Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.15/36(702) Հոդ.314
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2006 թվականի N 213-Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

1. Սահմանել փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը` համաձայն հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 23-ի N 213-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ) ԱՆՑՆԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է փրկարարական ծառայողի վերապատրաստում (որակավորում) (այսուհետ` վերապատրաստում) անցնելու կարգը:

2. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, մշտական մարտական պատրաստվածության ու օպերատիվ ծառայողական խնդիրների իրականացման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար փրկարարական ծառայողներն անցնում են վերապատրաստում:

3. Փրկարարական ծառայության ստորաբաժանումների ղեկավարները պատասխանատու են ծառայողների վերապատրաստման աշխատանքներն արդյունավետ և որակյալ կազմակերպելու համար:

4. Վերապատրաստման կազմակերպումը և վերահսկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանման կողմից:

(4-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1133-Ն)

5. Վերապատրաստման արդյունքների հաշվառումը կատարվում է`

ա) որակավորման ատեստատով, որը կցվում է ծառայողի անձնական գործին և լրացվում կադրային ստորաբաժանման կողմից: Որակավորման ատեստատի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը,

բ) հաշվառման մատյանով, որը լրացվում է կադրային ստորաբաժանման կողմից:

(5-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1133-Ն)

6. Փրկարարական ծառայության վարչությունների, ինքնուրույն բաժինների, Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից փրկարարական ծառայողների վերապատրաստման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացվում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանում:

7. Վերապատրաստում անցնող ծառայողը խրախուսվում և կարգապահական պատասխանատվության է ենթարկվում «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(7-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն)

8. Մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման նպատակով փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները, առանց աշխատանքն ընդհատելու կամ աշխատանքն ընդհատելով, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ պարտադիր պետք է անցնեն վերապատրաստման դասընթացներ:

9. Փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները վերապատրաստում անցնում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի համաձայն:

(9-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1133-Ն)

10. Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայողների ուսուցումը կազմակերպվում է փրկարարական ծառայության, ինչպես նաև այլ համապատասխան ուսումնական հաստատություններում (այդ թվում` օտարերկրյա):

Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայողների ուսուցման գործընթացը ղեկավարում է կադրային ստորաբաժանումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի:

(10-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, խմբ. 06.07.23 N 1133-Ն)

11. Փրկարարական ծառայության ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի համար ուսուցման կոնկրետ ժամկետները և բովանդակությունը որոշվում են ուսումնական պլաններով ու առարկայական ծրագրերով, որոնք մշակում են համապատասխան ուսումնական հաստատությունները` փրկարարական ծառայության շահագրգիռ ստորաբաժանումների հետ համատեղ:

12. Վերապատրաստման դասընթացներում փրկարարական ծառայության ծառայողների ուսուցումն իրականացվում է հեռանկարային պլանների հիման վրա (5 տարի ժամկետով): Պլանը մշակվում է ըստ ստորաբաժանումների և պաշտոնների: Վերապատրաստման ընդհանուր պահանջարկը (5 տարվա համար) որոշվում է` ելնելով փրկարարական ծառայողների յուրաքանչյուր կատեգորիայի հաստիքների թվից` պլանավորված ժամանակահատվածի վերջին տարվա դրությամբ, բացառությամբ`

ա) վերջին 2 տարվա ընթացքում անձնակազմի չհամալրված հաստիքների թվի միջին ցուցանիշի.

բ) ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ֆակուլտետներում հեռակա սովորող ծառայողների.

գ) այն ծառայողների, որոնց փրկարարական ծառայությունում ծառայության սահմանային տարիքը լրանալուն մնացել է 5 տարվանից պակաս ժամանակ.

դ) զբաղեցրած պաշտոնում 3 տարվանից պակաս ստաժ ունեցող անձանց, որոնք ենթակա են պլանավորված ժամկետում համակարգից ազատման` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

ե) այն կանանց, որոնք գտնվում են նախածննդյան, հետծննդյան կամ երեխային խնամելու արձակուրդում կամ ունեն մինչև 8 տարեկան երեխա:

13. Ուսումնական հաստատությունների ցանկը, սովորողների կատեգորիաները, նրանց թիվը, ինչպես նաև ուսուցման կոնկրետ ժամկետները որոշվում են վերապատրաստման տարեկան և եռամսյակային պլաններով: Պլանները մշակում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կադրային ստորաբաժանումը` համապատասխան ուսումնական հաստատությունների հետ համատեղ, ստորաբաժանումների կողմից մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ը ներկայացված հայտերի հիման վրա: Սույն կետում նշված տարեկան պլանները հաստատում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը, իսկ եռամսյակային պլանները` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը:

(13-րդ կետը խմբ. 09.08.12 N 1014-Ն, փոփ. 06.07.23 N 1133-Ն)

14. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային ստորաբաժանումները, ուսումնական հաստատությունները կազմում են ուսուցման ենթակա փրկարարական ծառայողների ցուցակները՝ դրա մասին տեղեկացնելով նրանց ղեկավարներին:

(14-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, խմբ. 06.07.23 N 1133-Ն)

15. Ուսուցման ավարտից հետո հաջողությամբ ստուգարքներ և քննություններ հանձնած փրկարարական ծառայողներին տրվում են սահմանված նմուշի վկայականներ, որոնց ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով:

(15-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1133-Ն)

16. Դասընթացների ընթացքում անբավարար առաջադիմություն ցուցաբերած փրկարարական ծառայողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը կարող է վերանայվել ատեստավորման կարգով` նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա:

Դասընթացների ընթացքում ցուցաբերված գերազանց և լավ առաջադիմությունը հաշվի է առնվում փրկարարական ծառայողի առաջխաղացման հարցի քննարկման ժամանակ:

17. Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում 1-ին անգամ պաշտոնի նշանակված, ծառայության բնույթը փոխած փրկարարական ծառայողները, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները (պաշտոնի նշանակվելուց հետո) տվյալ պաշտոնում իրենց գործառության պարտականությունը հաջող կատարելու համար նոր գիտելիքներ, գործնական հմտություններ և ունակություններ ձեռք բերելու նպատակով անցնում են վերապատրաստում` ստաժավորման ձևով:

Ստաժավորման տևողությունը 30 օր է:

Ստաժավորումը հիմնականում անցկացվում է ծառայության վայրում: Անհրաժեշտության դեպքում այն կարող է անցկացվել Հայաստանի փրկարար ծառայության այլ ստորաբաժանումներում և ուսումնական հաստատություններում:

18. Ստաժավորումը կազմակերպում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, որոնք պարտավոր են`

ա) հրամանով սահմանել ստաժավորման վայրը, ժամկետը, հաստատել ստաժավորման անհատական պլանները և նշանակել ստաժավորման ղեկավարներին,

բ) հսկողություն սահմանել ստաժավորման ղեկավարների և ստաժավորվողների աշխատանքների նկատմամբ,

գ) ստաժավորման ավարտից հետո ստաժավորվողի հետ անցկացնել զրույց,

դ) հաստատել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը:

(18-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1133-Ն)

19. Ստաժավորման ղեկավարը պարտավոր է`

ա) ստաժավորվողների հետ համատեղ մշակել անհատական պլան և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը.

բ) ստաժավորվողին ծանոթացնել իր գործառութային պարտականություններին և ստորաբաժանման խնդիրներին.

գ) ներկա լինել ստաժավորվողի կողմից առավել բարդ հանձնարարությունների կատարմանը.

դ) հսկել ստաժավորման պլանի կատարման ընթացքը.

ե) ստաժավորվողին ցույց տալ անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն.

զ) ստաժավորվողի հետ միասին նախապատրաստել ստաժավորման արդյունքների մասին հաշվետվությունը և այն ներկայացնել ղեկավարի հաստատմանը:

20. Ծառայողների պրակտիկ գործունեության ընթացքում, նպատակ ունենալով կատարելագործելու ծառայողի մասնագիտական վարպետությունը և ապահովելու նրանց մշտական մարտական պատրաստվածությունն ու որակները, որոնք անհրաժեշտ են ամենօրյա ծառայողական խնդիրների հաջող իրականացման համար, փրկարարական ծառայողներն անցնում են ծառայողական պատրաստականություն` որպես վերապատրաստման տեսակ:

21. Ծառայողական պատրաստականությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի հրամանով, որում սահմանվում են պարապմունքների անցկացման օրը, ժամերը և պատասխանատուները:

Ծառայողական պատրաստականության պարապմունքների ընթացքում ուսումնասիրվում են համապատասխան ծառայությունների խնդիրներին վերաբերող մասնագիտական բնույթի, տեխնիկական պատրաստականությանը, տեղագրությանը, քաղաքացիական պաշտպանությանը, առաջին բուժօգնությանը և անձնակազմի ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարմանը նպաստող այլ հարցեր:

(21-րդ կետը փոփ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1133-Ն)

22. Ծառայողական պատրաստականության պարապմունքների կազմակերպման նպատակով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ձևավորվում են ուսումնական խմբեր` 20 մարդուց ոչ ավելի թվով` հաշվի առնելով պաշտոնների խմբերը, ծառայությունը և նշանակվում են խմբերի ղեկավարներ:

Ծառայողական պատրաստականության ուսուցման տարեկան առարկայական պլանները կազմում են փրկարարական ծառայության ստորաբաժանումների և ուսումնական հաստատությունների ապարատները` հաշվի առնելով անձնակազմի ծառայողական գործունեության առանձնահատկություններն ու անձնակազմի մասնագիտական պատրաստականության մակարդակը: Ուսումնական խմբերի ղեկավարներն ստուգում են անձնակազմի գիտելիքները` հարցազրույցի և ստուգողական պարապմունքների միջոցով:

23. Փրկարարական ծառայողների ծառայողական պատրաստականության պարապմունքների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է փրկարարական ծառայության կադրային ստորաբաժանման կողմից, որը տեղերում ցույց է տալիս գործնական և մեթոդական օգնություն` դրանք արդյունավետ կազմակերպելու համար:

(հավելվածը փոփ., խմբ. 09.08.12 N 1014-Ն, 06.07.23 N 1133-Ն)
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան