Գլխավոր տեղեկություն
Համար
N 851-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.06.2023-09.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 09.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2022 թվականի N 851-Ն

 

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ-ԾՐԱԳԻՐ 4-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի «զ» կետի և 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման (այսուհետ՝ ծրագիր) նպատակով սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված օտարվող հատվածների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի, այլ գույքային իրավունքներ ունեցող անձանց շահերի նկատմամբ, քանի որ՝

ա. ծրագիրը նպատակաուղղված է համապետական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհաշինական ծրագրի իրականացման ապահովմանը,

բ. ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, կմեծանա առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ծախսերը, առավել հասանելի կդառնան սոցիալական ծառայությունները, շուկաները, կբացվեն նոր աշխատատեղեր, կստեղծվեն բարենպաստ տրանսպորտային պայմաններ հարակից բնակավայրերի բնակիչների համար, ազդակիր համայնքներում կտեղադրվեն հաղորդակցուղիների նոր համակարգեր, կմեծանա Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների տարանցիկ փոխադրումների հոսքը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականությունների օտարման, քանի որ վերջիններս գտնվում են ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածի և տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված օտարման գոտու սահմաններում, և անհնար է իրագործել ծրագիրն առանց տվյալ տարածքների օտարման.

3) օտարվող սեփականությունների նկատմամբ ճանաչված հանրության գերակա շահը չհիմնավորված վնաս չի պատճառում օտարվող սեփականության սեփականատերերին:

2. Հաստատել`

1) Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցման օտարման գոտին և կոորդինատները՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը.

2) օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2023 թվականի դեկտեմբերի 30-ն է.

3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) օտարվող սեփականության օտարումն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման 2.1-ին կետով հաստատված N 3 հավելվածի պահանջներին համապատասխան.

5) սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

(3-րդ կետը փոփ. 29.06.23 N 1052-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

09.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 9-ի N 851-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

հունիսի 9-ի N 851-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունիսի 2022 թվական: