Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.15-2023.05.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0912/02/17

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/0912/02/17

Նախագահող դատավոր`

 Տ. Նազարյան

Դատավորներ`

 Հ. Ենոքյան

 Գ. Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Մ. Դրմեյան

զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին

գրավոր ընթացակարգով, քննելով Համլետ Թամամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարիանա Չեբոտառուի ընդդեմ Համլետ Թամամյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ գույքի նկատմամբ Համլետ Թամամյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

   Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մարիանա Չեբոտառուն պահանջել է անվավեր ճանաչել 17.10.2013 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն ու որպես հետևանք՝ գույքի նկատմամբ Համլետ Թամամյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը: 

ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Իսկանդարյան) (այսուհետ` Դատարան) 06.11.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.03.2020 թվականի որոշմամբ Համլետ Թամամյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.11.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համլետ Թամամյանը (ներկայացուցիչ Ժաննա Չիլինգարյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարիանա Չեբոտառուն (ներկայացուցիչ Սամվել Թամրազյան)։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  312-րդ հոդվածը, խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Մարիանա Չեբոտառուն ակնհայտորեն պետք է իմացած լիներ, որ Համլետ Թամամյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող տունը նվիրել է իր որդուն, այլ ոչ թե Մարիանա Չեբոտառուին, մասնավորապես, այն պարզ պատճառով, որ Մարիանա Չեբոտառուն չի գնացել կադաստրի կոմիտե կամ նոտարական գրասենյակ նվիրատվության պայմանագրով սահմանված կարգով իր նվերն ընդունելու, այսինքն՝ հայցվորը հստակ իմացել է գործարքի բնույթի, գործարքի կողմերի մասին։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ նախապես կողմերը պայմանավորվել են կնքել փոխանակության պայմանագիր, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ փոխանակության պայմանագիր կնքելու պարագայում էլ Մարիանա Չեբետառուի կամքը՝ այն, որ ինքը կհանդիսանա միանձնյա սեփականատեր, կրկին չէր փարատվի այն պատճառով, որ փոխանակության պայմանագրի նկատմամբ կիրառվում են առուվաճառքի պայմանագրի մասին կանոնները։ Բացի այդ, փոխանակության պայմանագրի կնքումը բացառող հանգամանք է նաև այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  590-րդ հոդվածի համաձայն՝ փոխանակման ենթակա ապրանքները ենթադրում  են համարժեք, իսկ կողմերի նվիրատվության ձևով օտարված գույքերը բացարձակապես, ակնհայտորեն համարժեք չեն։

Վերաքննիչ դատարանի դատողությունների պայմաններում ստացվում է, որ ցանկացած քաղաքացի գույքի նվիրատվության գործարք կատարելուց հետո կարող է դրսևորել կամայականություններ և որպես  էական մոլորության ազդեցության տակ կնքված գործարք հետ պահանջել իր գույքը, մինչդեռ բոլոր դեպքերում դրա համար պետք է ներկայացվի վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց, այլապես օրենքի նշված պահանջը չկատարելը կհանգեցնի նորմի իրավական որոշակիության խախտման  խնդրին։

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կնքված գործարքն արտահայտել է կողմերի իրական կամքը, հանգեցրել է այն իրավական հետևանքներին, որոնք նրանք նկատի են ունեցել գործարքի կնքման պահին:

Մինչդեռ սույն գործով կիրառման ենթակա նյութաիրավական նորմի սխալ մեկնաբանության հիմքով գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունքում ստորադաս դատարանները գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ եկել են սխալ եզրահանգման՝ թույլ տալով դատական սխալ, ինչը  խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.03.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ վիճելի գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, Համլետ Թամամյանն իրեն պատկանող անշարժ գույքը նվիրել է ոչ թե Մարիանա Չեբոտառուին, այլ իր որդուն՝ Վարդան Թամամյանին, ինչը հայցվորին հայտնի է դարձել որոշ ժամանակ անց:

Բայցի այդ, Դատարանում Համլետ Թամամյանն ընդունել է այն իրողությունը, որ կողմերը պայմանավորվածություն են ունեցել փոխանակելու անշարժ գույքերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 17.10.2013 թվականին Մարիանա Չեբոտառուի՝ որպես նվիրատուի և Համլետ Թամամյանի՝ որպես նվիրառուի միջև կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն` Մարիանա Չեբոտառուն ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող` իրեն պատկանող անշարժ գույքը նվիրել է Համլետ Թամամյանին (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

2. 22.10.2013 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22102013-11-0001 վկայականի համաձայն` ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Կալինինի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող 11-003-0123-0108 կադաստրային ծածկագրով գույքի նկատմամբ 17.10.2013 թվականի նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցվել է Համլետ Թամամյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 22):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ  բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն  է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Վերոգրյալով պայմանավորված` սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի առանձնահատկություններին, այն անվավեր ճանաչելու իրավական հիմքերին` վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: Հետևաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել նշված հասկացությունների բովանդակությունը: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը,  եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի  և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ:

Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ, մասնավորապես, նկատի ունենալով, որ վիճարկվող գործարքի անվավերության պահանջի հիմքում վկայակոչված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկման առարկա դարձնել հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք գործարքը ցանկացած մոլորության ազդեցության տակ կնքված լինելն ինքնին բավարար է գործարքն անվավեր ճանաչելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`  էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:

Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի  այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները: Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված հոդվածի վերլուծությանը, գտել է, որ էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է, երբ կնքված գործարքը չի արտահայտում կողմերի իրական կամքը, չի կարող հանգեցնել այն իրավական հետևանքներին, որոնք նրանք ի նկատի են ունեցել գործարքի կնքման պահին: Էական նշանակություն ունի գործարքի բնույթի, մասնավորապես` գործարքի էության, դրա հետևանքների, կողմերի հարաբերությունների բովանդակության վերաբերյալ մոլորությունը: Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը նշանակում է, որ կողմերը կամ նրանցից մեկը նկատի է ունեցել ոչ այն առարկան, որին վերաբերում է կնքված գործարքը, այլ իր հատկանիշներով տարբերվող մեկ այլ առարկա (տե՛ս, Գևորգ Զուրունյանն ընդդեմ Դավիթ Քիթապսզյանի, Վարազդատ Եղոյանի  թիվ ԵՔԴ/0724/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մոլորությունը գործարք կնքած կողմի կամքի  շեղումն է (կամքի խեղաթյուրումը) կամ շեղման արդյունքն է, որն ունի որոշիչ ազդեցություն գործարքի կնքման և (կամ) դրա կնքման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա: Այն, որպես կանոն, հիմնված է սխալ ենթադրության (պատկերացման) վրա: Մոլորության ազդեցության տակ կնքված գործարքում կողմի կամքը համապատասխանում է նրա կամահայտնությանը, սակայն  այն ձևավորվում է գործարքի կնքման համար նշանակություն ունեցող հանգամանքների սխալ պատկերացման արդյունքում, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով (օրինակ` անուշադրությունը, կրթության ոչ բավարար մակարդակը, գործարքի առարկայի կամ գործարքի այլ պայմանների մասին անհրաժեշտ տեղեկության բացակայությունը կամ դրա ոչ բավարար կամ թերի լինելը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, երբ մոլորությունն էական է:  Մոլորության էական կամ ոչ էական բնույթը դատարանը յուրաքանչյուր դեպքում պարզում է՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից և այն իրողությունից, թե որքանով է մոլորությունը նշանակալից, զգալի գործարքի տվյալ մասնակցի համար: Ընդ որում, էական նշանակություն ունեցող մոլորությունը պետք է առկա լինի գործարքի կնքման պահին, այլ ոչ թե ծագի գործարքը (պայմանագիրը) կնքելուց հետո որոշ ժամանակ անց:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ միաժամանակ փաստել է, որ օրենսդիրը որպես գործարքն անվավեր ճանաչելու հիմք դիտել է գործարքի բնույթի կամ դրա առարկայի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորությունը: Մինչդեռ գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն ունենալ չի կարող (տե՛ս, Նելլի Հակոբյանի, Ոստան և Արթուր Գևորգյանների ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Գործարքի բնույթի վերաբերյալ մոլորությունը. Գործարքի բնույթը տվյալ գործարքի մի շարք հատկանիշների (պայմանների) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս տարբերել մեկ գործարքը մեկ այլ գործարքից: Այսինքն` գործարքի բնույթը, ըստ էության, գործարքի տեսակն է: Գործարքի բնույթի վերաբերյալ մոլորությունն առկա է այն դեպքում, երբ կողմը, որը գործել է մոլորության ազդեցության տակ, ի վերջո չի հասել այն նպատակի իրականացմանը, որին ուղղված է եղել նրա կամքը և որը նկատի է ունեցել գործարքը  կնքելիս: Այլ կերպ ասած՝ գործարքը կնքած կողմերից մեկի կամքը (ցանկությունը) ուղղված  է եղել որոշակի գործարքի կնքմանը, օրինակ` պահատվության պայմանագրի կնքմանը, մինչդեռ գտնվելով մոլորության ազդեցության տակ՝ կնքել է մեկ այլ գործարք, օրինակ` վարձակալության պայմանագիր:

Գործարքի առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները. վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարել նշել, որ գործարքի առարկա կարող են լինել ինչպես նյութական առարկաները (օրինակ, առուվաճառքի պայմանագրի դեպքում` որոշակի ապրանքը, անշարժ գույքը), այնպես էլ որոշակի գործողությունները (օրինակ, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում` ծառայություններ մատուցելը, կապալի պայմանագրի դեպքում` համապատասխան աշխատանքների կատարումը): Հետևաբար գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունն առկա է ոչ միայն այն  դեպքում, երբ գործարքի առարկան իր է, այլ նաև այն դեպքում, երբ այն որոշակի գործողություն է:

Գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը դրսևորվում է այն դեպքում, երբ կնքված գործարքի առարկան չի համապատասխանում այն հատկանիշներին, որը կողմը նկատի է ունեցել ի սկզբանե նման գործարք կնքելիս: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ գործարքի առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորությունն անհրաժեշտ է տարբերել այն իրավիճակից, երբ պայմանագրի կողմը թույլ է տալիս պայմանագրի առարկայի որակի պայմանին ներկայացվող խախտում, օրինակ` առուվաճառքի պայմանագրով վաճառվել է ոչ պատշաճ որակի ապրանք, պայմանագրի գնի վերանայման և այլն:

Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը (պայմանագիրը) կարող է վիճարկվել միայն այդ գործարքի (պայմանագրի) կողմ հանդիսացող անձի կողմից: Նման սահմանափակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի դեպքում կողմի կամքի խեղաթյուրման փաստի առկայության մասին օբյեկտիվորեն կարող է փաստել միայն այն անձը, ով գտնվել է էական մոլորության ազդեցության ներքո (տե՛ս, Նելլի Հակոբյանի, Ոստան և Արթուր Գևորգյանների ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

 

Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 17.10.2013 թվականին կնքված գործարքով կողմերն իրականում նպատակ են հետապնդել փոխանակել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանները, որպիսի փաստը չի հերքվել Համլետ Թամամյանի կողմից, վերջինս հայցապահանջի հիմքում դրված հակառակ փաստերն ապացուցված չլինելու պարագայում կրում է դրա բացասական հետևանքները:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 06.11.2019 թվականի վճիռն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ նվիրատվության գործարքները փոխանակության մեկ գործարք դիտարկելու պարագայում անգամ, հայցվորը, կնքելով քողարկված փոխանակության գործարքը, ի վերջո չի հասել այն նպատակի իրականացմանը, որին ուղղված է եղել իր կամքը: Մասնավորապես՝ հայցվորը կնքելով վիճելի գործարքը, ակնկալել է պատասխանողին պատկանող անշարժ գույքի՝ սեփականության իրավունքով հանձնում իրեն՝ նշված գույքի նկատմամբ հայցվորն ակնկալել է սեփականության իրավունքի ձեռքբերում, մինչդեռ այն պատասխանողի կողմից սեփականության իրավունքով ձևակերպվել է ոչ թե հայցվորի, այլ վերջինիս ամուսնու՝ պատասխանողի որդու անվամբ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ կողմերի միջև կնքվել է փոխանակության գործարք, որի կնքման պահին հենց հայցվորն ակնկալել է պատասխանողին պատկանող գույքի հանձնում իրեն, այսինքն՝ ինչպես վերը նշվեց, հայցվորն ակնկալել է այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերում: Վերոգրյալն էլ վկայում է այն մասին, որ էական նշանակություն ունեցող մոլորությունն առկա է եղել հենց վիճելի գործարքը կնքելու պահին:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

17.10.2013 թվականին Մարիանա Չեբոտառուի և Համլետ Թամամյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի համաձայն` Մարիանա Չեբոտառուն ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրել է Համլետ Թամամյանին: Հայցվորը, որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված  գործարք 17.10.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը վիճարկել  է այն հիմքով, որ ըստ կողմերի միջև եղած պայմանավորվածության՝ Համլետ Թամամյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը  պետք է նվիրատվությամբ փոխանցեր հայցվորին, մինչդեռ նվիրատվության պայմանագրով այն նվիրել է իր որդուն՝ հայցվորի ամուսնուն: Հայցվորի վերոհիշյալ փաստարկից ուղղակիորեն հետևում է, որ հայցի հիմքում դրված նրա պատճառաբանությունը վերաբերում է գործարքի կնքման շարժառիթներին, այսինքն՝ հայցվորն իր գույքը պատասխանողին նվիրել է, որպեսզի վերջինս էլ իր գույքը նվիրի իրեն, կամ այլ խոսքով՝ հայցվորը բացատրել է, թե ինչու է իր գույքը նվիրել պատասխանողին, մինչդեռ Վճռաբեկ դատարանի կարծիքով գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունը գործարքն էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված որակելու համար էական նշանակություն չունի:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ  հայցվորը կնքելով քողարկված փոխանակության գործարքը, ի վերջո չի հասել  այն նպատակի իրականացմանը, որին ուղղված է եղել իր կամքը, ապա  Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայացապահանջը ներկայացվել է բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 312-րդ հոդվածի հիմքով, մինչդեռ «քողարկված» գործարք կնքելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները վերաբերում են շինծու գործարքին բնորոշ հատկանիշներին, որպիսի հիմքով գործարքի առոչնչության վերաբերյալ սույն գործով պահանջ չի ներկայացվել:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորը որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույցով չի հիմնավորել, որ 17.10.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրն իր կողմից կնքվել է էական մոլորության ազդեցության ներքո: Ավելին, 17.10.2013 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի կնքման պահին հայցվորը գործարքի բնույթի կամ դրա առարկայի հատկանիշների վերաբերյալ էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ չի գտնվել, քանի որ հստակ գիտակցել է, որ կնքում է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, այսինքն` կնքված գործարքն արտահայտել է հայցվորի իրական կամքը, հանգեցրել է այն իրավական հետևանքներին, որոնք նա ակնկալել է պայմանագիրը կնքելիս, այն է՝ գործարքի  արդյունքում գույքն անհատույց կերպով փոխանցել է պատասխանողին: Հայցվորը որևէ փաստարկ չի ներկայացրել առ այն, որ գործարքի արդյունքում գույքն անհատույց չպետք է անցներ պատասխանողին ի սեփականություն: Միաժամանակ հայցադիմումով որևէ փաստարկ չի ներկայացվել այն մասին, որ նվիրատվության առարկան եղել է ոչ այն գույքը, որի վերաբերյալ կնքվել է նվիրատվության պայմանագիրը: Այսինքն՝ գործարքը կնքելիս դրա բնույթի և առարկայի հատկանիշների վերաբերյալ մոլորության առկայությունը սույն գործով չի վկայակոչվել և չի ապացուցվել:

Մինչդեռ ստորադաս դատարանները կիրառված նյութաիրավական նորմի սխալ մեկնաբանության և գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունքում սխալ եզրահանգման են եկել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարող դատական սխալի՝ հայցը մերժելու փոխարեն անհիմն կերպով բավարարվել է:

 

Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը կիրառելու համար,   քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ինչը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին  համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վերաքննիչ բողոքի համար  Համլետ Թամամյանը վճարել է 10.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքի համար` 20.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճարված պետական տուրքի գումարները պետք է բաշխվեն հետևյալ կերպ՝ Մարիանա Չեբոտառուից հօգուտ Համլետ Թամամյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումարներ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1.  Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.03.2020 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Մարիանա  Չեբոտառուի հայցն ընդդեմ Համլետ Թամամյանի՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ գույքի նկատմամբ  Համլետ Թամամյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, մերժել:   

2. Մարիանա Չեբոտառուից հօգուտ Համլետ Թամամյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:  

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Մ. Դրմեյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2023 թվական: