Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.09.2022
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17607/02/20

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17607/02/20

Նախագահող դատավոր`

 Ա Պետրոսյան

Դատավորներ`

 Ն Բարսեղյան

 Լ Գրիգորյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

2022 թվականի սեպտեմբերի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2409.2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Մանուչարյանի ընդդեմ Կազմակերպության՝ տնօրենի 27042020 թվականի թիվ 172-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ գանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Մանուչարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրենի 27042020 թվականի թիվ 172-Ա հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գանձել աշխատավարձ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 23032021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Կազմակերպության տնօրենի 27042020 թվականի թիվ 172-Ա հրամանը ճանաչվել է անվավեր: Արմեն Մանուչարյանի հայցը՝ նախկին աշխատանքում վերականգնելու պահանջի մասին, մերժվել է։ Արմեն Մանուչարյանին իր նախկին աշխատանքում չվերականգնելու հիմքով Կազմակերպությանը պարտավորեցվել է վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար` միջին աշխատավարձի չափով սկսած 27.04.2020 թվականից մինչև Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։ Կազմակերպությունից հօգուտ Արմեն Մանուչարյանի բռնագանձվել է հատուցում` միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.09.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 2303.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Կազմակերպությունը (տնօրեն՝ Վարդան Գևորգյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Մանուչարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 10-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը, 379-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ մասերը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործի շրջանակներում Կազմակերպությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-60-րդ, 62-րդ, 67-րդ, 213-րդ հոդվածների, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ, 10-րդ, 11-րդ, 18-րդ հոդվածների, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի խախտումների և (կամ) սխալ կիրառման հիմքերով:

Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին՝ կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը և եկել է այն սխալ եզրահանգման, որ հենց նշված իրավական հիմքով է հայցվորի կողմից բողոքարկված՝ Կազմակերպության տնօրենի 27042020 թվականի թիվ 172-Ա հրամանը հանդիսանում անվավեր իրավական ակտ: Մինչդեռ, Դատարանի կողմից ընդհանրապես չի կիրառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպության վերաքննիչ բողոքի հիմքերում այդ իրավական հիմքը չի մատնանշվել որպես Դատարանի կողմից թույլ տրված խախտում կամ սխալ կիրառված իրավական հիմք: Ավելին, Դատարանի կողմից անհատական իրավական ակտն այլ հիմքերով է անվավեր ճանաչվել:

Վերաքննիչ դատարանն իրավասություն չի ունեցել դուրս գալու վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անդրադառնալ անհատական իրավական ակտի իրավաչափության հարցին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի շրջանակներում, միաժամանակ խախտվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 6-րդ մասը և անտեսվել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից վճռով արդեն իսկ հաստատված է համարվել այն փաստը, որ հրամանն ունեցել է ոչ միայն իրավական հիմքեր, այլ նաև փաստական հիմք, և այդ փաստական հիմքը հանդիսացել է 13042020 թվականի ծանուցումը: Վերաքննիչ դատարանը որոշման մեջ հաստատված փաստերի շարքից հանել է հրամանի փաստական հիմք հանդիսացած 13042020 թվականի ծանուցումը, մինչդեռ վերաքննիչ բողոքով այդ հաստատված փաստը չի վիճարկվել: Վերաքննիչ դատարանի կողմից չի պատճառաբանվել նման եզրակացության հանգելու հիմքերը և հիմնավորումները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծմանը:

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի, անգամ մեկ իրավական հիմքի որոշման մեջ հղում կատարված չէ և չի հիմնավորել դրանց չանդրադառնալու պատճառները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.09.2021 թվականի որոշումը և փոփոխել այն հայցը՝ մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Կազմակերպության ներկայացրած վճռաբեկ բողոքն ամբողջությամբ հիմնազուրկ է և ենթակա է մերժման։ Տվյալ դեպքում տեղի է ունեցել աշխատանքային պայմանագրի լուծում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածով սահմանված աշխատանքային պայմանագրի լուծման համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքը հրամանում չնշելը գործի լուծման համար էական նշանակություն է ունեցել։ Կազմակերպությունը ոչ միայն ընդհանրապես չի անդրադարձել աշխատանքային պայմանագրի լուծման փաստական հիմքերին, այլ նաև հրամանն ընդունել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների խախտմամբ։ Բողոք բերած անձի պնդումն այն մասին, որ Դատարանը հաստատված է համարել, որ աշխատանքից ազատման հրամանն ունի փաստական հիմք, անհիմն է, քանի որ Դատարանն ընդամենը հիշատակել է հրամանը՝ շարադրելով դրա ամբողջական բովանդակությունը։ Բողոք բերած անձի փաստարկներն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին ևս անհիմն են։

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1 «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ի դեմս տնօրեն Վարդան Գևորգյանի և Արմեն Մանուչարյանի միջև 21062018 թվականին կնքվել է թիվ 221 աշխատանքային պայմանագիրը: Պայմանագրի 2.2-րդ կետի համաձայն՝ աշխատողն ընդունվում է աշխատանքի Կենտրոնի տնօրենի խորհրդականի պաշտոնում: Պայմանագրի 6.1-րդ կետի համաձայն՝ պայմանագիրն ուժի մեջ է մտնում 21062018 թվականից և գործում է մինչև 21092018 թվականը ներառյալ: Պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն՝ աշխատողի աշխատանքային գործառույթներն են հանդիսանում՝ կենտրոնի հատուկ հանձնարարություններով տրված առաջադրանքների կատարումը, կենտրոնի ԱՎՕ-ներում դժբախտ դեպքերի տեխնիկական քննության ուսումնասիրությունները, կենտրոնի տնօրենի, տնօրենի տեղակալների կողմից տրված բանավոր և գրավոր հանձնարարականների կատարումը (հատոր 1-ին գթ 13-16),

2 «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 21.06.2018 թվականի Արմեն Մանուչարյանին աշխատանքի նշանակման մասին 19/116 հրամանի համաձայն՝ հրամայվել է Արմեն Մանուչարյանին երեք ամիս փորձաշրջանով նշանակել ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական՝ 21062018 թվականից (հատոր 1-ին գթ53),

3 «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և Արմեն Մանուչարյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին թվով ութ համաձայնագրերով աշխատանքային պայմանագրի 6.1 կետը շարադրվել է նոր բովանդակությամբ և պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է (հատոր 1-ին գթ 17-24),

4 «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 13.04.2020 թվականի 167-Ա ծանուցման համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Արմեն Մանուչարյանին տեղեկացվել է, որ 30042020 թվականին լուծվելու է 21.06.2018 թվականին կնքված թիվ 221 աշխատանքային պայմանագիրը (հատոր 1-ին գթ 44),

5. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 27.04.2020 թվականի թիվ 172-Ա հրամանի համաձայն՝ ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 2-րդ մասով և 130-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության 34-րդ կետի 4-րդ և 11-րդ ենթակետերով՝ հրամայվել է ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Արմեն Մանուչարյանի հետ 21.06.2018 թվականին կնքված թիվ 221 աշխատանքային պայմանագիրը 30042020 թվականից համարել լուծված (հատոր 1-ին գթ 25),

6. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 16.04.2018 թվականի թիվ 375 հրամանում փոփոխություն կատարելու մասին 03.09.2018 թվականի թիվ 1023 հրամանի հավելվածի համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների հաստիքացուցակում, ի թիվս այլ հաստիքների, ընդգրկված է տնօրենի օգնականի հաստիքը (հատոր 1-ին գթ 45),

7. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 24.06.2020 թվականի թիվ 723-Ա հրամանի հավելվածի համաձայն՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողների հաստիքացուցակում, ի թիվս այլ հաստիքների, ընդգրկված է տնօրենի խորհրդականի հաստիքը (հատոր 1-ին գթ 631),

8 «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի 10.08.2018 թվականի 19/60, 16.08.2018 թվականի 19/66, 18.12.2018 թվականի 19/237, 05.09.2019 թվականի 361-Ա, 16.01.2020 թվականի 04-Ա, 02.03.2020 թվականի 153-Ա դժբախտ դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու մասին հրամանների համաձայն՝ Արմեն Մանուչարյանն ընդգրկվել է դժբախտ դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովներում: Տվյալ հրամաններում Արմեն Մանուչարյանի պաշտոնը նշվել է «Կենտրոնի տնօրենի օգնական» (հատոր 1-ին գթ 473-52),

9 Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքը ներկայացվել է այն հիմքով, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-60-րդ հոդվածները, 62-րդ, 67-րդ հոդվածները, 213-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 18-րդ հոդվածները, 10-րդ հոդվածի 3-րդ մասը, 11-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասը, 2.1-րդ մասը ( հատոր 2-րդ գթ 25-36)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության սահմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` Նախկին օրենսգիրք):

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով Նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննության օբյեկտը ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտն է, այլ ոչ թե` գործն ընդհանրապես, հետևաբար, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, Գևորգ Ալեքյանն ընդդեմ Վերգուշ, Արայիկ Բոզանյանների, Ջուլիետա Հովհաննիսյանի թիվ ԵԱԴԴ/0976/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Այսպիսով, հիմք ընդունելով վերաքննության սահմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները և առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի կարգավորումներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ևս մեկ անգամ նշել, որ սահմանափակ վերաքննության պայմաններում վերաքննության փուլում՝

1. վերանայման օբյեկտը պետք է լինի ստորադաս դատարանի կողմից կայացված և բողոքարկվող դատական ակտը, այլ ոչ՝ գործն ընդհանրապես:

2. բողոքարկվող դատական ակտը պետք է վերանայվի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

3. վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և դրանց հիմնավորումներին՝ քննարկման առարկա դարձնելով դրանցից յուրաքանչյուրը և կատարելով եզրահանգում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ վերաքննության սահմանների վերաբերյալ վերը նշված ընդհանուր կանոններին զուգահեռ օրենսդիրը նախատեսել է նաև որոշ բացառություններ: Այսպես.

1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները հիմք ընդունելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում առկա է 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի), Վերաքննիչ դատարանը չի առաջնորդվում ընդհանուր կանոնով և վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերը չի քննում, այլ անդրադառնում է միայն վերաքննիչ բողոքում տեղ գտած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված համապատասխան հիմքին, որի հիման վրա բեկանել է դատական ակտը: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման դեպքերում Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու ընդհանուր կանոնն այլևս չի գործում:

2Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդրի կողմից նախատեսվել է մեկ այլ բացառություն ևս, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ և 379-րդ հոդվածի 1-ին մասերի կարգավորումներից: Մասնավորապես՝ եթե առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, ապա Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքի հիմքերով և հիմնավորումներով: Այսինքն՝ անդրադառնալով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքին, որի հիման վրա բեկանում է դատական ակտը, վերաքննիչ դատարանը մյուս հիմքերին այլևս չի անդրադառնում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկայակոչված կարգավորման ուժով Վերաքննիչ դատարանը ոչ միայն չի անդրադառնում վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այլև չի սահմանափակվում բողոքի հիմքերով և հիմնավորումներով, և անկախ այն բանից՝ բողոքում տեղ է գտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, թե՝ ոչ, Վերաքննիչ դատարանը բեկանում է բողոքարկվող դատական ակտը:

3 Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է նաև այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավիճակում Վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված որոշ բացառություններ, ապա ընդհանուր կանոնի համաձայն՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանի, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյանների ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05052020 թվականի որոշումը):

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 

Սույն գործով դիմելով դատարան` Արմեն Մանուչարյանը պահանջել է Կազմակերպության տնօրենի 27042020 թվականի թիվ 172-Ա հրամանն անվավեր ճանաչել, իրեն վերականգնել նախկին աշխատանքում և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձ գանձել:

Դատարանը հայցը մասնակի բավարարելով պատճառաբանել է, որ «Դատարանը, հայցվորի հետ կնքված Աշխատանքային պայմանագրով սահմանված «Աշխատողի գործառույթները» գնահատելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լիազորության շրջանակներում, գտնում է, որ դժբախտ դեպքերի տեխնիկական քննության ուսումնասիրությունների կատարումը հանդիսանում է տվյալ կառույցի լիազորություններից և գործառույթներից բխող, մշտական բնույթ ունեցող գործունեություն: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանն արձանագրում է, որ Արմեն Մանուչարյանի հետ կնքված թիվ 221 Աշխատանքային պայմանագրով կատարվելիք աշխատանքի բնույթը, ինչպես նաև կատարման պայմանները պարունակում են անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրի տարրեր, ավելին, Աշխատանքային պայմանագրում առկա չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերը, ընդհակառակը՝ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Արմեն Մանուչարյանի միջև 21.06.2018 թվականին կնքված թիվ 221 աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է 2018 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը՝ առանց ընդհատման: Հետևաբար, Դատարանը հիմք ընդունելով վերը նշված փաստական հիմքերը և իրավակարգավորումները, գտնում է, որ Արմեն Գագիկի Մանուչարյանի և պատասխանող «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 21.06.2018 թվականի որոշակի ժամկետով կնքված թիվ 221 աշխատանքային պայմանագիրը օրենքի ուժով համարվել է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր: (…) Այսպիսով Դատարանը, գնահատելով «Արմեն Մանուչարյանի հետ կնքված Աշխատանքային պայմանագիրը լուծելու» մասին թիվ 172-Ա հրամանի իրավաչափությունը՝ իրավունքի գերակայության սկզբունքից ելնելով, հարկ է համարում ընդգծել, որ ընդունված անհատական իրավական ակտի հիմքում ընկած թիվ 221 Աշխատանքային պայմանագիրը Դատարանի կողմից օրենքի ուժով անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր համարելու պայմաններում թիվ 221 Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծված համարվել պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով»։

Վերաքննիչ դատարանը մերժել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(․․․) ուսումնասիրության առարկա դարձնելով գործատուի արձակած՝ սույն գործով վիճարկվող հրամանը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանում որպես աշխատանքային պայմանագրի լուծման իրավական հիմք նշված են՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 111-րդ հոդվածի 2-րդ մասը և 130-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության 34-րդ կետի 4-րդ և 11-րդ ենթակետերը, սակայն հրամանը որևէ նշում չի պարունակում աշխատանքային պայմանագրի լուծման փաստական հիմքի մասին։ Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի գնահատման՝ նշվածը բավարար է փաստելու, որ հրամանում փաստական հիմքի բացակայության պայմաններում սույն գործով վիճելի անհատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է անվավեր ճանաչման, (․․․)»։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից՝ նկատի ունենալով, որ սույն գործով Դատարանի՝ 23032021 թվականի վճռի դեմ Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում առկա չէ որևէ փաստարկ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի պահանջների խախտման վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և արձանագրելով, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու փաստական հիմքը հրամանում նշված չէ, ուստի հրամանը բոլոր դեպքերում ենթակա էր անվավեր ճանաչման, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից՝ խախտելով ինչպես վերաքննության սահմանները, այնպես էլ իրավական որոշակիության սկզբունքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոք ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-60-րդ հոդվածների, 62-րդ, 67-րդ հոդվածների, 213-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 18-րդ հոդվածների, 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 2.1-րդ մասի խախտման հիմքերով։ Մասնավորապես, բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ Դատարանը չի հետազոտել գործում առկա՝ Կազմակերպության ներկայացրած գրավոր ապացույցները և բացատրությունները, որոնց պատշաճ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման արդյունքում չէր հանգի սխալ եզրահանգման։ (․․․) Կազմակերպության կողմից հայցադիմումի պատասխանով առարկություն է հայտնվել, և ներկայացվել են մի շարք գրավոր ապացույցներ, որոնք Դատարանի կողմից ընդհանրապես չեն հետազոտվել: (․․․) Դատարանը նաև հետազոտել, սակայն չի մեկնաբանել և անդրադարձել Արտակարգ իրավիճակների նախարարի ընդունած երկու հրամանները, որոնք առկա են գործում (․․․):

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից՝ վերաքննության օբյեկտ դարձնելով ոչ թե Դատարանի 23032021 թվականի վճիռը՝ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այլ՝ գործն ընդհանրապես: Արդյունքում` քննության ենթարկելով միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումը և բացառելով բողոքի պահանջը որևէ կերպ բավարարվելու հնարավորությունը՝ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել են ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև հավելել, որ Վերաքննիչ դատարանը, դուրս գալով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, միաժամանակ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` իմաստազրկելով վերաքննության կարգով բողոքարկման ինստիտուտի էությունը: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Կազմակերպության փաստարկներին առ այն, որ տեխնիկական անվտանգության փորձաքննությունը այլ հասկացություն է, և այդ լիազորությունը տարբերվում է դժբախտ դեպքի տեխնիկական քննության գործառույթից: Բացի այդ, արձանագրելով, որ «(․․․) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքով Դատարանին վերագրվող այն խախտմանը, ըստ որի՝ Դատարանը չի անդրադարձել պատասխանողի ներկայացրած ապացույցներին և դրանք չի հետազոտել, ապա այս առումով բողոքաբերի նշած փաստարկները կրում են ընդհանրական բնույթ, քանի որ դրանցից պարզ չէ, թե կոնկրետ որ ապացույցները Դատարանը չի հետազոտել և ինչպես կարող էին դրանք ազդեցություն թողնել գործի ելքի վրա», Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքում մասնավորապես նշել է, որ Դատարանը պատշաճ չի գնահատել Կազմակերպության հաստիքացուցակի վերաբերյալ Արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ընդունված երկու հրամանները, որոնք առկա են գործում, «Դժբախտ դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու վերաբերյալ» թվով 19 հրամանները, ինչպես նաև Հայցվորի դիպլոմները, որոնցով, ըստ բողոքաբերի, պետք է հաստատվեր այն փաստը, որ հայցվորը հանդիսացել է պայմանագրային աշխատող (արտահաստիքային), ինչպես նաև այն, որ դժբախտ դեպքերի տեխնիկական քննություն իրականացնելու գործառույթը ընդհանրապես չի կարող որոշվել անորոշ ժամկետով:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չքննելով բողոքի հիմքերը և հիմնավորումները՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի խախտման հիմքով գործը նոր քննության ուղարկելու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալ հնարավոր չէ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ Կազմակերպության վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

 Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24092021 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան