Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

              

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

             

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2969/05/20

2022 թ.    

Վարչական գործ թիվ ՎԴ/2969/05/20

Նախագահող դատավոր՝

 Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

 

2022 թվականի հոկտեմբերի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման դեմ ըստ հայցի «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի (այսուհետ՝ Հայցվոր) ընդդեմ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության` պատասխանողի կողմից Հայցվորի 04.03.2020 թվականի դիմումն անպատասխան թողնելը` Հայցվորից բանավոր պահանջելով դիմումում փոփոխություն կատարել և նշել այլ տերմինալ, որպեսզի այն բավարարվի ոչ իրավաչափ ճանաչելու, պատասխանողի կողմից «կանաչ ուղի» ընթացակարգի պայմաններում բեռի մաքսազերծումը թույլ չտալը ժամանակի սղության, ինչպես նաև բեռը մաս-մաս տանելու անհնարինության պատճառաբանությամբ ոչ իրավաչափ ճանաչելու, պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումի մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու, Հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքերի հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը ճանաչելու, պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, պատասխանողին Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը ընդունելուն պարտավորեցնելու, իսկ որպես ածանցյալ պահանջ` այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը վերացնելու, պատասխանողին թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը թույլատրելուն` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը, պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայցվորը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից Հայցվորի՝ 04.03.2020 թվականի դիմումն անպատասխան թողնելը` Հայցվորից բանավոր պահանջելով դիմումում փոփոխություն կատարել և նշել այլ տերմինալ, որպեսզի այն բավարարվի, ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից «կանաչ ուղի» ընթացակարգի պայմաններում բեռի մաքսազերծումը թույլ չտալը ժամանակի սղության, ինչպես նաև բեռը մաս-մաս տանելու անհնարինության պատճառաբանությամբ, ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումի մերժումը, ճանաչել Հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքերի հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը, ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը, պարտավորեցնել պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը, իսկ որպես ածանցյալ պահանջ` վերացնել այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պարտավորեցնել պատասխանողին թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը։

Միաժամանակ ներկայացվել է միջնորդություն՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 25.05.2020 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ Հայցվորի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.07.2020 թվականի որոշմամբ Հայցվորի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն.

1.1 մասնակիորեն վերացվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/2969/05/20 վարչական գործով 25.05.2020 թվականին կայացրած «Հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը՝ պատասխանողին հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումն ընդունելուն պարտավորեցնելու և թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը թույլատրելու մասին հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով, և վերացված մասով կայացվել է նոր դատական ակտ.

Հայցվորի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանի հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն և կիրառվել են հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում հայցի ապահովման հետևյալ միջոցները.

- պարտավորեցնել պատասխանող Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչությանն ընդունել հայցվոր «Անդրինե Միրզախանյան Գուրգենի» անհատ ձեռնարկատիրոջ թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը և թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` համապատասխան նշում կատարելով էլեկտրոնային եղանակով և ծանուցելով համապատասխան պահեստին:

Մնացած մասով՝ Դատարանի թիվ ՎԴ/2969/05/20 վարչական գործով 25.05.2020 թվականին կայացրած «Հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 123-րդ հոդվածը, ՀՀ մաքսային օրենսգրքի 212-րդ, 224-րդ հոդվածները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 264-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վարչական մարմնին ընդունել Հայցվորի թիվ 051000010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքների հայտարարագիրը և թույլատրել ապրանքների բացթողումը, այնինչ միջազգային պայմանագիր հանդիսացող ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 123-րդ հոդվածի դրույթն ապրանքների բացթողումը թույլատրում է միայն այն պայմանով, որ այդ ապրանքները չեն առգրավվել։ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման պահանջները կատարելու պարագայում՝ բաց թողումը մերժված, առգրավված ապրանքները բաց թողնելու դեպքում կխախտվեն ԵԱՏՄ միջազգային պայմանագրով սահմանված իրավանորմի պահանջները: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ գործող մաքսային օրենսդրությունը չի նախատեսում արդեն իսկ ընդունված հայտարարագրի կրկին ընդունում:

Բացի այդ, Կոմիտեի կողմից օրենքով սահմանված ժամկետում Վերաքննիչ դատարան է ներկայացվել վերաքննիչ բողոքի պատասխան, սակայն Վերաքննիչ դատարանն արձանագրել է դրա բացակայությունը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը և անփոփոխ թողնել Դատարանի 25.05.2020 թվականի «Հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Ա. արդյո՞ք վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացված լինելու դեպքում դրան չանդրադառնալու հանգամանքը հանգեցնում է այնպիսի դատավարական իրավունքի խախտման, որն անվերապահ հիմք է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու համար,

Բ. արդյո՞ք մաքսազերծման ենթակա ապրանքների հայտարարագրի առնչությամբ հարուցված քրեական գործի առկայության և դրա շրջանակներում հայտարարագրով ՀՀ ներմուծված ապրանքներն առգրավված լինելու հանգամանքներն ինքնին կարող են հիմք հանդիսանալ դատարանի կողմից հայցի ապահովման միջոց չձեռնարկելու համար։

 

(Ա) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն:

Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները (...):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարան դիմելու կամ արդարադատության մատչելիության իրավունքը մարդու՝ սահմանադրաիրավական և միջազգային իրավական նորմերով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների կարևորագույն բաղադրիչն է:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեև դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ): Մինչդեռ Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։

Նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ որոշման նկարագրական մասը բովանդակում է` վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք բերած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացնողի դիրքորոշումը և հիմնավորումները։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով` անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը։

Վերոգրյալ նորմերից հետևում է, որ վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր է այն դարձնել ուսումնասիրության առարկա, և կայացվելիք որոշման նկարագրական մասում շարադրել պատասխան ներկայացնողի դիրքորոշումը և հիմնավորումները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերաքննիչ բողոքի պատասխանը համարվում է դատավարական այնպիսի փաստաթուղթ, որի միջոցով այն ներկայացնող սուբյեկտը գրավոր ձևով արտահայտում է իր դիրքորոշումը վերաքննիչ բողոքում նշված իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ: Ուստի յուրաքանչյուր դեպքում, օրենքով սահմանված ժամկետում ներկայացված դատավարական փաստաթուղթը պետք է քննության առարկա դարձվի այն քննող դատարանի կողմից, որի չկատարումը, սակայն, միշտ չէ, որ հանգեցնում է անձի արդար դատաքննության իրավունքի խախտման, ըստ այդմ՝ կարող է հանդիսանալ դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որն անվերապահ կհանգեցնի դատական ակտի բեկանման։

 

(Բ) Անդրադառնալով երկրորդ իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցի ապահովման միջոցներն են`

1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.

2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.

3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցների կիրառումը դատարանի կողմից գործադրվող օրենքով նախատեսված դատավարական միջոց է, որի նպատակն է գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի կատարման համար երաշխիքներ սահմանելը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցի ապահովումն օրենսդրությամբ նախատեսված՝ անձանց իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկն է: Այն ուղղված է անձանց խախտված գույքային իրավունքների իրական ու ամբողջ ծավալով վերականգնելուն: Հայցի ապահովման ինստիտուտի նշանակությունն այն է, որ  դրանով պաշտպանվում են հայցվորի օրինական շահերն այն դեպքերից, երբ պատասխանողը կարող է գործել անբարեխիղճ, կամ երբ այդպիսի միջոցները չկիրառելն անհնարին կարող է դարձնել դատական ակտի կատարումը (տե'ս, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով արձանագրել է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի իրավունքները և օրինական շահերը: Ուստի հայցի ապահովման միջոց ձեռնարկելիս դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում հաշվի առնի գործում առկա բոլոր այն հանգամանքները, որոնք հիմնավորում են հայցի ապահովում չձեռնարկելու պարագայում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ դժվարացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը սահմանել է վարչական դատավարությունում հայցի ապահովման ինստիտուտի կիրառության շրջանակներն ու հիմքերը: Այսպես, նշված իրավադրույթի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ հայցի ապահովումը կիրառվում է օրենքով հստակ կանխորոշված հետևյալ հայցատեսակների հիման վրա հարուցված գործերով.

1) պարտավորեցման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված),

2) գործողության կատարման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  68-րդ հոդված),

3) ճանաչման հայց (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված):

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատավարությունում հայցի ապահովման միջոցները կարող են կիրառվել վերը թվարկված հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի քննության շրջանակներում՝ անկախ տվյալ հայցապահանջի բնույթից: Այսինքն՝ օրենսդրի տեսանկյունից հայցի ապահովման միջոց կիրառելու համար որևէ նշանակություն չունի այն հանգամանքը, թե տվյալ գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցն ունի ճանաչողական, թե կատարողական բնույթ: Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված  պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցատեսակներից որևէ մեկի հիման վրա հարուցված գործերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու համար վճռորոշ նշանակություն ունի ոչ թե ներկայացված հայցապահանջների բնույթը, այլ հայցի ապահովման միջոց կիրառելու՝ օրենսդրի կողմից սահմանված հիմքերի առկայությունը, այսինքն՝  նման միջոցներ չձեռնարկվելու դեպքում դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հնարավորությունը (տե´ս,  «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/5719/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2020 թվականի թիվ ՍԴՈ-1561 որոշմամբ արձանագրել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու օրենսդրական հնարավորություն նախատեսվել է այն անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու և երաշխավորելու համար, որոնք տարբեր պահանջներով դիմել են դատարան՝ ակնկալելով իրենց խնդիրների լուծում, սակայն, կախված հանգամանքներից՝ կան ռիսկեր, որոնք կարող են դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել լրացուցիչ քայլեր, որոնք կապահովեն հետագայում կայացված դատական ակտի պատշաճ կատարումը: Ուստի նման ինստիտուտի նախատեսումն ինքնին իրավաչափ և ընդունելի է պայմանով, որ առկա են համարժեք և բավարար հիմքեր՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար:

Որպեսզի դատարանը բավարարի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, պետք է միջնորդությամբ ներկայացված հանգամանքների լույսի ներքո համոզվի, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել համապատասխան դատական ակտի պատշաճ կատարումը՝ հայցվորի պահանջը բավարարելու դեպքում:

Միևնույն ժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ գործին մասնակցող անձի ներկայացրած պահանջը դատարանի կողմից բավարարվելու դեպքում դատական ակտի կատարման անհնարինությունը կամ ցածր հավանականությունը իմաստազրկում են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրականացումը, քանի որ այդ իրավունքների իրականացման արդյունքում ակնկալվող նպատակին անձն այդպես էլ չի հասնում: ՀՀ սահմանադրական դատարանը, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշմամբ վերահաստատելով նախորդ մի շարք որոշումներում (մասնավորապես` թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190 և թիվ  ՍԴՈ-1222) արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքների առնչությամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ՝ «... որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (…)»:

Այսպիսով, հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանելու հայցվորի (ապագա հնարավոր պահանջատիրոջ) իրավունքները և օրինական շահերը: Ընդ որում, հայցի ապահովումը կիրառվում է համարժեք և բավարար հիմքերի առկայության պայմաններում՝ մյուս կողմի իրավունքները և ազատությունները մինչև դատական ակտի կայացումը սահմանափակելու համար: Նման պարագայում դատարանի վրա դրված է պարտականություն` հիմնավորելու հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու համար համարժեք և բավարար հիմքերի առկայությունը (տե'ս, Արտավազդ Փարսադանյանը և Նարինե Փարսադանյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/6921/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.06.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և անդրադառնալով քրեական գործի շրջանակներում ապրանքներն առգրավված լինելու պայմաններում հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու հարցին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոցների կիրառման հիմքը դատական ակտի կատարումն անհնարին դարձնելու կամ դժվարացնելու հանգամանքների առկայությունն է, ուստի հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարության մասնակցի կողմից ներկայացված միջնորդությունը կարող է մերժվել այն դեպքում, երբ դատարանը գտնի, որ միջնորդությամբ ներկայացված հիմքերը բավարար չեն՝ ողջամտորեն եզրահանգելու, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելու դեպքում դատական ակտի կատարումը կդժվարանա կամ անհնարին կդառնա: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի որոշակի փաստերի առկայության դեպքում դրանց՝ դատական ակտի կատարման նկատմամբ ազդեցության հնարավորությունը, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, քրեական գործի շրջանակներում ապրանքներն առգրավված լինելու փաստը չի կարող հանդիսանալ հայցի ապահովման միջոցների կիրառումը բացառող հանգամանք։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ քրեական գործի առկայությունն ինքնին չի բացառում վարչադատավարական ընթացակարգում Դատարանի կողմից հայցի ապահովման միջոց ձեռնարկելու իրավական հնարավորությունը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

(Ա) Դատարանի 25.05.2020 թվականին կայացրած «Հայցի ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Հայցվորը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 15.06.2020 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Վերաքննիչ դատարանի 15.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը Կոմիտեում ստացվել է 18.06.2020 թվականին՝ հիմք փոստային հետադարձ ծանուցման անդորրագիր (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 70):

Կոմիտեի կողմից 25.06.2020 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, որին կից ներկայացվել է նաև 23.04.2020 թվականի թիվ 83162520 «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչ  Ն. Սիմոնյանի որոշումը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 73-92):

Վերաքննիչ դատարանը 01.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման նկարագրական մասում նշել է, որ Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեում Վերաքննիչ դատարանի 15.06.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը ստացվել է 18.06.2020 թվականին և որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում՝ 25.06.2020 թվականին, Կոմիտեն ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան, որով հայտնել է, որ Հայցվորի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիմքում ընկած ապրանքների հայտարարագրերի հետ կապված առկա է քրեական գործ, վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացվել է նաև 23.04.2020 թվականի թիվ 83162520 «Քրեական գործ հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին» ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչ  Ն. Սիմոնյանի որոշումը։ Սակայն այս փաստն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից և «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշմամբ արձանագրվել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքի պատասխանով Կոմիտեի կողմից ներկայացված դիրքորոշումը, ինչպես նաև վերաքննիչ բողոքի պատասխանին կից ներկայացված ապացույցները, որոնց համաձայն՝ «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի անվամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ ներկայացված թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրում ակնհայտ կեղծ տվյալներ լրացրած լինելու փաստի հիման վրա Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 83162520 քրեական գործը։ Այնինչ, սույն պարագայում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ օրենքով սահմանված կարգով ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանին և դատական ակտում դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ, ինչը վերջինիս կողմից չի կատարվել: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի վերաքննիչ բողոքի պատասխանն անտեսելով՝ Վերաքննիչ դատարանը խախտել է Կոմիտեի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, ինչը սակայն չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարման, ըստ այդմ՝ բողոքարկվող որոշման անվերապահ բեկանման։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքում նշված վերոնշյալ հիմքը հանգում է հայցի ապահովման միջոցներ կիրառելու հիմքերի իրավաչափության գնահատմանը, այլ կերպ՝ վերաքննիչ բողոքի պատասխանում նշված հիմքը, որը քննության առարկա չի դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից, հանգում է հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության հիմնավորվածության հարցին, ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցի ապահովման միջոցների կիրառման իրավաչափությանը:

 

 (Բ) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից Հայցվորի 04.03.2020 թվականի դիմումն անպատասխան թողնելը` Հայցվորից բանավոր պահանջելով դիմումում փոփոխություն կատարել և նշել այլ տերմինալ, որպեսզի այն բավարարվի, ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից «կանաչ ուղի» ընթացակարգի պայմաններում բեռի մաքսազերծումը թույլ չտալը ժամանակի սղության, ինչպես նաև բեռը մաս-մաս տանելու անհնարինության պատճառաբանությամբ, ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից Հայցվորի` հայտարարագիրը փոխելու/հետ կանչելու և նորը ներկայացնելու մասին 09.03.2020 թվականի դիմումի մերժումը, ճանաչել Հայցվորի կողմից` ոչ իր մեղքով, ճշտման հնարավորություն չունենալու պայմաններում և սխալմունքի հետևանքով թիվ 05100010/060320/0013418 ապրանքերի հայտարարագիրը ներկայացնելու իրավահարաբերության առկայությունը, ոչ իրավաչափ ճանաչել պատասխանողի կողմից 17.04.2020 թվականի թիվ 75 գրությամբ ԵՏՀ-ի կոլեգիայի 27.03.2018 թվականի թիվ 42 որոշման կարգի 5-րդ կետի հատկանիշների վերաբերյալ սխալ եզրակացության գալը/գործողությունը, պարտավորեցնել պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը, իսկ որպես ածանցյալ պահանջ` վերացնել այն հետևանքը, որն առաջացել է վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով, այն է` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողման մերժումը, պատասխանողին պարտավորեցնել թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` վերացնելով նախքան ապրանքների բացթողումը` ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատասխանողի 29.04.2020 թվականի պահանջը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 9-16):

Միաժամանակ, Հայցվորը միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոցներ, այն է` պարտավորեցնել պատասխանողին ընդունել Հայցվորի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ներմուծված ապրանքները մաքսային արժեքի «գործարքի գնի մեթոդով» հայտարարագիրը/հայտարարագրումը և թույլատրել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը` համապատասխան նշում կատարելով էլեկտրոնային եղանակով և ծանուցելով համապատասխան պահեստին, ժամանակավոր վերացված համարել և/կամ պարտավորեցնել պատասխանողին վերացնել ապրանքի թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների բացթողումը մերժելու մասին որոշումը և նախքան ապրանքների բացթողումը ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկություններում փոփոխություններ կատարելու վերաբերյալ 29.04.2020 թվականի պահանջը և/կամ ժամանակավոր չկիրառել, այն է` Հայցվորի նկատմամբ չգործադրել այն, վերացնել թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքների վրա դրված կալանքները/արգելափակումները, եթե այդպիսիք առկա են և պարտավորեցնել պատասխանողին ցանկացած և որևէ եղանակով չխոչընդոտել Հայցվորին` թիվ 05100010/160420/0020301 հայտարարագրով ապրանքները մաքսազերծելու և պահեստից դուրս հանելու գործողություններին (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 5):

Դատարանը մերժել է Հայցվորի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը, փաստացի բավարարում է հայցադիմումի 6-7-րդ պահանջները, արդյունքում` Հայցվորը հնարավորություն է ունենում մաքսազերծել ապրանքները և տնօրինել իր հայեցողությամբ, հետագայում, եթե դատարանը բավարարի Հայցվորի պահանջներն ամբողջությամբ, ապա այս մասով այն փաստացի արդեն իսկ կատարված լինելու հիմքով ենթակա չի լինի կատարման, միևնույն ժամանակ, եթե դատարանը նշված մասով մերժում է Հայցվորի պահանջը, ապա ստեղծվում է մի իրավիճակ, երբ դատարանը փաստացի մերժում է Հայցվորի պահանջը, սակայն իրողության մեջ այն փաստացի բավարարված է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ միջնորդությունը բավարարելու պայմաններում Հայցվորը փաստացի հնարավորություն է ունենում ապրանքները մաքսազերծելու և տնօրինելու իր հայեցողությամբ, բացի այդ, հետագայում խնդիրներ կառաջանան նաև պատասխանողի իրավունքների պաշտպանության հետ կապված (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 47-48):

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Հայցվորի վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ ապրանքը վնասվելու և դատավարական գործընթացների երկարատև հնարավոր լինելու պարագայում առհասարակ կարող է անիմաստ դառնալ մաքսազերծման գործընթացը և մաքսազերծումը դառնում է ինքնանպատակ, քանի որ հայցվորը, կրելով վնասներ, կարող է կորցնել իր հետաքրքրությունը նշյալ գույքի նկատմամբ: Ստեղծված իրողության պայմաններում կողմը կարող է ուղղակի չմաքսազերծել ապրանքը` թողնելով այն պահեստում: Արդյունքում, Հայցվորը, որպես ներմուծող, կարող է կրել էական վնասներ, իսկ ապրանքը չի ծառայի իր նպատակային նշանակությանը: Վերոգրյալի լույսի ներքո նկատի ունենալով նաև այն, որ հայցի ապահովման միջոցի կիրառումը չի կարող վկայել գործով ըստ էության հայցի բավարարման մասին, ինչպես նաև այն, որ պատասխանող կողմն իրավունք ունի ապրանքի բացթողումից հետո կատարելու հետբացթողումային հսկողության միջոցառումներ, իսկ Հայցվոր կողմը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում լրացուցիչ վճարումներ կատարել՝ հնարավոր հավելյալ կարգով առաջադրված հարկային և այլ պարտավորությունների համար` հայցի ապահովման միջոցներ չկիրառելը սույն դեպքում առարկայազուրկ է դարձնում վեճի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտի կատարումը:

Վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով սույն գործում առկա փաստերը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը՝ քրեական գործի առկայության և դրա շրջանակներում ապրանքների առգրավման պայմաններում հայցի ապահովման միջոցը կիրառման ենթակա չլինելու մասով, հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Հայցվորի ներկայացրած հայտարարագրով ապրանքների զննման արդյունքում հայտնաբերվել է, որ դրանք չեն համապատասխանում փաստացի ներմուծված ապրանքներին՝ ապրանքների հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելու փաստի առթիվ 18.03.2020 թվականին Հայցվորի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հատկանիշներով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի անվամբ Չինաստանից ՀՀ տարածք թիվ 05100041/030320/0004675 տարանցման հայտարարագրով ներմուծվել են ապրանքներ, որոնք հայտարարագրվել են 06.03.2020 թվականին ներկայացված թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրով: Թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրով «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից հայտարարագրվել է 17.600 կգ բրուտտո քաշով, ընդհանուր 13.991.948 ՀՀ դրամ մաքսային արժեքով բամբակյա կարի թել, որի արդյունքում առաջացել են վճարման ենթակա 2.938.309 ՀՀ դրամ ԱԱՀ և 699.597 ՀՀ դրամ մաքսատուրք: 07.03.2020 թվականին ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից կայացվել է որոշում՝ «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի՝ ՀՀ տարածք ներմուծած ապրանքները մաքսային զննման ենթարկելու մասին, որի արդյունքում կազմվել է մաքսային զննման (մաքսային տեսազննման) թիվ 52 ակտը: «Մետեքսիմ Տերմինալ» ՍՊԸ-ի մաքսային հսկողության տարածքում 11.03.2020-18.03.2020 թվականներին ընկած ժամանակահատվածում իրականացված զննման ընթացքում պարզվել է, որ թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրով հայտարարագրված ապրանքները չեն համապատասխանում փաստացի ներմուծված ապրանքներին: Մասնավորապես, պարզվել է, որ հայտարարագրված թելի փոխարեն «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից փաստացի ներմուծվել են 17.727 կգ բրուտտո քաշով 30 անվանում տարբեր տեսակի ապրանքներ՝ հագուստ, գոտիներ, թաշկինակներ, գլխարկներ, սրբիչներ, գուլպաներ: 16.04.2020 թվականին «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից հիշյալ 30 անվանում ապրանքները հայտարարագրվել են թիվ 05100010/160420/0020301 ապրանքների հայտարարագրով, որի արդյունքում առաջացել է վճարման ենթակա մաքսատուրք՝ 8.295.794 ՀՀ դրամ, ԱԱՀ՝ 6.529.114 ՀՀ դրամ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչությունից ստացվել է թիվ Ն/20.1/60426-2020 գրությունը, համաձայն որի՝ «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից ՀՀ տարածք ներմուծված նույն ապրանքների վերաբերյալ ներկայացված թիվ 05100010/060320/0013418 և թիվ 05100010/160420/0020301 ապրանքների հայտարարագրերով առաջացած մաքսային վճարների տարբերությունը կազմել է ընդամենը 11.187.302 ՀՀ դրամ, որից մաքսատուրքը՝ 7.596.197 ՀՀ դրամ, ԱԱՀ՝ 3.591.105 ՀՀ դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ խոշոր չափերով՝ 11.187.302 ՀՀ դրամ հարկ և տուրք չվճարելու նպատակով ակնհայտ կեղծ տվյալներ են մտցվել «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի անվամբ ՀՀ տարածք ներմուծված ապրանքների վերաբերյալ ներկայացված թիվ 05100010/060320/0013418 ապրանքների հայտարարագրում, որի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչ  Ն. Սիմոնյանի կողմից 23.04.2020 թվականին հարուցվել է թիվ 83162520 քրեական գործը  և այն ընդունվել է վարույթ՝ հետաքննություն կատարելու համար (հավելված, հատոր  1-ին, գ.թ. 89-91):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու հարցի քննարկման շրջանակում Դատարանի կողմից ենթակա են պարզման բացառապես հայցի ապահովման միջոց չձեռնարկելու պայմաններում հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի անկատար մնալու կամ դատական ակտի կատարումը դժվարանալու հանգամանքները։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկը՝ սույն վարչական գործով վիճարկման հայցի հիմքում ընկած ապրանքների հայտարարագրի հետ կապված քրեական գործի առկայության և քրեական գործի շրջանակներում թիվ 05100010/060320/0013418 տարանցման հայտարարագրով «Ադրինե Միրզախանյան Գուրգենի» ԱՁ-ի կողմից ՀՀ ներմուծված 30 անվանում ապրանքներն առգրավված լինելու վերաբերյալ, չի կարող բավարար հիմք հանդիսանալ՝ հայցի ապահովման միջոցներ չկիրառելու համար, քանի որ քրեական գործի առկայությունն ինքնին չի վերացնում սույն վարչական գործի շրջանակում հայցի ապահովման միջոց ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Ըստ այդմ, միայն նշված քրեական գործի առկայությունը չի հանդիսանում սույն վարչական գործի շրջանակում քննվող հայցի հնարավոր բավարարման դեպքում դատական ակտի կատարումը դժվարացնելը կամ անհնարին դառնալը բացառող հանգամանք։ Հետևաբար, քրեական գործի առկայությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ՝ Հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը մերժելու համար։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.07.2020 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ք. Մկոյան

Հ. Բեդևյան

Լ. Հակոբյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական: