Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 30.06.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.10.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2965/02/17

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2965/02/17

Նախագահող դատավոր

 Հ. Ենոքյան

Դատավորներ

 Ն. Մարգարյան

 Կ. Համբարձումյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Թագուհի Ամիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սոնա Առաքելյանի, Արմենուհի Սարգսյանի, Մանյակ Սարգսյանի ընդդեմ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի, Գայանե Առաքելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Թագուհի Ամիրյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և որպես հետևանք` ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սոնա Առաքելյանը, Արմենուհի Սարգսյանը և Մանյակ Սարգսյանը պահանջել են իրենց ճանաչել 29.05.2002 թվականին մահացած Թոռնիկ Առաքելյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ և այդ հիմքով որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի նոտար Ս. Հովհաննիսյանի կողմից 10.06.2011 թվականին պատասխանողներ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի և Գայանե Առաքելյանի անվամբ տրված (սեղանամատյանի գրանցում թիվ 484) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը։

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Խաչատրյան) 01.02.2019 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` կողմերի կնքած հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր Լ Գրիգորյան, դատավորներ Ա Պետրոսյան, Դ Սերոբյան) 06.02.2020 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձանց՝ Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2019 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Մարգարյան) (այսուհետ՝ Դատարան) 26.03.2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:

Դատարանի 14.12.2020 թվականի որոշմամբ Թագուհի Ամիրյանը ներգրավվել է որպես սույն քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Դատարանի 06.05.2021 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2021 թվականի որոշմամբ Դատարանի 06.05.2021 թվականի վճիռը բեկանվել է և հաստատվել է կողմերի հաշտության համաձայնությունը։

Վճռաբեկ բողոք է ներկայացրել Թագուհի Ամիրյանը (ներկայացուցիչ Աստղիկ Պապիկյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սոնա Առաքելյանը, Արմենուհի Սարգսյանը և Մանյակ Թորոսյանը (ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 61-րդ, 151-րդ և 375-րդ հոդվածները:

Բողոքաբերը նշված պնդումները պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված է համարվել ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող 003-016 կադաստրային ծածկագիրը կրող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասը (այսուհետ նաև՝ Հողամաս) և 97,77 քմ մակերեսով բնակելի տունը (այսուհետ նաև՝ Բնակելի տուն) Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի կողմից տասը տարի բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ, որպես սեփական գույք, տիրապետելու փաստն ու դրա նկատմամբ ճանաչվել է նրանց սեփականության իրավունքը: Միաժամանակ հաստատվել է, որ 14.03.2013 թվականից ի վեր ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող Հողամասը և Բնակելի տունը Թոռնիկ Առաքելյանի ժառանգության զանգվածի մեջ չի մտել, ուստի դրա վերաբերյալ հաշտության համաձայնությունը չէր կարող հաստատվել:

Վերաքննիչ դատարանի հաստատած հաշտության համաձայնությունը խախտում է ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող գույքի սեփականատեր Թագուհի Ամիրյանի իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանը 29.10.2019 թվականին նոտարական կարգով վավերացված պայմանագրով իրենց համատեղ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղ 1-ին փողոց, թիվ 12 հասցեում գտնվող գույքն օտարել են բողոքաբերին, որից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում: Նշված ապացույցի հիման վրա Դատարանը Թագուհի Ամիրյանին սույն քաղաքացիական գործով ներգրավել է որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, բայց հաշտության համաձայնությունը չի ստորագրվել բողոքաբեր Թագուհի Ամիրյանի կողմից:

Վերաքննիչ դատարանի հաստատած հաշտության համաձայնությունը պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, քանի որ ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող գույքը չի պատկանում սույն գործով պատասխանողներին և պարզ չէ, թե հաստատված հաշտության համաձայնությամբ նրանք ինչ են պարտավոր կատարել: Ավելին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող գույքի նկատմամբ պատասխանողների սեփականության իրավունքը գրանցված չէ:

Բողոքարկված դատական ակտում առկա չէ նշում բողոքաբերի՝ որպես սույն գործով երրորդ անձ ներգրավված լինելու մասին: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքաբերի ներկայացրած վերաքննիչ բողոքի պատասխանին և դրա մասին նշում չի կատարել դատական ակտում:

Վերաքննիչ դատարանը հաշտության համաձայնությունը հաստատելիս անտեսել է գործում եղած ապացույցները, այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով ապացուցման կարիք չունեցող փաստերը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` մերժե­լ հայցը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործին մասնակից դարձած անձանց միջև կնքված հաշտության համաձայնագիրը որևէ ձևով չի շոշափել երրորդ անձի իրավունքներն ու օրինական շահերը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ Արագածոտնի մարզի «ԱՊԱՐԱՆ» նոտարական տարածքի նոտար Սիրեկան Հովհաննիսյանի կողմից 10.06.2011 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով (սեղանամատյանի գրանցում թիվ 484 (այսուհետ՝ նաև Վկայագիր)) 20.05.2002 թվականին մահացած Թոռնիկ Թադևոսի Առաքելյանի ժառանգներ են ճանաչվել Բուրաստան Դավթյանը, Գևորգ Առաքելյանը և Գայանե Առաքելյանը:

Նշվել է, որ ժառանգական գույքը, որի համար Վկայագիրը տրվել է, բաղկացած է՝

«1. ՀՀ Արագածոտն մարզի, Ափնա գյուղում գտնվող 0.3135 (զրո ամբողջ երեք հազար հարյուր երեսունհինգ) հեկտար տնամերձ հողամասից, ծածկագիր՝ 0003-034, 376.4 (երեք հարյուր յոթանասունվեց ամբողջ չորս) ք.մ. մակերեսով բնակելի տնից, 70.12 (յոթանասուն ամբողջ տասներկու) ք.մ. մակերեսով գոմից, 24.87 (քսանչորս ամբողջ ութսունյոթ) ք.մ. մակերեսով հացատնից:

2. 0.207 (զրո ամբողջ երկու հարյուր յոթ) հեկտար տնամերձ հողամասից, ծածկագիր՝ 003-016, 118.8 (հարյուր տասնութ ամբողջ ութ) ք.մ. մակերեսով բնակելի տնից. (...)» (հատոր 1-ին, գ.թ. 11):

2) Թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի ընդդեմ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի և Գայանե Առաքելյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և անհիմն հարստացման հետևանքով գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է հայցվորներ Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 97,77 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, իսկ անհիմն հարստացման հետևանքով գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2012 թվականի որոշմամբ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի և Գայանե Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշմամբ Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2012 թվականի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012 թվականի վճռին (հատոր 3-րդ, գ.թ. 18-26):

3) 14.05.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թիվ 14052013-02-0036 վկայականի համաձայն՝ ՀՀ Արագածոտն մարզի Ափնագյուղ համայնքի 1-ին փողոցի 12-րդ հասցեում գտնվող 0,207 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016) և 97,77 ք.մ. մակերեսով բնակելի տան (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016-001) նկատմամբ գրանցվել է Նորայր Սարգսյանի և Գայանե Խաչատրյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 27):

4) Նորայր Սարգսյանի և Գայանե Խաչատրյանի, որպես վաճառողների, և Թագուհի Ամիրյանի, որպես գնորդի, միջև 29.10.2019 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վաճառողները վաճառել, իսկ գնորդը ձեռք է բերել ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ գյուղի 1-ին փողոցի 12-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած 0,207 հա մակերեսով հողամասից (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016) և 97,77 ք.մ. մակերեսով բնակելի տնից (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016-001) (հատոր 5-րդ, գ.թ. 40-42):

5) ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2021 թվականի վճռով հայցը մերժվել է։

6) Վերաքննիչ դատարանը 25.11.2021 թվականի որոշմամբ Դատարանի 06.05.2021 թվականի վճիռը բեկանել և հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.

«(…) Սոնա Թոռնիկի Առաքելյանը, Արմենուհի Թոռնիկի Սարգսյանը և Մանյակ Թոռնիկի Առաքելյանը (այսուհետ Կողմ-1) մի կողմից, և Բուրաստան Հայկի Դավթյանը, Գևորգ Թոռնիկի Առաքելյանը և Գայանե Թոռնիկի Առաքելյանը (այսուհետ Կողմ 2) մյուս կողմից, (այսուհետ միասին՝ Կողմեր), (…) կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1 Թոռնիկ Թադևոսի Առաքելյանը մահացել է 29.05.2002թ.-ին (այսուհետ՝ Ժառանգատու)։

2 Կողմ-1-ը հանդիսանում են ժառանգատուի երեխաները։

3 Ժառանգատուի մահից հետո ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի նոտար Ս. Հովհաննիսյանի կողմից 10.06.2011թ.-ին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Կողմ-2-ի անվամբ։ Բացի վկայագրում նշված ժառանգներից առաջին հերթի ժառանգ են հանդիսանում նաև Կողմ-1-ը։

4 Կողմ-1-ը Ժառանգատուի մահից հետո փաստացի տիրապետել են ժառանգական զանգվածի մեջ մտնող անշարժ գույքերը, կատարել վճարումներ, կրել գույքի պահպանման հոգսը:

5 Կնքելով սույն հաշտության համաձայնությունը, Կողմ-2-ը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Կողմ-1-ը Սոնա Թոռնիկի Առաքելյանը, Արմենուհի Թոռնիկի Սարգսյանը և Մանյակ Թոռնիկի Առաքելյանը ճանաչվեն 29.05.2002թ.-ին մահացած Թոռնիկ Թադևոսի Առաքելյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով որպես հետևանք մասնակի անվավեր ճանաչվի ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի նոտար Ս. Հովհաննիսյանի կողմից 10.06.2011թ.-ին Կողմ-2-ի Բուրաստան Հայկի Դավթյանի, Գևորգ Թոռնիկի Առաքելյանի և Գայանե Թոռնիկի Առաքելյանի անվամբ տրված (սեղանամատյանում գրանցում թիվ 484) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա Բուրաստան Հայկի Դավթյանի, Գևորգ Թոռնիկի Առաքելյանի և Գայանե Թոռնիկի Առաքելյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և յուրաքանչյուր ժառանգ ճանաչվի ժառանգությունն ընդունած՝ հավասար բաժնեմասերով, յուրաքանչյուրը՝ 1/6 բաժնեմասով։

(…)

8 Սույն համաձայնագրի հիման վրա կայացվելիք դատական ակտից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Բուրաստան Հայկի Դավթյան 1/6-րդ, Գևորգ Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ, Գայանե Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ, Սոնա Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ, Արմենուհի Թոռնիկի Սարգսյան 1/6-րդ, և Մանյակ Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ բաժնեմասերով» (…) (հատոր 7-րդ, գ.թ. 53-56, հատոր 8-րդ, գ.թ. 113-116):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հաշտության համաձայնությունը հաստատելու դատարանի լիազորության կիրառման պայմաններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով (...) կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

Տնօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարության հիմնաքարային սկզբունքներից է, որը յուրաքանչյուրի համար երաշխավորում է սեփական հայեցողությամբ իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները տնօրինելու հնարավորություն: Մասնավորապես, տնօրինչականության սկզբունքը կողմերին ընձեռում է իրենց հայեցողությամբ օրենքով նախատեսված որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից հրաժարվելու ազատություն:

Տնօրինչականության սկզբունքն իր արտահայտումը գտել է դատարանի վարույթում գտնվող վեճը դատավարության ցանկացած փուլում հաշտության համաձայնությամբ ավարտելու գործին մասնակցող անձանց վերապահված հնարավորությամբ: Ընդ որում՝ հաշտության համաձայնությունը գործին մասնակցող անձանց համատեղ կամահայտնության արդյունքն է, այսինքն՝ երկկողմանի փոխհամաձայնեցված տնօրինչական գործողությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական կարգով կնքված հաշտության համաձայնությանը, արձանագրել է, որ հաշտության համաձայնությունը կողմերի միջև փոխզիջման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածություն է, որը հաստատվում է դատարանի կողմից: Հաշտության համաձայնություն կնքելը տնօրինչական դատավարական գործողություն է, որի միջոցով կողմերը տնօրինում են ինչպես իրենց նյութական, այնպես էլ` դատավարական իրավունքները: Մասնավորապես, կնքելով նման համաձայնություն` կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ որոշակի փոփոխության են ենթարկում վիճելի իրավահարաբերությունը` այդ իրավահարաբերության շրջանակներում ստանձնելով նոր պարտավորություններ կամ վիճելի իրավահարաբերությունը փոխարինելով մեկ այլ իրավահարաբերությամբ կամ ուղղակիորեն դադարեցնելով այն: Վերը նշվածում դրսևորվում է հաշտության համաձայնության նյութաիրավական (քաղաքացիաիրավական) կողմը: Հաշտության համաձայնությամբ կողմերը միաժամանակ տնօրինում են իրենց դատավարական իրավունքները, ինչի արդյունքում դատավարության հետագա ընթացքը գործի վարույթի կարճմամբ դադարում է: Նշվածում էլ դրսևորվում է հաշտության համաձայնության դատավարական կողմը: Ընդ որում, հաշտության համաձայնությունը հաստատող դատարանի վճիռն իր դատավարական նշանակությամբ և հետևանքներով հավասարեցված է գործն ըստ էության լուծող վճռին, որի կամավոր չկատարումը հանգեցնում է դատական ակտի հարկադիր կատարման (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հաշտության համաձայնությամբ գործին մասնակցող անձինք զիջումների միջոցով փոխադարձաբար ընդունելի պայմաններով նորովի որոշում են իրենց իրավունքներն ու պարտականությունները, և վեճը լուծելու պայմանները միմյանց հետ համաձայնեցնելով դադարեցնում են իրենց միջև ծագած դատական վեճը: Այդուհանդերձ դատական վեճը լուծելու նպատակով փոխադարձաբար ընդունելի պայմաններ սահմանելու տնօրինչականության գործողություն կատարելու ազատությունը սահմանափակված է օրինականության սկզբունքի պահպանման պահանջով: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝

1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.

2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.

3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.

4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:

Շարադրված իրավանորմերից բխում է, որ հաշտության համաձայնությունը գործին մասնակցող անձանց փոխհամաձայնեցված կամքն արտահայտելու հետ մեկտեղ չպետք է հակասի օրենքին կամ այլ իրավական ակտերին, չխախտի այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը, չպարունակի այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել, չպարունակի այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ: Հետևաբար` հաշտության համաձայնությունը հաստատելու փուլում դատարանի վերահսկողության առարկան կազմում է հաշտության համաձայնությամբ օրինականության սկզբունքի պահանջները պահպանված լինելու հարցի պարզումը: Եթե հաշտության համաձայնության ուսումնասիրության արդյունքում դատարանը բացահայտում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պայմաններից որևէ մեկի առկայությունը, ապա չի հաստատում այն և գործի քննությունը շարունակվում է: Ուստի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պայմաններից մեկի առկայությունը հաշտության համաձայնության հաստատումը բացառող հանգամանք է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնօրինչական գործողություններն օրինականության սկզբունքի պահպանմամբ՝ դատարանի վերահսկողության ներքո կատարելու անհրաժեշտությունն օրինականության սկզբունքի ապահովման նախադրյալն է: Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքում հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանը պարտավոր է պարզել այդպիսի հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը:

Հաշտության համաձայնությունը հաստատելիս օրինականության սկզբունքի պահպանությունն ապահովելը կարևորվում է այն տեսանկյունից, որ դատական ակտը կարող է անբարենպաստ հետևանքներ ունենալ երրորդ անձանց քաղաքացիական հարաբերությունների վրա՝ անուղղակի առնչվելով նրանց որևէ իրավունքին կամ կողմերի միջև հաստատված հարաբերություններին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածով հաշտության համաձայնություն կնքելու իրավունք վերապահված է գործին մասնակցող անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը տարբերակում է վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող և ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց: Երրորդ անձանց երկու տեսակների միջև սկզբունքային տարբերությունը կայանում է վեճի առարկայի նկատմամբ նրանց շահագրգռվածությամբ:

Առաջինի դեպքում գործի մեջ մտնելու հիմքը հարուցված վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջի առկայությունն է: Դրանից ելնելով՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք հարուցված քաղաքացիական գործի մեջ մտնում են սկզբնական հայցով հայցվորի և/կամ պատասխանողի դեմ հայցադիմում ներկայացնելու միջոցով և օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը:

Նշված նորմերից հետևում է, որ եթե վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից, ապա կարող են նաև վեճը լուծել հաշտության համաձայնությամբ:

Ի տարբերություն վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց՝ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք հայցվորի կամ պատասխանողի կողմից քաղաքացիական գործին մասնակցում են իրենց շահերը պաշտպանելու համար՝ նկատի ունենալով, որ դատական ակտը կարող է ազդել կողմերից մեկի նկատմամբ նրա իրավունքների կամ պարտականությունների վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:

Ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց մասով օրենսգիրքն ուղղակի բացառում է նրանց կողմից հաշտության համաձայնություն կնքելու հնարավորությունը: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հաշտության համաձայնության հաստատումը բացառող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների բացակայությունը պարզելու դատարանի պարտականությունն ուղղված է նաև ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի իրավունքների պաշտպանությանը:

Ճիշտ է, լինելով գործին մասնակցող անձ՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձն իրավունք չունի կնքել հաշտության համաձայնություն և ուղղակիորեն չի կարող ազդել դրա բովանդակության և պայմանների վրա, այդուհանդերձ պետք է պաշտպանված լինի այն ռիսկից, որ գործին մասնակցող անձինք կկնքեն իր իրավունքներն ու օրինական շահերը խախտող հաշտության համաձայնություն: Ներկայացված դեպքերում կարևորվում է դատարանի դերը՝ պարզել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանների առկայությունը և չհաստատել հաշտության համաձայնությունը, եթե այն խախտում է այլ անձի, այդ թվում՝ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձի, իրավունքները կամ օրինական շահերը:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան՝ Սոնա Առաքելյանը, Արմենուհի Սարգսյանը և Մանյակ Սարգսյանը պահանջել են իրենց ճանաչել 29.05.2002 թվականին մահացած Թոռնիկ Առաքելյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ և այդ հիմքով որպես հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի նոտար Ս. Հովհաննիսյանի կողմից 10.06.2011 թվականին պատասխանողներ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի և Գայանե Առաքելյանի անվամբ տրված (սեղանամատյանի գրանցում թիվ 484) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը։

ՀՀ Արագածոտնի մարզի «ԱՊԱՐԱՆ» նոտարական տարածքի նոտար Սիրեկան Հովհաննիսյանի կողմից 10.06.2011 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրում նշվել է, որ ժառանգական գույքը բաղկացած է՝

«1. ՀՀ Արագածոտն մարզի, Ափնա գյուղում գտնվող 0.3135 (զրո ամբողջ երեք հազար հարյուր երեսունհինգ) հեկտար տնամերձ հողամասից, ծածկագիր՝ 0003-034, 376.4 (երեք հարյուր յոթանասունվեց ամբողջ չորս) ք.մ. մակերեսով բնակելի տնից, 70.12 (յոթանասուն ամբողջ տասներկու) ք.մ. մակերեսով գոմից, 24.87 (քսանչորս ամբողջ ութսունյոթ) ք.մ. մակերեսով հացատնից:

2. 0.207 (զրո ամբողջ երկու հարյուր յոթ) հեկտար տնամերձ հողամասից, ծածկագիր՝ 003-016, 118.8 (հարյուր տասնութ ամբողջ ութ) ք.մ. մակերեսով բնակելի տնից. (...)»:

Թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի ընդդեմ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի և Գայանե Առաքելյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և անհիմն հարստացման հետևանքով գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է հայցվորներ Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 97,77 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, իսկ անհիմն հարստացման հետևանքով գույքը վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2012 թվականի որոշմամբ Բուրաստան Դավթյանի, Գևորգ Առաքելյանի և Գայանե Առաքելյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.04.2013 թվականի որոշմամբ Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2012 թվականի որոշումը բեկանվել է և օրինական ուժ է տրվել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.04.2012 թվականի վճռին:

14.05.2013 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թիվ 14052013-02-0036 վկայականի համաձայն՝ ՀՀ Արագածոտն մարզի Ափնագյուղ համայնքի 1-ին փողոցի 12-րդ հասցեում գտնվող 0,207 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016) և 97,77 ք.մ. մակերեսով բնակելի տան (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016-001) նկատմամբ գրանցվել է Նորայր Սարգսյանի և Գայանե Խաչատրյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Նշված փաստերից բխում է, որ Վկայագրում ներառված գույքերից՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող Հողամասի և Բնակելի տան նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է Գայանե Խաչատրյանի և Նորայր Սարգսյանի սեփականության իրավունքը, որը 14.05.2013 թվականին ենթարկվել է պետական գրանցման:

Նորայր Սարգսյանի և Գայանե Խաչատրյանի, որպես վաճառողների, և Թագուհի Ամիրյանի, որպես գնորդի, միջև 29.10.2019 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վաճառողները վաճառել, իսկ գնորդը ձեռք է բերել ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Ափնագյուղ գյուղի 1-ին փողոցի 12-րդ հասցեում գտնվող անշարժ գույքը՝ բաղկացած 0,207 հա մակերեսով հողամասից (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016) և 97,77 ք.մ. մակերեսով բնակելի տնից (կադաստրային ծածկագիրը՝ 02-023-0003-0016-001):

Գործի քննության ընթացքում նշված պայմանագիրը ներկայացվել է Դատարանին, որի հաշվառմամբ Դատարանը 14.12.2020 թվականի որոշմամբ նշված պայմանագրով գնորդին՝ Թագուհի Ամիրյանին, ներգրավվել է որպես սույն քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ:

Դատարանի 06.05.2021 թվականի վճռով հայցը մերժվել է։ Վերաքննիչ դատարանը 25.11.2021 թվականի որոշմամբ Դատարանի 06.05.2021 թվականի վճիռը բեկանել և հաստատել է կողմերի հաշտության համաձայնությունը՝ հետևյալ բովանդակությամբ.

«(…) Սոնա Թոռնիկի Առաքելյանը, Արմենուհի Թոռնիկի Սարգսյանը և Մանյակ Թոռնիկի Առաքելյանը (այսուհետ Կողմ-1) մի կողմից, և Բուրաստան Հայկի Դավթյանը, Գևորգ Թոռնիկի Առաքելյանը և Գայանե Թոռնիկի Առաքելյանը (այսուհետ Կողմ 2) մյուս կողմից, (այսուհետ միասին՝ Կողմեր), (…) կնքեցին սույն հաշտության համաձայնությունը հետևյալի մասին.

1 Թոռնիկ Թադևոսի Առաքելյանը մահացել է 29.05.2002թ.-ին (այսուհետ՝ Ժառանգատու)։

2 Կողմ-1-ը հանդիսանում են ժառանգատուի երեխանները։

3 Ժառանգատուի մահից հետո ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի նոտար Ս. Հովհաննիսյանի կողմից 10.06.2011թ.-ին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Կողմ-2-ի անվամբ։ Բացի վկայագրում նշված ժառանգներից առաջին հերթի ժառանգ են հանդիսանում նաև Կողմ-1-ը։

4 Կողմ-1-ը ժառանգատուի մահից հետո փաստացի տիրապետել են ժառանգական զանգվածի մեջ մտնող անշարժ գույքերը, կատարել վճարումներ, կրել գույքի պահպանման հոգսը:

5 Կնքելով սույն հաշտության համաձայնությունը, Կողմ-2-ը տալիս է իր համաձայնություն առ այն, որ Կողմ-1-ը Սոնա Թոռնիկի Առաքելյանը, Արմենուհի Թոռնիկի Սարգսյանը և Մանյակ Թոռնիկի Առաքելյանը ճանաչվեն 29.05.2002թ.-ին մահացած Թոռնիկ Թադևոսի Առաքելյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և այդ հիմքով որպես հետևանք մասնակի անվավեր ճանաչվի ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի նոտար Ս. Հովհաննիսյանի կողմից 10.06.2011թ.-ին Կողմ-2-ի Բուրաստան Հայկի Դավթյանի, Գևորգ Թոռնիկի Առաքելյանի և Գայանե Թոռնիկի Առաքելյանի անվամբ տրված (սեղանամատյանում գրանցում թիվ 484) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, դրա հիման վրա Բուրաստան Հայկի Դավթյանի, Գևորգ Թոռնիկի Առաքելյանի և Գայանե Թոռնիկի Առաքելյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և յուրաքանչյուր ժառանգ ճանաչվի ժառանգությունն ընդունած՝ հավասար բաժնեմասերով, յուրաքանչյուրը՝ 1/6 բաժնեմասով։ (…)

8 Սույն համաձայնագրի հիման վրա կայացվելիք դատական ակտից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Բուրաստան Հայկի Դավթյան 1/6-րդ, Գևորգ Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ, Գայանե Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ, Սոնա Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ, Արմենուհի Թոռնիկի Սարգսյան 1/6-րդ, և Մանյակ Թոռնիկի Առաքելյան 1/6-րդ բաժնեմասերով»:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաստատել է սույն գործով հայցվորների և պատասխանողների միջև կնքված հաշտության համաձայնությունն այն դեպքում, երբ այն պարունակել է դրույթներ մի գույքի և դրա իրավական ճակատագրի վերաբերյալ, որը սեփականության իրավունքով պատկանել է սույն քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Թագուհի Ամիրյանին:

Մասնավորապես, հայցվորներ Սոնա Առաքելյանը, Արմենուհի Սարգսյանը, Մանյակ Առաքելյանը մի կողմից և պատասխանողներ Բուրաստան Դավթյանը, Գևորգ Առաքելյանը և Գայանե Առաքելյանը մյուս կողմից հաշտության են եկել առ այն, որ պատասխանողները ճանաչվեն 29.05.2002 թվականին մահացած Թոռնիկ Առաքելյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ, որպես հետևանք մասնակի անվավեր ճանաչվեն Վկայագիրը, պատասխանողների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, և յուրաքանչյուր ժառանգ ճանաչվի ժառանգությունն ընդունած՝ հավասար բաժնեմասերով, յուրաքանչյուրը՝ 1/6 բաժնեմասով։ Նույն համաձայնությամբ սահմանվել է, որ դատական ակտից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման յուրաքանչյուր ժառանգի համար 1/6-րդ բաժնեմասով:

Հաստատելով հաշտության համաձայնությունը՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վկայագրում ներառված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 97,77 քմ մակերեսով բնակելի տան սեփականատերը սույն քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Թագուհի Ամիրյանն է, ուստի հայցվորներն ու պատասխանողներն իրավասու չէին հաշտության համաձայնության առարկա դարձնել այդ գույքերն ու փոխադարձաբար որոշել դրա իրավական ճակատագիրը:

Հետևաբար` նշված հաշտության համաձայնությունը խախտում է երրորդ անձ Թագուհի Ամիրյանի՝ որպես ՀՀ Արագածոտնի մարզի Ափնա գյուղի 1-ին փողոցի 12 տուն հասցեում գտնվող 0,207 հա մակերեսով տնամերձ հողամասի և 97,77 քմ մակերեսով բնակելի տան սեփականատիրոջ իրավունքները, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի կողմից չպետք է հաստատվեր:

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները և վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի 25.11.2021 թվականի որոշումը բեկանելու համար:

Հաշտության համաձայնությունը հաստատելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չի իրականացրել Սոնա Առաքելյանի, Արմենուհի և Մանյակ Սարգսյանների վերաքննիչ բողոքի քննություն, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերապահված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2021 թվականի որոշումը և Սոնա Առաքելյանի, Արմենուհի և Մանյակ Սարգսյանների վերաքննիչ բողոքն ըստ էության քննելու նպատակով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն:

Նկատի ունենալով, որ վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելու նպատակով գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի քննության այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին։ Դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2021 թվականի որոշումն ու գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան