Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-401-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.12.2007-17.01.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.03.09/8(140) Հոդ.734
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը կարգավորում է ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ` ոստիկանություն) ծառայության հիմնական սկզբունքները, ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և ծառայության պայմանները, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ոստիկանության պաշտոններն ու կոչումները, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:

 

Հոդված 2.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Ոստիկանությունում, առանձին ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, աշխատանքի են ընդունվում քաղաքացիական ծառայողներ` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Սույն օրենքով նախատեսված` ոստիկանությունում ծառայության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության կարգապահական կանոնները, դրանց իրականացման կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` ոստիկանությունում ծառայության մասին կանոնագրքերով (այսուհետ` կանոնագիրք):

4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(2-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 3.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԸ

 

1. Ոստիկանության ծառայող է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:

Ոստիկանության ծառայող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում առկա ուսուցման ձևով սովորող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:

2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:

(3-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-143-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 4.

Ոստիկանության պաշտոնների խմբերը

 

1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի`

1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ`

- պետական կառավարման մարմնի ղեկավար,

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,

- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.

- քննչական գլխավոր վարչության պետ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ`

- գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ,

- գլխավոր վարչության պետի տեղակալ,

- վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ,

- վարչության պետի տեղակալ,

- բաժնի պետ.

3) ոստիկանության ավագ պաշտոններ`

- բաժնի պետի տեղակալ,

- բաժանմունքի պետ.

4) ոստիկանության միջին պաշտոններ`

- բաժանմունքի պետի տեղակալ,

- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,

- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր,

- տեսուչ, քննիչ, օպերլիազոր.

5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ`

- կրտսեր տեսուչ,

- ավագ ոստիկան,

- ոստիկան:

2. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 5.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`

- ոստիկանության գեներալ-գնդապետ,

- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,

- ոստիկանության գեներալ-մայոր.

2) ոստիկանության գլխավոր կոչումներ`

- ոստիկանության գնդապետ.

3) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ.

31) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության մայոր,

- ոստիկանության կապիտան,

- ոստիկանության ավագ լեյտենանտ,

- ոստիկանության լեյտենանտ,

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.

4) ոստիկանության կրտսեր կոչումներ`

- ոստիկանության ավագ ենթասպա,

- ոստիկանության ենթասպա,

- ոստիկանության ավագ,

- ոստիկանության ավագ սերժանտ,

- ոստիկանության սերժանտ,

- ոստիկանության կրտսեր սերժանտ:

2. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը, իսկ կրտսեր կոչումները` ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը:

4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:

41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:

Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 6.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

1. Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-գնդապետի կոչումն է:

2. (2-րդ մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)

3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:

4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:

5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված գլխավոր վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 7.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

1) ոստիկանության կրտսեր կոչումներ`

- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,

- ոստիկանության սերժանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,

- ոստիկանության ավագ` 3 տարի,

- ոստիկանության ենթասպա` 4 տարի:

Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.

2) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,

- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,

- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- ոստիկանության կապիտան` 3 տարի,

- ոստիկանության մայոր` 4 տարի.

21) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.

3) ոստիկանության գլխավոր կոչում`

- ոստիկանության գնդապետ:

Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:

Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 8.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

Ոստիկանության կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:

 

Հոդված 9.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՋԵՑՎԱԾ ԿՈՉՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԸ

 

Ոստիկանության ծառայողի իջեցված կոչումը կարող է վերականգնվել ծառայողական քննության դրական արդյունքներով եզրակացության հիման վրա ոչ ուշ, քան ծառայողական քննության արդյունքների ամփոփումից հետո` 15 օրվա ընթացքում:

 

Հոդված 10.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ

 

Ոստիկանության ծառայողին սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ

 

Հոդված 11.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և սույն օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

1.1 Ոստիկանությունում քննիչի, ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի, բաժանմունքի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժնի պետի, վարչության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոններին կարող են նշանակվել սույն հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

2. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին,

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ով դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) ով դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

6) ով չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:

(11-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 12.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄԸ

 

1. Ոստիկանությունում ծառայության անցնող անձինք, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` երդվում եմ.

հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:

Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»:

2. Ոստիկանության ծառայողը ոստիկանությունում երդում տալիս է մեկ անգամ:

3. Ոստիկանության ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում:

4. Ոստիկանության ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

(12-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 13.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի ղեկավարը (այսուհետ` պետական կառավարման մարմնի ղեկավար):

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին և քննչական գլխավոր վարչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

4. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

5. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով:

6. Ոստիկանությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ համապատասխան ղեկավարը:

7. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (փորձաշրջան անցնելու, ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 13.11.07 ՀՕ-251-Ն)

 

Հոդված 14.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ վերջին 3 տարին գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:

4. Ոստիկանության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

5. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:

7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում` որպես կանոն եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ոստիկանության ուսումնական հաստատությունում սահմանված կարգով անցել են եռամսյա ուսումնական փորձաշրջան: Ուսումնական փորձաշրջանի դրական արդյունքում նշված քաղաքացիներին շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած զինվորական կոչմանը համապատասխանող կոչում, և նրանք նշանակվում են ծառայության ոստիկանի կամ ունեցած կոչմանը համապատասխանող պաշտոնում:

9. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները` եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

91. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:

10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության և դատախազության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողներ):

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:

Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:

Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում, ոստիկանի և տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում` 6 ամսվա ընթացքում:

(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 15.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա կամ ոստիկանության ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է ոստիկանության պաշտոնից` պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ոստիկանության ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

9. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը: Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություններից` պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

11. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

12. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք` ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում` վերադասության կարգով:

13. Ատեստավորման արդյունքները և կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է համապատասխան որոշում` հիմք ընդունելով սույն հոդվածի տասնմեկերորդ մասին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումները:

Սույն հոդվածի տասնմեկերորդ մասի 2-3-րդ կետերին համապատասխան ընդունված որոշումը ենթակա չէ պարտադիր կատարման ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:

14. Սույն հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

15. Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:

(15-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 16.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ)

 

1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) առնվազն 5 տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:

Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներն մինչև 3 ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված վերապատրաստման (որակավորման) հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց., փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Հոդված 17.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆՐԱ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

 

Հոդված 18.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

 

1. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` ոստիկանության այլ ստորաբաժանում կամ հաստատություն` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում` ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) առողջական վիճակից ելնելով` ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

4) ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն երեք տարի առաջ:

 

Գ Լ ՈՒ Խ  5.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

Հոդված 19.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Ոստիկանության ծառայողի իրավունքներն են`

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) դրամական բավարարումը, առողջության պահպանությունը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը.

9) ոստիկանության պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.

10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը:

Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:

(19-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 20.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Ոստիկանության ծառայողի պարտականություններն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.

4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.

5) կարգապահական կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

Ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

(20-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 21.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ

 

1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման իրավունք:

2. Ոստիկանության ծառայողը, այդ թվում` ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողը, ստանում է դրամական բավարարում` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

 

Հոդված 22.

ՆՊԱՍՏՆԵՐԸ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԶՈՀՎԵԼՈՒ, ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող նպաստի չափն ու վճարման կարգը սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 23.

ԳՈՒՅՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

1. Ոստիկանության ծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասը` պայմանավորված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմամբ, հատուցում է պետությունը:

2. Վնասի հատուցման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 24.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒՄԸ

 

1. Պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը:

2. Առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

Ոստիկանության ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ծախսերի հատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 26.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԵԼԸ

 

Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված ոստիկանության ծառայողին այլ վայր ծառայության փոխադրելու հետ, ոստիկանության ծառայողն ապահովվում է ծառայողական բնակելի տարածությամբ: Ոստիկանության ծառայողին ծառայողական բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով:

 

Հոդված 27.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ և ՎԿԱՅԱԿԱՆԸ

 

1. Ոստիկանության ծառայողին և ոստիկանության ուսումնական հաստատությունների սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում` համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանության ծառայողին տրվում է անձնական համար և սահմանված ձևի վկայական:

2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում` դրա արժեքի չափով` պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Հոդված 28.

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ:

2. Ոստիկանության այն ծառայողների համար, ովքեր ծառայողական պարտականությունները կատարում են առողջության համար վնասակար պայմաններում, սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն:

Ոստիկանությունում այն ծառայությունների ցանկը, որոնց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 29.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՏԱԺԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության`

1) պետության անվտանգության ապահովման համար.

2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.

3) մարդկանց փրկության համար.

4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.

5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար.

6) զանգվածային անկարգությունների կանխման համար.

7) զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար.

8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.

9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: (2-րդ նախադասությունը հանվել է 14.12.04 ՀՕ-131-Ն): Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

3. Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(29-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 30.

ՀԱՆԳՍՏՅԱՆ և ՏՈՆ ՕՐԵՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ

 

1. Սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և տոն օրերին:

2. Հանգստյան և տոն օրերի ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

 

Հոդված 31.

ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

 

1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում ոստիկանության ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար` որոշակի վայրում ոստիկանության անհետաձգելի գործողություններ կատարելու համար:

2. Հերթապահության ժամանակի տևողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:

3. Հերթապահության ժամանակի համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

 

Հոդված 32.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են դրամական բավարարման պահպանմամբ հետևյալ արձակուրդները.

1) ամենամյա.

2) ուսումնական.

3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):

Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:

Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև նախածննդյան և հետծննդյան, իսկ ծառայողներին` երեխային խնամելու արձակուրդ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:

Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի նախածննդյան, հետծննդյան և ծառայողի երեխային խնամելու արձակուրդի:

 

Հոդված 33.

ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

1. Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 30 օր:

2. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրվում է ծառայության տասնմեկ ամիսը լրանալուց հետո:

3. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

 

Հոդված 34.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:

(34-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 35.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

1. Ոստիկանության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ`

1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 10 օր.

2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 15 օր:

2. Ոստիկանությունում վնասակար պայմաններում ծառայողների լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 36.

ԿԱՐՃԱՏև ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Ընտանեկան հանգամանքներով և այլ հարգելի պատճառներով ոստիկանության ծառայողներին կարող է տրվել կարճատև արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում:

 

Հոդված 37.

ԺաՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼԸ

 

Ոստիկանության ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն 6 ամսից ոչ ավելի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  7.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 38.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՆ ԻՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ

 

Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել ծառայության իր ծառայության տարածքի և ծառայողական պարտականությունների կատարման սահմաններից դուրս` սույն օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

 

Հոդված 39.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի`

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

8) կազմակերպել գործադուլներ, հավաքներ կամ մասնակցել դրանց:

2. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ոստիկանության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Ոստիկանության ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի ծառայությունից ազատվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատող, որի նկատմամբ նա անմիջական հսկողություն է իրականացրել իր ծառայության վերջին մեկ տարվա ընթացքում:

5. Ոստիկանության ծառայողին չի տրվում իր` ոստիկանությունում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի փոխադրման, ազատման կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանից քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

(39-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 40.

ՈՒՍՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը պարտավոր են փոխհատուցել իրենց` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ուսումնական փորձաշրջանի համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ ուսումնական փորձաշրջանը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման կամ ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա`

1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ վերապատրաստումը կամ ուսումնական փորձաշրջանն անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի.

2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

3. Ուսման կամ վերապատրաստման կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(40-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

 

Հոդված 41.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

5) պարգևատրում զենքով.

6) պարգևատրում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.

61) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում.

71) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

8) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 71-րդ կետերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերի:

Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:

5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառելու կարգը սահմանվում է կանոնագրքով:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի նկատմամբ կարող է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

7. Ուսումնառության ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով նախատեսված խրախուսանքներից, կիրառվում են նաև խրախուսման այլ տեսակներ` հատուկ կրթաթոշակի նշանակում, կրթաթոշակի բարձրացում, ուսումնական հաստատության տարածքից արտահերթ արձակում:

8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:

(41-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 42.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ

 

1. Կարգապահական զանցանքի` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում` մինչև 3 ամիս ժամանակով.

4) կարգապահական կալանք` 1-10 օր ժամկետով.

5) զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

7) կոչման իջեցում մեկ աստիճանով.

8) ոստիկանությունից ազատում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Կարգապահական զանցանքի, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության, ինչպես նաև պարբերաբար ուշանալու համար ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցման սովորողների նկատմամբ, բացի սույն հոդվածի առաջին մասի 1-2-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժերից, կարող են կիրառվել նաև հետևյալ տույժերը.

1) արտահերթ վերակարգի հայտարարում.

2) հերթական արձակման իրավունքից զրկում.

3) ազատում ոստիկանության ուսումնական հաստատությունից:

(42-րդ հոդվածը լրաց., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 43.

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ և ՏՈՒՅԺԸ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից` չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից` սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:

Ոստիկանության փոխգնդապետ և բարձր կոչում ունեցող ծառայողների նկատմամբ չի կարող կիրառվել սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը` պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:

(պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)

Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառել միայն մեկ անգամ` նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողը:

7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող և ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների, սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով:

9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

(43-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 44.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ոստիկանության ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ), որոնք`

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.

2) հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Ոստիկանության ծառայողը սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ և կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով` այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

 

Գ Լ ՈՒ Խ  9.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 45.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով կամ երկրորդ մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառվելու դեպքում.

7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.

9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու արձակուրդը.

11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:

12) մահվան դեպքում:

(պարբերությունն ուժը կորցրել է 24.10.06 ՀՕ-169-Ն)

Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:

2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող ղեկավարը:

(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-143-Ն)

 

Հոդված 46.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

 

1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են`

1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ` ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա, այլ պաշտոնի նշանակվելիս.

5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) վեց ամսից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.

7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:

2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավունք ունեցող ղեկավարը:

(46-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 47.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող` 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

Ոստիկանության գլխավոր վարչության պետի, գլխավոր վարչության պետի տեղակալի, վարչության պետի և վարչության պետի տեղակալի ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 տարի, բաժնի պետինը` մինչև 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` մինչև 2 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը:

Սույն օրենքի 54-րդ հոդվածի երկրորդ մասում, ինչպես նաև 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:

2. Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան ոստիկանությունում ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:

(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 48.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ և ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

2. Ոստիկանությունում ծառայությունից ազատված` բարձրագույն կոչում ունեցող քաղաքացիներն ստանում են ոստիկանական համազգեստ կրելու իրավունք:

 

Հոդված 49.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ

 

1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:

2. Ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում ոստիկանության ծառայողի միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը:

3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 4 ամսվա համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարում, իսկ վերջին երկու ամսվա համար` միայն ունեցած կոչման համար նախատեսված դրամական բավարարում: Եթե ծառայողի գործուղման վայրի դրամական բավարարումն ավելի ցածր է, քան մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարումը, ապա նրան վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարման տարբերությունը:

Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասի առաջին պարբերությունում նշված ստաժը և վճարումն իրականացվում են կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ոստիկանության ծառայողները գրանցվում են ոստիկանության կադրերի ռեզերվում` մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների դրամական բավարարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Սույն օրենքի հիման վրա ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(49-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  10.

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Հոդված 50.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:

 

Հոդված 51.

ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Ծառայությունում փոխադրելու, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացնելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ոստիկանությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքում ծառայողը կարող է այդ որոշումը բողոքարկել վերադասության կարգով, համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

 

Հոդված 52.

ԿՈՉՄԱՆ ՇՆՈՐՀՈՒՄԸ և ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ

 

1. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անհիմն կամ անօրինական ազատումից մինչև վերականգնում ժամանակահատվածը:

2. Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչև դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ` հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

 

Գ Լ ՈՒ Խ  11.

 

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 53.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

 

Ոստիկանությունում գործում է զինվորական ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը:

Ոստիկանության զորքերում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:

Ոստիկանության զորքերում սպայական կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) և կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոններն ու կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:

(53-րդ հոդվածը խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 54.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ոստիկանության ուսումնական հաստատությունը ոստիկանությունում գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալի (տեղակալների), ոստիկանության ծառայության մասնագիտական առարկաների կրթաճյուղերի, ամբիոնների և ֆակուլտետների ղեկավարների, նրանց տեղակալների, այդ կրթաճյուղերի, ամբիոնների պրոֆեսորների և դոցենտների պաշտոնները համապատասխանում են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններին, իսկ նշված կրթաճյուղերի, ամբիոնների ավագ դասախոսներինը և դասախոսներինը` ավագ խմբի պաշտոններին:

3. Սույն հոդվածի երկրորդ մասում նշված ծառայողներին համապատասխան պաշտոններում նշանակում և պաշտոններից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. Ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. (5-րդ մասն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-131-Ն)

6. Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(54-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 55.

ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

1. Ոստիկանության ուսումնական հաստատություններում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման կարգով:

2. Ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցման կարող են ընդունվել մինչև 23 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու համար կարող են դիմել`

1) պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո.

2) ընդունելության տարվա առաջին զորակոչի վերջին օրվա դրությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի համար սահմանված տարիքը լրացած չլինելու դեպքում.

3) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու դեպքում:

Հայաստանի Հանրապետության միջազգային կամ միջպետական (միջկառավարական) պայմանագրերով նախատեսված դեպքերում ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:

3. Ոստիկանության ուսումնական հաստատության ընդունելության քննությունների առարկայական ցանկը և ծրագրերը հաստատվում են օրենքով սահմանված կարգով: Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում:

4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսումը դադարեցրած կամ ուսումնական հաստատությունից ազատված քաղաքացիները զորակոչվում են պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:

5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:

6. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսուցման կարգը և պայմանները սահմանվում են «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագրքով», որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Ոստիկանության ուսումնական հաստատության շրջանավարտներին պետական կառավարման մարմնի ղեկավարը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում:

(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 56.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը, ինչպես նաև այդ հաստատության բժշկական ծառայություններից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

(56-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն)

 

Հոդված 57.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

Պետական կառավարման մարմնի ղեկավարը ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 58.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ

 

Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում պետական կառավարման մարմնի ղեկավարի լիազորած վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 59.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

 

Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք կարող են խրախուսվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, կարող են ներկայացվել նաև պետական պարգևների:

 

Հոդված 60.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

 

Ոստիկանության վետերաններ են համարվում ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ստացել են երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք:

 

Գ Լ ՈՒ Խ  12.

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 61.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը համարվում է պետական կառավարման մարմնի ղեկավար, իսկ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալները` պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներ:

 

Հոդված 62.

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

1. Ոստիկանության ծառայողների ֆինանսական ապահովման և դրամական բավարարման մասին օրենքը ենթակա է ընդունման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում: Մինչև համապատասխան իրավական ակտերի ընդունումը գործող իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

Հոդված 63.

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

 

1. Ոստիկանության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիս հետո, և ավարտվում է 2006 թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է ոստիկանության ծառայողների 1/3-ը:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողները շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոններն ատեստավորման դրական արդյունքների դեպքում: Այդ ծառայողների ատեստավորումն իրականացվում է առաջին հերթին:

Առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին և ավագ խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնների:

Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի` ոստիկանության ուսումնական հաստատությունում երկամյա ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Մինչև 2010 թվականն միջին խմբում սույն օրենքով սահմանված կարգով պաշտոնի կարող են նշանակվել նաև միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող անձինք: Նշված քաղաքացիներին պաշտոնի նշանակելիս շնորհվում է կրտսեր լեյտենանտի կոչում, իսկ նրանց առաջխաղացումը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով:

(63-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն)

 

Հոդված 64.

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ

 

Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 46-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետերի հիմքով ծառայողին ոստիկանությունում ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը:

 

Հոդված 65.

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգի ծառայողներին նախկինում շնորհված հատուկ կոչումները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին:

Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

2. Ոստիկանության շարքայիններին, սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում կառուցվածքային փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն տրվում են քաղաքացիական ծառայողի համար սահմանված համապատասխան դասային աստիճաններ:

 

Հոդված 66.

ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(66-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 30
Երևան
ՀՕ-401-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.10.2024, ՀՕ-434-Ն 14.11.2024, ՀՕ-401-Ն
24.10.2024, ՀՕ-400-Ն 12.11.2024, ՀՕ-401-Ն
12.06.2024, ՀՕ-274-Ն ---------
07.02.2024, ՀՕ-56-Ն 14.03.2024, ՀՕ-401-Ն
26.06.2023, ՀՕ-246-Ն 20.07.2023, ՀՕ-401-Ն
21.04.2023, ՀՕ-135-Ն 01.05.2023, ՀՕ-401-Ն
16.12.2022, ՀՕ-461-Ն 30.12.2022, ՀՕ-401-Ն
15.06.2022, ՀՕ-252-Ն 10.07.2022, ՀՕ-401-Ն
09.06.2022, ՀՕ-232-Ն 01.07.2022, ՀՕ-401-Ն
25.03.2021, ՀՕ-133-Ն 09.04.2021, ՀՕ-401-Ն
03.06.2020, ՀՕ-296-Ն 18.06.2020, ՀՕ-401-Ն
14.11.2019, ՀՕ-244-Ն 21.12.2019, ՀՕ-401-Ն
31.05.2019, ՀՕ-49-Ն 22.06.2019, ՀՕ-401-Ն
23.03.2018, ՀՕ-273-Ն 09.04.2018, ՀՕ-401-Ն
23.03.2018, ՀՕ-220-Ն 30.03.2018, ՀՕ-401-Ն
16.12.2016, ՀՕ-215-Ն 08.01.2017, ՀՕ-401-Ն
18.05.2015, ՀՕ-56-Ն 01.07.2015, ՀՕ-401-Ն
17.12.2014, ՀՕ-218-Ն 09.01.2015, ՀՕ-401-Ն
12.12.2013, ՀՕ-164-Ն 01.07.2014, ՀՕ-401-Ն
11.06.2014, ՀՕ-63-Ն 01.07.2014, ՀՕ-401-Ն
19.05.2014, ՀՕ-35-Ն 28.06.2014, ՀՕ-401-Ն
19.03.2012, ՀՕ-116-Ն 31.05.2012, ՀՕ-401-Ն
08.12.2011, ՀՕ-333-Ն 07.01.2012, ՀՕ-401-Ն
14.04.2011, ՀՕ-92-Ն 02.05.2011, ՀՕ-401-Ն
15.11.2010, ՀՕ-169-Ն 16.12.2010, ՀՕ-401-Ն
29.04.2010, ՀՕ-47-Ն 05.06.2010, ՀՕ-401-Ն
11.06.2009, ՀՕ-150-Ն 18.07.2009, ՀՕ-401-Ն
29.04.2009, ՀՕ-105-Ն 06.06.2009, ՀՕ-401-Ն
22.05.2008, ՀՕ-45-Ն 24.05.2008, ՀՕ-401-Ն
06.12.2007, ՀՕ-288-Ն 17.01.2008, ՀՕ-401-Ն
13.11.2007, ՀՕ-251-Ն 08.12.2007, ՀՕ-401-Ն
09.04.2007, ՀՕ-143-Ն 20.05.2007, ՀՕ-401-Ն
24.10.2006, ՀՕ-169-Ն 02.12.2006, ՀՕ-401-Ն
14.12.2004, ՀՕ-131-Ն 19.12.2004, ՀՕ-401-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան