Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.08.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0320/02/17

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0320/02/17

Նախագահող դատավոր`

 Ն. Կարապետյան

Դատավորներ՝

 Ա. Մխիթարյան

 Ն. Մարգարյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ս. անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի օգոստոսի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30082019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն), երրորդ անձ՝ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքապետարանի` գումարի բռնագանձման և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 114.597.534 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև պարտավորեցնել Կազմակերպությանը Ընկերության հետ կնքելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016 թվականի թիվ ԼՋ0001 լիցենզիայով սահմանված մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիր:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 26022019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30082019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն և որոշվել է «ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ3/0320/02/17 քաղաքացիական գործով 26.02.2019 թվականի վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ.

««Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի, երրորդ անձ` ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքապետարանի` գումարի բռնագանձման և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի:

«Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից հօգուտ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 40.391.474,2 (քառասուն միլիոն երեք հարյուր իննսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունչորս ամբողջ երկու) ՀՀ դրամ` որպես պարտքի գումար:

74.206.059,8 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար բռնագանձելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասով հայցը մերժել:

«Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից հօգուտ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 807.829,5 (ութ հարյուր յոթ հազար ութ հարյուր քսանինն ամբողջ հինգ) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 17.07.2017 թվականի որոշմամբ կիրառված և 05.09.2017 թվականի որոշմամբ մասնակի վերացված հայցի ապահովման միջոցը, այն է` պատասխանող «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի գույքի վրա կիրառված արգելանքը պահպանել 40.391.474,2 (քառասուն միլիոն երեք հարյուր իննսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունչորս ամբողջ երկու) ՀՀ դրամի չափով»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գոհար Առաքելյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը արձանագրել է՝ «..գործում առկա քաղվածքների մի մասը պատշաճ վավերացված են, մինչդեռ մյուս մասի վրա առկա է միայն անանուն կնիք...» և «Վերաքննիչ դատարանը չի կարող արժանահավատ համարել...ներկայացված «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթերում առկա տվյալները՝ փաստաթղթի վավերությունը հավաստի չլինելու հիմքով...այն չի կարող որևէ փաստի առկայության կամ բացակայության հիմքում դրվել»:

Մինչդեռ համեմատելով գործում առկա բաժանորդի հաշվի քաղվածքները՝ բոլորը, ակնհայտ է դառնում, որ դրանցում արտացոլված ելակետային տվյալները (ջրաչափի համարը, կնիքը, խողովակի տրամագծի չափը և այլն) նույնն են, դրանք բոլորն էլ վերծանված են Ընկերության ինտերակտիվ համակարգ կայք էջից: Քանի որ բաժանորդի հաշվի քաղվածքները որպես գրավոր ապացույց ներկայացվել է ոչ թե պատճենի ձևով, այլ ինչպես արդեն վերը նշվեց՝ Ընկերության ինտերակտիվ համակարգ կայք էջից վերծանված փաստաթղթի ձևով, ուստի Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, համաձայն որի՝ արժանահավատ չի համարել 2017 թվականի հոկտեմբեր և 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքները՝ ներկայացված փաստաթղթի վավերությունը ոչ հավաստի լինելու հիմքով անհիմն է, և չի բխում 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

Վերաքննիչ դատարանը ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքները պետք է գնահատեր որպես գործով ապացույցներ, որոնք սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկություններ են, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, անտեսվել են Ընկերության կողմից Դատարան ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքները, որոնք հանդիսանում են ապացույց, որ պատասխանողի պարտքն Ընկերության հանդեպ կազմում է՝ 114.597.534 ՀՀ դրամ:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է մաuնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշումը` Կազմակերպությունից հօգուտ Ընկերության 74.206.059.8 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար բռնագանձելու պահանջով հայցը մերժելու մասով՝ oրինական ուժ տալով Դատարանի 26022019 թվականի դատական ակտին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն պարագայում Կազմակերպության և Ընկերության միջև չի կնքվել պայմանագիր։ Կազմակերպությունը չի ստանձնել պարտավորություն, վերջինս չի հանդիսացել Ընկերության բաժանորդը, որպեսզի վերջինս ներկայացնի բաժանորդի հաշվի քաղվածք և դրա հիման վրա Կազմակերպությունից գանձվի գումար։ Բացի այդ, Կազմակերպությունը ոչ թե օգտվել է Ընկերության ծառայություններից, ինչպես դա նշվում է Վերաքննիչ դատարանի կողմից, այլ քանի դեռ Ընկերությունը չի դադարեցրել իր կողմից մատուցվող ծառայությունները և չի դադարեցվել ջրի հոսքը, Կազմակերպությունը շարունակել է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի պարտադիր խնդիրների լուծումը, և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների իրականացումը՝ Նոր Հաճն համայնքում վթարային և հակասանիտարական վիճակից խուսափելու համար՝ մինչև դատարանի կողմից վճռի կայացումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

 1 Ընկերության 17012017 թվականի թիվ ԿԼ19/170117 գրությամբ Կազմակերպությանը ներկայացվել է պայմանագրի կնքման առաջարկ (հատոր 1-ին, գ.թ. 18)։

2 Կազմակերպությունը 25.01.2017 թվականի թիվ 01 գրությամբ մերժել է պայմանագիր կնքելու առաջարկը և հրաժարվել է Ընկերության ծառայություններից` հիմքում դնելով սակագների բարձրացման անհասկանալի լինելու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 17)։

3 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվի համաձայն` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի արժեքը կազմել է 2.003.954,19 ՀՀ դրամ: Նշված հարկային հաշվի վրա առկա է ստացող անձի տվյալներ (հատոր 1-ին, գ.թ. 31)։

4. Թիվ Ա6437844866, Ա8197980923, Ա4976137960 հարկային հաշիվների վրա առկա չէ ստացող անձի վերաբերյալ որևէ տվյալ (հատոր 1-ին, գ.թ. 32-34)։

5. 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի վրա առկա է ստորագրություն, կնիք և առևտրային տնօրենի կարգավիճակի մասին նշում: Տվյալ քաղվածքի համաձայն պատասխանողի պարտքը 2017 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 68)։

6. 2018 թվականի հունվարից մայիս ամիսների դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքների վրա առկա է միայն կնիք` առանց ստորագրության (հատոր 2-րդ, գ.թ. 89-90)։

7. 2018 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքների վրա առկա չէ ոչ կնիք, ոչ էլ ստորագրություն (հատոր 2-րդ, գ.թ. 105-106)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 54-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով նշված իրավակարգավորումների վերլուծությանը, արձանագրել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումները)։

Վերը նշված հոդվածների վերլուծության և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով դատարանը պետք է պարզի գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: Օրենսդիրն այդպես է սահմանել, քանի որ որևէ փաստի վրա հիմնվող կողմն իրազեկ է և դատարանին կարող է ցույց տալ տվյալ փաստի մասին տեղեկություններ պարունակող աղբյուրները: Ենթադրվում է, որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը 17.01.2017 թվականի թիվ ԿԼ19/170117 գրությամբ Կազմակերպությանը հայտնել է, որ 01.01.2017 թվականից ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են Ընկերության կողմից, որի հիմքով խնդրել է 5-օրյա ժամկետում իր հետ կնքել մեծածախ ծառայությունների մատուցման պայմանագիր: Կազմակերպությունը 25.01.2017 թվականի թիվ 01 գրությամբ մերժել է պայմանագիր կնքելու առաջարկը և հրաժարվել է Ընկերության ծառայություններից` հիմքում դնելով սակագների բարձրացման անհասկանալի լինելու փաստը:

Ընկերությունը դիմելով դատարան պահանջել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 114.597.534 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև պարտավորեցնել Կազմակերպությանը Ընկերության հետ կնքելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016 թվականի թիվ ԼՋ0001 լիցենզիայով սահմանված մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիր:

Դատարանը 26022019 թվականի վճռով բավարարելով Ընկերության հայցն ամբողջությամբ արձանագրել է, որ ջրամատակարարման և ջրահեռացման սակագները սահմանվել են ոչ թե Ընկերության կողմից, այլ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, հետևաբար, պատասխանողի առարկություններն առարկայազուրկ են:

Վերաքննիչ դատարանն Ընկերության հայցը բավարարելով մասնակիորեն արձանագրել է, որ երբ պարտավորական հարաբերությունների մի կողմն իր կոնկլյուդենտ գործողություններով ընդունել է մյուս մասնակցի կողմից որոշակի պարտավորությունների կատարումը, մտել պարտավորական հարաբերությունների մեջ, պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջը չի կարող բավարարվել. թեև սույն դեպքում չի պահպանվել օրենքով քննարկվող պայմանագրերի համար նախատեսված գրավոր ձևը, սակայն պատասխանողն իր գործողություններով հաստատել է դրանց առաջացման փաստը: Այսինքն, կողմերի միջև պայմանագրային հարաբերություններ արդեն իսկ առաջացել են ձևավորված փաստացի հարաբերությունների ուժով, հետևաբար սույն դեպքում չի ծագում պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու հնարավորություն: Ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը այս հիմքով հիմնավոր է և հայցվորի կողմից ներկայացված առաջին պահանջը ենթակա է մերժման։

Ինչ վերաբերում է գումարի բռնագանձման մասին Ընկերության հայցին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում առկա քաղվածքների մի մասը պատշաճ վավերացված են, մինչդեռ մյուս մասի վրա առկա է միայն անանուն կնիք: Վերաքննիչ դատարանը ոչ արժանահավատ է համարել 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ և 2017 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ներկայացված «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթերում առկա տվյալները` փաստաթղթի վավերությունը հավաստի չլինելու հիմքով: Այսինքն՝ գործում առկա են ոչ հավաստի գրավոր ապացույցներ. նման կերպ ներկայացված քաղվածքների ոչ հավաստի լինելու հիմքով այն չի կարող որևէ փաստի առկայության կամ բացակայության հիմքում դրվել:

Անդրադառնալով հարկային հաշիվներին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միայն 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշիվն է, որի վրա առկա է ստացող անձի ստորագրություն. մյուս բոլոր հարկային հաշիվների վրա բացակայում է ստացող անձի ստորագրություն, որը հնարավորություն կտար հավաստելու պարտավորության պատշաճ կատարման և դրա ընդունման փաստը: Ինչ վերաբերում է ջրաչափի ցուցմունքներն արտահայտող նկարներին, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դրա վրա առկա չէ որևէ տվյալ որոնցով հնարավոր կլիներ հաստատված համարել դրանց առնչությունը պատասխանողի հետ, հետևաբար՝ այն վերաբերելի չէ սույն գործով պարզման ենթակա հանգամանքներին:

Վերաքննիչ դատարանը սույն գործով առկա ապացույցների գնահատումից հետո հիմնավորել է միայն 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվով արձանագրված 2.003.954,19 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի հուլիս ամսվա դրությամբ բաժանորդի հաշվի քաղվածքով արձանագրված 38.387.520 ՀՀ դրամ պարտքի գումարը, այն է` ընդհանուր առմամբ 40.391.474,2 ՀՀ դրամի չափով, և միայն այդ չափով է հայցը բավարարել:

Նախ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պայմանագիրը կոնկյլուդենտ գործողություններով ընդունված համարելու և այդ մասով հայցը մերժելու մասով, Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկված չլինելու պարագայում կողմերի միջև առկա են պարտավորական իրավահարաբերություններ, որոնց հիմքում դրված են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ճանաչված թիվ ԼՋ0001 լիցենզիան և կանոնները։ Մատակարար կազմակերպությունը՝ հիմք ընդունելով ջրաչափի հիման վրա սպառված ջրի քանակը, որի արժեքը հաշվարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներին համապատասխան, ներկայացրել է համապատասխան դրամական պահանջ, որի վերաբերյալ չեն ներկայացվել այնպիսի առարկություններ որոնք կբացառեն պահանջի առկայությունը կամ չափը։

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ապացույցների հետազոտման և գնահատման հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից։

Անդրադառնալով գումարի բռնագանձման մասին Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումներին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվի համաձայն` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի արժեքը կազմել է 2.003.954,19 ՀՀ դրամ: Նշված հարկային հաշվի վրա առկա է ստացող անձի տվյալներ։ Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով տվյալ հարկային հաշիվը Ընկերության պահանջը Կազմակերպության հանդեպ բավարարել է 2003954,19 ՀՀ դրամի չափով։ Իսկ 03112016 թվականի թիվ Ա6437844866, 05122016 թվականի թիվ Ա8197980923 և 12012017 թվականի թիվ Ա4976137960 հարկային հաշիվների վրա առկա չեն ստացող անձի վերաբերյալ որևէ տվյալ, նշված հարկային հաշիվները Վերաքննիչ դատարանն իրավացիորեն չի համարել պատշաճ ներկայացված դրամական պահանջ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հիմնավորվել է միայն 2017 թվականի հուլիս ամսվա դրությամբ բաժանորդի հաշվի քաղվածքով արձանագրված 38387520 ՀՀ դրամ պարտքի գումարը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործում առկա 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն՝ պատասխանողի պարտքը 2017 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ։ Նշված քաղվածքի վրա առկա է ստորագրություն, կնիք և առևտրային տնօրենի կարգավիճակի մասին նշում։ Նշված քաղվածքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ապացույց՝ հաստատելու համար այն փաստը, որ պատասխանողի պարտքը Ընկերության նկատմամբ 2017 թվականի դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ։

Ինչ վերաբերում է 2018 թվականի հունվարից մայիս ամիսների և 2018 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքներին, ապա Վճռաբեկ դատարանը ևս դրանք համարում է պահանջը հաստատելու համար ոչ պատշաճ ապացույցներ։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության հայցը՝ գումարի բռնագանձման մասով, բավարարման ենթակա է միայն 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվով արձանագրված 2.003.954,19 ՀՀ դրամ գումարի և 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն 65320560 ՀՀ դրամ գումարի բռնագանձման մասով։ Հայցադիմումը՝ 47273016 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով, ենթակա է մերժման։

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի հայցը բավարարելու և գումար բռնագանձելու մասն անհրաժեշտ է ամբողջությամբ բեկանել և փոփոխել:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար` դրամական պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, իսկ ոչ գույքային բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը՝

- Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն 937.460,32 ՀՀ դրամ (47273016 ՀՀ դրամ *2%=945.460,32 ՀՀ դրամ - 8000 ՀՀ դրամ (առաջին ատյանի դատարանում նախապես վճարված պետական տուրքի գումար)=937.460,32 ՀՀ դրամ)` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի գումար:

Ընկերությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն 1.418.190,48 ՀՀ դրամ (47273016 ՀՀ դրամ *3%=1.418.190,48 ՀՀ դրամ)` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված։

- Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն 1.346.490,28 ՀՀ դրամ (67.324.514,19 ՀՀ դրամ *2%=1.346.490,28 ՀՀ դրամ)` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի գումար:

Կազմակերպությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 1.000.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար։

Սույն գործով Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքի համար նախապես վճարվել է 3447936 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 2.019.745,42 ՀՀ դրամ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը՝ 1.428.161 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Կազմակերպությանը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 403-րդ, 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30082019 թվականի որոշումը գումարի բռնագանձման պահանջի մասով և այն փոփոխել հետևյալ կերպ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հայցը՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարել մասնակիորեն։ «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից հօգուտ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բռնագանձել 67.324.514,19 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար։ Հայցադիմումը՝ 47273016 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով, մերժել։ Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։

2. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 937.460,32 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար և 1.418.190,48 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

«Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 1.346.490,28 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար սահմանված պետական տուրքի գումար և 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ս. անտոնյան

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա
ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԿԴ3/0320/02/17 քաղաքացիական գործով 12.08.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

12.08.2022 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի օգոստոսի 12-ին գրավոր ընթացակարգով քննելով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) և երրորդ անձ ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքապետարանի` գումար բռնագանձելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30082019 թվականի որոշումը գումարի բռնագանձման պահանջի մասով և այն փոփոխել հետևյալ կերպ Ընկերության հայցը՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն, Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 67.324.514,19 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, հայցադիմումը՝ 47273016 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժել, Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով թողնել անփոփոխ։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 114.597.534 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև պարտավորեցնել Կազմակերպությանը Ընկերության հետ կնքելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016 թվականի թիվ ԼՋ0001 լիցենզիայով սահմանված մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիր:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 26022019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30082019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն և որոշվել է «ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԿԴ3/0320/02/17 քաղաքացիական գործով 26.02.2019 թվականի վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ.

««Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի, երրորդ անձ` ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքապետարանի` գումարի բռնագանձման և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի:

«Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից հօգուտ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 40.391.474,2 (քառասուն միլիոն երեք հարյուր իննսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունչորս ամբողջ երկու) ՀՀ դրամ` որպես պարտքի գումար:

74.206.059,8 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար բռնագանձելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասով հայցը մերժել:

«Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ից հօգուտ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 807.829,5 (ութ հարյուր յոթ հազար ութ հարյուր քսանինն ամբողջ հինգ) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 17.07.2017 թվականի որոշմամբ կիրառված և 05.09.2017 թվականի որոշմամբ մասնակի վերացված հայցի ապահովման միջոցը, այն է` պատասխանող «Հաճն Ջուր» ՀՈԱԿ-ի գույքի վրա կիրառված արգելանքը պահպանել 40.391.474,2 (քառասուն միլիոն երեք հարյուր իննսունմեկ հազար չորս հարյուր յոթանասունչորս ամբողջ երկու) ՀՀ դրամի չափով»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գոհար Առաքելյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյան)»։

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը արձանագրել է՝ «..գործում առկա քաղվածքների մի մասը պատշաճ վավերացված են, մինչդեռ մյուս մասի վրա առկա է միայն անանուն կնիք...» և «Վերաքննիչ դատարանը չի կարող արժանահավատ համարել...ներկայացված «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթերում առկա տվյալները՝ փաստաթղթի վավերությունը հավաստի չլինելու հիմքով...այն չի կարող որևէ փաստի առկայության կամ բացակայության հիմքում դրվել»:

Մինչդեռ համեմատելով գործում առկա բաժանորդի հաշվի քաղվածքները՝ բոլորը, ակնհայտ է դառնում, որ դրանցում արտացոլված ելակետային տվյալները (ջրաչափի համարը, կնիքը, խողովակի տրամագծի չափը և այլն) նույնն են, դրանք բոլորն էլ վերծանված են Ընկերության ինտերակտիվ համակարգ կայք էջից: Քանի որ բաժանորդի հաշվի քաղվածքները որպես գրավոր ապացույց ներկայացվել է ոչ թե պատճենի ձևով, այլ ինչպես արդեն վերը նշվեց՝ Ընկերության ինտերակտիվ համակարգ կայք էջից վերծանված փաստաթղթի ձևով, ուստի Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, համաձայն որի՝ արժանահավատ չի համարել 2017 թվականի հոկտեմբեր և 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքները՝ ներկայացված փաստաթղթի վավերությունը ոչ հավաստի լինելու հիմքով անհիմն է, և չի բխում 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից:

Վերաքննիչ դատարանը ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքները պետք է գնահատեր որպես գործով ապացույցներ, որոնք սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկություններ են, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, անտեսվել են Ընկերության կողմից Դատարան ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքները, որոնք հանդիսանում են ապացույց, որ պատասխանողի պարտքն Ընկերության հանդեպ կազմում է՝ 114.597.534 ՀՀ դրամ:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է մաuնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշումը` Կազմակերպությունից հօգուտ Ընկերության 74.206.059.8 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար բռնագանձելու պահանջով հայցը մերժելու մասով՝ oրինական ուժ տալով Դատարանի 26022019 թվականի դատական ակտին»:

 

2.2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Սույն պարագայում Կազմակերպության և Ընկերության միջև չի կնքվել պայմանագիր։ Կազմակերպությունը չի ստանձնել պարտավորություն, վերջինս չի հանդիսացել Ընկերության բաժանորդը, որպեսզի վերջինս ներկայացնի բաժանորդի հաշվի քաղվածք և դրա հիման վրա Կազմակերպությունից գանձվի գումար։ Բացի այդ, Կազմակերպությունը ոչ թե օգտվել է Ընկերության ծառայություններից, ինչպես դա նշվում է Վերաքննիչ դատարանի կողմից, այլ քանի դեռ Ընկերությունը չի դադարեցրել իր կողմից մատուցվող ծառայությունները և չի դադարեցվել ջրի հոսքը, Կազմակերպությունը շարունակել է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված համայնքի պարտադիր խնդիրների լուծումը, և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դրույթների իրականացումը՝ Նոր Հաճըն համայնքում վթարային և հակասանիտարական վիճակից խուսափելու համար՝ մինչև դատարանի կողմից վճռի կայացումը»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցվող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

 1 Ընկերության 17012017 թվականի թիվ ԿԼ19/170117 գրությամբ Կազմակերպությանը ներկայացրել է պայմանագրի կնքման առաջարկ (հատոր 1-ին, գ.թ. 18)։

2 Կազմակերպությունը 25.01.2017 թվականի թիվ 01 գրությամբ մերժել է պայմանագիր կնքելու առաջարկը և հրաժարվել է Ընկերության ծառայություններից` հիմքում դնելով սակագների բարձրացման անհասկանալի լինելու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 17)։

3 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվի համաձայն` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի արժեքը կազմել է 2.003.954,19 ՀՀ դրամ: Նշված հարկային հաշվի վրա առկա ստացող անձի տվյալներ (հատոր 1-ին, գ.թ. 31)։

4. Թիվ Ա6437844866, Ա8197980923, Ա4976137960 հարկային հաշիվների վրա առկա չէ ստացող անձի վերաբերյալ որևէ տվյալ (հատոր 1-ին, գ.թ. 32-34)։

5. 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի վրա առկա է ստորագրություն, կնիք և առևտրային տնօրենի կարգավիճակի մասին նշում: Տվյալ քաղվածքի համաձայն պատասխանողի պարտքը 2017 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 68)։

6. 2018 թվականի հունվարից մայիս ամիսների դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքների վրա առկա է միայն կնիք` առանց ստորագրության (հատոր 2-րդ, գ.թ. 89-90)։

7. 2018 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքների վրա առկա չէ ոչ կնիք, ոչ էլ ստորագրություն (հատոր 2-րդ, գ.թ. 105-106)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք) 54-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են`

1) գրավոր և իրեղեն ապացույցներով.

2) փորձագետների եզրակացություններով.

3) վկաների ցուցմունքներով.

4) գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Նախկին օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

Նախկին օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկին որոշումներում անդրադառնալով նշված իրավակարգավորումների վերլուծությանը, արձանագրել է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված բացասական (անբարենպաստ) հետևանքները, ըստ էության, հանգում են հետևյալին. բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայության կամ բացակայության վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումները)։

Վերը նշված հոդվածների վերլուծության և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով դատարանը պետք է պարզի գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 49-րդ հոդվածների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում, դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը: Օրենսդիրն այդպես է սահմանել, քանի որ որևէ փաստի վրա հիմնվող կողմն իրազեկ է և դատարանին կարող է ցույց տալ տվյալ փաստի մասին տեղեկություններ պարունակող աղբյուրները: Ենթադրվում է, որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը 17.01.2017 թվականի թիվ ԿԼ19/170117 գրությամբ Կազմակերպությանը հայտնել է, որ 01.01.2017 թվականից ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները մատուցվում են Ընկերության կողմից, որի հիմքով խնդրել է 5-օրյա ժամկետում իր հետ կնքել մեծածախ ծառայությունների մատուցման պայմանագիր: Կազմակերպությունը 25.01.2017 թվականի թիվ 01 գրությամբ մերժել է պայմանագիր կնքելու առաջարկը և հրաժարվել է Ընկերության ծառայություններից` հիմքում դնելով սակագների բարձրացման անհասկանալի լինելու փաստը:

Ընկերությունը դիմելով դատարան պահանջել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 114.597.534 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև պարտավորեցնել Կազմակերպությանը Ընկերության հետ կնքելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016 թվականի թիվ ԼՋ0001 լիցենզիայով սահմանված մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիր:

Դատարանը 26022019 թվականի վճռով բավարարելով Ընկերության հայցն ամբողջությամբ արձանագրել է, որ ջրամատակարարման և ջրահեռացման սակագները սահմանվել են ոչ թե Ընկերության կողմից, այլ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, հետևաբար, պատասխանողի առարկություններն առարկայազուրկ են:

Վերաքննիչ դատարանը Ընկերության հայցը բավարարելով մասնակիորեն արձանագրել է, որ երբ պարտավորական հարաբերությունների մի կողմն իր կոնկլյուդենտ գործողություններով ընդունել է մյուս մասնակցի կողմից որոշակի պարտավորությունների կատարումը, մտել պարտավորական հարաբերությունների մեջ, պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջը չի կարող բավարարվել. թեև սույն դեպքում չի պահպանվել օրենքով քննարկվող պայմանագրերի համար նախատեսված գրավոր ձևը, սակայն պատասխանողն իր գործողություններով հաստատել է դրանց առաջացման փաստը: Այսինքն, կողմերի միջև պայմանագրային հարաբերություններ արդեն իսկ առաջացել են ձևավորված փաստացի հարաբերությունների ուժով, հետևաբար սույն դեպքում չի ծագում պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու հնարավորություն: Ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքը այս հիմքով հիմնավոր է և հայցվորի կողմից ներկայացված առաջին պահանջը ենթակա է մերժման։

Ինչ վերաբերում է գումարի բռնագանձման մասին Ընկերության հայցին, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործում առկա քաղվածքների մի մասը պատշաճ վավերացված են, մինչդեռ մյուս մասի վրա առկա է միայն անանուն կնիք: Վերաքննիչ դատարանը ոչ արժանահավատ է համարել 2018 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ և 2017 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ ներկայացված «Բաժանորդի հաշվի քաղվածք» վերտառությամբ փաստաթղթերում առկա տվյալները` փաստաթղթի վավերությունը հավաստի չլինելու հիմքով: Այսինքն՝ գործում առկա են ոչ հավաստի գրավոր ապացույցներ. նման կերպ ներկայացված քաղվածքների ոչ հավաստի լինելու հիմքով այն չի կարող որևէ փաստի առկայության կամ բացակայության հիմքում դրվել:

Անդրադառնալով հարկային հաշիվներին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ միայն 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշիվն է, որի վրա առկա է ստացող անձի ստորագրություն. մյուս բոլոր հարկային հաշիվների վրա բացակայում է ստացող անձի ստորագրություն, որը հնարավորություն կտար հավաստելու պարտավորության պատշաճ կատարման և դրա ընդունման փաստը: Ինչ վերաբերում է ջրաչափի ցուցմունքներն արտահայտող նկարներին, ապա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ դրա վրա առկա չէ որևէ տվյալ որոնցով հնարավոր կլիներ հաստատված համարել պատասխանողին դրանց առնչությունը, հետևաբար՝ այն վերաբերելի չէ սույն գործով պարզման ենթակա հանգամանքներին:

Վերաքննիչ դատարանը սույն գործով առկա ապացույցների գնահատումից հետո հիմնավորել է միայն 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվով արձանագրված 2.003.954,19 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի հուլիս ամսվա դրությամբ բաժանորդի հաշվի քաղվածքով արձանագրված 38.387.520 ՀՀ դրամ պարտքի գումարը, այն է` ընդհանուր առմամբ 40.391.474,2 ՀՀ դրամի չափով, և միայն այդ չափով է հայցը բավարարել:

Նախ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պայմանագիրը կոնկյլուդենտ գործողություններով ընդունված համարելու և այդ մասով հայցը մերժելու մասով, Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկված չլինելու պարագայում կողմերի միջև առկա են պարտավորական իրավահարաբերություններ, որոնց հիմքում դրված են նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ճանաչված թիվ ԼՋ0001 լիցենզիան և կանոնները։ Մատակարար կազմակերպությունը՝ հիմք ընդունելով ջրաչափի հիման վրա սպառված ջրի քանակը, որի արժեքը հաշվարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներին համապատասխան, ներկայացրել է համապատասխան դրամական պահանջ, որի վերաբերյալ չեն ներկայացվել այնպիսի առարկություններ որոնք կբացառեն պահանջի առկայությունը կամ չափը։

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ապացույցների հետազոտման և գնահատման հարցի վերաբերյալ իր ձևավորած իրավական դիրքորոշումը, ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից։

Անդրադառնալով գումարի բռնագանձման մասին Վերաքննիչ դատարանի արտահայտած դիրքորոշումներին Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվի համաձայն` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի արժեքը կազմել է 2.003.954,19 ՀՀ դրամ: Նշված հարկային հաշվի վրա առկա ստացող անձի տվյալներ։ Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով տվյալ հարկային հաշիվը Ընկերության պահանջը Կազմակերպության հանդեպ բավարարել է 2003954,19 ՀՀ դրամի չափով։ Իսկ 03112016 թվականի թիվ Ա6437844866, 05122016 թվականի թիվ Ա8197980923 և 12012017 թվականի թիվ Ա4976137960 հարկային հաշիվների վրա առկա չեն ստացող անձի վերաբերյալ որևէ տվյալ, նշված հարկային հաշիվները Վերաքննիչ դատարանն իրավացիորեն չի համարել պատշաճ ներկայացված դրամական պահանջ։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հիմնավորվել է միայն 2017 թվականի հուլիս ամսվա դրությամբ բաժանորդի հաշվի քաղվածքով արձանագրված 38387520 ՀՀ դրամ պարտքի գումարը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործում առկա 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն՝ պատասխանողի պարտքը 2017 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ։ Նշված քաղվածքի վրա առկա է ստորագրություն, կնիք և առևտրային տնօրենի կարգավիճակի մասին նշում։ Նշված քաղվածքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ապացույց՝ հաստատելու համար այն փաստը, որ պատասխանողի պարտքը Ընկերության նկատմամբ 2017 թվականի դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ։

Ինչ վերաբերում է 2018 թվականի հունվարից մայիս ամիսների և 2018 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքներին, ապա Վճռաբեկ դատարանը ևս դրանք համարում է պահանջը հաստատելու համար ոչ պատշաճ ապացույցներ։

 

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության հայցը՝ գումարի բռնագանձման մասով, բավարարման ենթակա է միայն 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվով արձանագրված 2.003.954,19 ՀՀ դրամ գումարի և 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն 65320560 ՀՀ դրամ գումարի բռնագանձման մասով։ Հայցադիմումը՝ 47273016 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասով, ենթակա է մերժման։

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի հայցը բավարարելու և գումար բռնագանձելու մասն անհրաժեշտ է ամբողջությամբ բեկանել և փոփոխել»։

 

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշումը՝ գումար բռնագանձելու պահանջի մասով, բեկանել է ու այն փոփոխել հետևյալ կերպ՝ Ընկերության հայցը՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել է մասնակիորեն, Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել է 67.324.514,19 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, հայցադիմումը՝ 47273016 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժել է. Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով թողել է անփոփոխ։

Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ օրենսգրքի խախտում վերագրելու համար։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ օրենսգրքի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ՝

- «Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն այն մասին, որ հիմնավորվել է միայն 2017 թվականի հուլիս ամսվա դրությամբ բաժանորդի հաշվի քաղվածքով արձանագրված 38387520 ՀՀ դրամ պարտքի գումարը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործում առկա 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն՝ պատասխանողի պարտքը 2017 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ։ Նշված քաղվածքի վրա առկա է ստորագրություն, կնիք և առևտրային տնօրենի կարգավիճակի մասին նշում։ Նշված քաղվածքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ապացույց՝ հաստատելու համար այն փաստը, որ պատասխանողի պարտքը Ընկերության նկատմամբ 2017 թվականի դրությամբ կազմում է 65320560 ՀՀ դրամ».

- «ինչ վերաբերում է 2018 թվականի հունվարից մայիս ամիսների և 2018 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների դրությամբ ներկայացված բաժանորդի հաշվի քաղվածքներին, ապա Վճռաբեկ դատարանը ևս դրանք համարում է պահանջը հաստատելու համար ոչ պատշաճ ապացույցներ»:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Ընկերության հայցը՝ գումար բռնագանձելու մասով, բավարարման ենթակա է միայն 04.10.2016 թվականի թիվ Ա3331621943 հարկային հաշվով արձանագրված 2.003.954,19 ՀՀ դրամ գումարը և 15012018 թվականին դուրսգրված բաժանորդի հաշվի քաղվածքի համաձայն 65320560 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու մասով, իսկ 47273016 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու պահանջի մասով հայցադիմումը ենթակա է մերժման»:

Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշումը՝ գումար բռնագանձելու պահանջի մասով, բեկանելու և այն նման կերպ փոփոխելու, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով անփոփոխ թողնելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի համաձայն՝

1. դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 114.597.534 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև պարտավորեցնել Կազմակերպությանը Ընկերության հետ կնքելու ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016 թվականի թիվ ԼՋ0001 լիցենզիայով սահմանված մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիր.

2. Դատարանի 26022019 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 114.597.534 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, և պարտավորեցնել Կազմակերպությանն Ընկերության հետ կնքել ՀՀ ՀԾԿՀ-ի 09.12.2016 թվականի թիվ ԼՋ0001 լիցենզիայով սահմանված մեծածախ բաժանորդների վերաբերյալ պայմանագիրը.

3. Վերաքննիչ դատարանի 30082019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն և որոշվել է Դատարանի 26.02.2019 թվականի վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ՝ հայցը բավարարել մասնակի՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 40.391.474,2 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, իսկ 74.206.059,8 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար բռնագանձելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասով հայցը մերժել.

4. սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Ընկերությունը, որը պահանջել է Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշումը բեկանել մաuնակիորեն` Կազմակերպությունից հօգուտ իրեն 74.206.059.8 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու պահանջը մերժելու մասով, և այդ մասով oրինական ուժ տալ Դատարանի 26022019 թվականի դատական ակտին:

 

Նման պայմաններում կարծում եմ, որ վերը նշված փաստական հանգամանքների առկայության պայմաններում որևէ պարագայում Վճռաբեկ դատարանը չէր կարող որոշում կայացնել վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 30082019 թվականի որոշումը գումարը բռնագանձելու պահանջի մասով բեկանելու և փոփոխելու այն կերպ, որ Ընկերության հայցը՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարելով մասնակիորեն՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձեր 67.324.514,19 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, իսկ հայցադիմումը՝ 47273016 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասով, մերժեր՝ Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով թողնելով անփոփոխ, քանի որ եթե Վերաքննիչ դատարանը Ընկերության վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում որոշել էր Դատարանի 26.02.2019 թվականի վճիռը բեկանել և փոփոխել՝ հայցը բավարարել մասնակի՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության որպես պարտքի գումար բռնագանձելով 40.391.474,2 ՀՀ դրամ, իսկ մնացած 74.206.059,8 ՀՀ դրամը բռնագանձելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասով հայցը մերժել էր, ու սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացրած Ընկերությունը պահանջել էր Վերաքննիչ դատարանի 30.08.2019 թվականի որոշումը բեկանել մաuնակիորեն` Կազմակերպությունից հօգուտ իրեն 74.206.059.8 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու պահանջը մերժելու մասով, և այդ մասով oրինական ուժ տալ Դատարանի 26022019 թվականի դատական ակտին, ապա Վճռաբեկ դատարանի կողմից Կազմակերպությունից հօգուտ Ընկերության 67.324.514,19 ՀՀ դրամ բռնագանձելու և հայցադիմումը մնացած՝ 47273016 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու պահանջի մասով, մերժելու ու Վերաքննիչ դատարանի որոշումը մնացած մասով անփոփոխ թողնելու արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ունենալով գործով կայացված դատական ակտը միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու իրավասություն (տվյալ դեպքում բացակայում է այդ կանոնից բացառություն անելու հիմքը), և դրանից ելնելով՝ պարտականություն՝ ստուգելու, թե արդյո՞ք Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բացառապես բողոքարկված մասով, այսինքն՝ հայցը 74.206.059,8 ՀՀ դրամ գումարը բռնագանձելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասով, օրինական է, թե՝ ոչ, դուրս է եկել վճռաբեկության սահմաններից, և, ըստ էության, Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայել է նաև բողոք ներկայացրած անձի համար բարենպաստ և գործին մասնակցող անձանցից որևէ մեկի կողմից չբողոքարկված մասով՝ կրկնակի ստուգման ենթարկելով արդեն իսկ բավարարված մասը:

 

Վերոգրյալից ելնելով՝ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող որոշում կայացնել վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 30082019 թվականի որոշումը գումար բռնագանձելու պահանջի մասով բեկանելու և փոփոխելու նման կերպ:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան