նաև տեսագրություն (20190905_133911), որում պատկերված է ապրանքների հետազոտությունը: Հայցվորը որևէ կերպ կասկածի տակ չի դրել լուսանկարների և տեսագրության իսկությունը: Ուստի դատարանը հաստատված է համարում, որ լուսանկարներում և տեսագրությունում պատկերված ապրանքները հայտնաբերվել են հայցվորի գլխավորած կազմակերպության առևտրի սրահում: (…) ապրանքների նկարագրությունը ենթադրում է, որ դրանք նախատեսված են նաև մինչև 6 ամսական երեխաների համար: Ընդ որում, հայցվորը ևս չի վիճարկել այս հանգամանքը: (…) Դատարանը գտնում է, որ վաճառել եզրույթի ներքո օրենսդիրը չէր կարող նկատի առնել միայն հաճախորդի կողմից գումար վճարելը և ապրանքը փաստացի նրան փոխանցելը: Այդպիսի հանգամանքը գրեթե հնարավոր չէր լինի բացահայտել: Մյուս կողմից, եթե ապրանքը առևտրի սրահում ցուցադրված է այնպես, որ սպառողի ընկալմամբ այն վաճառքի համար է նախատեսված, գործ ունենք Քաղաքացիական օրենսգրքի 510-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հրապարակային օֆերտայի հետ: Ըստ այդմ, Քաղաքացիական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան օֆերտան չի կարող ետ կանչվել, և տվյալ ապրանքը գնելու ցանկության դեպքում կազմակերպությունը պարտավոր է վաճառել այն: Նման պայմաններում ապրանքը առևտրի սրահում վաճառքի համար ցուցադրելով վաճառողը կատարում է ապրանքը վաճառելուն ուղղված իր գործողությունները: Եվ անկախ նրանից, թե գնորդը ակցեպտավորել է, թե՝ ոչ, Օրենսգրքի 158-րդ հոդվածի տասնհինգերորդ մասի իմաստով նա արդեն իսկ կատարել է հանրային վտանգավոր արարք: Տվյալ դեպքում նույն տեսագրությունում երևում է, որ ապրանքները ցուցադրված են վաճառքի համար նախատեսված վայրում, դրանց վրա ոչ միայն չկա վաճառքի համար նախատեսված չլինելու մասին նշում, հակառակը՝ փակցված են գնապիտակներ: Ուստի տեղի է ունեցել խնդրո առարկա ապրանքների հանրային օֆերտա, ինչը բավարար է Օրենսգրքի 158-րդ հոդվածի տասնհինգերորդ մասի իմաստով դրանք վաճառելը հաստատելու համար: Արդյունքում մնում է միայն քննարկել հայցվորի փաստարկն առ այն, որ Եվրասիական տնտեսական միության օրենսդրությունը չի սահմանում մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքի արգելք: Այս կապակցությամբ դատարանն արձանագրում է, որ նման արգելք չսահմանելը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել եզրակացության, որ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով չէր կարող սահմանվել մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանքը որպես մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդամթերք վաճառելու արգելք, իսկ Օրենսգրքի 158-րդ հոդվածի տասնհինգերորդ մասով՝ այդ արարքի համար վարչական պատասխանատվություն: Հայցվորը չի հիմնավորել, որ օրենսդրական այս դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային որևէ պարտավորությանը: Ինչ վերաբերում է հայցադիմումին կից ներկայացված ռուսալեզու փաստաթղթերին, դրանք ևս չեն հերքում մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանքը որպես մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդամթերք վաճառելու արգելքը»:

Վերաքննիչ դատարանը Միքայել Մացակյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Դատարանի 24.08.2020 թվականի վճիռը և փոփոխել՝ հայցը բավարարել է այն հիմնավորումներով, որ «(…) խնդրո առարկա արտադրանքները համապատասխանում են կիրառելի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որպիսի պայմաններում այդ ապրանքի ներմուծման, շուկայահանման, իրացման համար որևէ արգելք առկա չէ: Ըստ այդմ՝ հայցվորն իրացրել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանող և գրանցում ստացած արտադրանք, որի անարգել իրացման հնարավորությունը երաշխավորված է նման համապատասխանության և գրանցում ստացած լինելու ուժով: Հետևաբար, հայցվորի կողմից այդ արտադրանքի վաճառքը չի ունեցել ո՛չ հակաիրավական բնույթ, ո՛չ վնասակար հետևանք: (…) Նման պայմաններում հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված վերոնշյալ միջազգային պայմանագրային նորմերով պետությունն ստանձնել է պարտավորություն ապահովելու նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու այդ տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Միքայել Մացակյանի կողմից Աճառյան փողոցի 32/2 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /դեղատուն/ մինչև 6 ամսական մանուկների համար նախատեսված մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքների՝ («Hainz» և «Nestle») իրացումը չի կարող առաջացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվությունը, որպիսի հանգամանքը հիմք է գործով վիճարկվող՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 16.10.2019թ. «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/32 որոշումն անվավեր ճանաչելու համար»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հ. Մարությանի 05.09.2019 թվականի թիվ 102 հանձնարարագրով հանձնարարվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պատասխանատու աշխատակիցներ Արմեն Այդինյանին և Իշխան Մկրտչյանին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն 05.09.2019 թվականին «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության Աճառյան փ. 32/2 հասցեում գտնվող օբյեկտում և տնտեսվարող սուբյեկտի կողմից «Առևտրի և սպասարկումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003312 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Վահանի Մացակյանի կողմից Աճառյան փ. 32/2 հասցեում գործող առևտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է առանց պիտանելիության ժամկետի մակնշման ապրանքների՝ «Bambo Nature» մանկական տակդիրի, «Սիլկ» թաց անձեռոցիկների, խոնավ անձեռոցիկների /«NUK»/, պիտանելիության ժամկետի մակնշմամբ «Սիլկ/Տրուդի/» թաց անձեռոցիկների իրացում: 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003313 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Վահանի Մացակյանի կողմից Աճառյան փ. 32/2 հասցեում գործող առևտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի՝ «Heinz», «Nestle» շիլաների իրացում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 16.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/32 որոշմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը Աճառյան փողոցի 32/2 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /դեղատուն/ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանք իրացնելու համար ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ  մասով սահմանված վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 300.000 դրամի չափով:

Դատարանը, մերժելով հայցադիմումը, արձանագրել է, որ արգելք չսահմանելը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել եզրակացության, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով չէր կարող սահմանվել մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանքը որպես մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդամթերք վաճառելու արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի  158-րդ հոդվածի 15-րդ մասով՝ այդ արարքի համար վարչական պատասխանատվություն: Տվյալ դեպքում, հայցվորը չի հիմնավորել, որ օրենսդրական այս դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային որևէ պարտավորությանը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված քննարկվող միջազգային պայմանագրային նորմերով պետությունն ստանձնել է պարտավորություն ապահովելու նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու այդ տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր:

Սույն պարագայում Երևան համայնքը վարչական տույժ է կիրառել «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Մացակյանի նկատմամբ այն հիմքով, որ վերջինիս կողմից Աճառյան փողոցի 32/2 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում /դեղատուն/ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանք իրացնելու համար ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի տասնհինգերորդ մասով սահմանված տուգանքի՝ 300.000 դրամի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործում առկա է իրավունքի կոլիզիա և ներպետական իրավական ակտը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը, հակասում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին այնքանով, որքանով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով և նշված պայմանագրի հիման վրա տրված Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշներին համապատասխանելու դեպքում մանկական սննդի համար նախատեսված սննդամթերքի վաճառքի և/կամ ներմուծման արգելք սահմանված չէ: Ավելին, արձանագրել է, որ պետությունն ստանձնել է պարտավորություն ապահովելու նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու այդ տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման արգելք չսահմանելը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել եզրակացության, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով չէր կարող սահմանվել մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանքը, որպես մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդամթերք վաճառելու արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով՝ այդ արարքի համար վարչական պատասխանատվություն: Ուստի, քննարկվող դեպքում բացակայում են կոլիզիայի դրսևորման ձևերը, մասնավորապես՝ առկա չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի որևէ դրույթի հետ հակասություն կամ անհամապատասխանության հարց։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրն առհասարակ չի նախատեսում վիճելի հարցի վերաբերյալ իրավակարգավորումներ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը նախատեսում է արգելք-պատասխանատվություն վիճելի ապրանքների դեղատներում և առևտրի կետերում վաճառքի համար, որպիսի պայմաններում անհիմն են Վերաքննիչ դատարանի փաստարկները՝ պայմանագրով արգելքի բացակայության և դրա հետևանքով իրացման իրավունք ձեռք բերելու հարցի վերաբերյալ:

Փաստորեն, Դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 16.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-39/32 որոշումն իրավաչափ է, իսկ ներկայացված հայցն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և  163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (...)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը)։

Հաշվի առնելով, որ ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման և փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից։ Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Հաշվի առնելով, որ «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Երևան համայնքի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության տնօրեն Միքայել Մացակյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.03.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 24.08.2020 թվականի վճռին:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: