Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.08.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15683/02/18

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/15683/02/18

Նախագահող դատավոր՝

 Ն. Բարսեղյան

Դատավորներ՝

 Ա. Խառատյան

 Ս. Թորոսյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. անտոնյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի օգոստոսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Անդրանիկ Ասիլբեկյանի ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Անդրանիկ Ասիլբեկյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի և իր միջև 18.07.2013 թվականին թիվ RL 176553 վարկային պայմանագիրը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 09.10.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.02.2020 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.10.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Կամո Պետրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 14-րդ, 289-րդ, 290-րդ, 303-րդ, 304-րդ, 305-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել դատարան ներկայացրած բոլոր ապացույցները, մասնավորապես՝ օրինական ուժ ստացած դատական ակտը, փորձագետի եզրակացությունը։ Սույն գործում առկա չէ այնպիսի ապացույց, որով կհիմնավորվեր, որ պայմանագիրը չի ստորագրվել հայցվորի կողմից և հայցվորը չի իմացել պայմանագրի գոյության մասին։ Ինչ վերաբերում է փորձագետի եզրակացությանը, ապա այն գնահատվել է դատարանի դատավճռով և սույն գործով հայցվորը ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր, այսինքն՝ նշված եզրակացությամբ չնայած տրվել է հավանական եզրակացություն, սակայն Անդրանիկ Ասիլբեկյանն ընդունել է, որ ստորագրել է Բանկի հետ պայմանագիր և տուժել է ամբաստանյալների գործողություններից, որի համար էլ դատարանը բավարարել է քաղաքացիական հայցը։ Նշված փորձագիտական եզրակացությամբ փորձագետը չի կարողացել հանգել կատեգորիկ եզրակացության և հնարավոր չի եղել պարզելու՝ արդյոք այդ պայմանագրում կատարված ստորագրությունները կատարվել են հայցվորի, թե՝ մեկ այլ անձի կողմից, գրաֆիկական նյութի սակավության պատճառով։ Այսինքն՝ նման եզրակացությամբ ոչինչ չի հիմնավորվել և այս պայմաններում հնարավոր է, որ հենց ինքն էլ ստորագրել է, հետևաբար Դատարանը չի կարող ուսումնասիրել և դատական ակտի հիմքում դնել այնպիսի ապացույց, որից հնարավոր չլինի պարզել որոշակի փաստի առկայությունը կամ բացակայությունը։

Ինչ վերաբերում է քրեական գործով դատավճռին, ապա դրանով հաստատվել է այն հանգամանքը, որ ամբաստանյալների արարքներից տուժել է նաև Անդրանիկ Ասիլբեկյանը, որի կողմից կնքված պայմանագրի արդյունքում վերջինիս չի տրամադրվել ապրանքը և տիրացել են դրան վստահությունը չարաշահելու եղանակով և այդ հիմքով պայմանագրի կնքման և ապրանքը չտրամադրելու պատճառով վերջինս ճանաչվել է տուժող և բավարարվել է քաղաքացիական հայցը։

Ինչ վերաբերում է թիվ ԵԷԴ/1193/02/14 քաղաքացիական գործին դատարանը նշել է, որ դրանով հաստատել է գումարի բռնագանձման իրավաչափությունը, սակայն դատարանը հաշվի չի առել կամ չի ցանկացել նշել այն, որ այդ գումարի բռնագանձման իրավաչափությունը հիմնված է եղել հենց վիճարկվող պայմանագրի վրա և որպես փաստ ուսումնասիրվել և հաստատվել է այն։ Քրեական գործի դատավճռով և փորձագետի եզրակացությամբ չի հաստատվել այնպիսի հանգամանք, որ նշված պայմանագիրն անվավեր է, հակառակը՝ նշված պայմանագրի հիմքով Անդրանիկ Ասիլբեկյանը ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր։ Դատարանը չի հիմնավորել նշված գործարքը վիճահարույց է, թե՝ առոչինչ։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը, միայն հղում կատարելով քրեական գործով դատավճռին և փորձագետի եզրակացությանը, գործարքն անվավեր է ճանաչել։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.02.2020 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի և Անդրանիկ Ասիլբեկյանի միջև 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագրով Բանկի և «Եփրեմ Նավասարդյան» անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված համագործակցության վերաբերյալ պայմանագրի համաձայն՝ վարկային հայտի հիման վրա Բանկը Վարկառու-Գրավատուին միանվագ անկանխիկ տրամադրել է 225.000 ՀՀ դրամ գումարի չափով սպառողական վարկ, մինչև 20.07.2015 թվականը մարման ժամկետով, տարեկան 22 տոկոս անվանական տոկոսադրույքով (հատոր 1-ին, գ.թ. 127):

2) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.07.2014 թվականի թիվ ԵԷԴ/1193/02/14 վճռով հայցն ընդդեմ Անդրանիկ Ասիլբեկյանի` 312228,50 ՀՀ դրամ որպես վարկի ընդհանուր պարտքի և 6244,57 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարի բռնագանձման, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ 23.04.2014 թվականից մինչև դրա փաստացի մարումը օրական 0.1 տոկոսով, հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.1 կետով նախատեսված տոկոսադրույքը, տոկոսների հաշվարկը շարունակելու, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ 23.04.2014 թվականից մինչև դրա փաստացի մարումը 0.3 տոկոս յուրաքանչյուր ուշացած օրվա համար, հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.2 կետը, տույժերի հաշվարկը շարունակելու պահանջների մասին, բավարարվել է։ Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 86-90):

3) Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագետի եզրակացության համաձայն` Անդրանիկ Ասիլբեկյանի անվամբ 18.07.2013 թվականին գործում առկա 18.07.2013 թվականի վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի թիվ RL176553 պայմանագրի 1-ին և 2-րդ թերթերի ստորին աջ մասերում «Ասիլբեկյան Անդրանիկ Կամսարի» տպագիր գրառումների տակ, 3-րդ թերթի ստորին «Վարկառուի ստորագրություն» տպագիր գրառումների տակ 18.07.13 թվականի դիմումի 3-րդ թերթի ստորին մասում` «Ասիլբեկյան Անդրանիկ Կամսարի» տպագիր գրառումների դիմաց տեղավորված ստորագրությունները պիտանի չեն համեմատական հետևության համար տառ չկազմող տառադարձության և ինֆորմատիվ գրաֆիկ նյութերի սակավության պատճառով: Ուստի պարզել` Անդրանիկ Ասիլբեկյանի, Արման Տոնոյանի, Գոհար Մանուկյանի, Հերմինե Թովմասյանի, Մարտիկ Սարգսյանի կամ այլ անձի կողմից են կատարվել հետազոտելի ստորագրությունները, հնարավոր չէ (հատոր 1-ին, գ.թ. 10-56):

4) ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 07.07.2016 թվականի թիվ ԱՐԴ/0141/01/14 դատավճռով վճռվել է դատապարտյալներ Մարտիկ Սարգսյանի և Հերմինե Թովմասյանի տնտեսությունից և դրամական միջոցներից համապարտության կարգով հօգուտ /.../ Անդրանիկ Ասիլբեկյանի բռնագանձել 200000 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործությամբ անմիջականորեն նրանց պատճառված նյութական վնասի հատուցում: Հիշյալ դատավճռով հաստատված է համարվել, որ Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանն Անդրանիկ Ասիլբեկյանի և մի խումբ անձանց վստահությունը չարաշահելու եղանակով, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նրանց հրավիրել են Էջմիածին քաղաքի Մաշտոցի թիվ 59 հասցեում գտնվող Եփրեմ Նավասարդյանին պատկանող Խանութ-սրահի հարևանությամբ գործող սրճարան և հերթով տարել Արման Տոնոյան անհատ ձեռնարկատիրոջ խանութ, առանց քաղաքացիների գիտության նրանց անձնագրերի հիման վրա կատարել նոութբուքերի, պլանշետների և համակարգիչների ձեռքբերման գործարքներ: Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանը, իբրև սոցիալական օգնություն, հիշյալ անձանց վճարել են 20.000 ՀՀ դրամից 30.000-ական ՀՀ դրամ, որից հետո հափշտակել են առանձնապես խոշոր չափի ընդհանուր 7.725.000 ՀՀ դրամ արժողության 34 նոութբուքեր, պլանշետներ և համակարգիչներ, որոնք շուկայականից ցածր գնով վերավաճառվել են (հատոր 1-ին, գ.թ. 57-67):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ և 303-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմքերին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է` նույն oրենuգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիuին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ։ Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ (տե՛ս, Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցները ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն (տե´ս, «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարկային պայմանագրի անվավերության պահանջի դեպքում ապացուցման առարկայի մեջ է մտնում վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը, վարկատուի կողմից վարկի գումարը փոխառուին տրամադրած լինելը, ընդ որում, պարտավորության դադարած լինելու հանգամանքը ապացուցված չլինելու դեպքում, գործում է պարտավորության առկայության կանխավարկածը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Անդրանիկ Ասիլբեկյանի միջև 18.07.2013 թվականին կնքվել է թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագրով Անդրանիկ Ասիլբեկյանին տրամադրվել է միանվագ անկանխիկ 225.000 ՀՀ դրամ գումարի չափով սպառողական վարկ։

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 24.07.2014 թվականի թիվ ԵԷԴ/1193/02/14 օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի հայցն ընդդեմ Անդրանիկ Ասիլբեկյանի` 312228,50 ՀՀ դրամ որպես 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային պայմանագրով սահմանված ընդհանուր պարտքի և 6244,57 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարի բռնագանձման, ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ 23.04.2014 թվականից մինչև դրա փաստացի մարումը օրական 0.1 տոկոսով, հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.1 կետով նախատեսված տոկոսադրույքը, տոկոսների հաշվարկը շարունակելու, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամբ 23.04.2014 թվականից մինչև դրա փաստացի մարումը 0.3 տոկոս յուրաքանչյուր ուշացած օրվա համար, հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.2 կետը, տույժերի հաշվարկը շարունակելու պահանջների մասին, բավարարվել է։

Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագետի եզրակացությամբ նշվել է, որ Անդրանիկ Ասիլբեկյանի անվամբ 18.07.2013 թվականին գործում առկա 18.07.2013 թվականի վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի թիվ RL176553 պայմանագրում արված ստորագրությունները պիտանի չեն համեմատական հետևության համար տառ չկազմող տառադարձության և ինֆորմատիվ գրաֆիկ նյութերի սակավության պատճառով, հետևաբար հնարավոր չէ պարզել` Անդրանիկ Ասիլբեկյանի, թե այլ անձի կողմից են կատարվել հետազոտելի ստորագրությունները։

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 07.07.2016 թվականի թիվ ԱՐԴ/0141/01/14 դատավճռով վճռվել է դատապարտյալներ Մարտիկ Սարգսյանի և Հերմինե Թովմասյանի տնտեսությունից և դրամական միջոցներից համապարտության կարգով հօգուտ /.../ Անդրանիկ Ասիլբեկյանի բռնագանձել 200000 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործությամբ անմիջականորեն նրանց պատճառված նյութական վնասի հատուցում: Հիշյալ դատավճռով հաստատված է համարվել, որ Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանն Անդրանիկ Ասիլբեկյանի և մի խումբ անձանց վստահությունը չարաշահելու եղանակով, հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նրանց հրավիրել են Էջմիածին քաղաքի Մաշտոցի թիվ 59 հասցեում գտնվող Եփրեմ Նավասարդյանին պատկանող Խանութ-սրահի հարևանությամբ գործող սրճարան և հերթով տարել Արման Տոնոյան անհատ ձեռնարկատիրոջ խանութ, առանց քաղաքացիների գիտության նրանց անձնագրերի հիման վրա կատարել նոութբուքերի, պլանշետների և համակարգիչների ձեռքբերման գործարքներ: Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանը, իբրև սոցիալական օգնություն, հիշյալ անձանց վճարել են 20.000 ՀՀ դրամից 30.000-ական ՀՀ դրամ, որից հետո հափշտակել են առանձնապես խոշոր չափի ընդհանուր 7.725.000 ՀՀ դրամ արժողության 34 նոութբուքեր, պլանշետներ և համակարգիչներ, որը շուկայականից ցածր գնով վերավաճառվել է։

Դատարանը, հայցը բավարարելով, պատճառաբանել է, որ հայցվորի կողմից չի ստորագրվել 18.07.2013 թվականի թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագիրը: ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 07.07.2016 թվականի թիվ ԱՐԴ/0141/01/4 քրեական գործով վճռվել է` Դատապարտյալներ և սույն գործով քաղաքացիական պատասխանողներ Մարտիկ Սարգսյանի և Հերմինե Թովմասյանի տնտեսությունից և դրամական միջոցներից համապարտության կարգով հօգուտ տուժող` Անդրանիկ Ասիլբեկյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ: Տվյալ դեպքում գործով ներկայացված հայցի առարկան` Բանկի և Անդրանիկ Ասիլբեկյանի միջև 18.07.2012 թվականին կնքված թիվ RL176553 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելն է: Հայցի փաստական հիմքում հայցվորը դրել է այն փաստական հանգամանքները, որ վիճելի պայմանագիրը կնքված չէ, հետևաբար վիճելի պայմանագիրը պետք է անվավեր ճանաչել:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, հաստատված է համարել Դատարանի պատճառաբանությունները և արձանագրել է, որ «․․․ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկներին առ այն, որ թիվ ԵԷԴ/1193/02/14 քաղաքացիական գործով հայցի հիմքում դրվել է վիճարկվող պայմանագիրը և դատարանը հաստատել է, որ այն վավեր է` բավարարելով Բանկի հայցը, ավելին, պատասխանող Անդրանիկ Ասիլբեկյանը գործի քննության ընթացքում որևէ առարկություն չի ներկայացրել, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ դրանք ևս անհիմն են, նկատի ունենալով, որ թիվ ԵԷԴ/1193/02/14 քաղաքացիական գործով հայցի առարկան է հանդիսացել, հետևաբար նաև քննարկվել է ոչ թե «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերության /Բանկ/ և Անդրանիկ Կամսարի Ասիլբեկյանի /Վարկառու-Գրավատու/ միջև 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագրի վավերությունը, այլ նշված պայմանագրի հիման վրա Բանկի կողմից ներկայացված գումարի բռնագանձման պահանջի իրավաչափությունը, ինչը որևէ կերպ չի կարող դիտվել սույն գործով վիճարկվող պայմանագրի վավերականության համատեքստում։»։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

1 Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

2. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

3. Դատարանը հետազոտված ապացույցը ճանաչում է անարժանահավատ, եթե դրա հետազոտման, գնահատման կամ այլ ապացույցների հետ համադրման արդյունքով հաստատվում է, որ դրանում պարունակվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

4. Դատարանի համար որևէ փաստ նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Բանկի և Անդրանիկ Ասիլբեկյանի միջև 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագրով հիմնավորվել է, որ կողմերի միջև առկա են եղել վարկային հարաբերություններ։ Ավելին՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում թիվ ԵԷԴ/1193/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում քննվել է Բանկի հայցն ընդդեմ Անդրանիկ Ասիլբեկյանի` 312228,50 ՀՀ դրամ որպես 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային պայմանագրով սահմանված ընդհանուր պարտքի և 6244,57 ՀՀ դրամ նախապես մուծված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջը, որը 24.07.2014 թվականին բավարարվել է և մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ գործով Բանկի և Անդրանիկ Ասիլբեկյանի միջև 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագրից բխող պահանջների դեպքում ապացուցման առարկայի մեջ է մտել վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը, վարկատուի կողմից վարկի գումարը փոխառուին տրամադրած լինելը։ Անդրանիկ Ասիլբեկյանը չի առարկել հայցի դեմ, հայցի դեմ չի կիրառել որևէ պաշտպանական միջոց՝ հայցադիմումի պատասխան կամ հակընդդեմ հայց, ինչը նշանակում է, որ հաստատվում է վարկային պայմանագրի առկայությունը։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն, որ սույն գործի քննության շրջանակներում անգամ չի ապացուցվել վեճի առարկա վարկային պայմանագիրն Անդրանիկ Ասիլբեկյանի կողմից ստորագրված չլինելու հանգամանքը, մինչդեռ ստորադաս ատյանները հաստատված են համարել, որ Անդրանիկ Ասիլբեկյանը չի ստորագրել 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային պայմանագիրը, թեև գործում առկա միակ ապացույցը՝ Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված փորձագետի եզրակացությունն է, որով արձանագրվել է, որ «Ասիլբեկյան Անդրանիկ Կամսարի» տպագիր գրառումների դիմաց տեղավորված ստորագրությունները պիտանի չեն համեմատական հետևության համար տառ չկազմող տառադարձության և ինֆորմատիվ գրաֆիկ նյութերի սակավության պատճառով: Ուստի պարզել` Անդրանիկ Ասիլբեկյանի կամ այլ անձի կողմից են կատարվել հետազոտելի ստորագրությունները, հնարավոր չէ։

Այսինքն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս ատյանների կողմից 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմքում դրվել է հայցվորի կողմից այն ստորագրված չլինելը և պայմանագրի անվավերության որևէ այլ հիմք չի նշվել։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 07.07.2016 թվականի թիվ ԱՐԴ/0141/01/14 դատավճռով հաստատված այն հանգամանքներին, որ Մարտիկ Սարգսյանը և Հերմինե Թովմասյանն Անդրանիկ Ասիլբեկյանի և մի խումբ անձանց վստահությունը չարաշահելու եղանակով հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նրանց հրավիրել են Էջմիածին քաղաքի Մաշտոցի թիվ 59 հասցեում գտնվող Եփրեմ Նավասարդյանին պատկանող խանութ-սրահի հարևանությամբ գործող սրճարան և հերթով տարել Արման Տոնոյան անհատ ձեռնարկատիրոջ խանութ, առանց քաղաքացիների գիտության նրանց անձնագրերի հիման վրա կատարել նոութբուքերի, պլանշետների և համակարգիչների ձեռքբերման գործարքներ, ապա դրանցով ևս հաստատվում է, որ վերջիններիս հետ վստահությունը չարաշահելու եղանակով կնքվել են վարկային պայմանագրեր, ուստիև նրանք քրեական գործով ճանաչվել են տուժողներ և դատավճռով վճռվել է դատապարտյալներ Մարտիկ Սարգսյանի և Հերմինե Թովմասյանի տնտեսությունից և դրամական միջոցներից համապարտության կարգով հօգուտ Անդրանիկ Ասիլբեկյանի բռնագանձել 200000 ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ անմիջականորեն նրանց պատճառված նյութական վնասի հատուցում։ Վճռաբեկ դատարանը հավելում է, որ 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագիրը կնքվել է Բանկի և Անդրանիկ Ասիլբեկյանի միջև, ուստիև Բանկը չի կարող տուժել դատավճռով դատապարտյալներ Մարտիկ Սարգսյանի և Հերմինե Թովմասյանի կատարած գործողություններից։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա չեն Բանկի և Անդրանիկ Ասիլբեկյանի միջև 18.07.2013 թվականին կնքված թիվ RL176553 վարկային և կոշտ գրավի, բանկային հաշվի բացման պայմանագիրն անվավեր ճանաչելու հիմքերը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է որ՝

 Անդրանիկ Ասիլբեկյանից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական ծախսերը կազմված են միայն պետական տուրքի գումարից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.02.2020 թվականի որոշումը և այն փոփոխել` Անդրանիկ Ասիլբեկյանի հայցն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի՝ վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Անդրանիկ Ասիլբեկյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

Անդրանիկ Ասիլբեկյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. անտոնյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան