Գլխավոր տեղեկություն
Համար
N 943-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.08.26/55(1144) Հոդ.792
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2015 թվականի N 943-Ն

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 02.11.17 N 1393-Ն)

1. Հաստատել ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 4-րդ կետով նախատեսված պլանները մշակող ճառագայթավտանգ օբյեկտների ցանկը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն` որպես տվյալ ոլորտի լիազոր մարմին և, ճառագայթավտանգ օբյեկտների ցանկում փոփոխության կատարման դեպքում 7 աշխատանքային օրվա ընթացքում կրկին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 06.07.23 N 1089-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. օգոստոսի 18
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
օգոստոսի 18-ի N 943-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

1) ռադիոակտիվ աղտոտվածության օջախ` միջուկային պայթյուն, վթար ճառագայթավտանգ օբյեկտներում, կամ տարածքի ռադիոակտիվ աղտոտում տիրազուրկ աղբյուրներից, որի խոցող ազդեցության արդյունքում տեղի են ունեցել մարդկանց, կենդանիների և բույսերի զանգվածային ոչնչացում, շենքերի փլուզում, հրդեհներ և ռադիոակտիվ աղտոտում.

2) ճառագայթային վթար` վթար, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման և (կամ) թույլատրված սահմանների գերազանցմամբ անձնակազմի և (կամ) բնակչության հնարավոր ճառագայթահարման.

3) ռադիոակտիվ (ճառագայթային) աղտոտում` մարդու մարմնի, երկրի մակերևույթի, մթնոլորտի, ջրի կամ պարենամթերքի, սննդային հումքի, կերերի և տարբեր առարկաների՝ ճառագայթաակտիվ նյութերով աղտոտում այնպիսի քանակներով, որոնք գերազանցում են ճառագայթային անվտանգության նորմերով ու ճառագայթաակտիվ նյութերի հետ աշխատանքի կանոններով սահմանված մակարդակները.

4) ճառագայթավտանգ օբյեկտ` օբյեկտ, որտեղ պահում, վերամշակում, օգտագործում կամ տեղափոխում են ճառագայթաակտիվ նյութեր, որոնց վթարման կամ ավերման դեպքում կարող է տեղի ունենալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների և բույսերի՝ իոնիզացնող ճառագայթներով միջավայրի ճառագայթաակտիվ աղտոտում.

5) ճառագայթավտանգ սարք՝ սարք կամ տեխնիկական կայան, որտեղ առկա է ճառագայթաակտիվ նյութ (աղբյուր).

6) ռադիոակտիվ (ճառագայթաակտիվ) աղտոտման գոտի` հողատարածք, շինություն կամ ջրատարածք, որոնց սահմաններում առկա է ճառագայթաակտիվ աղտոտվածություն.

7) ապաակտիվացում` ռադիոակտիվ աղտոտվածության տարածման և դրա, որպես արտաքին և (կամ) ներքին ճառագայթման հնարավոր աղբյուր, գործելը կանխարգելելու նպատակով որևէ մակերեսից (այդ թվում` մարդկանց մաշկի և շորերի վրայից) կամ միջավայրից (այդ թվում` շրջակա միջավայրից) ֆիզիկաքիմիական կամ մեխանիկական եղանակով իզոտոպների հեռացում:

3. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքների իրականացման համար ներգրավվում են`

1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

5) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.

6) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն.

8) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

9) Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.

10) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.

11) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները.

12) ռադիոակտիվ աղտոտվածության օջախ հանդիսացած օբյեկտները:

(3-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 06.07.23 N 1089-Ն)

4. 1-3-րդ դասերի ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող (ճառագայթավտանգ) օբյեկտները պարտավոր են վթարային հակազդման պլանները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ) հետ:

(4-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 06.07.23 N 1089-Ն)

5. Ճառագայթավտանգ օբյեկտների վթարի կամ ռադիոակտիվ աղտոտվածության դեպքում բնակչության պաշտպանության բնագավառում՝

1) ՀՀ ԱԻՆ-ի կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. պետական կառավարման մարմինների ղեկավարների և բնակչության ազդարարման կազմակերպումը,

բ. փրկարարական աշխատանքների ղեկավարումը,

գ. բնակչության պաշտպանությանը վերաբերող որոշումների նախագծերի նախապատրաստումը,

դ. բնակչության պաշտպանության միջոցառումների համակարգումը,

ե. հրդեհային անվտանգության ապահովումը,

զ. ռադիոակտիվ իրավիճակի հսկման և մոնիթորինգի կազմակերպումն ու իրականացումը,

է. որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը,

ը. փաստացի և կանխատեսվող եղանակային պայմանների մասին տեղեկատվության տրամադրումը,

թ. երթուղային դիտարկումների իրականացումը և տեղեկատվության տրամադրումը,

ժ. տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության պարագաներով ու միջոցներով ապահովելը,

ժա. տարահանված բնակչության կենսաապահովումը,

ժբ. տարահանվածներին մաքուր հագուստով ապահովելը,

ժգ. սննդի և սննդամթերքի, ջրի մատակարարման շարժական կետերի միջոցով տուժած բնակչությանը սննդով և ջրով ապահովելը,

ժդ. հնարավոր աղտոտված գոտում վտանգավոր արտադրություններ կամ նյութեր պարունակող կազմակերպությունների անվտանգ շահագործման և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. ռադիոակտիվ մոնիթորինգի իրականացումը,

բ. փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը,

գ. սանիտարական և հատուկ մշակման կետերի ծավալումը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. տուժած բնակչությանը բժշկական օգնության ցուցաբերում և սպասարկում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին,

բ. մասնակցությունը տուժածներին և հիվանդներին ռադիոակտիվ աղտոտված գոտուց տարահանելու աշխատանքներին,

գ. մասնակցությունը ռադիոակտիվ աղտոտվածության գոտուց տարահանված տուժածների սանիտարական մշակման աշխատանքների կազմակերպմանը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը,

ե. տարածքային բժշկական մարմինների կողմից ճառագայթային վթարների հակազդման պլանների մշակման ապահովումը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. աջակցությունը մարզպետարաններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ռադիոակտիվ աղտոտված գոտուց գյուղատնտեսական կենդանիների և գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման կազմակերպման գործում,

բ. աջակցությունը գյուղատնտեսական մթերքների, անասնակերի ռադիոակտիվ աղտոտվածության աստիճանի և դրանց օգտագործման պիտանիության որոշման գործում,

գ. ռադիոակտիվ աղտոտման գոտում օգտագործվող և արտադրվող սննդամթերքի նկատմամբ խիստ հսկողության սահմանումը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

5) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը,

բ. գործունեությունը դադարեցնող և չդադարեցնող կազմակերպությունների ցուցակը ներկայացնելը.

6) Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. էներգամատակարարման ցանցերի վիճակի հետազոտումը,

բ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,

գ. Հայաստանի Հանրապետության տարածքում էներգամատակարարման կայունության ապահովումը,

դ. տարահանված համայնքների վարչական տարածքում և ռադիոակտիվ աղտոտված օբյեկտներում գազամատակարարման և էներգամատակարարման դադարեցումը,

ե. վթարային պլանավորման գոտիների բնակավայրերի և օբյեկտների էներգամատակարարումը,

զ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. համայնքի ղեկավարի և մարզային (Երևանի) փրկարարական վարչությունների հետ համատեղ բնակչության պատսպարման համար պիտանի պաշտպանական կառույցների, նկուղային հարկերի հարմարեցումը, դրանց պատրաստ վիճակի ապահովումը,

բ. մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) և մարզային (Երևանի) փրկարարական վարչությունների հետ համատեղ պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրումը,

գ. մասնակցությունը տարահանված բնակչության կենսաապահովմանը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

8) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. ռադիոակտիվ աղտոտման գոտուց բնակչության տարահանման, տուժածների և հիվանդների տեղափոխման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով ապահովումը,

բ. աջակցության ապահովումը ճառագայթային վթարի դեպքում բնակչության և կառավարման մարմինների ազդարարման իրականացման գործում,

գ. բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ընթացքում կապի ապահովումը,

դ. նախարարության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

9) Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գործառույթներն են`

ա. ռադիոակտիվ իրավիճակի հետագա զարգացման կանխատեսումը,

բ. ռադիոակտիվ մոնիթորինգի իրականացումը,

գ. ճառագայթային վթարի վերացման վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը,

դ. կոմիտեի և ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

10) Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. մասնակցությունը բնակչության ազդարարման և իրազեկման գործում,

բ. ռադիոակտիվ աղտոտված գոտում գտնվող բնակավայրերի գույքի և նյութական արժեքների պահպանման կազմակերպումը,

գ. բնակավայրերում, կազմակերպություններում, բնակչության տարահանման հավաքակետերում ու տրանսպորտային երթուղիներում հասարակական կարգի պահպանումը,

դ. անցագրային ռեժիմի կազմակերպումը և իրականացումը,

ե. պարեկային ծառայության կազմակերպումը,

զ. ոստիկանության ենթակա ստորաբաժանումների անձնակազմերի ճառագայթային պաշտպանության կազմակերպումը.

11) Հայաստանի Հանրապետության ճառագայթավտանգ օբյեկտի կողմից իրականացվող գործառույթներն են`

ա. ճառագայթավտանգ նյութեր (աղբյուրներ) պարունակող սարքերի (աղբյուրների) անվտանգ պահպանության ապահովումը,

բ. ճառագայթավտանգ օբյեկտի տարածքում ռադիոակտիվ իրավիճակի մշտադիտարկման ապահովումը,

գ. ճառագայթավտանգ նյութեր (աղբյուրներ) պարունակող սարքերից արտահոսքի դեպքում հակազդման գործողությունների կատարումը:

(5-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 06.07.23 N 1089-Ն)

 

II. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Ճառագայթային իրավիճակի գնահատման համար փրկարարական խմբերը հայտնաբերում են ռադիոակտիվ (ճառագայթային) աղտոտված գոտիները և հետախուզում դրանք:

7. Հետախուզության արդյունքների հիման վրա կազմվում է աղտոտվածության քարտեզը, պարզաբանվում են ռադիոակտիվ աղտոտվածության գոտու սահմանները, դրանց արտաքին եզրագծերին ծավալվում են հսկիչ-անցագրային և համակարգման կետեր, որոնց տեղակայման վայրերը որոշվում է հետախուզության ընթացքում փրկարարական աշխատանքները ղեկավարող շտաբի կողմից:

8. Փրկարարական խմբերը ռադիոակտիվ աղտոտվածության օջախներ մուտք են գործում համապատասխան անհատական պաշտպանության միջոցներով, որոնց պիտանիությունը նախապես ստուգվել է:

9. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում շնչառական ուղիների պաշտպանության համար փրկարարական խմբերի կողմից օգտագործվում են շնչադիմակներ և հակագազեր:

10. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում մաշկի պաշտպանության համար փրկարարական խմբերի կողմից օգտագործվում է մաշկի պաշտպանիչ արտահագուստ:

11. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում գտնվող փրկարարական խմբերի կողմից տուժածների հայտնաբերման դեպքում նրանց տրամադրվում են շնչառական ուղիների պաշտպանության միջոցներ, և տուժածները դուրս են բերվում:

12. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում հայտնաբերված տուժածները դուրս են բերվում հետիոտն կամ տրանսպորտային միջոցներով:

13. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում հայտնաբերված տուժածները տեղափոխվում են մինչև ռադիոակտիվ աղտոտված և մաքուր տարածքի սահմանագիծ, որից հետո ճշտվում է տուժածների ռադիոակտիվ աղտոտվածության աստիճանը, խմբավորվում են ռադիոակտիվ աղտոտվածները և իրականացվում է նրանց սանիտարական մշակումը՝ համապատասխան սանիտարական մշակման կետերում:

14. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում հայտնաբերված տուժածները դուրս են բերվում միայն ռադիոակտիվ աղտոտվածության ստուգումից և համապատասխան սանիտարական մշակումից հետո` ռադիոակտիվ աղտոտվածության տարածումը կանխարգելելու նպատակով:

15. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում հայտնաբերված տուժածները ռադիոակտիվ աղտոտվածության գոտու սահմանագծին ծավալված հսկիչ-անցագրային և համակարգման կետերում անցնում են բժշկական զննում և տեղափոխվում բժշկական հաստատություններ:

16. Տարածքի դոզաչափական հսկողությունն իրականացվում է փրկարարական ստորաբաժանումների վրա ճառագայթային աղտոտվածության ազդեցության կանխատեսման և ապաակտիվացման ծավալների պարզաբանման համար, որը ներառում է անձնակազմի ճառագայթման դոզաչափի պարզաբանումը` մարդկանց, տեխնիկայի, տարածքի, շենքերի, շինությունների և այլ նյութական արժեքների` ճառագայթաակտիվ նյութերով վարակվածության աստիճանը պարզաբանելու համար:

17. Ճառագայթային հետախուզության ժամանակ փրկարարական խմբերը ռադիոակտիվ աղտոտվածության օջախում չափում են գամմա ճառագայթման մակարդակի հզորությունը, տարբեր մակերեսների ռադիոակտիվ (ճառագայթային) աղտոտվածության աստիճանը դեպի օջախ փրկարար ուժերի մուտքի հատվածներում, ինչպես նաև կատարում են նմուշառում:

18. Ռադիոակտիվ (ճառագայթային) աղտոտված գոտում աշխատանքային ռեժիմները սահմանվում են` հաշվի առնելով տարածքի ջերմաստիճանը, ճառագայթային ֆոնի հզորությունը, խմբերի աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

19. Ճառագայթման կլանված չափաբաժինները պետք է չգերազանցեն օրական 0.1 ռադը:

20. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ կատարող խմբերի անձնակազմերի դոզաչափական հսկողության ապահովման համար անձնակազմերն ապահովվում են դոզաչափերով:

21. Ռադիոակտիվ աղտոտվածության օջախներում փրկարարական աշխատանքներ կատարող անձնակազմերը, մինչև օջախ մուտք գործելը, անցնում են յոդային պրոֆիլակտիկա` կայուն յոդի հաբեր ընդունելով, որոնք տրամադրվում են ՀՀ ԱԻՆ-ի կողմից:

(21-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)

22. Առանց ստուգված անհատական պաշտպանության միջոցների, դոզաչափի տրամադրման և յոդային պրոֆիլակտիկայի իրականացման՝ փրկարարական խմբերի մուտքը դեպի ռադիոակատիվ աղտոտվածության օջախ արգելվում է:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

 

23. Ճառագայթային աղտոտվածության գոտում փրկարարական կամ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման առանձնահատկություններն են՝

1) ռադիոակտիվ աղտոտման գոտիներում փրկարարների գտնվելու ժամանակի խիստ սահմանափակումը.

2) հերթափոխային աշխատանքների կազմակերպումը.

3) անհատական պաշտպանական միջոցների, տեխնիկայի, տրանսպորտի պաշտպանիչ հատկությունների, կառույցների և շինությունների օգտագործումը.

4) ճառագայթային չափաքանակի (դոզայի) ընդունման անընդմեջ հսկողության կազմակերպումը և իրականացումը:

24. Դոզաչափական հսկողությունն իրականացվում է ճառագայթաակտիվ աղտոտված գոտում փրկարարական գործողություններ կատարող անձնակազմի ստացած ճառագայթային չափաքանակը որոշելու համար: Հսկողության արդյունքների հիման վրա որոշվում է կազմավորումների աշխատանքի ռեժիմը: Ճառագայթման հսկողությունը կատարվում է խմբային և անհատական:

25. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված գոտում աշխատանքներ կատարելիս՝ օգտագործում են նաև բժշկական պաշտպանության միջոցներ (ռադիոպրոտեկտորներ)՝ քիմիական և կենսաքիմիական, որոնք թույլ են տալիս`

1) իջեցնել օրգանիզմ թափանցող կամ արդեն կուտակված ռադիոակտիվ նյութերի քանակությունը.

2) արագացնել օրգանիզմից ռադիոնուկլիդների արտազատումը.

3) թուլացնել ռադիոակտիվ նյութերի ազդեցությունից օրգանիզմում առաջացած ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխությունների հետևանքները:

 

IV. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՕՋԱԽՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Ճառագայթային վթարների հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ) մոնիթորինգի խմբերը վարակման գոտուց դուրս գալուց անմիջապես հետո ենթարկվում են հատուկ մշակման, որն իրականացվում է տեխնիկայի, սարքավորումների և անհատական պաշտպանության միջոցների ռադիոակտիվ (ճառագայթային) աղտոտվածության վերացման կամ վարակվածության աստիճանը մինչև անվտանգ չափերի հասցնելու նպատակով: Հատուկ մշակումն իրականացվում է վթարի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնող ստորաբաժանումների կողմից: Անհրաժեշտության դեպքում կատարվում է նաև անձնակազմի սանիտարական մշակում:

(26-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 06.07.23 N 1089-Ն)

27. Ստորաբաժանումների հատուկ մշակման և անձնակազմի սանիտարական մշակման իրականացման համար ծավալվում է հատուկ մշակման շրջան, որը, որպես կանոն, ծավալվում է չվարակված տարածքում, ստորաբաժանումների՝ վարակման գոտուց դուրս գալու երթուղիների վրա: Հատուկ մշակման շրջանն ընդգրկում է՝

1) մշակման ենթակա ստորաբաժանումների հավաքակայանը և սպասաշրջանը.

2) հատուկ մշակման մեկ կամ մի քանի կետերը.

3) սանիտարական մշակման կետը.

4) տեխնիկայի կայանատեղը (բնական ապաակտիվացման համար), որը չի ենթարկվել լիարժեք ապաակտիվացման:

28. Հատուկ մշակման կետը (կետերը) և սպասաշրջանը նախատեսված են ստորաբաժանումներին հատուկ մշակման նախապատրաստելու և հատուկ մշակման ենթարկելու համար: Կախված իրավիճակից` սպասաշրջանը հատուկ մշակման կետից (կետերից) պետք է գտնվի 1-5 կմ հեռավորության վրա:

29. Հատուկ մշակման կետ - տարածքի հատված, որի վրա ծավալվում են վթարների հետևանքները վերացնող ստորաբաժանումները՝ տեխնիկայի, սարքավորումների և հանդերձանքի ապաակտիվացման համար: Հատուկ մշակման կետում ծավալվում են՝

1) հսկիչ-տեղաբաշխիչ կետը.

2) տեխնիկայի մշակման հարթակը.

3) սարքերի և գործիքների մշակման հարթակը (անհրաժեշտության դեպքում).

4) անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի ապաակտիվացման հարթակը.

5) հրամանատարադիտարկման կետը:

30. Հսկիչ-տեղաբաշխիչ կետը տեղաբաշխվում է հատուկ մշակման հարթակից 0.5-1 կմ հեռավորության վրա՝ տեխնիկայի և անձնակազմի վարակվածության որոշման համար:

31. Տեխնիկայի մշակման հարթակը ծավալվում է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության կամ հրշեջ ստորաբաժանումների կողմից:

32. Ջերմային մեքենաներով ապաակտիվացումն իրականացվում է գազակաթիլային հոսքի միջոցով, որի ջերմաստիճանը շրջակա միջավայրի ջերմաստիճանից զգալիորեն բարձր է, կամ տաք օդային հոսքի միջոցով: Ջրալցման կայանների և հրշեջ մեքենաների միջոցով ապաակտիվացում իրականացվում է՝ վարակված մակերեսները ջրով կամ ապաակտիվացնող լուծույթներով լվանալով:

33. Սարքերի և գործիքների մշակման հարթակը (անհրաժեշտության դեպքում) ծավալվում է ՌՔԿ-ի պաշտպանության ստորաբաժանումների կողմից: Այդ նպատակով հարթակում ծավալվում է ջրալցման ավտոմեքենան կամ ապաակտիվացման լրակազմը: Սարքերի ապաակտիվացումն իրականացվում է խոզանակների և թրջոցների միջոցով:

34. Անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի ապաակտիվացման հարթակը ծավալվում է հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից:

35. Ապաակտիվացումն իրականացվում է էկստրակցիոն ավտոմոբիլային կայանների միջոցով:

36. Էկստրակցիոն ավտոմոբիլային կայանով իրականացվում է անհատական պաշտպանության միջոցների և հանդերձանքի (հագուստի) ապաակտիվացում:

37. Սանիտարական մշակման կետերը ծավալվում են հատուկ մշակման ստորաբաժանումների կողմից, որոնք ունեն ցնցուղային-ապաակտիվացնող համակարգ:

38. Ապաակտիվացումը (սանիտարական մշակումը) կարող է լինել մասնակի կամ լրիվ: Մասնակի ապաակտիվացում իրականացվում է ժամանակի սղության կամ հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում: Ապաակտիվացվում են տեխնիկայի այն հատվածները, որոնք կարող են շփվել մարդկանց մաշկի հետ:

39. Ապաակտիվացման (սանիտարական մշակման) աշխատանքներն իրականացվում են այնպես, որպեսզի չխոչընդոտեն ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարման ընթացքը:

 

V. ՎԹԱՐԱՅԻՆ ՀԱԿԱԶԴՈՒՄԸ

 

40. Ճառագայթավտանգ օբյեկտի կարգավարի կողմից ճառագայթավտանգ օբյեկտում տեղի ունեցած ճառագայթային վթարի մասին հաղորդագրությունը փոխանցվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և մարզային (Երևանի) փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն։

(40-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)

41. Տեղեկատվությունը ճշգրտելու նպատակով ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետը կապ է հաստատում ճառագայթավտանգ օբյեկտի կարգավարի հետ (ուղիղ կապ, հեռախոսային կապ և այլն)։ Հաղորդագրությունն ստանալու դեպքում ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնից ազդանշանը փոխանցվում է սույն հավելվածի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ նրանց փոխարինող անձանց, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հերթապահներին։

(41-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, 06.07.23 N 1089-Ն)

42. ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ազդարարվում են մոնիթորինգի խմբերի ղեկավարները և ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոնների օպերատիվ հերթապահները։

(42-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)

43. Ճառագայթավտանգ օբյեկտի տարածքի մոնիթորինգը կազմակերպվում է օբյեկտը շահագործող կազմակերպության կողմից: Անհրաժեշտության դեպքում, ճառագայթավտանգ օբյեկտը շահագործող կազմակերպության խնդրանքով, օբյեկտի տարածքի մոնիթորինգին կարող են միանալ նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ-ի ճառագայթային մոնիթորինգի խմբերը։

(43-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)

44. Պետական կառավարման մարմինների ղեկավարներն իրենց հերթին կազմակերպում են արձագանքող վթարային խմբերի անձնակազմի ազդարարումը և հավաքը մշտական աշխատավայրերում (ծառայության վայրերում), կազմակերպում նախարարությունների (գերատեսչությունների) օպերատիվ խմբերի աշխատանքը։

45. Զուգահեռ ազդանշանները ճառագայթավտանգ օբյեկտի կարգավարի կողմից փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի մարզային (Երևանի) փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։ ՀՀ ՆԳՆ ՓԾ-ի մարզային (Երևանի) փրկարարական վարչության օպերատիվ հերթապահը կազմակերպում է մարզային (Երևանի) արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և տարահանման հանձնաժողովի անդամների ազդարարումը։

(45-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն, խմբ. 06.07.23 N 1089-Ն)

46. Ճառագայթավտանգ օբյեկտի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների մասին որոշումներն ընդունում է արտակարգ իրավիճակների հանձնաժողովը՝ արտահերթ նիստի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում են ճառագայթավտանգ օբյեկտի գտնվելու վայրի պետական կառավարման, տարածքային կառավարման ու համայնքների ավագանիները և համայնքների ղեկավարները կամ նրանց տեղակալները։

47. Բժշկական օգնության և սպասարկման հիմնական խնդիրներն են`

1) տուժած մարդկանց հայտնաբերումը և դասակարգումը` ըստ ռադիոակտիվ աղտոտվածության աստիճանի.

2) հայտնաբերված տուժածների դասակարգումը՝ ըստ նախնական ախտորոշման.

3) տեղում բժշկական համապատասխան առաջին օգնության ցուցաբերումը.

4) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներ տուժած մարդկանց փոխադրումը և պետպատվերի շրջանակներում բուժսպասարկման իրականացումը։

48. Ռադիոակտիվ վթարի դեպքում ռադիոակտիվ աղտոտման գոտիներում գտնվող բնակավայրերում հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում կազմակերպվում են ՀՀ ԱԻՆ-ի փրկարարական ուժերի ու միջոցների հիմնական համահավաք ջոկատների հենակետեր (հենակետերի տեղակայումը կարող է փոփոխվել` ելնելով ստեղծված իրավիճակից)։

(48-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)

49. Ճառագայթային պաշտպանությունն ընդգրկում է հետևյալ միջոցառումները`

1) բնակչությանը և վթարի դեպքում՝ արձագանքող կազմավորումների անձնակազմերին անհատական պաշտպանության միջոցներով ապահովելը.

2) ռադիոակտիվ հետախուզության ու դոզաչափական հսկողության սարքերի հատկացում.

3) բնակչության ճառագայթային պաշտպանության միջոցառումների իրականացում.

4) բնակչության սանիտարական մշակում, հագուստի վարակազերծում, տրանսպորտային միջոցների, շինությունների ու տեղանքի ապաակտիվացում։

50. Ճառագայթային դիտարկման խմբերն ստուգում են հատուկ անցակետերով անցնող յուրաքանչյուր անձի, գյուղատնտեսական կենդանիների և գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև տեխնիկայի ճառագայթային աղտոտվածությունը, որի տվյալները հաշվառվում և զեկուցվում են ՀՀ ԱԻՆ-ին։

(50-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)

51. Ռադիոակտիվ վթարի դեպքում ռադիոակտիվ աղտոտման գոտիներում գտնվող բնակավայրերում հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում կազմակերպվում են ՀՀ ԱԻՆ-ի փրկարարական ուժերի և միջոցների հիմնական համահավաք ջոկատների հենակետեր (հենակետերի տեղակայումը կարող է փոփոխվել` ելնելով ստեղծված իրավիճակից):

(51-րդ կետը փոփ. 02.11.17 N 1393-Ն)

(հավելվածը փոփ. 02.11.17 N 1393-Ն, փոփ., խմբ. 06.07.23 N 1089-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան