Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.09.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/8245/05/21

2022 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/8245/05/21

Նախագահող դատավոր՝

 Է. Նահապետյան

Դատավորներ՝

 Լ. Հակոբյան

 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

2022 թվականի սեպտեմբերի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «ԷԼ ԷՄ» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 14.05.2021 թվականի թիվ 4151252 ակտն անվավեր ճանաչելու, որպես ածանցյալ պահանջ՝ Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի 24.05.2021 թվականի թիվ 0740-21 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «ԷԼ ԷՄ» ՍՊ ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 14.05.2021 թվականի թիվ 4151252 ակտը, որպես ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի 24.05.2021 թվականի թիվ 0740-21 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.03.2022 թվականի որոշմամբ Կոմիտեի՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածը և 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պատասխանող կողմը շարժվել է այն կանխավարկածով, որ դատարանը պետք է ճշգրիտ և հստակ նախատեսի վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը, այլ կերպ ասած պատասխանող կողմը ղեկավարվել է դատական ակտի հիմնավոր լինելով, ինչպես նաև այն հանգամանքով, որ վճիռը համապատասխանում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով նախատեսված պահանջներին։

Տվյալ դեպքում, սույն վարչական գործով 14.12.2021 թվականին հրապարակված վճիռը Կոմիտեն ստացել է 27.12.2021 թվականին։ Այսինքն, ըստ դատական ակտի՝ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել 27.12.2021 թվականից հաշված մեկամսյա ժամկետի պահպանմամբ՝ մինչև 31.01.2022 թվականը, այլ կերպ ասած պատասխանող կողմը դատական ակտից օրինական ակնկալիք է ունեցել առ այն, որ վերաքննիչ բողոք կարող է ներկայացնել մինչև 31.01.2022 թվականը:

Այն դեպքում, երբ համապատասխան ապացույցների բովանդակությունից բխում է դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է նույն դատական ակտն այդ անձի կողմից ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, ապա համապատասխան միջնորդության հիմքով վերադաս դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնում է իրավունքի ուժով /ex jure/:

Իսկ եթե նույն իրադրությունում բողոքը ներկայացվում է դատական ակտը բողոքաբերի կողմից ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետը գերազանցող ժամկետում, ապա այդ գերազանցած ժամկետը կարող է վերականգնվել, եթե դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը պարունակում է ծանրակշիռ փաստարկներ և դրանք հիմնավորող պատշաճ ապացույցներ` հարգելի պատճառներով ժամկետը գերազանցված լինելու մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 01.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի և 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոքարկվող դատական ակտում նշված և օրենսդրությամբ նախատեսված բողոքարկման ժամկետների անհամապատասխանության պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով` անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով (այդ թվում` օրացուցային)։ Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը։ Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է այդ ժամկետի սկիզբը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը։ Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը։ Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնվել:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում։ Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը։ Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործի գրավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից 15 օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին։ Դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ վճռի եզրափակիչ մասը բովանդակում է վճռի բողոքարկման ժամկետն ու այն վերադաս դատական ատյանը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` (…) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե՛ս, Pеrez de Rada Cavanilles v. Spain, գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 27):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. The United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51,55):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

Մեկ այլ՝ 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը, Ժաննա Միրզոյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի ղեկավարի թիվ ՎԴ/0100/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ է համարել բաց թողնված ժամկետը հարգելի համարելու դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանն ի հավելումն նշել, որ այն դեպքում, երբ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը վիճելի է, այսինքն` առկա է դատական պաշտպանության դիմած անձի կողմից դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ ողջամիտ կասկած, անձը գործնականում պետք է հնարավորություն ունենա ներկայացնելու, իսկ դատարանն էլ պարտավոր է քննարկման առարկա դարձնել և գնահատել դատավարական ժամկետները բաց թողնված չլինելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները, որովհետև այդ փաստը վիճելի մնալու դեպքում անձին դատական պաշտպանության տրամադրման մերժումը կհանդիսանա դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, ինչի հետևանքով կխախտվի այդ իրավունքի բուն էությունը, քանի որ անձն այլևս կզրկվի իր իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու հնարավորությունից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված իրավակարգավորումները լրացուցիչ երաշխիք են հանդիսանում դատարանի մատչելիության իրավունքը չսահմանափակելու իրավաչափ նպատակի իրագործման համար, քանի որ դատավարական նորմերի ճիշտ մեկնաբանման ու կիրառման պարագայում գործնականում ապահովվում է դատավարական ժամկետները բաց չթողնելու վերաբերյալ անձի ներկայացրած հիմնավորումները քննարկելու և համապատասխան եզրահանգում կատարելու օբյեկտիվ հնարավորություն (տե՛ս, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը մեկ անգամ ևս հարկ է համարում արձանագրել, որ հայցադիմումը, դիմումը, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները հանդիսանում են դատական պաշտպանության իրացման համար անհրաժեշտ դատավարական փաստաթղթեր, որոնցում արտացոլվում է անձի պահանջը՝ ուղղված դատավարության կողմին և խնդրանքը դատարանին՝ պաշտպանելու խախտված, վիճելի և օրենքով պաշտպանվող շահը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը, ամրագրելով հայց, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Ամփոփելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, դատական ակտին առաջադրված ի թիվս դատավարական այլ պահանջների, հստակ սահմանվում է դատական ակտերի դեմ բողոք ներկայացնելու ժամկետները նշելու դատարանի պարտականությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական պետությանը բնորոշ օրինականության սկզբունքից բխում է, որ գործին մասնակցող անձինք առաջնորդվում են այն կանխավարկածով, որ դատարանի դատական ակտն օրինական է, համապատասխանում է օրենքներին և արտացոլում է դրանց բովանդակությունը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր գործի փաստական առանձնահատկությունները, քանի դեռ առկա չեն ողջամիտ և հիմնավոր կասկածներ հակառակ եզրակացության գալու համար: Ավելին՝ որևէ պարագայում իրավաչափ չէ գործին մասնակցող անձանց վրա դնելու դատարանի՝ օրենքով իրեն վերապահված պարտականությունները, այդ թվում՝ դատական ակտի բողոքարկելիության, դրա կարգի և ժամկետների վերաբերյալ պատշաճ նշումներ կատարելու պահանջը ստուգելու պարտականություն: Առավել ևս ոչ իրավաչափ է դատարանի կողմից իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման բացասական հետևանքները գործին մասնակցող անձանց վրա թողնելը:

Հետևաբար, գործին մասնակցող անձանց մոտ ձևավորվում է հիմնավոր վստահություն առ այն, որ դատարանի կողմից բողոքարկման վերաբերյալ կատարված նշումները հանդիսանում են օրենսդրական պահանջի իրականացում և համապատասխանում են բողոքարկման վերաբերյալ օրենքով սահմանված իրավակարգավորումներին, որի պայմաններում դատական ակտում նշված և օրենսդրությամբ նախատեսված ժամկետների անհամապատասխանությունը չի կարող հանդիսանալ ներկայացված բողոքի ընդունումը մերժելու հիմք:

 

Վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` «ԷԼ ԷՄ» ՍՊ ընկերությունը դիմել է Դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 14.05.2021 թվականի թիվ 4151252 ակտը, որպես ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի 24.05.2021 թվականի թիվ 0740-21 որոշումը (գ.թ. 3-5):

Դատարանը 07.12.2021 թվականին որոշում է կայացրել գրավոր դատաքննության կիրառելու մասին և վճռի հրապարակման օր է նշանակել 14.12.2021 թվականը, ժամը՝ 17:14 (գ.թ. 47-48):

Դատարանը 14.12.2021 թվականի վճռով հայցը բավարարել է (գ.թ. 55-62): Նշված վճիռը «www.court.am» պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է 21.12.2021 թվականին:

Նշված վճռի եզրափակիչ մասում Դատարանը նշել է` «Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Սույն վճիռը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, մինչև դրա օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը» (գ.թ. 62):

Գործում առկա հետստացման հավաստագրի համաձայն՝ Կոմիտեն Դատարանի 14.12.2021 թվականի վճիռը ստացել է 27.12.2021 թվականին (գ.թ. 67):

Կոմիտեն սույն գործով վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 31.01.2022 թվականին (գ.թ. 87):

Միևնույն ժամանակ, Կոմիտեն միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը և այն վերականգնել՝ պատճառաբանելով, որ «սույն վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 14.12.2021 թվականի թիվ ՎԴ/8245/05/21 վճիռը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստացել է 27.12.2021 թվականին և նման պայմաններում բաց է թողել վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու ժամկետը: (…)» (գ.թ. 80-81):

Վերաքննիչ դատարանի 01.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Տվյալ դեպքում, սույն վարչական գործով 2021 թվականի դեկտեմբերի 14-ին հրապարակված վճիռը ստացել է 2021 թվականի դեկտեմբերի 27-ին։ Այսինքն, վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ից հաշված տասնհինգօրյա ժամկետի պահպանմամբ՝ մինչև 2021 թվականի հունվարի 24-ը։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել է 2022 թվականի հունվարի 31-ին, բողոք բերելու համար սահմանված տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միջնորդությամբ վկայակոչված պատճառաբանությունների պայմաններում, բողոք բերելու համար սահմանված, սակայն 24.01.2022-31.01.2022 թվականն ընկած ժամանակահատվածը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու որևէ հիմք չի ներկայացվել, ինչը նշանակում է, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման» (գ.թ. 89-95)։

Հիմք ընդունելով վերը նշվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը, անտեսելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.4-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 137-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, 21.12.2021 թվականին հրապարակված վճռի բողոքարկման համար սահմանել է հրապարակման պահից մեկամսյա ժամկետ այն պարագայում, երբ գրավոր ընթացակարգով քննվող գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման համար սահմանված է այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը, Դատարանի 14.12.2021 թվականին թվագրված, սակայն 21.12.2021 թվականին հրապարակված վճիռը ստանալով 27.12.2021 թվականին, վճռում նշված մեկամսյա ժամկետում, այն է` 31.01.2022 թվականին (2022 թվականի հունվարի 28-ը, 29-ը և 30-ը ոչ աշխատանքային օրեր էին), փոստային ծառայության միջոցով ներկայացրել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը և այն վերականգնել:

Ինչ վերաբերում է Կոմիտեի՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում բացակայում է Դատարանի 14.12.2021 թվականին թվագրված վճիռը Կոմիտեին ուղարկելու համար փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց: Գործում առկա հետստացման հավաստագրի համաձայն՝ բողոք բերող անձը Դատարանի 14.12.2021 թվականին թվագրված վճիռը ստացել է 27.12.2021 թվականին։ Վերաքննիչ բողոքը փոստային ծառայության միջոցով ներկայացվել է 31.01.2022 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, սակայն դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից հաշված մեկամսյա ժամկետում, ուստի վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը պետք է համարել հարգելի և վերականգնել այն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոք բերած անձի միջնորդությունը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ, ենթակա էր բավարարման, իսկ դատական ակտում նշված և օրենսդրությամբ նախատեսված ժամկետների անհամապատասխանության արդյունքում բողոք բերող անձը չի կարող կրել դրա բացասական հետևանքները, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.03.2022 թվականի «Վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Հ. Բեդևյան

Ք. Մկոյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան