Գլխավոր տեղեկություն
Համար
N 819-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.06.26-2023.07.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.07.2023
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.06.2023
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

27 հունիսի 2023 թ.

N 819-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 687-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2023 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 687-Ն որոշմամբ հաստատված հավելվածում՝

1) 4-րդ կետում «նախապատրաստման» բառից հետո լրացնել «, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման» բառերը և կետադրական նշանը.

2) 4-րդ կետից հետո լրացնել նոր 4.1-ին, 4.2-րդ, 4.3-րդ, 4.4-րդ, 4.5-րդ, 4.6-րդ, 4.7-րդ, 4.8-րդ և 4.9-րդ կետեր.

«4.1. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող և օգտագործման տրամադրված հողամասի օգտագործման ժամկետների երկարաձգման դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար՝ յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար՝ 500 /հինգ հարյուր/ դրամ:

4.2. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի փոխանակության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ փոխանակության պայմանագրի նախագծի մշակման համար՝ համայնքից ստացվող հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքի 5 տոկոսի չափով:

4.3. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակարանների նվիրատվության (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից) դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար՝ որպես նվիրատվություն ստացվող բնակարանի անշարժ գույքի հարկի երեք տարվա գումարի չափով:

4.4. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքի 5 տոկոսի չափով:

4.5. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների գործառնական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ մինչև փոփոխումը եղած գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի հարկի հինգ տարվա գումարի չափով:

4.6. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի սահմանների ճշտման դեպքերում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքի 2 տոկոսի չափով:

4.7. Նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ չորս միլիոն դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար չորս միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 4.9-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

4.8. Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 4.9-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

4.9. Սույն հավելվածի 4.7-րդ և 4.8-րդ կետերի համաձայն՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) և դրա փոփոխության (նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար տեղական վճարի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-3

4.0

4-7

3.0

8-12

1.0

.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար

Լ.  Հովհաննիսյան

 

2023 թ. հունիսի 27

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հուլիսի 2023 թվական: