ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/1256/02/19 2023 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/1256/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան |
2022 թվականի սեպտեմբերի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․09․2021 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մխիթար Մաթևոսյանի ընդդեմ Արմեն Դալլաքյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մխիթար Մաթևոսյանը պահանջել է Արմեն Դալլաքյանից բռնագանձել 400․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, և բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող գույքի և պատասխանողին պատկանող այլ գույքի վրա:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ․ Զաքարյան) 16․04․2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի: Արմեն Դալլաքյանից հօգուտ Մխիթար Մաթևոսյանի բռնագանձվել է պարտավորության ընդհանուր գումարը՝ 390.000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամ՝ վճարման պահի փոխարժեքով:
Պարտավորության չափով բռնագանձումը տարածվել է գրավի առարկա հանդիսացող, Արմեն Դալլաքյանին «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 50 տոկոս բաժնեմասի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում` պատասխանողին պատկանող այլ գույքի վրա: Պարտավորության գումարին՝ 390.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվեգրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ՝ սկսած 01․01․2020 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, և այդ գումարները ևս բռնագանձվել են Արմեն Դալլաքյանից հօգուտ Մխիթար Մաթևոսյանի:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10․09․2021 թվականի որոշմամբ Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 16․04․2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Դալլաքյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մխիթար Մաթևոսյանը (ներկայացուցիչ Ա. Պողոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ, 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից պատասխանողին 390.000 ԱՄՆ դոլար տալու փաստը հաստատված է համարել՝ առանց այդ փաստն ապացուցող որևէ հանգամանքի՝ պնդելով, թե իբր դա հաստատված է թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով, մինչդեռ իրականում նշված գործով այդ փաստը չի հաստատվել: Այդ մասին է վկայում ոչ միայն այն, որ «գործի փաստերը» բաժնում նման փաստ հաստատված չէ (այդ բաժնում վկայակոչված է միայն «Հայտարարություն» վերնագրված փաստաթուղթը), այլև այն, որ Դատարանն իր վճռի պատճառաբանական մասում հատուկ ընդգծել է, որ տրված գումարի չափը չի պարզել և այդ հարցը ենթակա է պարզման այլ գործի քննության շրջանակներում: Դատարանն այդ վճռով արձանագրել է, որ կողմերի իրական կամքն ուղղված է եղել փոխառության իրավահարաբերությունների ծագմանը, քանի որ Արմեն Դալլաքյանը պարտավորվել է Մխիթար Մաթևոսյանի կողմից ներդրած գումարները վերադարձնել մինչև 31․12․2019 թվականը, ընդ որում, գումարները ստանալու դեպքում պատասխանողն իր հերթին պարտավորվել է վերադարձնել հայցվորին առուվաճառքի պայմանագրով ձեռք բերված հիմնարկության 100% բաժնեմասը։ Այսինքն՝ նշված դատական ակտով չի հաստատվել Արմեն Դալլաքյանի պարտավորության գումարի չափը։
Տվյալ դեպքում, ստորադաս դատարանները չեն գնահատել վերը նշված և գործում առկա ապացույցները համակցության մեջ, խախտել են դատական ակտի նախադատելիության պայմանները, ինչը նշանակում է, որ խախտվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ, 66-րդ հոդվածներով սահմանված պահանջները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.09.2021 թվականի որոշումը և հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Մխիթար Մաթևոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքում նշված չէ, թե ինչում է արտահայտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտումը և ինչպես է այն ազդել գործի ելքի վրա:
Վճռում ուղղակիորեն նշված են պատասխանողի առարկությունները և պատասխանողի ներկայացրած ապացույցները, որոնք վերաբերում են փոխառության պայմանագիրը անփողության հիմքով վիճարկելուն, հայտարարության մեջ նշված ավտոմեքենան չստանալուն, հայցվորից իրականում գումարներ չստանալուն, պատասխանողի ներկայացրած «Յունիբանկ» ԲԲԸ-ի տեղեկանքին, 10.000 ԱՄՆ դոլարը ստանալու դեմ առարկություններին և այլն:
Ապացուցման ենթակա փաստերը Դատարանը սահմանել է «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» 04.02.2021 թվականի որոշմամբ, և նշված փաստերից յուրաքանչյուրը հիմնավորող կամ հերքող ապացույցը Դատարանը գնահատել է դատական ակտի պատճառաբանական մասում:
Վճռաբեկ բողոքում բողոքաբերը չի նշել, թե Դատարանը հատկապես որ հանգամանքները հաշվի չի առել, արդյոք Դատարանը պարտավոր էր այդ հանգամանքները հաշվի առնել օրենքի տեսանկյունից և հաշվի առնելու դեպքում արդյոք այդ հանգամանքները կարող էին ազդել գործի ելքի վրա, թե` ոչ, եթե այո, ապա ինչպես:
«Հայտարարություն» վերնագրված փաստաթուղթը կազմելու օրվա՝ 27.04.2016 թվականի դրությամբ Արմեն Դալլաքյանին պատկանել է Ընկերության բաժնեմասերի միայն 50 տոկոսը, ինչից հետևում է, որ «Հայտարարության» մեջ նշված «Արմեն Դալլաքյանը Մխիթար Մաթևոսյանին տրամադրում է «Սարջոն» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100 տոկոսը» ձևակերպման ներքո պետք է հասկանալ Արմեն Դալլաքյանին պատկանող ամբողջ բաժնեմասը, որը կազմում է Ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը:
Թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27.02.2018 թվականի վճիռն Արմեն Դալլաքյանը չի բողոքարկել, այսինքն՝ ընդունել է, որ իր և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված Ընկերության բաժնեմասերի 50 տոկոս առուվաճառքի պայմանագիրը հանդիսանում է փոխառության և գրավի պայմանագիր:
Դատարանն իրավացիորեն է հիմք ընդունել թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27.02.2018 թվականի վճռով հաստատված փաստերը, որոնք սույն գործով կրկին ապացուցման ենթակա չեն:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
1․ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27.02.2018 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած վճռով Արմեն Դալլաքյանի հայցն ընդդեմ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի, երրորդ անձ՝ «Սարջոն» ՍՊԸ-ի՝ գործարքներն առոչինչ ճանաչելու և առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի։ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է. «Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
«Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Արմեն Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի նկատմամբ ճանաչել Մխիթար Մաթևոսյանի՝ որպես գրավառուի իրավունքը, ինչպես նաև 27.04.2016 թվականին ընկերության մասնակից Արմեն Դալլաքյանի միջև ծագած փոխառության պարտավորություններով՝ փոխատուի իրավունքը:
Հայցապահանջը՝ 23.02.2015 թվականին Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասով, մերժել (…)»:
Նշված վճռով դատարանն արձանագրել է, որ 27.04.2016 թվականին կազմվել է «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթ հետևյալի մասին․ «Արմեն Դալլաքյանը և Մխիթար Մաթևոսյանը եկել են հետևյալ համաձայնության․Արմեն Դալլաքյանը Մխիթար Մաթևոսյանին տրամադրում է «Սարջոն» ՍՊԸ-ի բաժնեմասերի 100%-ը, որի դիմաց Մխիթար Մաթևոսյանը ներ է դնում «Սարջոն» ՍՊ ընկերությունում 400.000 ԱՄՆ դոլար, որն իր մեջ ներառում է 139.000 ԱՄՆ դոլար Կոնվերս բանկի ընդհանուր վարկը, 100.000 ԱՄՆ դոլար մուծվել է մինչև փետրվարի 28-ը լույսի, գազի և վարկի մուծումները: Եվս 55.000 ԱՄՆ դոլար տրվում է Սարգիս Դալլաքյանին, որպեսզի վճարի Յունիբանկի վարկային պարտավորությունները:
26.000 ԱՄՆ դոլար վճարվել է մարտ, փետրվար ամիսների վարկը: 21.500 ԱՄՆ դոլար տրվել է Արմեն Դալլաքյանին և 15.000 ԱՄՆ դոլարի մեքենա: Եվս 33.000 ԱՄՆ դոլար տրվել է հայտարարության կազմման պահին Արմեն Դալլաքյանին:
Մխիթար Մաթևոսյանն Արմեն Դալլաքյանին մնում է պարտք 10.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վճարել մինչև 05.08.2016 թվականը:
Մխիթար Մաթևոսյանը պարտավորվում է նաև չօտարել հիմնարկի գույքը և ժամանակին կատարել հիմնարկի բոլոր մուծումները:
Մինչև 31.12.2019 թվականը սկսած 28.04.2016 թվականից Մխիթար Մաթևոսյանն իր ներդրած գումարը Արմեն Դալլաքյանից ստանալու դեպքում պարտավորվում է վերադարձնել հիմնարկության 100% բաժնեմասը:
Հայտարարությունը վավերացվել է Արմեն Դալլաքյանի, Մխիթար Մաթևոսյանի և քարտուղար Է. Նահապետյանի ստորագրություններով և «Սպարապետ» ՍՊ ընկերության կնիքով»:
Նշված վճռով, ի թիվս այլնի, դատարանն արձանագրել է, որ «Հայտարարություն» վերնագրված փաստաթղթի վերլուծությունից հետևում է, որ Մխիթար Մաթևոսյանը, վճարելով Ընկերության պարտավորությունները, միաժամանակ իր հերթին պարտավորվել է չօտարել հիմնարկի գույքը և ժամանակին կատարել հիմնարկի բոլոր մուծումները, իսկ մինչև 31.12.2019 թվականը՝ սկսած 28.04.2016 թվականից, Մխիթար Մաթևոսյանն իր ներդրած գումարը Արմեն Դալլաքյանից ստանալու դեպքում պարտավորվում է վերադարձնել հիմնարկության 100% բաժնեմասը։
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված` բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը հանդիսանում է շինծու` առոչինչ գործարք, որով իրականում քողարկվել է փոխառության գործարք` ապահովված գույքի գրավով։ Միաժամանակ Դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կողմերը վիճարկում են «Հայտարարության» մեջ գրված և հանձնված գումարի չափը, այսինքն, հնարավոր չէ սույն գործի քննության շրջանակներում ճշտել կողմերի միմյանց հանդեպ ունեցած դրամական պարտավորությունների չափը, գտել է, որ այն ենթակա է քննության մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում (հատոր 1-ին, գ․թ․ 12-24)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ, 66-րդ հոդվածների այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակցող նույն անձանց միջև նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերի նախադատելի նշանակության իրավական խնդրին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նույնաբովանդակ նորմի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին։
Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք։ Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն` ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում։ Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե´ գործին մասնակցող անձանց, թե´ դատարանի վրա։ Հետևաբար նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ նախադատելիության օբյեկտիվ սահմանների որոշման համար էական նշանակություն ունի հետևյալ երկու դատավարական կանոնների պահպանումը`
1) վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը դատարանը պարզում է միայն oրենքով նախատեuված կարգով ձեռք բերված և հետազոտված ապացույցների միջոցով (բացառություն են կազմում միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված դեպքերը).
2) դատարանը պարզում է միայն գործին մաuնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպեu նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքներ): Այս կանոնը կիրառելիս դատարանը պարտավոր է առաջնորդվել հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով, որի փոփոխման բացառիկ իրավունքը պատկանում է հայցվորին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է ապացուցման առարկայի` վեճի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ճիշտ որոշման հարցը, քանի որ դատարանի կողմից ապացուցման առարկայի սահմանների կամայական (առանց դատավարական նախադրյալի` հայցվորի կամահայտնության) ընդլայնումը բերում է այդ գործով կայացված դատական ակտով հաստատված որոշակի հանգամանքների նախադատելիության բացառման (տե´ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ, զարգացնելով վերը նշված դիրքորոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ սահմաններ և սուբյեկտային շրջանակի սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով:
Նախադատելիության սուբյեկտային շրջանակի սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարել ընդգծել, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես՝ այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:
Նշված նորմի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է՝ միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե´ս, Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նախադատելի նշանակություն կարող են ունենալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստական հանգամանքները, այլ ոչ թե դրանք հաստատող ապացույցները: Միաժամանակ հաշվի առնելով, որ ապացույցների թույլատրելիության ընդհանուր կանոնի համաձայն գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել բացառապես օրենքով նախատեսված ապացույցներով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած գործն ըստ էության լուծող դատական ակտն այն ապացույցն է, որով հիմնավորվում է տվյալ փաստի նախադատելի բնույթը, և փաստը նախադատելի ճանաչելիս դատարանը պետք է մատնանշի այդ դատական ակտը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27.02.2018 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած վճռով Արմեն Դալլաքյանի հայցը բավարարվել է մասնակի։ Նշված վճռով դատարանը, ի թիվս այլ փաստերի, հաստատել է, որ 27.04.2016 թվականին կազմվել է «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթ՝ հետևյալի մասին․ «Արմեն Դալլաքյանը և Մխիթար Մաթևոսյանը եկել են հետևյալ համաձայնության․ Արմեն Դալլաքյանը Մխիթար Մաթևոսյանին տրամադրում է «Սարջոն» ՍՊԸ-ին բաժնեմասերի 100%-ը, որի դիմաց Մխիթար Մաթևոսյանը ներ է դնում «Սարջոն» ՍՊ ընկերությունում 400.000 ԱՄՆ դոլար, որն իր մեջ ներառում է 139.000 ԱՄՆ դոլար Կոնվերս բանկի ընդհանուր վարկը, 100.000 ԱՄՆ դոլար մուծվել է մինչև փետրվարի 28-ը լույսի, գազի և վարկի մուծումները: Եվս 55.000 ԱՄՆ դոլար տրվում է Սարգիս Դալլաքյանին, որպեսզի վճարի Յունիբանկի վարկային պարտավորությունները: 26.000 ԱՄՆ դոլար վճարվել է մարտ, փետրվար ամիսների վարկը: 21.500 ԱՄՆ դոլար տրվել է Արմեն Դալլաքյանին և 15.000 ԱՄՆ դոլարի մեքենա: Եվս 33.000 ԱՄՆ դոլար տրվել է հայտարարության կազմման պահին Արմեն Դալլաքյանին: Մխիթար Մաթևոսյանն Արմեն Դալլաքյանին մնում է պարտք 10.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վճարել մինչև 05.08.2016 թվականը: Մխիթար Մաթևոսյանը պարտավորվում է նաև չօտարել հիմնարկի գույքը և ժամանակին կատարել հիմնարկի բոլոր մուծումները: Մինչև 31.12.2019 թվականը սկսած 28.04.2016 թվականից Մխիթար Մաթևոսյանը իր ներդրած գումարը Արմեն Դալլաքյանից ստանալու դեպքում պարտավորվում է վերադարձնել հիմնարկության 100% բաժնեմասը: Հայտարարությունը վավերացվել է Արմեն Դալլաքյանի, Մխիթար Մաթևոսյանի և քարտուղար Է. Նահապետյանի ստորագրություններով և «Սպարապետ» ՍՊ ընկերության կնիքով»:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտել է, որ Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված` բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը հանդիսանում է շինծու` առոչինչ գործարք, որով իրականում քողարկվել է փոխառության գործարք` ապահովված գույքի գրավով։ Միաժամանակ Դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կողմերը վիճարկում են «Հայտարարության» մեջ գրված և հանձնված գումարի չափը, այսինքն, հնարավոր չէ սույն գործի քննության շրջանակներում ճշտել կողմերի՝ միմյանց հանդեպ ունեցած դրամական պարտավորությունների չափը, գտել է, որ այն ենթակա է քննության մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում:
Սույն գործով դիմելով դատարան` Մխիթար Մաթևոսյանը պահանջել է Արմեն Դալլաքյանից բռնագանձել 400․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես փոխառության գումար, և բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող գույքի և պատասխանողին պատկանող այլ գույքի վրա:
Դատարանը հայցը բավարարել է մասնակի, վճռել է` Արմեն Դալլաքյանից հօգուտ Մխիթար Մաթևոսյանի բռնագանձել պարտավորության ընդհանուր գումարը՝ 390.000 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամը՝ վճարման պահի փոխարժեքով:Պարտավորության չափով բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող, Արմեն Դալլաքյանին «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով պատկանող 50 տոկոս բաժնեմասի վրա, իսկ դրա անբավարարության դեպքում` պատասխանողին պատկանող այլ գույքի վրա: Պարտավորության գումարին՝ 390.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամին, հաշվեգրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսի դրույքաչափը՝ սկսած 01․01․2020 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, և այդ գումարները ևս բռնագանձել Արմեն Դալլաքյանից հօգուտ Մխիթար Մաթևոսյանի:
Վերաքննիչ դատարանը Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով կայացված վճռով հաստատված փաստական հանգամանքները սույն գործով ունեն նախադատելի նշանակություն և ենթակա չեն կրկնակի ապացուցման։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով դատարանն արդեն իսկ հաստատել է, որ Մխիթար Մաթևոսյանը վճարել է «Սարջոն» ՍՊԸ-ի պարտավորությունները, իսկ «Հայտարարություն» վերնագրված փաստաթղթից երևում է, որ թեև ընդհանուր գումարը կազմել է 400․000 ԱՄՆ դոլար, սակայն դրանից 10.000 ԱՄՆ դոլարը Մխիթար Մաթևոսյանն Արմեն Դալլաքյանին մնացել է պարտք և պարտավորվել է այն վճարել մինչև 05․08․2016 թվականը:
Առաջնորդվելով հայցվորի կողմից կանխորոշված հայցի առարկայի և հիմքի սահմաններով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ սույն գործով ապացուցման առարկան է կազմել Արմեն Դալլաքյանի կողմից Մխիթար Մաթևոսյանին 400․000 ԱՄՆ դոլար գումար վերադարձնելու պարտավորության առկայության փաստը։
Սույն գործում առկա ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27.02.2018 թվականին կայացված, օրինական ուժի մեջ մտած վճռով Արմեն Դալլաքյանի հայցը բավարարվել է մասնակի՝ Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվել է առոչինչ՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր է ճանաչվել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Արմեն Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի նկատմամբ ճանաչվել է Մխիթար Մաթևոսյանի՝ որպես գրավառուի իրավունքը, ինչպես նաև 27.04.2016 թվականին «Սարջոն» ՍՊԸ-ի մասնակից Արմեն Դալլաքյանի միջև ծագած փոխառության պարտավորություններով՝ փոխատուի իրավունքը: Հայցապահանջը՝ 23.02.2015 թվականին Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև կնքված բաժնեմասի նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասով, մերժվել է։ Նշված վճռով արձանագրվել է, որ կողմերը վիճարկում են «Հայտարարության» մեջ գրված և հանձնված գումարի չափը, այսինքն, հնարավոր չէ սույն գործի քննության շրջանակներում ճշտել կողմերի միմյանց հանդեպ ունեցած դրամական պարտավորությունների չափը, հետևաբար այն ենթակա է քննության մեկ այլ քաղաքացիական գործի շրջանակներում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերի համադրմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27.02.2018 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել են այն հանգամանքները, որ կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը շինծու գործարք է, դրանով քողարկվել են իրականում կողմերի միջև ծագած փոխառության և գրավի իրավահարաբերություններ, սակայն նշված գործով «Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը» բաժնում միայն արձանագրվել է, որ առկա է «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթ և մեջբերվել է այդ հայտարարության բովանդակությունը, սակայն փաստաթղթում նշված գումարի չափը կողմերը վիճարկել են, ինչից ելնելով էլ դատարանը գտել է, որ գումարի չափը ենթակա է պարզման այլ գործի քննության շրջանակներում։
Տվյալ դեպքում, Մխիթար Մաթևոսյանի կողմից «Սարջոն» ՍՊ ընկերությունում 400․000 ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու փաստը չի հաստատվել, հետևաբար չի հաստատվել նաև Արմեն Դալլաքյանի կողմից Մխիթար Մաթևոսյանին նշված գումարի չափով գումար վերադարձնելու պարտավորություն ունենալու փաստը։ Այդ հանգամանքից ելնելով էլ Դատարանը վճռով առոչինչ գործարքի անվավերության հետևանքները լուծել է մասնակի՝ վերականգնելով «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքը, իսկ Արմեն Դալլաքյանի կողմից Մխիթար Մաթևոսյանին վերադարձման ենթակա գումարի չափը պարզելը պայմանավորել է մեկ այլ գործի քննությամբ։
Մինչդեռ՝ սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել,, որ թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է Արմեն Դալլաքյանի՝ Մխիթար Մաթևոսյանին 400․000 ԱՄՆ դոլար վճարելու պարտավորության առկայությունը և այդ փաստը կրկին ապացուցելու անհրաժեշտությունը բացակայում է, որպիսի եզրահանգումը չի բխում սույն գործում առկա ապացույցներից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն՝ ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը, 2) գրավոր ապացույցները, 3) իրեղեն ապացույցները, 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները, 5) փորձագետի եզրակացությունը, 6) մասնագետի բացատրությունը։
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է՝ գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, մասնագետի բացատրությունը, լուսանկարները, ձայնագրություններն ու տեսագրությունները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չեն հետազոտել և գնահատել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած 27.02.2018 թվականի վճռով հաստատված փաստերը, ինչի արդյունքում սույն գործով նշանակություն ունեցող փաստերը հայցվորի կողմից ապացուցված չլինելու պայմաններում հանգել են հայցը բավարարման ենթակա լինելու մասին ոչ իրավաչափ եզրահանգման՝ դրանով իսկ խաթարելով արդարադատության բուն էությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Նկատի ունենալով, որ սույն գործով փաստերի նախադատելիության կանոնների սխալ կիրառման հետևանքով Դատարանն այլևս պատշաճ քննություն չի կատարել պարզելու համար, թե «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթղթում նշված գումարները Մխիթար Մաթևոսյանի կողմից արդյո՞ք ներդրվել են «Սարջոն» ՍՊ ընկերությունում, եթե այո, ապա ինչ չափով և որքան է կազմում Արմեն Դալլաքյանի կողմից վերջինիս վերադարձման ենթակա գումարը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու լիազորությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․09․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. Դրմեյան Զեկուցող Է. Սեդրակյան Ս. Անտոնյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Գ. Հակոբյան Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|